
ՀԴՄ. թանկից էժանը կա և տրվում է վարձով
«Էվի Ունիվերսալ» ՍՊԸ-ն ձեռք է բերել նոր սերնդի 10 ՀԴՄ և վարձակալությամբ տալիս է այն հարկատուներին, ովքեր սարքը դեռ չեն գնել «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ից:
«Միտքը կնոջս մոտ առաջացել է հարկայինի չինովնիկների ելույթներից, երբ նրանք հայտարարեցին, որ ՀԴՄ-ն ձեռք բերողի սեփականությունն է, կուզի` կվաճառի, կուզի` վարձով կտա»,- ասաց Տիգրան Մարտիրոսյանը, ով պատասխանեց ընկերության պաշտոնական կայքում գրանցված բջջային հեռախոսահամարին: ՍՊԸ-ի տնօրենն ու հիմնադիրը Տիգրան Մարտիրոսյանի կինն է` Նարինե Տոնոյանը: ՀԴՄ-ները վարձակալությամբ տալու բիզնեսը ամուսինների համատեղ ձեռնարկն է:
Ընկերության հիմնական հաճախորդները միջին հարկատուներն են, ովքեր ՀԴՄ-ների վերաբերյալ կառավարության վերջին որոշման համաձայն` պետք է սարքը ՊՈԱԿ-ից ձեռք բերեն 280 հազար դրամով: Վարձակալության պայմաններից մեկով` 3 ամիս 100 հազար դրամով վարձակալության տալուց հետո ընկերությունը վաճառում է ՀԴՄ-ն հազար դրամով: Ստացվում է՝ միջին հարկատուն, ով ՊՈԱԿ-ից կարող է գնել ՀԴՄ-ն 280 հազար դրամով, երբեմն ծախսում է ավելին` 300 հազար դրամ, միայն թե մաս-մաս վճարի: «Իր համար ավելի նպատակահարմար է ամեն ամիս տալ 100 հազար դրամ, քան միանգամից, քանի որ չունի: Քանի որ ես էլ փոքր հարկատու եմ և ՀԴՄ-ի համար վճարել եմ 150 հազար դրամ, գումար եմ աշխատում վարձակալության գումարից»,- ասաց Տ. Մարտիրոսյանը:
Ընկերության հաճախորդներից են նաև կարճաժամկետ կամ սեզոնային բիզնես անողները: «Օրինակ` մի ընկերություն կա, որ տոն օրերին Հյուսիսային պողոտայում ցուցահանադես վաճառք է անելու 15 օրով, հիմա ինքը ի՞նչ պիտի աներ, ինքն էլ խոշոր ընկերություն է: Պիտի 370 հազար դրամ տար, առներ էդ ՀԴՄ-ն, որ տասնհինգ օրվա համար ի վիճակի լիներ ՀԴՄ կտրոն տրամադրե՞ր: Ավելի լավ չէ՞, որ ինքը վարձակալի»,- ասում է Տ. Մարտիրոսյանը:
Ընկերությունը մինչև հիմա որևէ խնդիր չի ունեցել ՊԵԿ-ի՝ ՀԴՄ-ների վաճառքով զբաղվող ՊՈԱԿ-ի հետ: «Օրենքով չարգելված գործունեություն է: Նաև հարկային դաշտից չենք խուսափում: Լրիվ օրինական է»,- նշեց Տ. Մարտիրոսյանը: Ավելին, «Էվի Ունիվերսալ»-ը, հնարավոր է, մեծացնի վարձակալությամբ տրվող ՀԴՄ-ների քանակը: «Ներդրման հարց է, դե ամեն դեպքում ՀԴՄ-ն թանկ է: Մեկ հատը 150 հազար դրամ է, էս պահին ես օգնել եմ կնոջս որոշ չափով, տասը հատ մենք ձեռք բերել ենք: Բայց հնարավոր է, որ շատացնենք, եթե մենք շուկայից արձագանք ունենանք»,- ասաց Տ. Մարտիրոսյանը:
Այս ընկերությունը գործում է բացահայտ՝ յուրաքանչյուր ՀԴՄ-ի վարձակալության գումարից 10 տոկոս շրջանառության հարկ վճարելով: Այսինքն՝ ՊԵԿ-ն ու նրա ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ը գիտեն, որ փոքր հարկատուն այդ ՀԴՄ-ները ձեռք է բերում` վարձակալության տալու նպատակով: Պետական եկամուտների կոմիտեն, փաստորեն, կարող է ցանկացած թվով ՀԴՄ վաճառել 150 հազար դրամով: Սակայն, միևնույն ժամանակ, ամրապնդում է իր բիզնեսը՝ ՀԴՄ-ները միջին և խոշոր հարկատուներին վաճառելով թանկ՝ համապատասխանաբար 280 հազար և 369,600 դրամով, և ստիպելով նրանց դիմել վարձակալության տարբերակին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել