
Ծեծկռտուք դպրոցում. պայմանավորված լռություն
Դեկտեմբերի 10-ին` ժամը 12-ի մոտակայքում, Գորիս քաղաքի թիվ 1 դպրոցի բակում տեղի է ունեցել վիճաբանություն դպրոցականների միջև: Վիճաբանությանը միջամտել է դպրոցի տասներորդ դասարանցիներից մեկը: Նա փորձել է հարթել վիճաբանությունը` հանդիմանելով վեճի մասնակիցներից մեկին: Վերջինս զանգահարել է հորը, ով դեպքի վայր է եկել այլ տղամարդկանց հետ: Վերջիններիս շարքում եղել է նաև ոստիկան: Նրանք դաժանաբար ծեծել են տասներորդ դասարանցի տղային: Այս մասին պատմում է «Հետքի» աղբյուրը, որի անունը չենք կարող հրապարակել:
Տղան ծեծի արդյունքում ուղեղի ցնցում է ստացել և ամբողջ շաբաթ դպրոց չի հաճախել: Վիճաբանության ականատեսների պատմելով` տղայի ընկերները փորձել են միջամտել, օգնել իրենց համադասարանցուն, աղջիկներից ոմանք նույնիսկ կծոտել են ծեծողների ձեռքերը, երբ նրանք տղային մտցրել են մեքենայի մեջ:
Ծեծված տղան միայն այսօր է դպրոց գնացել, դեմքին`ամբողջությամբ կապտուկներ:
Ականատեսները վախենում են ծեծողների անուններ տալ. նրանք նշում են միայն, որ տղային ծեծողներից մեկը ուսադիրներով էր: Մեր տեղեկություններով` տասներորդ դասարանցուն ծեծողների թվում է եղել նաև Գորիսի ճանապարհային ոստիկանության պետի հորեղբոր տղան, որը ճանապարհային ոստիկանության` մեքենաների առքուվաճառքը ձևակերպող մարմնի ( ՄՌՈՒ) աշխատակից է:
Այս դեպքի վերաբերյալ ոչ ծեծվողի ծնողները, ոչ դպրոցի ուսուցիչները և ոչ էլ տնօրենը ոստիկանությանը չեն հայտնել:
Գորիս թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց դպրոցում վիճաբանություն չի եղել: «Խոսքը ինչի՞ մասին է», - զարմացավ նա:
Մանրամասնեցինք, որ դպրոցականների միջև է եղել վեճը, որին փորձել է միջամտել տասներորդ դասարանցին, արդյունքում տղային ծեծել են: «Չէ, չհասկացա, ես ինքս դաս եմ տալիս տասներորդ դասարանում, ճիշտն ասած, երևի ձեզ ճիշտ չէ ինֆորմացված, չգիտեմ: էրեխա են, ամեն օր լինում են նման դեպքեր: Բայց տասներորդ դասարանցիների միջև նման բան չի եղել»: Նորից ճշտեցինք հարցը` դպրոցականները վիճել են, տասներորդ դասարանցին մի տղա մասնակցել է վիճաբանությանը (տնօրենին ասել ենք նաև տղայի անունը), տղային ծեծել են, և նա մեկ շաբաթ դպրոց չի գնացել: «Ճիշտն ասած, չգիտեմ` ինչ եք ասում, հետո զանգահարեք հա, չգիտեմ` ինչ եք ասում»,- ասաց տնօրենը: Զանգահարեցինք ավելի ուշ, տնօրենը չէր պատասխանում:
Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ մինչ օրս այս դեպքի վերաբերյալ ահազանգ չեն ստացել: «Հիմա փորձում ենք տեղեկությունը տեղում պարզել»,- տեղեկացրին ոստիկանությունից` խոստանալով աշխատանքային օրվա վերջում հայտնել լրացուցիչ տեղեկատվություն:
Մեկնաբանել