
Վարչապետ. «Կուտակային կենսաթոշակային համակարգը արդար համակարգ է»
Ազգային ժողովում քննարկվում է 2014թ. պետական բյուջեի նախագիծը: Գալիք տարվա պետական բյուջեի եկամտային մասը կազմելու է 1 տրիլիոն 135 մլրդ 900 մլն դրամ, ծախսերի մասը՝ 1 տրիլիոն 246 մլրդ 400 մլն դրամ, դեֆիցիտը կկազմի 110 մլրդ 500 մլն դրամ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ի ամբիոնից ասաց, որ առաջարկների 27 տոկոսն է համարվել մերժված, իսկ առանձնահատկությունները ներառված են պետական բյուջեում:
Վարչապետն իր ելույթում մեծ տեղ հատկացրեց կենսաթոշակային բարեփոխումներին, մասնավորապես՝ պարտադիր կուտակային կենսաթոշակին:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի վրա աշխատել են 10 տարի: Նրա խոսքով՝ Հայաստանում կա 510 հազար կենսաթոշակառու, և 2014թ. պետբյուջեով 240 մլրդ դրամ է նախատեսված թոշակների վճարմանը, ինչով պայմանավորված` թոշակները կավելանան 15 տոկոսով՝ 31 հազար դրամից հասնելով 36 հազարի:
Տիգրան Սարգսյանն ասաց, որ քաջ գիտակցում է՝ այս ավելացումը և բավարար չէ: Ըստ նրան՝ նվազագույն սպառողական զամբյուղը 41 հազար դրամ է, առողջապահական զամբյուղը՝ 51 հազար, իսկ բազային կենսաթոշակը՝ 14 հազար դրամ, ինչը գոհացուցիչ չի կարող լինել:
Տիգրան Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ 60-ից ավելի տարիք ունեցողների թիվը կազմում է 15 տոկոս: «Սա նշանակում է, որ մենք ծերացող հասարակություն ենք: Մոտակա 10 տարիների ընթացքում շեշտակի ավելանալու է թոշակառուների թիվը, ինչը մեծացնելու է պետբյուջեի բեռը»,- ասաց Տ. Սարգսյանը՝ խնդրի լուծումը կապելով սերունդների համերաշխության հետ, այն է՝ աշխատողների եկամտահարկով վճարել ծերացող բնակչության կենսաթոշակը:
Վարչապետը հայտարարեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը արդար համակարգ է: Ճիշտ է, այս որոշումը հեշտ չի կայացվել, քանի որ այսօր որոշակի դժվարություններ են ստեղծվում քաղաքացիների համար, սակայն, ապագայում ունենալու են բարեկեցիկ ծերություն` ավելացրեց նա:
Նշենք, որ ԱԺ խմբակցությունների, հանձնաժողովների եւ պատգամավորների կողմից ներկայացվել է 326 առաջարկ, որից կառավարությունն ամբողջությամբ կամ մասնակի ընդունել է 81-ը, անընդունելի է համարվել 87 առաջարկ: Մնացած առաջարկները կառավարությունը չի անտեսել. դրանց կանդրադառնա հաջորդ տարիների բյուջեների նախագծերի քննարկման ժամանակ:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի կապակցությամբ իրենք կառավարության հետ շուտով կհանդիպեն Սահմանադրական դատարանում, քանի որ քաղաքական մեծամասնությունը մերժեց առողջ քննարկումը Ազգային ժողովում: Պատգամավորը հույս հայտնեց, որ առաջիկայում ՍԴ-ն կկասեցի օրենքի կիրռումը մինչեւ որոշում կայացնելը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել