Արա Զոհրաբյանի արձագանքը օմբուդսմենի արտահերթ զեկույցին
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հաղորդագրություն տարածել մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Առաջին մասը նվիրվել է դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներին և կաշառքի սակագներին։ Այս հատվածը իրավական տեսանկյունից հիմնավորված չէ, քանի որ հրապարակման մեջ խոսքը քրեականացված արարքների մասին է, ինչպիսիք են կաշառք տալը, կաշառք ստանալը և կաշառքի միջնորդությունը՝ առանց կոնկրետ փաստերի և կոնկրետ սուբյեկտների վկայակոչման։ Մինչդեռ անանուն աղբյուրներից ստացված հանցավոր արարքների մասին այսպիսի տեղեկություններ հրապարակելը պաշտոնատար անձի կողմից ոչ միայն արդյունավետ չէ, այլ նաև հասարակության մոտ խորացնում է հիասթափությունը արդարադատության համակարգի նկատմամբ։
Երկրորդ մասը նվիրվել է արդարադատության խորհրդի և վճռաբեկ դատարանի կողմից թույլ տրված խախտումներին և երկակի ստանդարտներին։ Այստեղ իրավական տեսանկյունից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է կոնկրետ փաստեր և կոնկրետ վերլուծություն, որը պետք է համապատասխան ազդանշան հանդիսանա Հայաստանի Հանրապետության իշխանության երեք ճյուղերի համար։ Հատկանշական է, որ այս էական մասը հանրային լայն քննարկման առարկա չի դարձվում։
Ինչ վերաբերում է զեկույցում կոռուպցիայի մասով որպես անանուն աղբյուր հիշատակված փաստաբաններին, որոնք անուղղակիորեն հասարակության կողմից կարող են ընկալվել, որպես միջնորդներ, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատը պայքար է հայտարարել միջնորդ փաստաբանների դեմ և շնորհակալ կլինի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից կամ որևէ այլ անհատից, եթե օգնեն բացահայտել և փաստաբանական համայնքի շարքերից հեռացնել այդպիսի փաստաբաններին»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել