HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հեռուստատեսությունը՝ ընդարձակ համատեքստում – 3

Սկիզբ

Նախորդ երկու հոդվածներում քննարկված զեկույցը, որում ամփոփված մոնիթորինգի արդյունքները հիմնականում վերաբերում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մի խումբ ետսոցիալիստական երկրների հեռուստատեսային հեռարձակման ոլորտին, ունի բնութագրական ենթավերնագիր. «Ավելի շատ ալիքներ, ավելի քիչ անկախություն»։ Զեկույցում այս երկրները բաժանված են երկու խմբի՝ ըստ հեռուստատեսության ոլորտի արդիականացման գործում հասած հաջողությունների։ Առաջատարների թվում են Չեխիան, Լեհաստանը, Սլովակիան եւ Լիտվան։ Ավելի համեստ են Ռումինիայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի եւ Ալբանիայի ձեռքբերումները։ Հայաստանը, նույն ճանապարհը բռնած ուրիշ երկրների հետ միասին, կարող է տեղ գրավել երրորդ խմբում։ Նրանց համար այս մոնիթորինգի արդյունքները օգտակար են թե ներկա վիճակը գնահատելու, թե կանխատեսումներ անելու տեսանկյունից։

Առաջին հերթին, կարծում եմ, ուշադրության արժանի է հետեւյալ ընդհանուր միտումը. տեղեկատվամիջոցների շարքում հեռուստատեսությունը դանդաղորեն զիջում է իր դիրքերը։ Վերջին տարիներին, թեեւ աննշան չափով, բայց հետեւողականորեն նվազում է մարդկանց հեռուստացույց դիտելու միջին տեւողությունը, իսկ երկրների ամենամեծ հեռուստակայանները արձանագրում են իրենց վարկանիշի աստիճանական անկում։ Սա առաջին հերթին վերաբերում է երկրային հեռարձակմանը, քանի որ միաժամանակ նկատվում է կաբելային եւ, ավելի համեստ չափով, արբանյակային հեռուստատեսության լսարանի աճ։ Այս նոր իրադրության առանձնահատկությունը երեք ձեւերի՝ արբանյակային, կաբելային եւ երկրային թվանշային հեռարձակման զուգորդումն է։

Միաժամանակ, ինչպես արդեն նշվել է, առաջ են գալիս սպառման նոր ձեւեր (ինտերնետի մատչելիություն հեռուստացույցով, վիդեո բովանդակության առաքում բջջային կապի ցանցով եւ այլն) եւ լսարանի հատվածականացում (ֆրագմենտացում)։ Հեռուստատեսային բովանդակության արբանյակային առաքման աննախադեպ մեծ ծավալները ինտերնետային առաքման նոր հնարավորությունների հետ միասին արագացրին մեդիա շուկայի գլոբալացումը։ Սա նվազեցնում է առանձին երկրում իրականացվող կարգավորման նշանակությունը՝ միաժամանակ առաջ բերելով կարգավորման նոր ձեւեր գտնելու անհրաժեշտություն։

Ներկա իրադրության մյուս կարեւոր կողմը հանրային հեռուստատեսության (Հանրային ծառայության հեռարձակման) անորոշ հեռանկարն է։ Սպառման ձեւերի բազմազանությունը, բովանդակության առատությունը, ինչպես նաեւ բովանդակության կարգավորման ցանցի թուլացումը հանգեցնում են նրան, որ մարդիկ ստանում են ընտրության ավելի մեծ հնարավորություն՝ ստիպված չլինելով բավարար-վել պետության կողմից լիազորված ալիքներով եւ ծրագրերով։ Երկարատեւ կոմունիստական անցյալի, ինչպես նաեւ հեռուստածրագրերի պատրաստման եւ հեռարձակման նկատմամբ այժմ գործող վերահսկողության պատճառով, այս «անցումային» երկրներում հանրային ծառայությունը հասարակության կողմից դեռեւս ընկալվում է որպես պետական։

Բացի այդ, կարգավորման թուլացումը տանում է հեռարձակման քաղաքականությունների մեջ նեոլիբերալ (նոր-ազատական) մոտեցումների ուժեղացման, որոնք նպաստավոր են առեւտրային եւ աննպաստ՝ հանրային հեռարձակման համար։ Այս պայմաններում հանրային հեռուստատեսության բյուջեն կրճատվում է ֆինանսավորման հնարավորությունների պակասի, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաներ ներդնելու մշտական անհրաժեշտության պատճառով։ Սրան ուղեկցում է հանրային հեռարձակման աճող առեւտրայնացման խիստ մտահոգիչ ընթացքը, որը բացասական ազդեցություն է թողնում եւ տեղեկատվության բազմակարծության վրա, եւ սահմանափակում քաղաքական ընդդիմության կողմից մեդիայի օգտագործման հնարավորությունները։ Նկատենք, որ սա հենց այն է, ինչ վերջին տասը տարում կատարվեց Հայաստանում։

Այսպիսով, հանրային հեռուստատեսությունը բազմաթիվ ետսոցիալիստական երկրներում հայտնվում է երկդիմի վիճակում։ Մի կողմից՝ հանրային հեռարձակումը կոչված է սրբագրելու շուկայի բացթողումներն ու ձախողումները՝ ապահովելով լսարանը սոցիալական առաջնահերթություն ունեցող ծրագրերով, մյուս կողմից՝ այն հայտնվում է իշխանությունների վերահսկողության ցանցում եւ ծառայեցվում քաղաքական նպատակների։ Բացի այդ, ինչպես նշվեց, հանրային հեռուստատեսությունն ինքը ենթակա է հարաճուն առեւտրայնացման։

Այս է պատճառը, որ հաշվի առնելով հանրային ծառայության հասարակական մեծ կարեւորությունը` զեկույցի հանձնարարականներում ընդգծվում է, որ այս երկրների կառավարությունները եւ կարգավորող մարմինները պետք է հաստատեն հիմնական հանրային ծառայության պարտականություններ առեւտրային հեռարձակողների համար՝ որպես հեռարձակման կարգավորման անհրաժեշտ գործիք, կամ էլ տարբեր խթանների միջոցով խրախուսեն առեւտրային հեռարձակողներին՝ հեռարձակելու հանրային հետաքրքրություն ունեցող բովանդակություն։

Քանի որ շուտով Հայաստանում սկսվում է անցումը թվանշային հեռարձակման, ապա հետաքրքրական է (եւ ուսանելի) գոնե հպանցիկորեն ծանոթանալ այս երկրների փորձին։ Ինչպես ընդգծվում է զեկույցում. «Թվանշացման ընթացքը խոչընդոտվեց շփոթմունքի, հարցերի վերաբերյալ անտեղյակության, խոշոր հեռարձակողների ուժեղ դիմադրության եւ նոր թվանշային շուկան բաժանելու համար մղվող քաղաքական վեճերի պատճառով»։ Թեեւ հաստատված վերջնաժամկետը ստիպում էր այս երկրներին՝ անցնելու թվանշային հեռարձակման, այդուհանդերձ, շուկայի գլխավոր խաղացողները կարողանում են ապահովել իրենց տեղը թվանշային լանդշաֆտում եւ արգելափակել նորեկների մուտքը շուկա որքան հնարավոր է երկար ժամանակ։ Օրինակ՝ Չեխիայում թվանշային հեռարձակման օրենսդրության որդեգրումը տեւեց հինգ տարի եւ երկու տարուց ավել՝ առաջին թվանշային ալիքների լիցենզավորումը։ Հիմնական պատճառը տիրապետող հեռարձակողների կողմից հարուցվող դատարանային քաշքշուկն էր՝ երկարաձգելու համար գովազգի շուկայի նկատմամբ իրենց տիրապետությունը։

Նույնը պատահեց Սլովակիայում, որտեղ հիմնական առեւտրային հեռարձակողները ձգձգեցին թվանշացման ընթացքը՝ դուրս թողնելով իրենց մրցակիցներին գովազդի շուկայից։ Բուլղարիայում նույնպես թվանշացումը սառեցվեց չորս տարով՝ պատշաճ օրենսդրության եւ քաղաքականության բացակայության պատճառով… Թվում է, թե Հայաստանում այս սցենարի հավանականությունը մեծ չէ, քանի որ գովազդի շուկան, ինչպես բոլոր հեռուստակայանները, վերահսկվում է իշխանության կողմից։ Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու շրջանառվող նախագիծը, ինչպես նաեւ հեռարձակման թվանշացման հայեցակարգը նոր եւ անցանկալի հեռարձակողների մուտքը խոչընդոտելու, ինչպես նաեւ ուրիշ մանիպուլացումների անսպառ հնարավորություններ են տրամադրում։

Այն ժամանակ, երբ այս երկրները պետք է բավարարեին Եվրամիություն մտնելու համար անհրաժեշտ պայմանները, նրանք պատրաստակամ էին բարեփոխումներ իրականացնել նաեւ հեռարձակման կարգավորման ոլորտում։ Մինչդեռ վերջին տարիներին նրանց իշխանություններն ավելի ու ավելի բացահայտ ձեւերով են ի ցույց դնում հեռարձակումը կարգավորող մարմինների նկատմամբ խիստ վերահսկողություն հաստատելու իրենց ցանկությունը։

Վերջում ներկայացնեմ ետսոցիալիստական երկրներում հեռուստատեսության վիճակը բնորոշող մի քանի եզրակացություններ։ Մինչեւ հիմա առավելապես խոսվել է կարգավորող մարմինների քաղաքականացման մասին, բայց ոչ պակաս կարեւոր է դրանցում մեդիա փորձագիտության, պատշաճ կրթություն եւ փորձառություն ունեցող անդամների բացակայության հարցը։ Օրինակ՝ Բուլղարիայի Էլեկտրոնային մեդիայի խորհրդի անդամներից եւ ոչ մեկը չունի մասնագիտական կրթություն լիցենզավորման, տեխնոլոգիաների կամ մտավոր սեփականության բնագավառներում։ Այս խնդիրը նույնքան հրատապ է Հայաստանի համար։

Խոսք լինել չի կարող խմբագրական անկախության մասին։ Հակառակ ինքնակարգավորման կառույցների հաստատմանը, հեռարձակման տեղեկատվամիջոցները մնում են քաղաքական եւ բիզնեսի շահերի ծանր ճնշման տակ։ Ճնշումները սաստկացել են հատկապես հանրային ծառայության նկատմամբ։ Կառավարությունները չեն ընդունել օրենքներ, որ կերաշխավորեին հանրային հեռարձակման անկախությունը եւ կայուն ֆինանսավորումը։ Ընդհակառակը, նրանք դարձրել են այն քաղաքական ինստիտուտներ, որ ծառայում են ավելի կառավարության եւ քաղաքական, քան հանային շահերին։

Մասնավոր մեդիայի սեփականատերերի վարքը տարբեր չէ քաղաքական գործիչների վարքից։ Նրանք օգտագործում են իրենց սեփականությունը որպես զենք՝ հետամտելու իրենց բիզնեսի շահերը։ Շատ դեպքերում ժուռնալիստները բավարար չափով պաշտպանված չեն, աշխատում են առանց պայմանագրերի, ուստի նրանց քաղաքական չեզոքության եւ անկողմնակալության մասին խոսելն ավելորդ է։ Բացի այդ, առայժմ չկա առաջընթաց թափանցիկության բարելավման, իրական սեփականատերերի բացահայտման գործում։ Չկան օրենքներ, որոնք կերաշխավորեն հեռուստաընկերությունների սեփականատիրության թափանցիկությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter