HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Nostalgie

Լեռ Կամսար                   

Այժմ շատերս ենք տառապում սովետական կարոտախտով: Գուցե արժե, մեկ անգամ ևս թերթել ոչ վաղ անցյալի  պատմության այդ էջերը՝ հիշողությունը թարմացնելու համար:

Իսկ թե ինչո՞ւ ժամանակները մեզ  ո՛չ այնժամ սիրեցին, ո՛չ հիմա՝ գլուխկոտրուկ է:Գուցե ժամանակն ու պատմություն կերտողը հենց ինքը ՝ԱԶԳ-ն է... 

Երկուշաբթի 14.- Այսօր ապստամբություն կաթի խանութում։ Ընդամենը մեկ բիդոն կաթ կա դրված՝ 365 երկսեռ հաճախորդ իրար խառնված։

...Առաջները լավ էր. տղամարդկանց հերթն առանձին էր, կանանցն առանձին։ Արվամոլությանը զարկ չտալու համար մթերային խանութները խառնեցին այդ ու դարձրին մեկ ընդհանուր հերթ։

Հիմա ձեզ եմ թողնում երևակայել խանութի վիճակը։ Կաթի տագնապից մոլեգնած տղամարդիկ, շրջապատված փափուկ սեռից դեպի վերջացող կաթն են սեղմվում ինչքան ուժ ունեն՝ սրա ստինքները, նրա թշերը սեղմելով իրենց ջղային ձեռքերում։ Այստեղ «վա՜յ, մեռա», այնտեղ «կամա՜ց սեղմիր», բայց ի՞նչ օգուտ, կաթը վերջանում է, կամաց սեղմվելով կա՞թ կառնվի...

Ես, դե գիտեք, ֆիզիկապես թույլ մարդ եմ և պահանջված ուժով անկարող եմ սեղմել: Բարեբախտաբար ինձ և ինձ նման թույլ մարդկանց օգնության են հասնում իրենք՝ կանայք, թույլ  չտալով զուրկ մնալ իրենց մարմնական թովչանքից։

Եվ, ի՞նչ մեղքս թաքցնեմ, եթե կաթից զրկվելու սարսափը չլիներ, ամբողջ կյանքումս էլ այսպիսի քաղցր սղմրտոցների մեջ կուզեի անցկացնել։ Նորմալ երկրներում տղամարդիկ այսպիսի բախտ երազել անգամ չեն կարող, այնտեղ մի կնոջ պատահմամբ քսվես՝ հազար բերնով ներողություն պիտի խնդրես անքաղաքավարության համար։

Բայց, ասում եմ էլի, դրանից ի՞նչ օգուտ։ Սիրային գործը տնտեսականին է նայում։

Կոլխոզի գոմերում էլ հարյուրավոր կովեր աղաչական իրենց միակ ցուլին են նայում։ Խեղճ ցուլն ի՞նչ անի, երբ սովածությունից պոչն անգամ անկարող է շարժել կռնակին թառած ճանճերը քշելու համար... 

Հինգշաբթի 17. - Արթնացել եմ անկողնումս, բայց չեմ ուզում աչքս բանալ... Արդյո՞ք ճշմարիտ է, որ մարդիկ մեռնելիս իրենց աչքը հավիտենապես են փակում։ Եթե այո՛, սովետական կարգերում մեռնելուց ավելի քաղցր բան չկա...

Այսօր մի հիմնարկ մտա, որտեղ Ստալինի արձանը հանել էին, ու Լենինը կանգնած էր մի կողմում մենակ։

Այնքա՜ն անսովոր էր տեսարանը։

Ոնց որ մարդու մի բեղը թրաշես, մյուսը թողնես։ Հետագայում ինչպես պիտի վերականգնեն հիմնարկի ներդաշնակությունը, չեմ կարող ասել։ Երկու միջոց կա։ Կա՛մ պիտի մյուս բեղն էլ թրաշվի, կա՛մ էլ Ստալինի տեղ պետք է Խրուշչովին կանգնեցնեն։ Ճիշտ է, Խրուշչովը փոքր է մի քիչ, բայց ի՞նչ հոգ, մեզ մոտ ղեկավարները դդումից ավելի շուտ են մեծանում։ Մեկ էլ տեսար սովետական թերթերը վերցրին ու մի փորը քամակին կպած, ճմռթված մարդու այնպես փչեցին, որ մեծությունից տրաքվի...

Կիրակի 20.- Ասացե՛ք խնդրեմ, կվայելի՞, որ ամբողջ Սովետական Միության գրողների քարտուղարը՝ Ֆադեևը փոխանակ քաղաքավարի ու մարդավարի ատրճանակը քունքին դնելու ու կրակելու՝ վեր կենա, պարանը վիզը անցկացնի ու ժաժիկի տոպրակի նման առաստաղից կախվի: Սա կուլտուրական մարդու ինքնասպանությո՞ւն է։ Գործի ընթացքն այնպես է ցույց տայիս, որ սրանից հետո սովետական գրողները, ամաչելով իրենց գրածից, կամաց֊կամաց իրենց կյանքին վերջ պիտի տան։ Այսքան մեծ կարիքի դիմաց կառավարությունը մի՞թե չի կամենում մի ատրճանակ տրամադրել գրողների միությանը։

Գրողներն իրավունք չունե՞ն Ավետարանի հետևությամբ կանգնել և ասել պետության ղեկավարներին. «Դուք մեզ չեք սպանում, որոնք էլ կամենում են սպանվել՝ թույլ չեք տալիս»։ Եթե մեր թերթերի գրածին հավատանք, որ սովետական մարդն ամենակուլտուրականն է ամբողջ աշխարհում, ուրեմն նա պետք է կուլտուրական ձևով ինքնասպան լինի։

----------

Փա՜ռք Աստծու, ես որպես գրող կյանքումս դրական խոսք գրած չունեմ բոլշևիկների մասին։ Այնպես որ, ես ո՛չ պարանի պետք ունեմ, ո՛չ ատրճանակի։ Խիղճս հանգիստ է, ու եթե ապրելու հնարավորություն ունենայի, երբեք չէի մեռնի։ ...Օ՜հ, մեռնել գեթ մի օր ազատություն չտեսած, ահա սարսափելին...

Երկուշաբթի 21.- Երբ սրանից 2 ամիս առաջ թոռնիկս ինձ հարցրեց՝ Ստալինը լա՞վն է, թե՞ փիս, ես պատասխանել  չկարողացա, որովհետև Ստալինը նոր էր ընկել կուսակցության աչքից, և վերջնական որոշում չկար տակավին։

Այսօր, 2 ամիս հետո, դարձյալ ի վիճակի չեմ լինի պատասխանել, եթե միտքը գցի ու դարձյալ նույն հարցը տա ինձ։ Չեմ կարող, որովհետև կուսակցությունն էլ հաստատուն դիրք չունի նրա նկատմամբ։ Մայիսի մեկին նրա նկարը չկար շքերթին, բայց նրա այլանդակ արձանը դեռ թագավորում է քաղաքի վրա Նորքի բարձունքում կանգնած և դեռ չի հանված բազմաթիվ հիմնարկներից։ Մեկը խփում է՝ երկուսը համբուրում։ Հիմա էլ, երբ Չինաստանն առաջարկել է իրեն ծախել  բոլոր Ստալինի նկարներն ու արձանները՝ սիրտն ավելի է տաքացել։ Ասում է ծախել՝ բայց չլինի հանկարծ մի օր էլ պետք ունենա ու Ստալինի կերպարանքը այլևս չկարողանա ձեռք բերել։

Որովհետև մեզանում աստվածներն այնքան բուռն են պաշտվում, որ ամենադիմացկուն աստվածն անգամ մի քսան տարուց հալից ընկնում է, էլ ուժ չի ունենում պաշտվելու:

Լենինը քանի՞ տարի պաշտվեց։ Շատ կարճ ու հանգստի կոչվեց։ Նրան հաջորդող աստված Ստալինը, չնայած իր պաշտվելու բոլոր տոկունությանը՝ քսան տարուց արդեն դադարեց պաշտվելուց և զզվելի դարձավ։

Բոլշևիկները որովհետև իրենց երկու աստվածների համար ընդամենը մի գերեզման ունեն՝ արթնացրին Լենինին, վեր հանեցին գերեզմանից և նրա տեղը Ստալինին դրին՝ շունչ առնելու։

Վեր կացավ Լենինը, լվացվեց, սրբվեց, բեղն ու մորուքը սանրեց և բազմեց իր գահին՝ ձայնելով ժողովրդին.

- Նո՛ւ, արդեն պատրաստ եմ փառաբանվելու։ Սկսեցե՛ք, բայց մի փոքր չափավոր եղեք ձեր եռանդի մեջ։ Երկուսս Էլ չենք դիմանա...

Իսկ ես Լենինին ասում եմ.

- Չդիմանա՜ս, ինչ պիտի անես։ Աստվածները մահկանացու չեն,  որ մեռնեն՝ պաշտողների ձեռքից ազատվեն ։ Ուզեն, չուզեն պիտի պաշտվեն...

Ահա դրա համար է, որ ոչ ոք չի ուզում աստված լինել: Ես, օրինակ, սպանես՝ չեմ լինի։ Ես չեմ կարող միևնույն «փառքով» հավիտ յանս փառավորվել:

Ձանձրալի է շատ։

----------

Նախկինում Երևանում 7 եկեղեցի կար։ Բոլշևիկները վեցը հողին հավասարեցրին, մեկը թողին, որ ժողովուրդն իր մեջ հավաքած կրոնական լավան այդ միակ եկեղեցուց «վեր առաքի», որպեսզի հետագային մի բաժակ ջրով իսկ հանգցնի այդ միակ հրաբուխը։

Սիստեմը զուտ մարքսիստական է։ Արդյունաբերությունը կուտակել մեկի ձեռքը, վերջը էքսպրոպրիացիայի ենթարկել գործարանը։

Բայց այս ձևով խոսելուս համար չկարծեք, թե ես անաստված եմ։ Ոհ ո՜չ։

Մոլեռանդ եմ ավելի, քան մուսուլմանը։ Նա օրական երեք անգամ է ծնրադրում իր աստծուն, ես՝ ամեն ժամ, ամեն վայրկյան։

Ես պաշտում եմ այն աստծուն միայն, որը... գոյություն չունի։ Այսինքն միակ ճշմարիտ Աստծուն։

Որովհետև բոլոր գոյություն ունեցող աստվածները միայն կուռքեր են... 

Չորեքշաբթի 23.- Կինը արտասահմանում քիչ բանի պետք եկող արարած է։ Նրա էության կեսից ավելին գցվում է։ Նա այնտեղ միայն ամուսին է, մայր, մի փոքր էլ տանտիկին։

Մինչդեռ Սովետական Ռուսաստանում, ուր նա «տղամարդկանց հավասար» իրավունք է վայելում, մշակվում է որպես ոչխարի մարմին։

Ինչպես ոչխարը մորթելով նրա ոտ ու գլուխը խաշ ենք դնում, միսը խորովում, պլոճիկը շիշը զարկում կախում ենք թոնիր, բուրդը մանում և մեզ համար շոր ենք շինում, կաշին դարձնում ենք ոտնաման, դմակը առանձին հալում, «ջանյաղին» առանձին, փորոտիքից դափ ենք շինում և աղիքներից ջութակի լարեր պատրաստում (էլ  չեմ ասում կտտուրը վառում), այդպես էլ կինը մեզանում։

Անգամ մեզ մոտ կնոջ կոշտը չեն գցում։

Նրան առաջի իրիկունը սիրում են։ Կեսգիշերին վեր են կացնում, որ երեխային ծիծ տա ու բացված երեխային ծածկի։ Ծեգին պիտի վեր կենա ու չունեցած մթերքով մի բան պատրաստի ուտելու։ Հետո ժամացույցին նայի ու «վա՜յ ուշացա» բոռալով ինքզինքը փողոցը գցի, եթե գրագետ է հիմնարկ գնալու և գրչախաղով զբաղվելու, իսկ եթե անգրագետ՝ նասիլկաներով  շինվող տան հինգերորդ հարկ ծանր քարեր բարձրացնելու։ Այստեղ այս կինը ինն ամիս ինն օր հետո կնայի, եթե փորումը մի բան մնացած լինի՝ երեխա կծնի, իսկ եթե վիժած լինի՝ գործին կանցնի և իրիկունը մթին տուն կգա արևի տակ չորացած, փոշեկոլոլ, սոված ու ծարավ։ Պատռած ու կոշտացած շուրթերով համբույրի փորձ կանի իր երեխաներին։ Ու փոխանակ «ա՜խ, ես մեռա» ասելու և տախտի վրա փռվելու ջուր է դնում օջախի վրա տան լվացքն անելու։ Մինչև կեսգիշեր քնի դեմ կռվելով ու շորեր ճմռելուց հետո պառկում է վերջապես։

Այս վիճակում եթե մի կին արտասահմանում պառկեր՝ այլևս բնավ վեր չէր կենա իհարկե, բայց սովետակա ն կինը առավոտ ծեգին վեր պիտի թռչի տեղից, նա իրավունք չունի մեռնելու։

Հապա որ 10-15 տարով բանտարկվում, աքսորվում ու տաժանակրության են ուղարկվում իրենց անմեղ ամուսինների չգործած հանցանքների համար։ Այնտեղից նրանք ազատվում են այն ժամանակ, երբ ապօրինի զավակ են ունենում։ Եվ «ուղղիչ լագերից» տուն վերադարձած կինը երբ «ուղղված», այսինքն՝ պոռնիկ դարձած է լինում, պետությունը նրան որպես «միայնակ մայր» թոշակ է տալիս երեխաներին, ու երկիրը լցվում է անհայր երեխաներով այնպես, ինչպես ինկուբատորում հավի ճտերը մեծանում են անմայր։

Բա՜, այսպիսի ազատություններ են վայելում մեզանում կանայք։

Դուք կարծում եք՝ Աստված կինն ուղարկել է միայն սիրելո՞ւ համար։ Ոչ, դա ի միջի այլոց բան է, որի մասին մեզանում շատ կանայք գաղափար իսկ չունեն...

----------

Բոլոր մինիստրների կանայք սիրահարվում են իրենց մարդու շոֆերներին։

Սոցիալական ապահովության մինիստրի շոֆերը չի կարող բավարարել իր տիրուհուն, ծեր է արդեն ու այսօր դեղատուն էր եկել երիտասարդացնելու դեղ ճարելու։

Դեղագործին ասում էր.

Հոգուդ մատաղ, մի ճար արա, եթե չբավարարեմ կնոջը, ինձ պաշտոնից կազատի, ու ընտանիքս քաղցած կմնա։

Եվ ի՞նչ... իր մինիստրին պտտեցնելու, նրա կինը սիրելու տաժանակիր այս զույգ աշխատանքների համար ի՞նչ ստանա, որ լավ լինի:

Ընդամենը 500 ռուբլի։

Արի ու 500-ով մինիստրի կնիկ սիրիր։

Դա խի՜ղճ է։ 

Հինգշաբթի 24.- Մեր փորներն ու գլուխները իրար հակառակ հարաբերականներ են։ Կամ գլուխը պիտի լիքը լինի՝ ստամոքսը դատարկ, կամ՝ ընդհակառակը։

Մինչ ուրիշ երկրում կուշտ լինելու համար անպայման խելք պիտի ունենալ, մեզ մոտ գլուխդ ինչքան դատարկ լինի, այնքան լավ կապրես։ Որովհետև կատարյալ դատարկ գլուխներն են միայն բարձր արձագանքում Լենինի ու Ստալինի մտքերը։

Տորիչելը իր «դատարկության» գյուտն անելիս միամտաբար կարծում էր, թե դրանից ավելի մեծ դատարկություն չի կարող գոյություն ունենալ  բնության մեջ։

Խելքիդ պուտուկը սիրեմ, գիտնակա՛ն, գլուխդ վեր բարձրացրու մի սովետական մարդու գլխի դատարկությունը տես...

----------

Ստալինի մահվանից հետո, երբ միայն Լենինի մտքերը պիտի արձագանքվեին, երկար ժամանակ փակ մնաց բնակչության գլուխները... ռեմոնտի պատճառով։

Ուրբաթ 25.- Լենինը Ռուսաստանը դրեց կարուսելին ու մեռավ։

Հիմա ոչ ոք չկա, որ վար առնի խեղճ Ռուսաստանին, ու ողջ երկիրը սա 38 տարի է անվերջ կպտտի աննպատակ, գլխապտույտով ու սրտխառնուքով։

Եթե Լենինը գիտեր, որ այսպես շուտ պիտի մեռներ, պետք է հանձնարարեր մեկին, որ իր մահվանից այսքան տարի հետո վար առներ երկիրը կարուսելից։ Այլապես սրա վերջը ի՞նչ պիտի լինի։ Ժողովուրդը հակառակ իր կամքին անվերջ պիտի պտտվի՞...

----------

Ես սկսում եմ կասկածել, թե իրոք մեր երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։

38 տարին քիչ չէ, եթե ճիշտ լիներ, մենք էլ հիմա սովորած պիտի լինեինք պտտվելու լենինիզմի շուրջը և այլևս սրտխառնուք չզգայինք։

Բայց հիմա ես նույնքան ինձ վատ եմ զգում, ինչպես Հոկտեմբերյան հեղափոխության առաջին տարիներին... 

«Կարմիր օրեր», 1955թ.

Մեկնաբանություններ (1)

Aram
Russia is the only country that puts man on the international space station in the last few years. Enough said. Some outdated thoughts of somebody does not matter. Empires fall and rise again.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter