
Ի՞նչ գնով կսպառի գազը քաղաքացին
ԱԺ-ում արտահերթ նստաշրջանի քննարկման է դրվել միջազգային պայմանագրերի վավերացումը, որտեղ ներառվում են 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ», Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների» մասին համաձայնագրերը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ հիմնականում խնդիրները բազմաթիվ են, որոնք ծառացած են հասարակության առաջ: Իսկ դրա, պատճառը, ըստ նրա, նախարարության ոչ թափանցիկ գործունեությունն է: Պատգամավորն ասաց, որ Ալեքսեյ Միլլերի` «Գազպրոմ» ընկերության գլխավոր տնօրենի կողմից հայտարարվեց, որ գազի սակագինն իջնելու է, սահմանում լինելու է 159 դոլար, և հայ քաղաքացին գնելու է ավելի մատչելի գումարով, մինչդեռ ընդամենը 48 ժամվա կտրվածքով բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր ձևաչափերով հայտարարություն արեցին: Ապա նշեց, որ ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, թե հայ քաղաքացին գազի սակագինը սպառելու է ավելի ցածր գնով` մատնանշելով՝ սա լա՞վ է, թե՞ վատ: Պատգամավորը հարցրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, թե ի վերջո, կարո՞ղ է ասել, թե հայ քաղաքացին ինչ սակագնով է սպառելու գազը, և Արցախում ինչ գնով են սպառելու:
«Մինչև Ալեքսեյ Միլլերի հայտարարությունը գազի գինը սահմանի վրա եղել է 270 դոլար: Այս ստորագրումից հետո գազի գինը կազմեց 189 դոլար: Հայաստանի Հանրապետությունում սակագները հաշվարկված և հրապարակված էին սահմանի վրա 189 դոլարի կտրվածքով, հետևաբար, սակագները, որոնք հաստատված են այս պահին, որևիցե փոփոխության չեն ենթարկվելու, ինչպես սահմանին, այնպես էլ Արցախում»,- պատասխանեց Ա. Մովսիսյանը:
Պատգամավորն էլ նկատեց, որ խորհրդարականներն այնքան էլ տեղեկացված չեն, և իրականության մեջ քաղաքացին որևէ փոփոխություն չի զգալու իր վրա:
Մեկնաբանել