HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ուսուցիչները ծնողին` «քո երեխուն քո մոտ պահի»

Տավուշի դպրոցներից մեկում ծնողը երեխային տանում է դպրոց և սպասում մինչև դասերի ավարտը: Բայց դա չէր խանգարում, որ ուսուցիչները բացասաբար վերաբերվեն երեխային: Երբ ծնողը դիմել է ուսուցիչներին, վերջիններս պատասխանել են`«քո երեխուն քո մոտ պահի»: Ուսուցիչների, ինչպես նաև աշակերտների բացասական վերաբերմունքի պատճառով երեխան ոչ մեկի հետ չի շփվում:  

Իսկ Ալավերդիում ծնողը բողոքել է, որ ուսուցիչը պարբերաբար քանոնով հարվածել է երեխայի գլխին, ձեռքերին: Վերջինս ունի գլխացավեր և տեսողական խնդիրներ:    

Այս երկու դեպքերը ներկայացված էին «ՀՀ-ում ներառական կրթության իրականացման գնահատումը» հետազոտական հաշվետվության մեջ: Հետազոտությունն իրականացրել է «Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի» կողմից, որը ֆինանսավորել է Բաց հասարակության հիմնադրամները (ԲՀՀ): ԲՀՀ-ի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի կարծիքով` կրթությանն առնչվող բոլոր հարցերը պետք է դառնան հասարակության համար բաց և ազատ քննարկումնների թեմաներ: Այս հետազոտության նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք կան ներառական կրթության ոլորտում, դրանց մասին բարձրաձայնել նախքան 2022 թ.-ը, երբ ՀՀ-ն բոլոր հանրակրթական դպրոցները պետք է իրականացնեն ներառական կրթություն:

2012 թ.-ի դրությամբ ՀՀ-ում գործում է 98 ներառական դպրոց, որոնցից 50%-ը Երևանում: Արարատի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերն ունեն մեկական ներառական դպրոց: Հետազոտությունն անց է կացվել 34 ներառական դպրոցներում` ընտրանքային 5 մարզերում 2013 թ.-ի հունվարից հունիս ամիսներին:

Փորձագիտական թիմը եկել է այն եզրակացության, որ Հայաստանում գործում է ոչ թե ներառական, այլ ինտեգրված կրթության մոդել: Ներառական կրթության իրականացման ընթացքում գոյություն չունի մասնագիտական թիմի նկատմամբ ընդհանուր մոտեցում: Իսկ բազմամասնագիտական թիմի անդամները հստակ պատկերացում չունեն իրենց պարտականությունների մասին: Թույլ է նաև համագործակցությունը ուսուցիչների և ԿԱՊԿՈւ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաների ծնողների միջև:

Բացի այդ՝ հասարակության մի հատվածի կողմից գոյություն ունի կարծրատիպային վերաբերմունք ԿԱՊԿՈւ երեխաների նկատմամբ: Ընդ որում՝ այդ մոտեցումը գալիս և տարածվում է հիմնականում ոչ ԿԱՊԿՈւ երեխաների ծնողների կողմից:

«Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի» ներկայացուցիչ Աննա Փոխսրարյանը նշեց, որ կարևոր է նաև ծնողների անմիջական մասնակցությունը երեխաների անհատական ուսումնական պլանների մշակման ու գնահատման հարցում:

Անդրադառանալով ֆինանսավորմանը` հաշվետվության մեջ նշվում է, որ եթե ոչ ԿԱՊԿՈւ երեխաների համար տարեկան հատկացվում է շուրջ 100 հազար դրամ, ապա ԿԱՊԿՈւ երեխաներին` 400-500 հազար դրամ: Եթե փորձագետների կարծիքով այդ գումարը բավարար չէ որակյալ կրթություն իրականացնելու համար, (քանի որ պետությունը գումար չի հատկացնում նյութատեխնիկական և ֆիզիկական բազայի համալրման համար) ապա հարցված տնօրենների մեծ մասը ֆինանսավորումը համարում են «հիմնականում բավարար»: Նրանց հավաստիացմամբ` գումարը ծախսվում է բացառապես սննդի (օրական 781 դրամ), ճանապարհածախսի (օրական 200 դրամ) և մասնագետների աշխատավարձի վրա:

Տավուշի մարզում գործում է ներառական կրթության պիլոտային ծրագիր: Այստեղ առկա 77 հիմնական հանրակրթական դպրոցներից միայն 15-ն են ընդգրկված ներառական դպրոցների ցուցակում:

«Ներառական կրթությունը կարևոր է հասարակության կայացման համար:

Մենք ուզում ենք, որ հասարակությունը հասկանա` ինչ ասել է հաշմանդամություն, նպաստել ներառական համակարգի կայացմանը Հայաստանում` օգտագործելով միջազգային մեթոդները», - ասում է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:

Նրա կարծիքով` ներառական կրթության համակարգը Հայաստանում դեռևս կարիք ունի բարեփոխումների, որում պետք է ներգրավված լինեն շահագրգիռ բոլոր մարմինները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter