HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Դպրոցի տնօրենը անհասանելի է դարձել ծեծի դեպքը հանրային դառնալուց հետո

Կրթության և գիտության նախարարությունը մինչ օրս ստուգումներ չի իրականացրել Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում: «Տեղյակ չեմ` ինչ է եղել, ու տնօրենին չեմ կարողանում միանալ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նախարարությունը Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին իմացել է մամուլի հրապարակումից հետո: «Նախ ուզում եմ զանգել տնօրենին և պարզել` ինչու մինչև հիմա մենք չգիտենք դեպքի մասին, ու ինչու թերթից իմացանք, սովորաբար մենք արագ ենք իմանում, մեզ իսկույն զանգում ու տեղյակ են պահում, երբ նման դեպք է լինում: Իմանանք, միգուցե իսկապես դասերից հետո է եղել դեպքը, չնայած իր աշակերտն է, հիվանդանոց է ընկել, դժվար ինքը իմացած չլիներ դեպքի մասին»: Դպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանը զանգերին չի պատասխանում: Նարինե Հովհաննիսյանը չի կարողանում կապվել և պարզել այն, ինչ մեզ հայտնեց:

Նարինե Հովհաննիսյանի հետ խոսեցինք նաև քիչ ուշ` պարզելու համար կարողացավ կապվել տնօրենի հետ, թե ոչ: «Չէ, չի պատասխանում, իրենք երբ չեն պատասխանում, հետո իսկույն ինձ զանգում են, - ասաց Հովհաննիսյանը և մեզ հետ զրույցի ընթացքում էլ զանգեց տնօրենին,- ահա, տեսեք, չի վերցնում»:

Ի՞նչ է պատրաստվում անել նախարարությունը, եթե այդպես էլ տնօրենը զանգերին չպատասխանի. «Եթե չպատասխանի, պիտի գտնեմ իրեն, ոնց ուզում է, լինի: Ասենք, կզանգեմ հարևան դպրոց, իրենց կրթության վարչության պետին, ինչ-որ ձև կգտնեմ իր հետ կապվելու: Չգտնել չի լինի»: Արդյոք նախատեսում են այցելել դպրոց և տեղում պարզել դեպքի հանգամանքները, իրականցնել ստուգումներ` Ն. Հովհաննիսյանը պատասխանեց, որ եթե արդեն իրավապահներն են խառնվել գործին, չեն այցելի դպրոց: Տնօրենի հետ խոսելու և նոր մանրամասներ իմանալու դեպքում Ն. Հովհաննիսյանը խոստացավ տեղեկացնել:

Լուսանկարը` Կարինե Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter