HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Անգամ արվեստն է սուտ, բայց այդ սուտն ինձ պետք է» (ֆոտոպատմություն)

Երևանում բնակվող ինքնուս նկարիչ Վահե Հակոբյանը ընդունվել էր Գեղարվեստի ակադեմիա, բայց վարձավճարի պատճառով դուրս եկել` զրկվելով ակադեմիական կրթություն ստանալու հնարավորությունից: Նա չի դադարել նկարչությամբ զբաղվել: Վահեի համար որպես արվեստանոց է ծառայում սեփական բնակարանը:

Հենց ոտք ես դնում Վահեի տուն, առաջին միտքը որ գալիս է` նախամուտքում կախած խորհրդավոր հայելին գողանալն է: Հետո, երբ մի քանի քայլ ես անում դեպի տան մյուս սենյակները, հասկանում ես, որ ավելի լավ բաներ էլ կան «գողանալու»:

Մեծ գաղտնիք չեմ բացահայտի, որ ասեմ` ինչով է զբաղվում Վահեն: Նկարիչ է, բայց ինչպես ինքն է կատակում, «ստից» նկարիչ է, դիպլոմ անգամ չունի, ինչի պատճառով էլ երբեմն խնդիրներ են լինում ցուցադրվելիս:

- Կոնկրետ ոգեշնչման աղբյուր չունեմ. կյանքն է ոգեշնչում, մարդիկ, նրանց գործողությունները, նրանց ստեղծածները` գեղեցիկ ու ոչ այդքան. պատահում է`լսում եմ ինչ որ երգ, հետո «նկարում եմ» այն:

Իրականում, նկարչությունն էլ է խաբեություն, որովհետև այն չկա, դու ես ստեղծում: Օրինակ, այն պատից կախած նատյուրմորտը չկա: Խաբում ես նույնիսկ ռեալիստական նկարներում, բայց մարդկանց պետք է խաբեության որոշակի չափաքանակ: Իրականությունը շատ դաժան է, և մարդիկ չեն կարող առանց այդ քաղցր խաբեության, անգամ արվեստն է սուտ, բայց այդ սուտն ինձ պետք է, և ոչ միայն ինձ է պետք, շատերն այդ «ստից» գեղագիտական հաճույք են ստանում:

Երբեմն հուսահատ վիճակներ էլ են լինում. պատահել է` մի քանի ամիս անգամ ընկերներիս հետ կապ չեմ պահպանել: Հետո զանգում էին, ասում` այ տղա ո՞ւր ես, կորել ես, չկաս: Ես էլ, հարցից զարմացած, ասում էի` հա՞, էդպիսի բան կա՞, երևի, չեմ նկատել: Բայց դա էլ է պետք. այդ շրջանին փոխարինելու են գալիս բեղմնավոր ժամանակները:

Գործեր ունեմ, որ շատերին է դուր գալիս, ասում են «շեդեվռ» է, բայց դրանք ուղղակի փորձարկմանս արդյունքն են եղել. ես էլ հստակ չեմ կարող ասել, որ իմ ոճը դա է: Իհարկե, էլի այդպես նկարելու գայթակղություն է առաջանում, քանի որ դա նաև շահավետ է, բայց եթե հասկանում եմ, որ դա չէ միակ ձևը, որով ուզում եմ նկարել, շարունակում եմ փորձարկումներս այլ ոճերի ու բովանդակության մեջ:

Երբ մազ կտրելու համար ընկերները գերադասելի են վարսավիրներից:
Որոշակի արժեքային հակասություն Վահեենց տան գրադարակում:
Տարածությունը կրճատող «ամենակարող» skype-ը (նկարում Վահեի մայրն է):
Այդ ընթացքում ես բացահայտում եմ նրանց տան «հրեշներին»:
Ամենուր նկարներ են:
Վահեն հավաստիացնում է, որ նախկինում, երբ նորակառույց շինություններն ավելի քիչ էին, տեսարանն ավելի գեղեցիկ էր իրենց պատշգամբից:
Այս նավակը Վահեն կառուցել է երբ դեռ նկարելով չէր զբաղվում:

- Շաբաթվա մի քանի օրը արտ-սրճարանում եմ աշխատում: Իհարկե, դա այն աշխատանքը չէ, որ մանկուց երազում ես ունենալ, բայց այն ինձ ինչ-որ առումով դուր է գալիս, հակառակ դեպքում չէի աշխատի, որքան էլ որ վարձատրությունը բարձր լիներ. հաճախորդները տարբեր են, նրանց հետ շփումից մտքեր են առաջանում, որոնք հետո պատկերի տեսք են ստանում: Հաճելի է նաև, երբ շատերը մինչև վերջին պահը չեն էլ հավատում, որ այդ փաբի պատի նկարները հենց այն տղայի վրձնի տակով են անցել, ով քիչ առաջ նրանց գարեջուրը բերեց:

Արտ-սրճարանում հաճախորդները շատ հաճախ ընկերներ կամ ծանոթներ են լինում:
Վահեի նկարները  «ցուցադրվում» են իր երկրորդ աշխատավայրում`  «Վանգոգ»-ում:
Հերթական նկարն ավարտված է. կարելի է թեյ խմել:
Բայց կարծես դեռ մի քանի շտրիխ էլ է պետք ավելացնել:

Վահեի աշխատանքների ֆեյսբուքյան էջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter