HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռետրո ակումբ». ֆոլկ-ռոք

Նաիրա Հայրապետյան

Թերևս  ռոք երաժշտության երկրպագուները  համաձայն կլինեն այս կարծիքի հետ`   1960-ական թվականները ամենախորհրդանշական ժամանակաշրջանն են այս ժանրի պատմության մեջ.  այն մեծ  և տեսանելի «մատնահետքեր» է դրոշմել: Այս ժամանակաշրջանում իր զարգացումն ու հետագա ընթացքը ձևավորեց ռոք երաժշտությունը, ծնվեցին խմբեր, ապա` ստեղծագործություններ, որոնք մինչ օրս ուղենշային դեր են կատարում, ի հայտ եկան նոր ուղղություններ, որոնք էլ ավելի հարստացրին այս ժանրը:   

1960-ական թթ. կեսերից ռոք երաժշտության մեջ ձևավորվեց ևս մեկ նոր ենթաժանր` ֆոլկ-ռոք անունով, որը սկզբնական շրջանում ներկայացնում էր ամերիկյան և բրիտանական երաժշտական մշակույթը: Ֆոլկ-ռոք երաժշտության առաջին ծիլերը մեծ մասամբ ծնվեցին պատմական և քաղաքական իմաստով շրջադարձային փուլում:  Վիետնամական պատերազմի և աշխարհի մասին իրենց մտահոգությունները բարձրաձայնող, աշխարհի դեմ ըմբոստացող երիտասարդություն…: Ռուսաստանը առաջին քայլն էր կատարում դեպի տիեզերք, Միացյալ Նահանգները զորք էր ուղարկում Վիետնամ, Բոբ Դիլանը մարդկանց հոգու և մտքի խաղաղություն էր  փոխանցում իր երաժշտությամբ:

Միացյալ Նահանգներում, օրինակ, ֆոլկ- ռոքը հաստատվեց 60-ականների և 70-ակաների միջև, երբ այն միավորվեց հիպպիական շարժման հետ և դարձավ նրա ռադիկալ գաղափարների համար, այսպես ասած, չափազանց կարևոր մի լեզու, արտահայտչամիջոց: Այնպիսի քաղաքներ, ինչպիսիք էին Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Դենվերը, Ֆենիքսը, դարձան ֆոլկ- ռոքի մշակութային կենտրոններ: Երաժշտության այդ տեսակը իր` թվում է թե, ինչ-որ տեղ պարզեցված ձայնով, արտահայտում էր այն կապը, որը գոյություն ունի տեխնոլոգիական և սպառող հասարակությունների միջև: Ի տարբերություն փոփ երաժշտության, հատկապես այսօրվա, տեքստային բառապաշարի` այստեղ գերիշխում են կյանքի խնդիրներից ձերբազատվելու կոչը,  ազատ մտածելու և այսպես ապրելու  ցանկությունը, և այս  երգերի միջոցով արտիստները ոչ թե դահլիճներ կամ ռեստորաններ էին «լցնում», այլև  փորձում էին բարձրաձայնել և ուշադրության արժանացնել գլոբալ խնդիրներ` պատերազմի, խաղաղության, մարդասիրության,  ազատության և համընդհանուր մտածողության համար կամ դեմ, մի խոսքով` դարի մարդկությանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ և  մտահոգություններ: Արտիստներ, որոնց պակասը, խոստովանենք, շատ-շատ ենք զգում մեր օրերում, մեր պայքաների մեջ:

Արդեն անվանումից ենթադրելի է, որ ֆոլկ-ռոքն իրենից ներկայացնում է ֆոլկ և ռոք երաժշտությունների միախառնումից առաջացած նոր տեսակ: Երաժիշտների երգացանկը մեծ մասամբ կազմված էր ժողովրդական որևէ ստեղծագործության կամ հատվածի նոր` ռոքի չափանիշներով մշակված մեկնաբանությունից, սակայն քայլ առ քայլ ներառում էր նաև ստեղծագործություններ, որոնք ժողովրդականից ազդված երգահանների նոր գործեր էին, ինչպիսին էր Բոբ Դիլանի արվեստը:

Ֆոլկ- ռոքի պիոները համարվում է  լոսանջելեսյան «The Byrds» խումբը, սակայն գաղտնիք չէ, որ ամերիկացի երգիչ, երգահան և պոետ Բոբ Դիլանը մեծ ազդեցություն է ունեցել այս ժանրի ձևավորման հարցում, հատկապես նրա` էլեկտրո-ռոք խմբային համագործակցություններից ծնված և մեծ մասայականություն վայելող  «Bringing it all back home»,  «Highway 61 Revisited» և «Blonde on Blonde» ալբոմներով:  Ֆոլկ-ռոքի պատմության մեջ Դիլանի ունեցած ամենամեծ ներդրումներից մեկը (սկզբնական շրջանի) համարվում է  նաև 1965թ-ի հուլիսին «Newport Folk Festival» –ին  նրա հայտնությունը էլեկտրո-ռոք խմբի հետ, և այս ելույթը մեծ ազդեցություն թողեց, ինչպես նաև  խթան հանդիսացավ ժանրի զարգացման համար:

Շատ երաժիշտներ, ովքեր նախկինում ստեղծագործում էին ռոքի առավել բարդ ու ծանր տիրույթում, այս ժանրում ավելի մեծ ու անկեղծ հնարավորություններ գտան ինքնարտահայտվելու և երկխոսության մեջ մտնելու: Նրանցից մեկն էլ Քեթ Սթիվենսն էր, Լոնդոնից. Նա առավել հաճախ օգտագործելով ակուստիկ կիթառի մեղեդին` կատարում էր երգեր, որոնք հասցեագրված էին շրջապատող միջավայրի պահպանմանը, պատերազմներին ու առհասարակ աշխարհի վաղվա օրվանը: 1960-ականների կեսերին  երգիչ և երգահան Գորդոն Լայթֆութը ևս սկսեց իր կատարմամբ հնչած  երգերը վերափոխել ֆոլկ-ռոքի: Ձայնագրելով  «Black Day In July» երգը 1967-ին Դետրոյթյան խռովությունների մասին, նա հասավ երաժշտական գլխավոր հորիզոնականներին, իսկ 1970թ-ին իր «Sundown» and «Carefree Highway» ձայնագրություններով պետք է ճանաչվերր ֆոլկ- ռոքի լեգենդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter