HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը)

 (սկիզբը)

Ղարաքիլիսա, 9 հոկտեմբերի

Այսօր երեկոյան հասանք Ղարաքիլիսա: Մենք բեռնակիր ավտոմոբիլով եկանք, իսկ 7-րդ գունդը մինչև հիմա ճանապարհի կեսը ավտոմոբիլով, իսկ մնացած կեսը՝ ոտքով:
Ղարաքիլիսան, որպես Հայաստանի նշանավոր կայարան, լավ տպավորություն պիտի թողներ, սակայն, ցավոք սրտի պետք է ասել, որ բացասական տպավորությունը այնքան ուժեղ էր, որ դրանով կարելի է պարզ պատկերացնել, թե ինչ վիճակի է մեր երկաթուղին, շնորհիվ այն բանի, որ մենք չունենք ոչ նավթ և ոչ էլ մազութ: Այսօր գիշերվա 12-ին Ղարաքիլիսա ժամանեց Լեգրանի գնացքը մոտ 100 հոգի շքախմբով: Գնացքը, որով եկավ սովետական ներկայացուցիչը, շքեղ էր, որով առաջ ճանապարհորդում էին միմիայն ռուսական ցարերը: Գնացքը կանգնելուն պես, հայ զինվորականները շրջապատեցին նրան: Գոհացում տալով իրենց հետաքրքրությանը՝ երկու կանանց հետ գնացքից վար իջավ Լեգրանի անձնական քարտուղար Աշոտ Հովհաննիսյանը, որի հետ խորհրդակցեցինք գնդապետ Իշխանյանը, Մուշեղ Թամրազյանը և ես: Առաջինը ձեռք տալով Ա. Հովհաննիսյանին ասաց.

- Ձեր աշակերտին չե՞ք ճանաչում:

- Իմ աշակերտները ուսադիրներ չեն կրում, պատասխանեց նա, այդպիսով կատարելով իր կոմունիստական պարտականությունը:

Այս խոսքի վրա ներկաները՝ սպաներ թե զինվոր, չափազանց զայրացան և ամեն կողմից մի-մի դժգոհության ձայն լսվեց անկապ: Ապա Թամրազյանը բերանը բացեց և ասաց այն ամենը, ինչ-որ կարելի էր և հարկավոր ասել սովետական ներկայացուցիչին:

- Դուք կոմունիստներ չեք, այլ թալանչիներ, ավազակներ, դուք միայն քանդում եք առանց ստեղծագործելու, ստանում եք անարդար կերպով և Ձեր իշխանությունը հաստատել եք միլիոնավոր անմեղ ժողովրդի արյան ու արցունքի վրա, իսկ Ձեր վերաբերմունքը հանդեպ հայ բազմատանջ ժողովրդին՝ բացարձակորեն թշնամական է, որովհետև համաձայն Ձեր ի լուր աշխարհի հայտարարած սկզբունքների՝ մեր ազատատենչ ժողովուրդը կամենում է ազատ ու անկախ ապրել, ուզում է թոթափել թե թուրքի և թե ռուսի ստրկական լուծը: Դուք պարզապես խաղալիք եք դարձել զանազան Հուսեյնովների ձեռքը, որոնք Ադրբեջանի բանտերը լցրել են հայ մտավորականներով, դրան ի պատասխան հայ կառավարությունը իր հերթին բոլշևիկ ինտելիգենտներ է բանտարկում: Հայ կառավարությունը առաջարկեց, որ փոխանակություն լինի, բայց Հուսեյնովը մերժեց ձեր՝ հայ կոմունիստների համաձայնությամբ, և իհարկե, ի՞նչ է կորցնում նա, երկու կողմից էլ տուժողը հայ մտավորականն է:

Ապա Իշխանյանը խոսք բացեց Ղարսի ուղղությամբ քեմալիստների շարժման մասին, որոնք ձգտում են Հայաստանով կապ հաստատել բոլշևիկների հետ: Լեգրանի ներկայացուցիչը կմկմալով չժխտեց այդ փաստը, որ առիթ տվեց ներկաների զայրույթին:

- Մեր դիակների վրայով միայն կարող եք միանալ քեմալիստներին, ասաց մեկը:

- Ստոր դավաճաններ ,- ասաց մի սոսկական(շարքային -Գ.Ռ.) զինվոր:

- Ի՞նչ ուզում եք արեք, բայց մենք պիտի ապրենք, թող կորչեն Ձեզ պես դավաճանները,— կամաց ձայնով ասաց մի երրորդը, երևի չուզելով քաղաքավարության սահմանից դուրս գալ:

- Մենք քեմալիստներին կքշենք, իսկ բոլշևիկների քիթ ու բերանը նույնպես պիտի ջարդենք, ինչպես ջարդեցին լեհերը,- ասաց տողերիս գրողը:

Այս խոսքերիս վրա՝ գնացքը շարժվեց ու փափկասուն կանայք, որ, ըստ երևույթին բոլշևիկների հարճերն էին, Աշոտ Հովհաննիսյանին ներս քաշեցին, վախենալով, որ ինքնադատաստանի չենթարկվի: Մի քանի րոպեից գնացքը մեկնեց Երևան, իսկ մենք հրաման ստացանք նստել ապրանքատար վագոններ, Ալեքպոլ մեկնելու համար:

Ալեքպոլ, 10-12 հոկտեմբերի

Այս երկերեսանի, այլասերված քաղաքը առաջին անգամ տեսել եմ 1914 թվին և շատ վատ տպավորություն եմ ստացել: Այս անգամ տպավորությունը լավ էր նրանով, որ քաղաքը ամբողջությամբ հայկական է դառել, փողոցների անունները փոխվել են հայկականով, ժողովուրդը ոգևորված է և բոլորն էլ անխտիր մեկնել են ճակատ, նրանք տաճիկը տեսել են 1918 թվին և հիմա կարծեմ այնպես իդեալական կարծիքի չեն թուրքի մասին:

Ղարս-Սարիղամիշ ճակատի գլխավոր շտաբը գեներալ Սիլիկյանի ղեկավարությամբ այստեղ է, որն առայժմ միմիայն զբաղված է նորահավաք զինվորներին դասավորելով, զգեստավորելով և խմբավորումով: Քանի մոտենում ենք Ղարսին, այնքան դրությունը լուրջ ենք գտնում: Ղարսի անկումը մազից է կախված եղել, բայց հրաշքով թե մի աներևույթ ուժով փրկված է եղել: Հայաստանի որ քաղաքը որ իջևանում ենք, ներկայացնում է մի կատարյալ ռազմադաշտ, ամբողջ տղամարդիկ զորահավաքի են ենթարկված, ամենքը մի նպատակի են գնում՝ կռվել թշնամու դեմ վճռականությամբ, տեսնենք թե հայկական վճռականությունը ինչ աստիճանի ուժեղ է:

Ղարս, 16 հոկտեմբերի

Վերջապես Ղարսում ենք: Հայաստանի այս բերդաքաղաքը դարերի ընթացքում շատ բաներ է տեսել, նա ականատես է եղել թուրքերի, տեսել ռուսներին: Շնորհիվ հայ ազգի քաջ զորավարների, ազատվելով հյուսիսի և հարավի բռնակալներից, նա, վերջապես երկու տարի է, որ գտել է իր իսկական տիրոջը՝ հայ ժողովրդին, որին այնպես շուտ չէր մոռացել: Պարզապես պիտի պաշտպանեն այդ քաղաքը հայերը, թե՝ ոչ, այդ ցույց կտա շատ մոտիկ ապագան: Ղարս հասնելով, ես ու Մուշեղը ներկայացանք մեր Բրիգադայի շտաբի պետ Չիլինգարյանին, որը երկար ու հանգամանորեն տեղեկացրեց մեզ հրամանատար Սեպուհի և կառավարության միջև եղած միջադեպը, որ նորից գալիս է ապացուցելու հայկական վատհոգությունը և նեղսրտությունը:

Բանն այն է, որ երբ Սեպուհը պառկած է լինում Ալեքպոլում, ճիշտ այդ ժամանակ տեղի է ունենում մեր խայտառակ նահանջը Կարաուրգանից և Կաղզվանից մինչև Բեգլի-Ահմեդ, այսինքն Ղարսի պատերի տակ: Այդ նահանջի ժամանակ թե մարդկանց, թե պաշարի ու ռազմամթերքի ահագին կորուստներ ենք ունեցել: Կորուստներ, որոնք մեր ներկա քայքայված դրության վրա չեն կարող չանդրադառնալ: Այդ կռիվների թե ականատես զինվորականներն ու ժողովուրդը և թե Ղարսի ազգաբնակչությունը այդ նահանջի ամբողջ պատասխանատվությունը առանց մազաչափ տատանվելու վերագրում են զորավարներ Հովսեփյանի և Փիրումյանի: Սրանք զբաղված լինելով ներքին դավադրություններով և իրենց գրպանները լցնելու անվայել և ստոր գործերով՝ անտես են արել ճակատները և մեր երկիրը դրել են այսպիսի վտանգի առաջ: Նրանք իրենց խուճապային հոգեբանությամբ անգամ մտածել են Ղարսի պես Բերդաքաղաքը առանց կռվի թողնելու: Իրերի այսպիսի դրության ժամանակ Ղարս է գալիս զորավար Սեպուհը և խուճապի առաջն առնում: Չնայած, որ բերդաքաղաքում պաշտոնական հայտարարություն է տրված լինում, որ ազգաբնակչությունը անմիջապես պարպի քաղաքը, ճանապարհին հանդիպելով Ղարս մեկնող Սեպուհի ավտոմոբիլին, փախչողների մեծագույն մասը կես ճամփից վերադառնում է, վստահ լինելով, որ «քանի Սեպուհը Ղարսում է, քաղաքին ոչ մի վտանգ չի կարող սպառնալ»:

Զարմանալի է հայ ժողովրդի հոգեբանությունն ու բնազդը, նա չի հավատում հայ Բանակի քիչ թե շատ անուն հանած զորավարներին, սպայությանը և նույնիսկ իր զավակներից կազմված Բանակին, բայց լիապես հավատում է Սեպուհի անձնուրաց անձնավորությանը:

Հայ ժողովուրդը զինվորականների շարքում անկեղծ, վճռական և հայ ժողովրդի օգտին անկաշառ գործող միմիայն տեսնում է Սեպուհին, և այդ է պատճառը, որ ամեն ինչ մարմնացել է այդ մեկ մարդու մեջ: Եվ իրավունք ունի, և չի սխալվում...
Միջադեպը, որի մասին վերևում հիշատակեցի հետևյալն է.
Այն օրվանից, երբ Սեպուհը վերջապես խեղդեց բոլշևիկների ապստամբությունը Հայաստանում ընդհանրապես և Դիլիջանի շրջանում մասնավորապես, ցանկանում էր տեղափոխվել կամ Ղարաբաղ-Զանգեզուրի կամ Ղարսի ճակատը, որի համար այդ հարցը դրվեց նախարարական խորհրդին, բայց մինչև թուրքերի առաջխաղացությունը որոշակի պատասխան չտրվեց: Երբ թուրքերի կողմից սկսվեց այդ շարժումը, Սեպուհին հատկացրին իր նախկին ռազմաճակատը՝ Իգդիրի ուղղությունը: Հենց որ տաճիկների առաջխաղացությունը սուր կերպարանք ստացավ՝ հարկ տեսնվեց Սեպուհի Բրիգադան ամբողջապես շպրտել Ղարսի ճակատը, որի հետևանքով Բրիգադայի մասերը, որոնք ցրված էին զանազան ճակատներում, ամեն կողմից կենտրոնացրին Ղարս, որտեղից պիտի մեկնեն ռազմաբեմը:

Կառավարությունը կարգադրում է, որ Սեպուհը իր առանձին Բրիգադայով ենթարկվի Ղարսի ճակատի զորահրամանատար Սիլիկյանին, Սակայն Սեպուհը մերժում է, պատճառաբանելով, որ առհասարակ ինքը վստահություն չունի մեր զորավարների վրա, որոնց հանձնված է ամբողջ բանակը, հետևաբար հայ ժողովրդի ճակատագիրը: Բայց ի նկատի ունենալով վայրկյանի լրջությունը և Հայրենիքին սպառնացող վտանգը՝ համաձայնվում է միայն մի պայմանով, որ իրեն վստահված Բրիգադան, որ բաժան-բաժան էր եղած, միացվի և իրեն տրվի Զարուշատ-Աղբաբայի գծով կտրելու թշնամու թիկունքը:

Ալեքպոլում Սիլիկյանի հետ տեսակցության պահին Սեպուհը նույ պահանջն է անում, որը հարգվում է առաջինի կողմից: Սիլիկյանը ավելացնում է, որ Սեպուհը Բրիգադայի 2-րդ գումարտակով իսկույն մեկնի Զարուշատ-Աղբաբա մինչև մյուս մասերի առաքումը: Սեպուհը վստահ Սիլիկյանի խոսքին, մի գումարտակով գնում է չորս կողմից շրջապատված հոծ մուսուլմանական ազգաբնակչությամբ շրջանը: Այնտեղ մեզ թշնամի տարրերը աղ ու հացով են դիմավորում հրամանատարին բեկերի ու աղաների գլխավորությամբ և հայտնում իրենց հավատարիմ-հպատակությունը մեր կառավարությանը: Ինչպես ասացի, Սեպուհին խնդիր էր դրված այդ վտանգավոր գծով անցնելու թշնամու թիկունքը, միայն այն ժամանակ, երբ Բրիգադան լրիվ կերպով կհամախմբվի Զարուշատում: Սիլիկյանը հակառակ իր որոշման և տված խոստման՝ հաղորդում է Սեպուհին, որ իբր թշնամին այդ կողմերը ուժեր չունի և Սեպուհը կարող է այդ խնդիրը կատարել մի գումարտակով և Սմբատի կամավոր խմբերով:

Սեպուհը, պարզ բան է, չի ընդունում այդ առաջարկությունը և պարզաբանում է, որ այդքան ուժով այդպիսի դժվարին ու պատասխանատու ռազմական խնդիր կատարել ավանտյուրա է պարզապես: Ուրիշ ավելի կարևոր պատճառաբանություններից մեկն էլ այն է լինում, որ ինքը Բրիգադայի հրամանատար է և ոչ թե գումարտակի պետ: Ղարս գալով, Սեպուհը ուղիղ հեռագրաթելով մի խիստ պատասխան է տալիս Սիլիկյանին և իր վերաբերմամբ այդ ամենը համարում անձնական հաշիվների մաքրում և ինտրիգներ, որոնց շնորհիվ մենք այնքան կորուստներ տվինք և հսկայական հողամասեր թողինք թշնամուն առանց լուրջ դիմադրության:

Իր արդար զայրույթը թափելուց հետո, Սեպուհը հրաժարվում է փոքրաթիվ զորամասով կատարելու այդ բարդ առաջադրանքը:

Գեներալ-լեյտենանտ Սիլիկյանը Սեպուհին պատասխանում է, որ ինքը հրամանատարի հետ ոչ մի անձնական հաշիվ չունի և, հետևաբար այդ բոլոր կարգադրությունները դավադրություններ չեն ուղղված Սեպուհի դեմ, այլ լոկ գործի օգտակարությունն է ի նկատի ունեցած: Սիլիկյանը Սեպուհի հրաժարման և նրա մատնանշած պատճառաբանությունների մասին մանրամասն հաղորդում է կառավարությանը ի գիտություն:

Նախարարապետ Օհանջանյանը, ծանոթանալով իրերի դրությանը, ուղիղ հեռագրաթելով մի կարճ ու կտրուկ հրաման է տալիս Սեպուհին, որի բովանդակությունը հետևյալն է. «Հրամայում եմ անմիջապես կատարել ձեզ վրա դրված պարտականությունը և ենթարկվել Սիլիկյանին, հակառակ դեպքում դուք պատասխանատու կլինեք կուսակցության և Բյուրոյի առաջ»:

Սեպուհը ուղիղ հեռագրաթելով մի երկար պատճառաբանված բացատրություն է տալիս վարչապետ Օհանջանյանին, որի մեջ նաև երևան է հանում այս վերջին նահանջի պատճառները և երբեմնի ռուս բանակի հայազգի չինովնիկական անփույթ վերաբերմունքը դեպի հայ ժողովուրդն ու հայկական հանրապետությունը և այն թշնամական վերաբերմունքը, որ նրանք առանձնապես տածում են դեպի նախկին հեղափոխական հերոսներն ու ռազմիկները: Սեպուհը իր պատճառաբանված բացատրության վերջում ավելացնում է, որ ինքը ցանկանալով ցանկանում է այս բոլոր հարցերը Բյուրոյի քննության հանձնել, որի առաջ նա անպայման կարդարանա, որովհետև 25 և ավելի տարիների ընթացքում իր ռազմահեղափոխական գործունեությունը եղել է հօգուտ հայ ժողովրդի ազատագրության և նրա բարօրության, իսկ եթե պարզվեց, որ Հայրենիքի այս ծանր օրերին ինքը ամենափոքր չափով անիրավացի է իր պահանջների մեջ և անարդար մեր զորավարներին մեղադրելու մեջ՝ ուրախությամբ կախաղան կբարձրանա, եթե այդ պահանջում է Հայրենիքի շահը: Սեպուհի այս վերջին գրության պատասխանին սպասում էինք բոլորս սրտատրոփ ու անհամբեր և մեր կառավարությունը կամ վերջնապես պիտի հարգեր Սեպուհի արդար պահանջները և կամ պիտի ընդուներ նրա հրաժարականը, որ մեծ հարված կլիներ ռազմաճակատին, ի վնաս մեզ, ի շահ թշնամու: Սակայն պատասխանը ուշանում էր:

Սեպուհի և հրամանատարության միջև ծագած այս անցուդարձը հայտնի էր ժողովրդին և պետք է խոստովանել, որ անսահման հուզված էր: Տներում, փողոցներում, հավաքատեղիներում զինվորականներ, ժողովուրդ և մտավորականներ խոսում, վիճում և քննադատում էին մեր հրամանատարությանը, նրա սարքած այս անախորժ միջադեպի համար և այն էլ այն ժամանակ, երբ թշնամին կանգնած էր մեր բերդաքաղաքի դարպասների մոտ: Ժողովրդի մեջ տրամադրություն կար նույնիսկ ցույցեր սարքելու, վարչապետին բողոքի հեռագիրներ տալու և պահանջելու, որ Սեպուհի պահանջը կատարվի և նա իսկույն ռազմաբեմ ելնի: Սակայն վերջնական պատասխան չստանալը ժողովրդին ետ էր պահում իր մտադրություններից, որ կարող էր նոր դժբախտության դուռ բանալ մեր առանց այն էլ վտանգված հայրենիքի առաջ:
Ժողովուրդը այնքան վատ էր տրամադրված դեպի զորավարներ Հովսեփյանն ու Փիրումյանը, որ երբ վերջինիս ավտոմոբիլը, ճակատից վերադառնալիս, բախվեց հակառակ կողմից արագ եկող բեռնակիր ավտոմոբիլին և Փիրումյանը իր ոտքը ջարդեց՝ ժողովուրդը այդ լուրը իրար հաղորդելով ասում էր.

— Մեծ հանցավորները պատժվում են, բայց ափսոս ավտոմոբիլներն են փչանում:

Այդ օրերը Սեպուհը թեթև հիվանդ էր, երբ ես ներկայացա նրան, նրա առանց այն էլ կնճռոտ ու զայրույթ արտահայտող դեմքը ավելի խոժոռ էր բարկությամբ և մեր փոգրոգի զորավարների իրար դեմ լարված դավադրություններով:

Նախ ես նրա առողջությունը հարցրի և ապա խոսք բացի նախարարների պատասխանի մասին:

— Դեռ պատասխանը չի ստացվել, ասաց հրամանատարը,- բայց պարզ է, որ այսքան ուշացնելուց հետո դրական չի լինելու: Իսկ այդ դեպքում ես կանցնեմ Ալեքպոլ, հրացան կվերցնեմ և մտնելով ինքնապաշտպանների խումբը /ինքնապաշտպանների խմբակներ կազմվեցին ամեն քաղաքներում, երբ Հայաստանում ընդհանուր զորակոչ հայտարարվեց: Դրանք գլխավորապես ծերեր էին. հերթով պահակ էին կանգնում փողոցներում և կարգ պահպանում/ պահակություն կանեմ, որպես զորակոչի չենթարկվող տարեց մի անհատ: Այս խոսքերի վրա այնքան զգացված էի, որ էլ չէի ուզում զանազան հարցեր տալ և բացի այդ զգուշանում էի նեղել հիվանդին: Այդ ճնշող լռությունը գուցե երկար տևեր, եթե նրա զորամասի սպաներից մի քանիսը ներս չմտնեին: Հարմար առիթ համարելով, ես աննկատ դուրս եկա: Այդպիսի անորոշ դրության մեջ մեր հրամանատարությունը հրաման տվեց, որ մեր Բանակը բովադակ ճակատներում դիմի ընդհանուր հարձակման ամսի 14-ին, որը և կատարվեց նույնությամբ: Այդ օրը առաջին անգամ լինելով մեր մոտ 25 հազարանոց Բանակը շոշափման մտավ երկու դիվիզիոն թուրք կանոնավոր և նույնքան խուժան թշնամու հետ և նրանց համառ դիմադրությունը կոտրելով՝ 5 վերստ ետ մղեց, բայց որովհետև հակառակորդի դիրքերը իշխող էին և մեր զորամասերը դեռ կանոնավոր չխմբավորված՝ կանգնեցրին իրենց առաջին առաջխաղացությունը, որից օգտվելով թշնամին հակահարձակման է դիմում և մերոնց ետ մղում իրենց դիրքերը և որոշ մասերում ավելի խորանում մեր ճակատից ներս:

Այս փոքրիկ անհաջողությունից հետո մերոնք ունենում են 100-ի չափ սպանված և վիրավոր:

Այդ կռվից պարզ երևաց, որ մեր զինվորները չեն կռվում, իսկ հակառակորդը՝ ընդհակառակը: Չկռվելով հանդերձ՝ խմբովին դասալքություն կար, այնպես որ չորս կողմից ինքնապաշտպանության խմբակները, որ մեկ-մեկ պահապան հրեշտակներ էին Բերդաքաղաքի համար մասնավորապես, իսկ Հայաստանում՝ ընդհանրապես, տասնյակներով դասալիքներ էին բերում գիշեր թե ցերեկ:

Մարդ ուղղակի ապշած է մնում. մեր բանակը հրաշալիորեն հագնված է Անգլիայից նոր ստացված հագուստներով, սպառազինված է լավ, ինչպես և պարենավորված: Ապա ինչու՞ չեն կռվում, ի՞նչ է պառճառը: Առաջ մենք բոլորս էլ հավատացած էինք, որ եթե տաճկական ճակատում ունենանք մի տաս հազարանոց բանակ, առանց այլևայլության կգրավենք Տաճկահայաստանը, բայց այժմ կրկնակի է մեր ուժերը և թշնամին 15-18 վերստի վրա է, և մենք դժվարանում ենք քշել:

Հայը ծայրահեղության խաղալիք է, հավասարակշռված չէ նրա հոգին և միօրինակության խորթ. մի փոքրիկ հաղթությունից մեծ հաղթանակներ է ստեղծում և աննշան պարտություններից մասսայական խուճապի է ենթարկվում:

Այդ առաջին պատճառն է, երկրորդն այն է, որ հայը չափազանց անձնապաստան լինելով զարմանում է, թե ինչպես կարող է ինքը կռվի գնալ և հաղթել, և երբ որ այդպես է պատահում՝ թշնամուն, եթե վերջինս նույնիսկ չնչին ուժ ներկայացնի, պատկերացնում է անհաշիվ և այդպիսով քողարկում իր խայտառակ պարտությունը: Մեզ համար մեծ բախտավորություն էր, որ 14-ին թշնամին ընդհանուր հակահարձակման չդիմեց, այլապես կարող էր լուրջ վտանգներ ստեղծվել և դրությունը ավելի ևս բարդանալ:

Սեպուհը դեռ սկզբից դեմ էր այդպես շուտափույթ ընդհանուր հարձակման անցնելուն, նրա կարծիքով, ճակատից եթե հարձակվելու լինենք բնավ չենք հաջողի, և այդպես էլ եղավ: Նա գտնում էր, որ մեր ուժեղ հարձակումները պետք է կատարվեն թևերից, մանավանդ ձախից, որտեղ մենք անպատճառ պետք է անցնենք թշնամու թիկունքը և այդպիսով ստիպենք նրան թուլացնել կենտրոնը և ապա հարվածել նրա կենդանի ուժերին: Սակայն ինչ-ինչ պատճառներով հրամանատարությունը հարմար էր գտել այլ կերպ որոշելու ընդհանուր հարձակման ծրագիրը:

Ղարս, 18 հոկտեմբերի

Սեպուհին զորամաս տալու անորոշությունը մեզ ևս տարտամ դրության էր մատնել: Շտաբը չի գործում, ամեն բան խառնվել է իրար: 14-ի անհաջողության հետևանքով այսօր Ղարս ժամանեց Հայաստանի Բանակի ընդհանուր հրամանատար Նազարբեկյանը, որը Սիլիկյանի ու նրա շտաբի մի քանի սպաների հետ շրջելու է մեր ամբողջ ճակատը: Նրա ներկայությունը շատ է կարևոր: Նա հանրածանոթ է մեր դարավոր թշնամուն, ու որից ջարդ են կերել դեռ 1914 թվին:

Նազարբեկյանի հետ եկել էր զորական նախարար Ռուբեն Տեր Մինասյանը, որտեղից նա կարևոր գաղտնի նպատակներով մեկնել է Թիֆլիս կարճ ժամանակով: Արժանահիշատակ աղբյուրներից տեղեկացա, որ նա վրացիների հետ դաշն կռելու է գնացել:

Երևանում սովետականների հետ մեր բանակցությունները այնքան էլ հաջող չեն ընդհանում: Նրանք մեզանից տրանզիտ են ուզում Հայաստանի վրայով կապվելու քեմալիստների հետ: Նույնը առաջարկել են վրացիներին, որով մեր և նրանց քաղաքական նպատակները և շահերը զուգադիպում են իրար և զինվորական դաշն կռելու գործը հեշտանում է և հրամայական պահանջ է դառնում:

Եվ իսկապես շատ սխալ արած կլինեն թե մեր և թե վրացի ժողովրդի ճակատագիր կռող քաղաքագետները, եթե իրար մեծ զիջումներ չանեն և ամեն կերպ չջանան այդ դաշինքը գլուխ բերել:

Էլ ո՞ր օրվան են սպասում: Բոլշևիկ-իսլամական վտանգը հավասարապես սպառնում է երկու հարևան հանրապետությունների գոյությանն ու անկախությանը:

Նազարբեկյանի Ղարս գալը, մասնավորապես Սեպուհի և կառավարության միջև ծագած միջադեպը հարթելու տեսակետից մեծ նշանակություն ունի: Նա վերջնականապես լուծելու է այդ անախորժությունը: Հավանաբար դրականապես:

20 հոկտեմբերի

Ուրախությամբ եմ արձանագրում, որ հաջող կերպով լուծվել է Սեպուհի գործը: Նա տեսնվել է Նազարբեկյանի հետ և ամեն բան բացատրել: Վերջինս Սեպուհի և նրա ռազմական տեսակետների հետ լիապես համաձայն է եղել և ավելացրել է, որ ինքն էլ է հակառակ եղել այդպես շտապ հարձակման դիմելու, բայց նախարարների մի քանիսի ստիպմամբ և խորհրդով կատարել է այդ ռազմական վիժվածքը:

Սեպուհը նշանակվում է Մերտենեկի զորամասի հրամանատար և նրան վստահված է մոտ չորս հազար, որոնցից միայն կեսն է կանոնավոր, իսկ մյուս կեսը կամավոր զինվորներ են Սմբատի ղեկավարությամբ: Այսօր Սեպուհը հրամայեց տեղակալ Ամիրյանին և ավագ համհարզ Թամրազյանին պատրաստություններ տեսնել և կազմել դաշտային շտաբ, վաղը անհապաղ ռազմաբեմ ելնելու համար:

Գրագրի պաշտոնով էլ ես պիտի գնամ, մի բան որ իմ լիակատար ցանկությունն է:

Ի՞նչ ունեմ, որ պատրաստություն տեսնեմ. ես եմ ու իմ զինվորական պայուսակը: Ուզած ժամանակ կարող եմ ճանապարհ ընկնել:

21 հոկտեմբերի, Պրոխլադնոյե

Հրամանատարի կարգադրությամբ նրա նախկին ձին հատկացվեց ինձ Ռատինովկա գնալու համար: Ծաղիկյանի ձիավոր հարյուրակից երկու խոտորջուրցի զինվոր գործով ետ մնացին, որոնց հետ կեսօրից հետո ճամփա պիտի ընկնենք: Անսպասելի կերպով Թամրազյանը հրաժարվում է գնալ և այդ բանը պատճառաբանվում է նրանով, որ իրեն լավ ձի չի տրվում: Սակայն պատճառները ուրիշ են: Նա իրեն վիրավորված է զգում, որ հրամանատարը հարկ եղածին չափ կարևորություն չի տալիս նրան:

Այսօր երեկոյան ժամը չորսին ապահով հասանք Պրոխլադնոյե մոլոկանի գյուղը, որտեղ պիտի հանգստանանք, որպեսզի առավոտ ճամփա ընկնենք և առանց ձիերը հոգնեցնելու հասնենք մեր նշանակված տեղը: Կես ճամփին հրամանատարը և դաշտային շտաբի պետ Ամիրյանը հանդիպեցին մեզ, որոնք Ռատինովկա էին գնում: 
Եղանակը խոնավ է ու անձրևային, իսկ մենք հանգստանում ենք մի մոլոկանի պարպած տանը, ուր զետեղված է սանիտարական ճյուղը:

Առայժմ այստեղ միայն երկու ֆելդշերներ կան, որոնք մեզ լավ ընդունեցին, և մեր ծախսով փառավոր ընթրիք արինք ու պառկեցինք հատակին փռված խոտերի վրա: Առավոտյան մեկնելու ենք այստեղից:

22 հոկտեմբերի, Ռատինովկա

Հասանք առաջավոր դիրքերը և իջևանեցինք Ռատինովկա մոլոկանի գյուղը, որ թշնամուց 4 վերստ հեռավորության վրա է: Մենք հակառակորդից բաժանվում ենք բլուրների կարճ շղթայով: Նրանց դիրքերը իշխող են և հարմարավետ: Ինձ հետ երբեք չէր պատահել, որ այսքան մոտ լինեի թշնամուն:

Ամեն բան դեռ նոր է կանոնավորվում. շտաբի համար հարմար շենք դեռ չի ճարվել, հրամանատարը զետեղված է մի փոքրիկ սենյակում, ուր և լինում է գրագրություն: Նրա ննջարանին կից մի նեղ սենյակում հաստատված է հեռագրաթելի ապարատը, իսկ մյուս կեսում աղյուսե վառարանի կտուրում ապրւմ է տանտիրուհի պառավ մոլոկանը իր փոքրիկ թոռան հետ: Մեր հեռագրատան ծառայողները ընդհանուր առմամբ խոսում են ռուսերեն, գրությունների մեծ մասը նույն լեզվով է կատարվում և օ՜ , զարմանք, մոլոկան ընտանիքը նստած այստեղ լսում է ամեն բան, և այդ ժամանակ, երբ թշնամին չորս վերստի վրա է, և մոլոկան դավադիր տարրը օրեցօր սպասում է նրանց գալուն: Նրանք հրաշալի կերպով կարող են լրտեսել, մեր ուժերը և լեռներին, ճանապարհին քաջածանոթ լինելով՝ ամեն բան հաղորդել մեր թշնամուն: Սակայն ինչպես երևում է, դա ժամանակավոր բան է, բայց ինչ էլ որ լինի, այդպես էլ պետք է լիներ թեկուզ մի վայրկյան:

Հրամանատարի գալուց հետո այդ բոլորը կարգադրվեց մի քանի ժամվա մեջ: Մոլական համայնքների վերաբերմունքը դեպի մեր Հանրապետությունը ամենուրեք խիստ թշնամական է, բարեբախտաբար ռազմիկ ժողովուրդ չլինելով, լուրջ վտանգ կամ վախ չեն կարող ազդել մեզ՝ թիկունքի անապահովության տեսակետից:
Սեպուհի այս ճակատի հրամանատար նշանակվելու առթիվ զինվորների և սպաների մեջ եռ ու զեռ, կենդանություն և վստահություն է նկատվում: Բոլորի տրամադրությունը բարձր է, և ամեն ոք իրեն այլևս ապահով է զգում:

Նոր տուն բռնագրավվեց՝ երկու մեծ և մի փոքր սենյակներից բաղկացած: Վերջինը ծառայում է որպես հրամանատարի կայան և ննջարան: Նրան անմիջապես կից սենյակը, որը միաժամանակ ծառայում է շտաբի աշխատողների ննջարան, զետեղված է շտաբի գրասենյակը, իսկ մյուսում զետեղված են հեռախոսները, ուր և ապրում են հեռախոսիչները: Հեռախոսի ապարատները զետեղված են փողոցի վրա նայող պատուհանի մոտ, որտեղից փողոցում լսվում էր հաղորդագրությունները: Սակայն հրամանատարի կարգադրությամբ ապարատները հաստատվեցին սենյակի մյուս անկյունը, որտեղից ավելի հարմար է՝ և ռազմական գաղտնի կարգադրությունները, և հաղորդագրությունները անհասանելի են մնում կողմնակի զինվորականների ու անձերի համար:

Շտաբում ծառայող զինվորականները այսօր գործերը վերջնապես բաժանեցին՝ շտաբի պետ նշանակվեց երբեմնի թուրքական և այժմ հայկական զինվորական դասընթացների ուսանող փոխտեղակալ Մկրտիչ Մկրյանը, տնտեսական և դատաստանական մասը վերցրեց տեղակալ Գրիգոր Ամիրյանը, իսկ զորաշարժականը մնաց ավագ համհարզ վարատար Մուշեղ Թամրազյանին: Իսկ ավագ գրագրի պաշտոն հանձնվեց շտաբի փորձառու գրագիր Վահան Բիբարյան անունով մի կարճահասակ երիտասարդի, որ ռուսաց բանակումն էլ նույն պաշտոնն էր կատարում: Նա ունի մի Բաբերդցի Նորիկ զինվոր օգնական, իսկ ես միմիայն զբաղված եմ օրագիր գրելով և ազատ ժամերին երբեմն էլ գրագրություններ եմ անում, որով գործին շատ մեծ օգնություն չեմ բերում:

Ստեփան Ծաղիկյանը նունպես այստեղ է իր ձիավոր հարյուրակով, որի ձիավորների թիվը իջել է մինչև 24-ի, բայց դեռ «ձիավոր հարյուրակ» անունը մնացել է այդ խմբի վրա: Նա ամեն կերպ աշխատում է ձիավորների թիվը հասցնել էլի հարյուրի: Տեսնենք այդ կհաջողվի նրան, թե՝ ոչ: Մինչև օրս մեր զորամասի ճակատում հանգիստ է: Բացի հետախույզների թեթև ընդհարումներից, որ սովորական երևույթ է դարձել պատերազմի միջոցին:

(շարունակություն)

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter