HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

Հարություն Թումյան

Հարություն Թումյանի «Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)» գիրքը լույս է տեսել 2008թ. «Մատենադարան» մատենաշարով: Գիրքը հրատարակության պատրաստել եւ խմբագրել է Աշոտ Սարգսյանը: Գիրքը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի պատմության 1917-1920 թթ. ճակատագրական եւ չուսումնասիրված շրջանի իրադարձությունները: Իր պարունակած եզակի եւ արժանահավատ տեղեկություններով այն կարեւոր սկզբնաղբյուր է պատմաբանների, իսկ շարադրանքի գեղեցկությամբ եւ դինամիզմով՝ հետաքրքիր լայն ընթերցողի համար:

Խմբագրի առաջաբան

(Հատված Աշոտ Սարգսյանի «Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)» գրքի առաջաբանից)

Հրապարակվող աշխատության հեղինակ Հարություն Գրիգորի Թումյանի մասին տեղեկությունները քաղում ենք նրա «Համառոտ ինքնակենսագրությունից», որ թողել է սույն աշխատությանը կից: Նա ծնվել է 1889 թ. Լեռնային Ղարաբաղի կենտրոն Շուշի քաղաքում, Գրիգոր եւ Բահար Թումյանների ընտանիքում, ունեցել է երեք եղբայր եւ երկու քույր: Նրա ավագ եղբայր Քրիստափորը ապրել է Թիֆլիսում, աշխատակցել «Մշակ» թերթին: Մյուս եղբայրը՝ հայտնի հայդուկ Թումանը, 1902 թ. 27 հեծյալ հայդուկների հետ լազերի հագուստով ծպտված անցել է Սասուն՝ մասնակցելու սասունցիների ազատագրական պայքարին: Նույնը նա փորձում է անել նաեւ 1904 թվականին, այս անգամ՝ 60 հոգանոց ջոկատով, սակայն զոհվում է ռուս-թուրքական սահմանն անցնելիս: Հարությունի կրտսեր եղբայր Հովսեփը զոհվել է 1918 թ. Բաքվում օսմանյան թուրքերի դեմ մղված կռիվների ժամանակ: Հարություն Թումյանն ունեցել է մի որդի՝ Թորգոմը, որը զոհվել է պատերազմում՝ 1943 թվականին:

Թումյանը սովորել է Շուշիի թեմական դպրոցում, ապա փոխադրվել Թիֆլիս եւ ավարտել Ներսիսյան դպրոցը: Բարձրագույն կրթություն ստացել է Ս. Պետերբուգում՝ ավարտելով «Բարձրագույն առեւտրական գիտելիքների ինստիտուտը»: Դրանից հետո մի քանի տարի սովորել է նաեւ Կիեւի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետում: Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1917 թվականին եւ անմիջապես նետվել քաղաքական գործունեության հորձանուտը, ինչին եւ նվիրված է սույն աշխատությունը:

Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո Հարություն Թումյանը տեղափոխվել է Երեւան եւ զբաղեցրել «Կոմունիստ» հայերեն թերթի պատասխանատու քարտուղարի պաշտոնը, ապա աշխատակցել նույնանուն ռուսերեն թերթին: Ալեքսանդր Մյասնիկյանի օրոք աշխատել է ժողկոմխորհի օրենսդրական հանձնաժողովում: 1922 թվականին գործուղվել է Գյումրի՝ աշխատակցելու «Բանվոր» թերթին, ապա նորից հետ է կանչվել Երեւան: Այս տարիներին նա զբաղվել է նաեւ թարգմանչական գործունեությամբ: Այնուհետեւ տարբեր պաշտոններ է վարել Լուսավորության ժողկոմատում: 1933 թվականից հետո Թումյանն աշխատանքի է անցել «Հուշարձանների պահպանության կոմիտեում»՝ գիտնական-քարտուղարի պաշտոնում: Նա սիրով է ներկայացնում այս բնագավառում իր կատարած աշխատանքը, հպարտությամբ հիշում այդ աշխատանքին նշանավոր գիտնականների տված գնահատականը:

«Այդ շրջանում ձեռնարկվեց հրատարակելու Հայաստանի նյութական կուլտուրայի հուշարձանների վերաբերյալ ուղեցույցեր` ըստ շրջանների…Այդ կարգի հրատարակությունների առաջին գործը դարձավ իմ կազմած ուղեցույցը` «Դիլիջանի շրջանի պատմական հուշարձանները» խորագրով: Այն հրատարակվել է 1937 թվականին` շրջանի հնագիտական քարտեզով եւ հուշարձանների նկարների ալբոմով: Դրանից հետո լույս են տեսել կոմիտեի մի շարք գիտնականների` Սեդրակ Բարխուդարյանի, Կարապետ Ղաֆադարյանի եւ այլոց հանրամատչելի աշխատանքները` նվիրված Հայաստանի նյութական կուլտուրայի հուշարձանների պահպանության մասսայական պրոպագանդին:

Իմ նախաձեռնությամբ, կազմած նախագծով եւ անմիջական հսկողությամբ կառուցվել է Զվարթնոցի թանգարանի շենքը, որով իրագործվեց Նիկողայոս Մառի եւ Թորոս Թորոմյանի վաղեմի իղձը: Թանգարանների ցուցանմուշների ( էքսպոնատների) գիտական դասավորությունը կատարել է Կարո Ղաֆադարյանը…»:

1938 թվականից ի վեր, շուրջ 17 տարի անընդհատ, Հարություն Թումյանը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ` ղեկավարելով Հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագիտական ֆակուլտետեը:

Արդեն 1950-ական թվականների կեսերին նա դադարեցնում է իր աշխատանքային գործունեությունը եւ ձեռնարկում 1917-1920թթ. Արցախի ազատագրական պայքարի պատմության շարադրումը` դրամատիկ մի ժամանակաշրջանի, որի ականատեսը, գործուն մասնակիցը եւ ղեկավար գործիչներից մեկն է եղել ինքը:

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

(Պատմական ակնարկ)

Հեղինակի կողմից

Մինչև օրս՝ որքան մեզ հայտնի է‚ չկա գրական հրապարակի վրա որևէ լուրջ ուսումնասիրություն կամ պարբերական մամուլում լույս տեսած թեկուզ մի հոդված՝ նվիրված Ղարաբաղի 1917-20 թվերի դեպքերին։ Այդ հանգամանքն ինքնին լայն ասպարեզ է բացում հերյուրելու զանազան մտացածին և հաճախ միտումնավոր առասպելներ հիշյալ տարիների դեպքերի շուրջը։  Ընդառաջելով մտերիմ բարեկամների և ընկերների ցանկության, հեղինակը ձեռնարկեց գրելու ներկա ակնարկը, նվիրված Լեռնային Ղարաբաղի հայության վերապրած պատմական ամենածանր ժամանակաշրջաններից մեկի՝ 1917-20 թվերի դեպքերին։

Այդ տարիների իրողությունները, ըստ էության, այն տանջալից, հերոսական դրվագներով հարուստ ազատագրական պայքարն է, որ հայկական Ղարաբաղը 1918 թվի սկզբից մինչև 1920 թ. ապրիլ ամիսը, մինչև երկրի խորհրդայնացումը, մղել է մուսավաթական-բեկական Ադրբեջանի և նրա հովանավորողների դեմ, պաշտպանելով իր ինքնորոշման իրավունքը՝ վերամիավորվելու իր մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ։

Հայկական Ղարաբաղը և նրա հետ միասին ամբողջ հայությունը, իր մտավորականության լավագույն մասի գլխավորությամբ, ստիպված է շարունակել այդ պայքարը նաև ներկայումս, հարմարեցնելով իր ջանքերը և պայքարի միջոցները (դժբախտաբար- առայժմ միայն ապարդյուն կերպով) ժամանակակից պայմաններին ու պահանջներին։ Իբրև Ղարաբաղի հիշյալ տարիների իրադարձությունների ականատես և հաճախ գործուն մասնակից, հեղինակը դեպքերը նկարագրելիս, բնականաբար, պիտի աշխատեր հենվել գլխավորապես իր հիշողությունների վրա, ձգտելով լինել ըստ ամենայնի օբյեկտիվ, խուսափելով ավելորդ կամ անհետաքրքիր մանրամասնություններից և, մանավանդ, տեղի ունեցած անցքերի մեջ իր համեստ դերը ընդգծելու կամ ցուցադրելու տգեղ ձգտումներից։

Սակայն հեղինակի համար անհնարին էր քառասունից ավելի տարիներ անցնելուց հետո վերհիշել բոլոր դեպքերն իրենց մանրամասնություններով, հաջորդականությամբ և ժամանակներով։ Այդ պատճառով նա ստիպված է եղել շատ բան ստուգել, ճշտել և լրացնել Հայաստանի Պետական Պատմական կենտրոնական արխիվի ֆոնդերում գտնված համապատասխան նյութերով և առանձին հայրենակիցների մոտ եղած փաստաթղթերով։

Աշխատության առաջին մասը նվիրված է այն դեպքերի նկարագրության, որոնք տեղի են ունեցել մասամբ 1917 թվին և գլխավորապես 1918 թվի սկզբից մինչև նույն տարվա հոկտեմբերի վերջը, այսինքն՝ մինչև օսմանյան թուրքերի Ղարաբաղի քաշվելը։ Այդ մասը շարադրելու համար հեղինակին մեծապես օգնել է Ղարաբաղի նախկին գործիչներից մեկի՝ Արամ Միքայելյանի Թիֆլիսի հայոց ազգային խորհրդին ներկայացրած զեկուցագիրը, որ վերաբերում է 1917 թ. և գլխավորապես 1918 թ. Ղարաբաղի դեպքերին։ Միքայելյանը այդ զեկուցագիրը գրել և ներկայացրել է Թիֆլիսում 1918 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին[1]։

Նույն ժամանակում է գրված մի ուրիշ զեկուցագիր, ծավալով անհամեմատ փոքր (4 էջ), որոշ անճշտություններով։ Այդ զեկուցագիրը, որ կազմված և ստորագրված է ղարաբաղցի երեք հայ սպաների կողմից, իր ժամանակագրությամբ և պարունակած տեղեկություններով կազմում է Միքայելյանի զեկուցագրի շարունակությունը և ներկայացված է Թիֆլիսի ազգային խորհրդին նրա հետ միասին[2]։

Միքայելյանի հապճեպ գրված զեկուցագիրը, իր որոշ թերություններով հանդերձ[3], շարադրված լինելով զեկուցագրի նյութը կազմող դեպքերից շատ չանցած, այսինքն նկարագրված դեպքերի տակավին թարմ տպավորությունների տակ, օգնել է հեղինակին ճշտելու մի շարք դեպքերի հաջորդականությունը, որոշելու նրանց մոտավոր ժամանակը և վերհիշելու մոռացված կարևոր իրողություններ։  Երկրորդ փաստաթուղթն ևս օգնել է վերհիշելու և արձանագրելու մի քանի փաստեր, որոնք վերաբերում են օսմանյան թուրքերի ձեռքով Շուշում կատարված հայերի բանտարկություններին, քաղաքի տնտեսական վիճակին և այլն։

Աշխատության երկրորդ մասը վերաբերում է հիմնականում 1918 թվի վերջին երկու ամիսներում և 1919 թվի ընթացքում անգլիական իշխանությունների Ղարաբաղում վարած հայահալած քաղաքականության։ Այդ մասը շարադրված է գլխավորապես արխիվային տվյալների և մասամբ հեղինակի հիշողությունների ու առանձին փաստաթղթերի հիման վրա։

Անդրանիկի դեպի Ղարաբաղ ձեռնարկած արշավի ժամանակ կատարված մի քանի փաստերը (Ստեփան Սարգսյանի (Ստեսար) սպանությունը, քրդերի անձնատուր լինելու մանրամասնությունները) հաղորդել են հեղինակին նույն օրերին Շուշի այցելելու եկած Անդրանիկի մի քանի զինակից ընկերները և ղարաբաղցի սպաները։ Իսկ կոզակների այցը Անդրանիկին Արմավիր քաղաքում հաղորդել է դեպքին ականատես ընկ. Արամ Տոնյանը։ Երրորդ մասը նվիրված է Ղարաբաղի 1920 թ. մարտ-ապրիլյան ապստամբության համառոտ նկարագրությանը։

Այդ մասը հեղինակը շարադրել է հոգեկան ծանր ապրումներով։ Չէ՞ որ այդ ապստամբության ժամանակ էր, որ հայությունը կորցրեց աննման Շուշին, հիմնիվեր կործանվեց նրա ամենածաղկուն, հարուստ, չքնաղ մասը՝ հայկական քաղաքամասը։ Այդ արյունահեղ մարտերի օրերին էր, որ Ղարաբաղը տվեց մարդկային մեծ զոհեր, ավերվեցին բազմաթիվ բարեշեն գյուղեր, բայց և այդպես նա ձեռք չբերեց այն, ինչի համար լարված պայքար էր մղել դեռևս անցած երկու տարիներում։ 1920 թվի «մահացու թռիչքով» Ղարաբաղը ակամա կատարեց վերջին հուսահատական փորձը, բայց ավա՛ղ, դարձյալ ապարդյուն։

Երրորդ մասը շարադրելու համար հեղինակը մասամբ օգտագործել է Հայաստանի Պետական արխիվից քաղած նյութերը։ Նա օգտվել է գլխավորապես իր հիշողություններից՝ ըստ կարելվույն հրապարակ հանելու ապիկար գործիչների կորստաբեր խաղերը և ապստամբության օրերին կատարված ճակատագրական սխալները։

Առաջին մաս

1. Ռուսական պետական ապարատի քայքայումը. անիշխանություն

1917 թ. փետրվարյան հեղափոխությունը ալեկոծեց նաև Շուշի քաղաքի հայ հասարակության քաղքենիական խաղաղ, միալար կյանքը։ Սկզբի օրերի մասսայական հախուռն միտինգներին փոխարինեց քաղաքական հոսանքների գաղափարական բուռն պայքարը, դիսպուտները, այս կամ այն կուսակցության մտավոր ուժերի հրապարակային դասախոսությունները, զեկուցումները, որ իբրև կանոն վերջանում էին փոթորկալից բանավեճերով, որոնք այնուհետև տեղափոխվում էին փողոցները, հրապարակները, զբոսայգիները, ակումբները, ընտանիքները։

Նոր ծնունդ առած քաղաքական այլևայլ ուղղությունների արտահայտիչ թերթերը մեծ աշխուժով արձագանքում էին գաղափարական բանավոր պայքարին իրենց սուր պոլեմիկական հոդվածներով[4]։

Ուժեղ թափով սկսվեց և ծավալվեց արհեստակցական շարժումը։ Քաղաքում կազմակերպվեցին հայկական ազգային և ռուսական պետական դպրոցների ուսուցիչների, արհեստավորների, պետական այլևայլ հիմնարկների ծառայողների միություններ։ Գավառում գործող մետաքսաթելի մի շարք գործարանների բանվորներն ևս միացան և կազմակերպվեցին իրենց արհեստակցական միությունը։

Ռուսաստանի այլ քաղաքների պես Շուշում նույնպես կազմակերպվեց Գործադիր կոմիտե։ Քաղաքում գտնվող 532-րդ հետևակային Սիմբիրյան  զորամասը և ճակատից վերադարձած զինվորները կազմեցին զինվորական դեպուտատների խորհուրդ, որի միակ գործն այն եղավ, որ կազմակերպեց մի քանի միտինգներ, ուր հանդես եկան իրենց կրքոտ ճառերով նաև քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները։

Բացի Գործադիր կոմիտեից, ստեղծվեց  նաև գավառական կոմիսարիատ, որը փոխարինում էր ցարական օրերի գավառական վարչությանը։ Շուշու քաղաքային վարչությունը լուծարքի չենթարկվեց։ Նա շարունակեց պահպանել իր գոյությունը քաղաքակագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանի գլխավորությամբ։ Դատական մարմիններից շարունակում էր գործել Շուշու հաշտարար բաժինը։ Թե գավառական կոմիսարիատում և թե հաշտարար բաժնում շարունակում էին պաշտոնավարել նախկին չինովնիկները, պոկելով գլխարկներից ցարական կոկարդները։

Վարչական և դատական մարմինները առաջվա նման սպասարկում էին Ղարաբաղի բնակչությանն անխտիր, թե´ հայերին և թե´ մուսուլմաններին։

Քաղաքում թյուրքական վերնախավը, բաղկացած  գլխավորապես վաճառականներից, բեկերից և մեծ մասամբ բեկական դասին պատկանող ինտելիգենցիայից, կազմել էր, այսպես կոչված, «ազգային կոմիտե», որը հավակնություն ուներ իրեն նաև գավառի մուսուլմանության ներկայացուցիչը համարելու, թեպետև քաղաքի պատերից դուրս նա չէր օգտվում որևէ հեղինակությունից։

Ինչ վերաբերում է հայ բնակչությանը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը նրանում այդպիսի ազգային հատուկ կոմիտե ստեղծելու կարիք չզգացվեց։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Անդրկովկասի կառավարման համար Ժամանակավոր Կառավարության ստեղծած Հատուկ անդրկովկասյան կոմիտեն կարճ ժամանակից հետո վրաց մենշևիկների և թյուրք մուսավաթականների բլոկի նախաձեռնությամբ վերածվեց Անդրկովկասյան Կոմիսարիատի (կառավարության)։

Կառավարական այդ նորաստեղծ մարմինը, թեպետև չհայտարարեց Անդրկովկասը անկախ, քաղաքականապես բաժանված Ռուսաստանից, բայց և չճանաչեց Ռուսաստանի խորհրդային կենտրոնական իշխանությունը և որոշեց թե´ ներքին և թե´ արտաքին քաղաքականության ոլորտներում լինել միանգամայն անկախ։

Կոմիսարիատի գոյությունը, սակայն, իբրև Անդրկովկասի կենտրոնական միասնական իշխանություն, լոկ անվանական էր։ Բաղկացած լինելով իր մեծամասնությամբ բեկական-ազնվականական տարրերից՝ նա անդրկովկասյան ժողովրդական զանգվածների մեջ չկարողացավ ստեղծել որևէ հեղինակություն և հենարան ու այդ պատճառով չկարողացավ դառնալ Անդրկովկասի ժողովուրդների համար գործունակ, իրական, միասնական իշխանություն։

Էսեռ Ներուչևի մշակած հողային օրենքը Կոմիսարիատը չկարողացավ իրագործել թյուրք բեկերի և խաների կատաղի ընդդիմության և սպառնալիքների պատճառով։ Այդ դեռ բավական չէր, գյուղացիներից պահանջվեց հարկերը վճարել 1916 թվի դրույքներով։

Այնուհետև նույն ազնվականական-կալվածատիրական տարրերի ստեղծած Անդրկովկասյան սեյմը, որ Կոմիսարիատին կից մի տեսակ պառլամենտի դեր պիտի կատարեր, նույնիսկ որևէ լուրջ փորձ չարեց կազմակերպելու տեղերում իշխանության գործունակ մարմիններ։ Երկրում գլուխ բարձրացրեց անիշխանությունը։ Խզվեց երկաթուղային կապը Թիֆլիսի և Բաքվի միջև։

Լեռնային Ղարաբաղը այդ ժամանակվանից կտրվեց արտաքին աշխարհից և բոլորովին մեկուսացավ։ Շուտով խզվեց նաև փոստ-հեռագրական կապը դրսի հետ։ 1917 թ. դեկտեմբերին ճակատից վերադարձող ղարաբաղցի հայ զինվորները Եվլախ-Շուշի խճուղու վրա ենթարկվեցին բեկական բանդաների հարձակման և զինաթափ արվեցին, տեղի ունեցան զինվորների սպանություններ։

Քաղաքային և գավառական վարչական և դատական մարմիններն սկսեցին արագորեն կազմալուծվել։ Շուշու գործադիր կոմիտեն մատնվեց անգործության։ Անգործության մատնվեց նույնպես գավառական կոմիսարիատը։

Դատական և վարչական մարմինների քայքայման հետևանքով փողոց նետվեց քաղցած չինովնիկների մի ստվար բազմություն։

Կազմալուծվեց նաև Ղարաբաղի հայ բնակչության պարենավորման գործը։ Դեռևս հին կարգերի պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայ գյուղացին տառապում էր սակավահողությունից ավելի, քան Անդրկովկասի որևէ մի այլ վայրի գյուղացի։

Խորհրդային Ադրբեջանի 1921 թվի գյուղատնտեսական վիճակագրության տվյալներով Լեռնային Ղարաբաղի 426.249 հեկտար ընդհանուր տարածության 37 տոկոսը ծածկված էր անտառներով ու մացառներով, 37 տոկոսը անօգտագործելի հողեր էին, 10 տոկոսը՝ արոտատեղիներ և միայն 16 տոկոսը՝ ցանքսերի համար պիտանի հողեր։ Այդ 16 տոկոս կազմող հողերից ամբողջ Ղարաբաղում ջրովի էր ընդամենը 17 տոկոսը, մնացած 83 տոկոսը անջրդի հողեր էին։ Եվ զարմանալի չէ, որ այդ պայմաններում հացահատիկի ընդհանուր բերքը հազիվ կարողանում էր 200 հազարից ավելի հայ գյուղական բնակչության բացարձակ մեծամասնության կարիքը բավարարել 3, կամ, ամենաշատը, 4 ամիս միայն[5]։

Ամենասակավահողը երկու շրջաններն էին՝ Խաչենը և մանավանդ Դիզակը։ Դրանով պիտի բացատրել, որ Հայկական Ղարաբաղում մինչև առաջին համաշխարհային պատերազմը գործող մի շարք մետաքսաթելի գործարաններից Խաչենում և Դիզակում տեղավորված են եղել գրեթե բոլորը, այդ շրջաններում գոյություն ունեցող բանվորական ազատ ձեռքերի առատության պատճառով։

Բացի սակավահողությունից հողագործական կուլտուրայի մակարդակն էլ ցածր էր։ Օգտագործվող հողերի 60 տոկոսը ցել էր։ Կանոնավոր ցանքաշրջանառության սիստեմին անծանոթ էր Ղարաբաղի հողագործը։ Հողի քանակի և որակի տեսակետից բացառություն էին կազմում նախալեռնային գոտու և հատկապես Ջրաբերդի հայկական գյուղերից շատերը, որոնք վարելահողեր ունեին դաշտային մասում և վատ չէին ապահովված հացով։ Ջրաբերդի շրջանն էր, որ Լեռնային Ղարաբաղում ամենից շատ  վարելահողեր և այգիներ ուներ, իսկ այդ հողերի և այգիների մի զգալի մասն էլ ջրովի էր։ Ղարաբաղի հայ գյուղական բնակչության սակավահողության մասին խոսելով ընդհանրապես, մենք, իհարկե, աչքաթող չենք անում յուրաքանչյուր գյուղի մեջ գոյություն ունեցող այսպես կոչված «ունևոր» ընտանիքներին, որոնք սեփական վարելահողերի որակի և քանակի տեսակետից համեմատաբար լավ պայմանների մեջ էին գտնվում։ Այդպիսի գյուղական ընտանիքները տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ապահովված էին լինում հացով, հաճախ նույնիսկ օգնում էին իրենց կարիքավոր համագյուղացիներին և երբեմն ցորեն տանում Շուշի վաճառելու[6]։

Հացով ապահովված լինելու տեսակետից խոսք չէր կարող լինել, իհարկե, հայ կալվածատերերի՝ Դոլուխանովների, Հասան-Ջալալյանների, Մելիք Բեգլարովների, Ավան Յուզբաշյանների, այլև Ղարաբաղի հայ բազմատանջ հողագործի հաշվին ռուս իշխանության կողմից լավորակ հողերով առատորեն պարգևատրված մուսուլման կալվածատերերի՝ Ադիգյոզալբեկովների, Վելիբեկովների, Ահմեդ աղաների մասին։ Դրանց շտեմարանները միշտ էլ լիքն են եղել հացով։ Կարիքի անողորմ ճիրաներում հեծողը գյուղի բացարձակ մեծամասնությունն էր՝ հայ աշխատավոր գյուղացիությունը։

Մինչև 1917-20 թվերի ծանր և տագնապալի ժամանակները հայ շինականը ստիպված էր պակասորդ հացը ձեռք բերել իր այգու, բանջարանոցի, մեղվանոցի և այլ հասույթներից հայթայթված միջոցներով՝ Շուշու, Աղդամի, Թարթարի, Ջեբրայիլի շուկաներում կամ հարևան մուսուլման գյուղացիներից։ Հաճախ նաև ուշ աշնանը կամ ձմեռը բանվորություն անելով կամ գիտցած արհեստը բանեցնելով և կամ ամառը, երբ դեռ հասունացած չէին Ղարաբաղի լեռնալանջերի արտերը, մինչդեռ եռում էր բերքահավաքը դաշտային մասում, իջնելով մուսուլման գյուղերը՝ օգնելու հունձին կամ խոտհարքին[7]։

1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Շուշու քաղաքային վարչության կից իբրև նրա ենթաբաժին գործում էր քաղաքի պարենավորման կոմիտեն, որն իր գոյության հենց սկզբում մթերքներից օգտվելու համար մտցրել էր քաղաքում քարտային սիստեմ։ Սակայն մթերքների բաշխումը կատարվում էր աննպատակահարմար եղանակով։ Քարտերից օգտվում էին հավասարապես՝ թե´ քաղաքի չքավոր և թե´ ունևոր մասը։ Ունևորն էլ ստանում էր նույնքան, որքան «ցամաք հացով» ապրող ընտանիքը։ Պարենավորման այդ կոմիտեն, որը դեռ ամառվանից հավաքած ուներ քաղաքացիներից 200 հազար ռուբլի, Ջիվանշիրի գավառի հայկական Սարով գյուղից ցորեն գնելու համար, չկարողացավ ամբողջովին իրացնել այդ գումարը։ Գնումները հանձնարարվել էին մի անփորձ և իր անձնական գործերով տարված մարդու, որը ոչ մի դրական գործ չկատարեց։ Քաղաքի հայ բնակչության կարիքավոր մասը, հույսերը կապելով այդ գնումների հետ, ձմեռվա պատրաստություն տեսնել չկարողացավ։ Ցորենի գներն օրեցօր բարձրացան, և բնակչությունից հավաքված գումարն էլ գրեթե չվերադարձվեց։ Այդ գումարից գնումներ կատարվեցին ոչ ավելի, քան 20-25 հազար ռուբլու, և այլ էլ շատ բարձր գներով։ Դա, իհարկե, գոյություն ունեցող կարիքն անկարող էր բավարարել, թեկուզ ամենանվազագույն չափով։

Գյուղացիության մատակարարման համար գոյություն ուներ պարենավորման գավառական կոմիտե։ Այդ կոմիտեն սկզբում աշխատում էր մեծ աշխուժով, և գյուղացիները դժգոհ չէին նրա գործունեությունից։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, նոյեմբեր ամսին, ճանապարհները փակվելու պատճառով, գավառական պարենավորման կոմիտեն չկարողացավ Գանձակից ստանալ գնված մեծաքանակ պարենային մթերքները։ Իսկ գյուղացիները պահանջում էին կամ մթերքներ տալ և կամ վերադարձնել իրենցից հավաքած գումարները։ Բայց որովհետև դրամը մուծված էր Գանձակի փոխադարձ վարկի ընկերության դրամարկղը պարենավորման գավառական կոմիտեի ընթացիկ հաշվին՝ փոխադարձ վարկի ընկերությունը,  չունենալով դրամարկղում բավականաչափ դրամանիշեր, զրկվում է հնարավորությունից վերադարձնելու Ղարաբաղի հայ գյուղացիներից հավաքած դրամը։ Այդպիսով, 1917 թվի հոկտեմբերից հետո, Շուշու քաղաքային և գավառական պարենավորման մարմինները փաստորեն դադարեցին գոյություն ունենալ։ Եվ Ղարաբաղի հայ բնակչության պարենավորման գործը նետվեց բախտի քմահաճույքին։ Խիստ ծանրացավ առանձնապես քաղաքի պարենավորման վիճակը։ Չքավորությունը ստիպված էր հաց ձեռք բերելու համար վաճառքի հանել իր ունեցած-չունեցածը, հագուստը և նույնիսկ անկողինները։

Այդ ծանր պայմաններում հացի հայթայթման մի ելք էր մնում միայն. ձեռք բերել այն հարևան մուսուլման գյուղացիներից։ Դաշտային Ղարաբաղի անծայրածիր արգավանդ հողերի վրա նստած թյուրք գյուղացին իր կալվածատիրոջ «հասանելիքը» տալուց հետո էլ ապահովված էր լինում հացով և կարող էր իր առատ ավելցուկից փոխանակություն կատարել կամ վաճառել և կամ մի այլ պայմանով հաց մատակարարել հարևան հայ գյուղացիներին, ինչպես այդ սովորաբար կատարվում էր առաջ, նորմալ իրադրության պայմաններում։ Սակայն ծայր առած բեկական-մուսավաթական ագիտացիան ու սպառնալիքները, մոլլաների մոլեռանդ և գրգռիչ քարոզները, իսկ հետագայում Օսմանյան թուրքերի համաթուրքական-համիսլամական ագիտացիան և հայերի դեմ կազմակերպած տնտեսական բոյկոտը ստեղծել էին ազգային մեկուսացման թշնամական մթնոլորտ և դարավոր հարևանների կտրել ու խորթացրել միմյանցից։ Հայ գյուղացու համար դարձել էր այլևս վտանգավոր շարունակելու իր խաղաղ հարևանական տնտեսական համերաշխ գործակցությունը թյուրք աշնայի  հետ[8]։

Հացի խնդիրը, մանավանդ Դիզակի, Խաչենի և Վարանդայի շրջաններում, դարձել էր օրհասական։ Այդ վիճակը շարունակվեց 1917 թվի աշնանից մինչև 1918 թ. հունիս-հուլիս ամիսները, մինչև նոր բերքահավաքը։

Շուշի քաղաքի մուսուլմանական մասի բնակչության դրությունը պարենավորման տեսակետից նույնպես ծանր էր։ Քանի դեռ ճանապարհները չէին փակվել, Աղդամից, Եվլախից ալյուր, ցորեն և այլ պարենամթերք ստացվում էր ինչպես հայերի, այնպես էլ մուսուլման բնակչության համար։ Ճանապարհները փակվելուց հետո չքացան դրսից կենսամթերքներ ստանալու հնարավորությունները նաև Շուշու թյուրքական բնակչության համար։ Շուշի-Եվլախ խճուղին հայկական ուղեմասում (Շուշի-Ասկերան) ընկավ հայ զինված խմբերի հսկողության տակ։ Աղդամից Շուշի ուղարկվող ոչ մի ֆուրգոն կամ սայլ, բարձած ցորենով կամ այլ մթերքներով, չէր կարող այլևս անվտանգ, առանց հարձակման ենթարկվելու տեղ հասնել։ Այդ հանգամանքն ավելի էր ուժեղացնում անիշխանության առաջ բերած տագնապը։

Քաղաքում հասարակական կարգի հսկողությունը, քաղաքացիների կյանքի և գույքի ապահովությունը մատնվեց բախտի քմահաճույքին։ Սկսեցին կամաց-կամաց գլուխ բարձրացնել հանցագործ, բախտախնդիր տարրերը։ Քաղաքում օր-ցերեկով տեղի էին ունենում սպանություններ վրեժխնդրության, կողոպուտի և այլ շարժառիթներով։

Դրությունն ավելի սրվեց և տագնապը սաստկացավ, երբ քաղաքի հայկական մասում տեղավորված կայազորը, ռուսական 532-րդ հետևակային Սիմբիրյան զորամասը, բաղկացած մոտ 500 զինվորներից, որին միացել էր ռուս-պարսկական սահմանից եկած 6-րդ սահմանապահ գնդի մի զորամաս, դուրս եկավ Շուշուց Ռուսաստան մեկնելու մտադրությամբ։

Ուշագրավ են ռուսական այդ զորամասի Շուշուց հայրենիք մեկնելու հետևյալ մանրամասնությունները։

Զորամասի մեկնելուց առաջ քաղաքի հայ մտավորականության ներկայացուցիչները մի քանի օր շարունակ ամեն կերպ հորդորում և աշխատում էին համոզել ռուս զինվորներին և սպաներին՝ հրաժարվել իրենց մտադրությունից լքելու քաղաքը, այլ մնալ այնտեղ, մինչև Ռուսաստանում և Անդրկովկասում կխաղաղվի և կնորմալանա քաղաքական իրադրությունը և ճանապարհներն անվտանգ կդառնան։ Ռուս զինվորներին նախազգուշացրին, որ Աղդամ-Եվլախ խճուղու վրա վխտում են բեկական զինված հորդաները, որոնք ոչ միայն կզինաթափեն նրանց, այլև կենդանի բաց չեն թողնի, ինչպես այդ տեղի էր ունենում շարունակ Թիֆլիս-Բաքու երկաթգծի վրա կովկասյան ճակատից անկարգ երթով հայրենիք վերադարձող ռուս զինվորների հետ։ Զորամասին խոստացվեց մնալու դեպքում սննդի և այլ կարիքների հնարավորության չափ ապահովություն։ Ռուս զինվորները, սակայն, մնացին իրենց որոշման մեջ անդրդվելի։ Նրանց ոչ մի կերպ հնարավոր չեղավ համոզել հրաժարվելու իրենց ճակատագրական վճռից։ Նրանք կտրականապես և վիրավորական արտահայտություններով մերժեցին Շուշու հայ բնակչության ներկայացուցիչների վերջին առաջարկությունն ևս՝ հանձնել սպառազինության գեթ մի մասը քաղաքի հայկական մասում տեղական ուժերով պահակազոր կազմակերպելու համար։ Ռուս զինվորները չկամեցան համոզվել, որ մուսուլմանների հոծ բնակչության միջով զինված անցնելը ինքնին խիստ վտանգավոր էր։

Այդ բոլորից հետո, քաղաքի հայ հասարակությունը, այնուամենայնիվ, առանց ատելության, թշնամանքի կամ դժգոհության որևէ արտահայտություն թույլ տալու ռուս զինվորների նկատմամբ, անչափ մեծահոգի գտնվեց և տնտեսական սուղ պայմաններում, երբ քաղաքը պարենավորման սուր ճգնաժամ էր ապրում, ճոխ և սիրալիր հյուրասիրություն ցույց տվեց բոլոր զինվորներին և սպաներին, ու ապա մարդիկ նշանակվեցին, որոնք զորամասն անվտանգ մինչև Ասկերան հասցրին, որտեղից ռուս զինվորները շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Աղդամ-Եվլախ։

Այնուհետև այդ զորամասի ճակատագրի մասին սկսեցին շրջել հակասական լուրեր։ Ամիսներ հետո միայն վիճակվեց տեղեկանալ, որ Աղդամով անցնելու ժամանակ ռուս զինվորները ենթարկվել էին մուսուլմանական «Դիկայա դիվիզիայի» զինվորների և բեկական հորդաների հարձակման և զինաթափ արվել մինչև վերջին փամփուշտը, տալով շատ սպանվածներ։ Իսկ մի քանի տասնյակ կենդանի մնացածներից կողոպտել էին նրանց հագուստներն ու կոշիկներն անգամ։ Եվ ռուս զինվորները մերկ, արյունոտած ոտքերով, ցրտահար մարմիններով ու քաղցած հազիվ կարողացել էին հասնել Եվլախ։ Նույն բախտին էին արժանացել նաև Կարիագինոյից և Ջեբրայիլից Մուղանի դաշտով դեպի Եվլախ գնացող ռուսական զորամասերը։

***

Օրը օրին սրվում էր իրադրությունը նաև շրջաններում։ Հայկական Ղարաբաղը Գանձակի հետ կապող լեռնային միակ ճանապարհը Ջրաբերդով անցնող ուղեմասում դարձավ հայ բանդիտական խմբերի շահատակությունների ասպարեզ։

Կովկասյան ռազմաճակատի կազմալուծման հետևանքով ռուսական զորամասերի հետ տուն վերադարձող ղարաբաղցի հայ զինվորներն  էին գլխավորապես, որ դառնում էին այդ ավազակախմբերի զոհը։ Կուսապատ գյուղացի Զախարբեկով Կոլյան, Նեսանը, մեծաշենացի վամպիր Բախշի-բեկը և ուրիշներ, արդեն մեծ հռչակ էին ձեռք բերել իրենց ոճրագործություններով։ Համախմբելով իրենց շուրջը արյունարբու բախտախնդիրների մի քանի ստվար խմբեր, նրանք օր-ցերեկով սպանում էին ճակատից Գանձակի վրայով Ղարաբաղ վերադարձող հայ զինվորներին, կողոպտում նրանց զենքն ու հագուստը և վաճառում թյուրքերին Թարթար ավանում։

Համեմատաբար հանգիստ էր Ղարաբաղի մյուս շրջաններում՝ Վարանդայում- Խաչենում և Դիզակում։ Բայց այդ շրջաններում էլ սկսում էին ուժեղանալ հակամուսուլմանական տրամադրությունները հացի պակասության պատճառով։ Պարենավորման սուր ճգնաժամը աշխատում էին օգտագործել գյուղերի ագրեսիվ և արկածախնդիր տարրերը՝ բորբոքելու համար ազգային կրքերը և հրահրելու զինված հարձակումներ թյուրքական գյուղերի վրա։

Այդպիսով արդեն գլուխ բարձրացրած և օր-ավուր սաստկացող ու տարածվող անիշխանությունը խեղդելու համար պահանջվում էր արագ և վճռական միջոցներ։ Այլապես ուշ կլիներ, երբ անիշխանության ստեղծած քաոսը ծավալվեր և խորանար, ընդգրկելով իր կորստաբեր հորձանուտի մեջ հայկական Ղարաբաղի բոլոր շրջանները։

(շարունակություն)

[1] ՀՊՊԿԱ, ֆ. 221, գ. 40, թ. 19-30։

[2] Նույն տեղում։

[3] Ամսաթվերի և մի շարք կարևոր դեպքերի ու մանրամասնությունների բացակայություն, որոշ փաստերի սխալ բացատրություններ և այլն։

[4] Փետրվարյան հեղափոխությունից հետո Շուշում սկսեցին լույս տեսնել տարբեր քաղաքական հոսանքների արտահայտիչ մի շարք թերթեր։ Իրավաբան Լևոն Վարդապետյանի նախաձեռնությամբ հիմնվեց «Փայլակ» շաբաթաթերթը, որի խմբագիր հետագայում դարձավ բանասեր Խաչիկ Սամվելյանը։ Այդ թերթին աշխատակցում էին հավասարապես սոցիալ-դեմոկրատիայի երկու թևերը՝ բոլշևիկները և մենշևիկները։ Բոլշևիկները հետագայում ունեցան իրենց առանձին թերթը «Նեցուկ» անունով, որ հիմնել ու խմբագրում էր պատմաբան Աշոտ Գ. Հովհաննիսյանը։ Էսեռներն էլ ունեին իրենց թերթը, թեև նրանք ընդամենը 6-7 հոգի էին։ Այդ թերթը կարճատև կյանք ունեցավ։ Դաշնակցություն կուսակցության թերթը «Ապառաժն» էր, որ լույս էր տեսնում պատմաբան Հայրապետ Մուսայելյանի խմբագրությամբ։ Կադետներն ևս ետ չմնացին, նրանք էլ սկսեցին հրատարակել ռուսերեն “Шушинский листок” շաբաթաթերթը։ Բոլոր թերթերը դադարեցին լույս տեսնել 1917 թ. նոյեմբեր ամսից սկսած։ «Ապառաժը» միայն վերսկսեց լույս տեսնել 1919 թվի մարտից, բայց շուտով դադարեց։

[5] Գ. Սեյրանյան, Ղարաբաղի տնտեսական կյանքը և նրա հեռանկարները, Թիֆլիս, 1928 թ., էջ 16։

[6] Հայ հողագործների այդ փոքրաթիվ կատեգորիան պիտի ասել, որ իր տնտեսական դրությամբ և հողերի քանակի ու որակի տեսակետից շատ և շատ ետ էր մնում անգամ ռուս միջակ գյուղացիներից։ Չնայելով դրան, այդ կատեգորիայի հայ գյուղացիների մեծ մասին ռուս «կուլակներին» հավասարեցնելով, ստալինյան ժամանակաշրջանում ենթարկվեցին ամեն տեսակի զրկանքների, բռնությունների և հալածանքների։

[7] Դիզակի, Խաչենի, Վարանդայի և մյուս շրջանների գրեթե բոլոր գյուղերում կային բազմաթիվ քարտաշներ, որմնադիրներ, ատաղձագործներ և այլ արհեստ իմացողներ, որոնք գյուղատնտեսական տարին վերջանալուց հետո իրենց արհեստն էին բանեցնում գյուղերում կամ քաղաքներում։ Ամառային ամիսների ընթացքում հայ գյուղական ընտանիքներից շատերը ժամանակ էին գտնում զբաղվելու նաև շերամապահությամբ։

[8] Չնայելով վտանգին, հարևան հայ գյուղին օգնելու համար թյուրք գյուղացիները գիշերներ, գաղտնաբար, հաճախ բեռներով հացահատիկ էին բերում հայերին, առանց որևէ հատուցում ակնկալելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter