HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռետրո ակումբ». երգեր ժամանակի ու տարածության միջից

Նաիրա Հայրապետյան

Քչերիս է հայտնի, թե անձնական կյանքում ինչ դժվարություններ, երբեմն էլ ողբերգություններ են ապրում մեզ քաջ հայտնի և միևնույն ժամանակ անհայտ աստղերը, բայց ստեղծագործություններ կան, որոնք ոչ միայն բառերով, այլև կատարման զգացմունքայնությամբ հուշում են` արտիստի հոգու ամենախոր անկյուններում թաքնված վշտի կամ տառապանքի մասին:

Լեդ Զեփելին խմբի 1979թ թողարկված In Through the Out Door ալբոմի 6-րդ թրեքում կարդում ենք «All My Love» երգի անունը. Հեղինակներն են` Ռոբերտ Փլանտը (խմբի վոկալիստ) և Ջոն Փոլ Ջոնսը (բաս կիթառ): Երգը նվիրված է Փլանտի որդուն, ով մահացել է 1977թ. Նա ընդամենը 5 տարեկան էր: Որդու մահից հետո խումբը մոտ մեկ տարի դադարեցրեց գործունեությունը և հնարավոր է այդքանով էլ ավարտվեր խմբի կարիերան, եթե Ջիմի Փեյջը (խմբի հիմնադիր և կիթառահար) չկարողանար իր հոգատարությամբ ու ջանքերով ընկերոջը ետ վերադարձնել մեծ իմաստով կյանք` նրա մեջ ներարկելով ապրելու, ստեղծագործելու ուժն ու հավատը: Հենց այս օրերի մեջ է ծնվել նրանց ամենագեղեցիկ երգերից մեկը` All My Love (to you)`- Ողջ սերս քեզ: Խմբի բոլոր անդամները համոզված են, որ այն Փլանտը որդուն է նվիրել, իսկ Ջիմի Փեյջի կարծիքով` դա երգչի ամենաազդեցիկ և ամենազգացմունքային կատարումն է: Ավելի ուշ Փլանտն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ All My Love-ը Լեդ Զեփելինի  ամենագեղեցիկ պահերից մեկն է խորհրդանշում:

 

«Աշխարհի ամենավիճահարույց երգերը»…  ես չգիտեմ, երաժշտական ամսագրերը կամ թերթերը երբևէ անդրադարձել են այսպիսի խորագրով շարքի, բայց եթե լինեին կամ կան, ապա կարծում եմ` Մայքլ Ջեքսոնի «They Don’t Care About Us»  երգը  վստահաբար կունենա իր առաջատար տեղն այս ցանկում: Սա երաժշտի 1996 թ-ին թողարկված «HIStory: Past, Present and Future, Book I » ալբոմի   4-րդ սինգլն է: Այս երգից հետո Ջեքսոնին սկսեցին մեղադրել հակասեմիտական-հակահրեական  քաղաքականության մեջ. Մեղադրանք, որը մեծ մասսայականություն ստացավ` ստիպելով Ջեքսոնին  մի քանի անգամ հրապարակայնորեն ներողություն խնդրել, հերքել  հակահրեական լինելու մասին լուրը… բայց դա կարծես թե չբավարարեց հուզված մեղադրողներին և «ներողությունների» շարքն համալրեց հաջորդ քայլը` անհապաղ վերանայել, խմբագրել բառերը: Շատ կարճ ժամանակ անց հալածանքները տեղափոխվեցին երկու  տարբեր տեսահոլովակների ուղղությամբ:

 

«Երգը  հակասեմիտական չէ,- ասել է Ջեքսոնը իր հարցազրույցներից մեկում,- այն պարզապես չի կարող այդպիսին լինել, քանի որ ես այդպիսին չեմ… ես երբեք ռասիստ չեմ եղել և իմ ամենամոտ ընկերների մեջ շատ հրեաներ կան»: Երգիչը նաև բազմաթիվ անգամ ստիպված էր փաստել այս ամենը, իսկ վերոնշյալ հարցազրույցի  օրը  նրա մենեջերը, որպես աջակցություն, հրապարակայնորեն ձայնագրության հաստատում ուղարկեց` հայտարարելով, որ երգը փայլուն բառեր ունի` առանց ենթատեքստի և ոչ մի քննադատական բան չի պարունակում: Հաջորդ օրը հրեական համայնքի երկու հեղինակավոր անդամ հանդես եկան պահանջով, որ այդ ամենը գրավոր ներկայացվի երգի համար թողարկված ձայնասկավառակի շապիկին:

Ջեքսոնը դեռ երկար պետք է պատասխան տար թե երգի, թե տեսահոլովակների համար, նույնիսկ բազմաթիվ ու բազմատեսակ այս միջամտություններից հետո: Իսկ թե ինչպես, այս հարցին նրա արվեստի սիրահարներից թերևս ամեն մեկն իր անհատական պատասխանը  ունենա` թեկուզ ակնթարթային հայացք նետելով արտիստի հատկապես վերջին տասնամյակի աղմկահարույց պատմություններով լի կյանքին:  

Չնայած այս ամենին` երգը մեծ ճանաչում ու հաջողություններ գրանցեց, ընդգրկվելով նրա նույնիսկ ետմահու թողարկված ալբոմներում…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter