HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տարին դուխով փակենք»

Այսօր «Անտարես» մեդիա հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, գրող Կարեն Անտաշյանը, գրականագետներ Հասմիկ Հակոբյանն ու Արքմենիկ Նիկողոսյանն ամփոփեցին 2013 թ. գրական անցուդարձը:

Ա. Նիկողոսյանի խոսքով՝ այս տարի կա 3 ավանդական «բեստսելլեր»՝ Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», Ջորջ Օրվելի «1984»-ը և Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը»: Ըստ գրականագետի՝ այդ գրքերին չեն զիջում և զուգահեռ քայլում են Արամ Պաչյանի և  և Հրաչյա Սարիբեկյանի գրքերը: Նշենք, որ Հայաստանում «բեստսելլեր» գրքերի տպաքանակը 500-ն է: Օրինակ՝ Միլլերի գիրքն այս տարի վաճառվել է 120 հատ:

Ա. Մարտիրոսյանի ասելով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում արագ վաճառվում է Օրվելի «Անասնաֆերման»: «Ու ամենակարևորը «Անասնաֆերմայի» դեպքում այն է, որ այսօր Հայաստանը գտնվում է  հենց էս անասուն վիճակում, այսինքն՝ 1949 թ. մահացած գրողն այսօրվա Հայաստանը կարողացել է նկարագրել»,- նկատեց Ա. Մարտիրոսյանը:

«Անտարեսի» ղեկավարը նախ անդրադարձավ գրախանութների «ծննդին» արգելք հանդիսացող ՀԴՄ-ների գնին, որը, ըստ նրա, համեմատելի է գրախանութների տարեկան շահույթին: «Այսինքն՝ ստացվում է, որ այդ գրախանութները կամ ոչ գրախանութներն աշխատում են մի նպատակ ունենալով՝ ՀԴՄ ձեռք բերելով,- նշեց Ա. Մարտիրոսյանը՝ ավելացնելով,- պետությունն ու իշխանությունները կոտրում են գրախանութների ծնման լավ տենդեցը»:

Բանաստեղծ Կարեն Անտաշյանն էլ առանձնացրեց նախընթաց տարվա զարգացումները: «Նախ ուզում եմ սկսել մի տխուր վիճակագրությունից, որ այս տարի արձանագրվեց՝ մեծ թվով գրողների, հատկապես շատ լավ գրողների, ճանաչված գրողների, տաղանդավոր գրողների մահվան դեպքերը: Եվ երևի արժեր թվարկել նրանց անունները, ևս մեկ անգամ հիշել նրանց բարի անունները. բանաստեղծ Հովհաննես Գիրգորյանը, գրականագետ Վաչե Եփրեմյանը, Վահան Վարդանյանը, Վրեժ Իսրայելյանը, Լևոն Անանյանը, Հրաչյա Բեյլերյանը: Աստված ուժ ու կորով տա Լևոն Խեչոյանին»,- ասաց Կ. Անտաշյանը, ում խոսքով՝ այս տարի ստեղծվել է գրականության հիմնադրամ, որի նպատակն է հայ գրականությունը միջազգային շուկայում ներկայացնելը:

Տարվա կարևոր քայլերից նա համարեց  հրատարակիչների կողմից ընթերցանության ուսումնասիրությունը Հայաստանում, գրականության էլէկտրոյնանացումը: Նրա խոսքով՝ գրքերի էլեկտրոյնանացման դեպքում խոչընդոտ է շարունակում մնալ ընթերցիչների թանկ լինելը Հայաստանում: Վերջինս այնուհետ խոսքը տվեց գրականագետ Հասմիկ Հակոբյանին, որպեսզի ներկայացնի «Գրանիշի» գրական նախագիծը, որը միտված է միջազգային գրական շուկայում հայ գրականությունը ներկայացնելուն: «Տարին դուխով փակենք»,- հավալեց Ա. Նիկողոսյանը:

Հ. Հակոբյանը նշեց, որ «Գրանիշ» ակումբը հանդես է գալու նոր նախագծերով, իսկ նախորդ նախագծերի մասին  շատերն արդեն տեղյակ են (խոսքը granish.org-ի և «Գրանիշ» պարբերականի  մասին է): Տարվա սկզբին լույս է տեսնելու «Գրանիշի» հերթական համարը՝ «Գրանիշ-քաղաքացի» թեմայով, որը ներկայացնելու է գրողի և քաղաքացու հարաբերությունները: «Տարվա վերջին մենք մեկնարկեցինք նոր նախագիծը, որն ամիսներ շարունակ նախապատրաստել էինք, և մեկ օրվա արդյունք չէր: Այս նախագիծը գրականության հիմնադրամի հետ միատեղ միտված  է հատկապես հայ ժամանակակից գրականությունը թարգմանական հարթակներում ներկայացնելուն: Մեր նոր նախագիծը granish.com հասցեով է գործում, գրական կայք է, որտեղ ներկայացվում են հայ գրողների թարգմանական ստեղծագործությունները: Կայքն առայժմ միայն անգելերեն լեզվով է: Մենք նաև ներկայացնում ենք օտարագիր հայ գրողներին, որոնք ստեղծագործում են կրկին անգելերեն լեզվով՝ նպատակ ունենալով ստեղծել մեկ ընդհանուր դաշտ»,- ասաց Հ. Հակոբյանը:

Ձեռբքերումների և կորուստների մասին

Ա. Մարտիրոսյան. «Ձեռք բերեցինք վստահություն, կորցրեցինք կապանքներն ու հույսը, որ ինչ-որ հարցեր մեր փոխարեն սովետական կազմակերպություններ կամ իշխանության, պետության ինչ-որ կտորներ լուծեն: Եվ ամենակարևորը դա է»:

Կ. Անտաշյան. «Ինձ համար ամենամեծ կորուստը մեր գրողներն էին, որովհետև ոչ մի տարի չեմ հիշում, որ այսքան տաղանդավոր գրողներ մենք կորցնեինք, իսկ գլխավոր ձեռքբերումն այն էր, որ գրական դաշտը քիչ-քիչ, էվոլյուցիոն դանդաղությամբ սկսում է կայանալ, և այդ կայանալը դրսևորվում է և՛ գրահրատակչական ակտիվությամբ, և՛ մյուս կողմից կենդանի գրական գործընթացով, որ պայմանավորված է փոքր գրական նախագծերով՝ փոքր խմբեր՝ միացած մեծ գաղափարների շուրջ, իրար հետ առողջ մրցակցող կայքերում, հրապարակումներում, այսինքն՝ գրական առողջ գործընթացի կայացումը՝ քիչ-քիչ:

Ա. Մարտիրոսյան. «Կներեք միջամտության համար, բայց որպեսզի մենք ռեալ տարբերությունը տեսնենք, առաջարկում եմ սրանից 3 տարի առաջ «Սիվիլիթասում» իրականացված հարցազրույցը, երբ «Անտարեսը» էլի «Գրանիշի» հետ ինչ-որ հարցերի էր պատասխանում: Համեմաբար կարելի է նայել, թե այն ժամանակ ինչ հարցերին էինք պատասխանում, այսօր՝ ինչ հարցերի:

Հ. Հակոբյան. «Շարունակելով պարոն Մարտիրոսյանին: Լավ հիշեցրեց այդ դեպքը: Դա առաջին նախադեպն էր, երբ գրողն ու հրատարակիչն իրար հետ հանդիպելով միևնույն հարթակում՝ խոսակցություն սկսեցին գրականության մասին: Եվ այն մեծ առաջընթացը, որ տեղի է ունեցել 3 տարում, հենց գրողի և հրատարակչի համատեղ աշխատանքի շնորհիվ նոր գրական դաշտ ստեղծելն է: Այդ ասպարեզում ուղղակի հսկայական փոփոխություն է եղել»:

Լուսանկարում՝ Կ. Անտաշյան, Հ. Հակոբյան, Ա. Մարտիրոսյան, Ա. Նիկողոսյան

Մեկնաբանություններ (2)

CHINGIZXAN
Astvats yekogh tari, 2014 tvakanin dzez mi qich hamestutyun ta...
ORWELL & MILLER
Aram Pachyann u Saribekyane voch te mez havasar en, ayl anhamemat aveli bardzr en!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter