
78-ամյա քիմիկոսին մեղադրում են թմրամիջոցի հումք պատրաստելու մեջ
«Թույլ կտա՞ք Ձեզ լուսանկարել»,- հարցրեցի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դահլիճում նստած «Քիմիկների գործով» առաջին ատյանի դատարանի կողմից 7.5 տարվա ազատազրկման դատապարտված քիմիկոս Սիրաժ Ղամբարյանին: «Ես արդեն ոչնչից չեմ վախենում, նկարե՛ք, գրե՛ք, թող իմանան, թե Հայաստանում ինչպես են վերաբերվում գիտության մարդկանց»,- ասաց քիմիկոսը, ում մեղադրում են «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի համար անհրաժեշտ նյութեր ապօրինի պատրաստելու մեջ:
Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել քիմիկոս Սիրաժ Ղամբարյանին՝ դատապարտելով 7.5 տարվա ազատազրկման: Ըստ դատավճռի, նա աշխատելով Երևանի Արցախի 4-րդ նրբանցք 10ա հասցեում գտնվող «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ու որպես լաբորատորիայի վարիչ, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու շուրջ համաձայնության է եկել նույն ընկերության տնօրեն Սամվել Խաչատրյանի, փորձարարական արտադրության պետ Արա Ռոստոմյանի և ընկերության աշխատակից Արմեն Լեպեջյանի հետ, 2007 թվականի դեկտեմբեր ամսին ընկերության այլ աշխատակիցների հետ պատրաստել է «Ամֆետամին» տեսակի թմրամիջոցի պրեկուրսոր:
Սիրաժ Ղամբարյանը 78 տարեկան է, երկրաբանական գիտությունների թեկնածու: Պատմեց, որ 2 տարեկանից ապրել է Երևանում, սակայն վերջին տարիներին, ծանր նյութական պայմաններից ելնելով, ստիպված վաճառել է Երևանի բնակարանն ու տեղափոխվել գյուղ. «Գետամեջում փոքր տուն գնեցինք, ընտանիքով տեղափոխվեցինք գյուղ, այլ ելք չկար: Իսկ հիմա օր ծերության ինձ մեղադրում են թմրամիջոցի հումք արտադրելու մեջ: Երկար պարապուրդից հետո 9 ամիս օժանդակ աշխատանք եմ կատարել Քիմտեխում, ստացել աշխատավարձ, ապրել աշխատավարձով՝ ծայր ծայրին հասցնելով»,- «Հետքին» պատմեց Սիրաժ Ղամբարյանը:
Նույն գործով դարձյալ 7,5 տարվա անազատության դատապարտված մեկ այլ քիմիկոս, օրգանական սինթեզի մասնագետ, քիմիական գիտությունների թեկնածու, 65-ամյա Սամվել Մկրտումյանը «Հետքին» պատմեց, որ «Քիմտեխ»-ի համար աշխատել է ընդամենը 6 ժամ: «Իսկապես չեմ հասկանում՝ ինչու եմ հիմա դատարանում: Ամբողջ կյանքում չեմ իմացել դատարանն ինչ բան է»:
Այս գործով 9 մեղադրվողներից 4-ի խափանման միջոց ստորագրությամբ չբացակայելը դեռ գործում է, քանի որ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: 5-ը տարբեր ՔԿՀ-ներում են: Բոլոր ինն էլ բողոք են բերել վերաքննիչ դատարան՝ պնդելով, որ 7-12 տարվա ազատազրկման են դատապարտվել սարքովի գործի պատճառով: Դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ վերաքննիչ բողոքի քննությունը դեկտեմբերի 12-ին հետաձգվեց մինչև դեկտեմբերի 17-ը՝ փաստաբաններից մեկի նիստին հարգելի պատճառով չներկայանալու համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել