HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Քաղաքային տարածություն եւ տեղեկատվամիջոցներ

Արտակարգ դրության վերացումից ի վեր որոշ «վտանգավոր» օրերի Ազատության հրապարակը պաշտպանված է լինում զինվորականներով եւ ռազմական տեխնիկայով։ Բավական զվարճալի տեսարան է` միաժամանակ ազդագրերով եւ զորքով շրջապատված հրապարակը։

Մի կողմից` ժամանցի վայրերի ու ազդագրերի հրավերն է, մյուս կողմից՝ ռազմական արգելքը։ Մի կողմում «ցանկությունների արտադրության» գավառական մեքենան է, մյուսում՝ իշխանության անտաշ պատժող ձեռքը։ Այսպես զվարճության գայթակղությունը եւ պատժի սպառնալիքը հեգնականորեն միատեղվում են մեկ վայրում։ Անշուշտ, սրանք «իշխանություն-հասարակություն» հարաբերությունների երկու բեւեռներն են. հարկադրանքը` պետական մեքենայի համապատասխան մասերով, եւ «հոգեւոր ու բարոյական ղեկավարումը», որ իրականացվում է մշակութային միջոցներով` հասնելու համար փոխհամաձայնության հասարակության խավերի միջեւ։ Եւ այս համատեղումը, թվում է, հասարակության դրամատիկ անհավասարակշռության, միասնության ճգնաժամի նշան է։

Այս օրերին ամբողջ քաղաքը (եթե ոչ` երկիրը) դարձել է տարաբնույթ բողոքի գործողությունների արենա` բնապահպանական նպատակներով («Հեռու Թեղուտից») եւ ի պաշտպանություն բանտարակված ազատամարտիկների կատարվող ցույցեր, բազմաթիվ հացադուլավորներ՝ Երեւանից մինչեւ Շիրակի գյուղեր, բողոքի գործողություններ մեկուսարաններում եւ դատարանների դահլիճներում… Եւ այս ամենում աչքի է զարնում, հաղորդակցության անհնարինությունը, որ բաժանում է իշխանությանը հասարակությունից։ Իմ կարծիքով` մենք 2000-ականների սկզբից ի վեր Հայաստանում ձեւավորվող սոցիալական հարաբերությունների նոր մոդելի (որը, ինչպես կարող էր թվալ, ինչ-որ ձեւով լուծել էր հասարակական կապակցության խնդիրը) ճգնաժամի ականատեսն ենք, եւ այս հոդվածը դրա որոշ ասպեկտների վերլուծության նախնական փորձ է։

Հոդվածի առաջին մասում քննության է առնվում այն ներդրումը, որ այդ ընթացքի մեջ ունեցել են էլեկտրոնային տեղեկատվամիջոցները եւ պատկերային ներկայացման այլ միջոցներ։ Ընթացք, որը բնութագրականորեն զուգորդվում է քաղաքային տարածության մեջ կատարվող արմատական փոխակերպումներով։ Երկրորդ մասը նվիրված է ընդդիմադիր քաղաքական ուժերի պայքարի, ապա նաեւ քաղաքացիական անհնազանդության դրսեւորումների ձեւերին՝ անձնական մեդիայի եւ քաղաքային տարածության մեջ։ Անձնական տեղեկատվամիջոցների խաղացած դերի մասին արդեն գրել եմ, բայց հասկանալի է նաեւ, որ վերջին ամիսների իրադարձությունները բառացիորեն դաջված են քաղաքի մարմնին, կապված են որոշակի տեղերի, այդ տեղերին որոշակի իմաստներ վերագրելու եւ ամրապնդելու համար պայքարի հետ։

Վերլուծության առաջադրություններից մեկն այն է, որ այդ տարիներին Հայաստանում կատարվել է որոշ, խիստ նեղ իմաստով հասկացված արեւմտականացում, որն ուղեկցվել է բազմաթիվ խորհրդային եւ մինչխորհրդային իրողությունների վերադարձով ու միջամտությամբ։

Կյանքը քաղաքում բնութագրվում է որոշակի կենսակերպով, որի մասին գրել են շատ տեսաբաններ, այդ թվում՝ Զիմմելը, Չիկագոյի դպրոցի ներկայացուցիչները. մեծ քանակությամբ անծանոթ մարդկանց գոյությունը կողք կողքի, կյանքի արագ տեմպը, շփումների մեծ մասի կարճատեւությունը եւ մակերեսային բնույթը, մրցակցության գերակայությունը համագործակցության նկատմամբ, անհատի կողմից քաղաքային կյանքի նկատմամբ հեռավորության հաստատումը եւ այլն։ Այսօր քննարկվողը «վիրտուալ քաղաքի» կամ «տեղեկատվական քաղաքի» թեման է (կարճ ասած՝ ժամանակակից քաղաքը, ի հակադրություն արդյունաբերական քաղաքի, ոչ թե ֆիզիկական տեղերի, այլ տեղեկատվական հոսքերի տարածություն է)։ Թեեւ սոցիալիստական քաղաքները կապիտալիստականներից տարբերվում էին նախագծման եւ պլանավորման էական սկզբունքներով, արդեն ետխորհրդային շրջանում Երեւանի փոխակերպումները ունեն որոշ արեւմտականացման կնիք. մասնավոր սեփականության ի հայտ գալը, շուկայական տնտեսության առաջին նմանակումները, հասարակության շերտավորումը պիտի արտահայտվեին նաեւ տարածական եւ տեսողական ձեւերով։

Տեսողական ներկայացման գաղափարաբանությունը

Առհասարակ ժամանակակից աշխարհն աչքի է ընկնում ընդգծված տեսողական արտահատությամբ։ Մշակույթն ավելի ու ավելի դառնում է տեսողական, եւ տեսողական տեղեկատվությունը տիրապետող դիրք է ստանում խոսքային արտահայտության (եւ բանավոր, եւ գրավոր) նկատմամբ։ Ինչպես նկատում է Սյուզեն Զոնթագը. «Հասարակությունը դառնում է «արդիական» այն ժամանակ, երբ նրա գլխավոր գործունեություններից մեկը պատկերների արտադրությունը եւ սպառումն է»։ Շուկայական մրցակցությունը, սպառողական նորանոր կարիքների ձեւավորման եւ բավարարման անհրաժեշտությունը անխուսափելիորեն տեսողական արտահայտություն են ստանում` ծնելով աներեւակայելի տեսողական բազմազանություն թե առարկաների, թե դրանց գովազդի տեսքով։ Դա հատկապես ճիշտ է քաղաքների համար. ուրբանացման հարաճուն ծավալները, քաղաքային կենսակերպերի տարասեռությունը, քաղաքային տարածության իսկ առեւտրայնացումը տեսողական հարուստ փորձառության աղբյուր են։ Որոշ նման բաներ տեղի ունեցան նաեւ ետխորհրդային Երեւանում, որտեղ կատարվող հիմնական գերծընթացներից մեկը սպառողականության տարածումն է։

Արդեն 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին Երեւանի` այն ժամանակ դեռեւս կիսաքանդ փողոցներն ու հրապարակները հեղեղված էին ազդավահանակներով։ Ընդ որում` հիմնականը ծխախոտի գովազդն էր, աննախադեպ հարուստ տեսականիով ծխախոտը՝ սպառման հիմնական առարկան։ Սա նոր սպառողական կարիքների ձեւավորման առաջին քայլն էր, բայց անուղղակիորեն ներկայացնում էր նոր հարուստներին, նպաստում նրանց կայացմանը, քանի որ այդ արժեքները նույնանում էին նրանց բիզնեսների հետ (առեւտուր եւ ժամանց), հենց նրանք էին քաջալերվող կենսակերպի քրմերը՝ իրենց սպառողական օրինակելի ունակություններով։ Հետեւելով տեսողական ներկայացման զարգացման տրամաբանությանը՝ նկատում ենք, որ արդեն 2007-ին, առաջին անգամ ետխորհրդային Հայաստանում արտաքին գովազդի մի հսկայական տարածություն ի սպաս է դրվում գաղափարաբանական նպատակների։ Խոսքը «Իմ զենքը իմ -ն է» շարքի մասին է։ Այս նախագիծը, ի միջի այլոց, ոչ միայն ծառայում էր քաղաքական նպատակների, այլ ուներ հասարակական համերաշխության կայացման ձեւերի վերաբերյան հստակ ակնարկներ նույնպես (տես «Ի զե՛ն» հոդվածը)։

Արտաքին գովազդն անկարելի է բաժանել հեռարձակման միջոցներից։ Վերը նշված ետխորհրդային ընթացքներ թույլ են տալիս պնդել հայաստանյան մեդիա իրադրության նկատմամբ արեւմտյան տեսությունների որոշ տարրերի կիրառելիության մասին (կսահմանափակվեմ երկու օրինակով)։ Մեդիայի սոցիալական նշանակության մասին առաջին հիմնարար մշակումներից մեկը կատարեցին Ֆրանկֆուրտի դպրոցի ներկայացուցիչները։ Թեոդոր Ադոռնոյի եւ Մաքս Հորքհայմերի «Լուսավորության մշակույթի արդյունաբերությունը՝ որպես զանգվածների խաբեություն» հոդվածում վերլուծվում է մշակույթի վերածումը շուկայական ապրանքի կինոյից, ռադիոյից եւ ամսագրերից կազմված մի համակարգում (երբ դեռ չկար հեռուստատեսություն)։ Ընդգծենք հիմնական պնդումներից մեկը. մշակույթի արդյունաբերությունը ոչ միայն արտադրում է ստանդարտացված բովանդակություն, այլեւ արտադրում է հենց լսարանին, արտադրում է ոչ միայն բովանդակություն զանգվածների համար, այլեւ միաժամանակ՝ համապատասխան լսարան բովանդակութան համար։ Ըստ այդմ՝ տեղեկատվամիջոցները սոցիալական ինտեգրման համակարգ են, որը ենթադրում է «հնազանդություն հիերարխիային», անհատականության կորուստ («միաչափ մարդու» ստեղծում) եւ այլն։

Անտոնիո Գրամշին մտցրեց գերիշխանության (հեգեմոնիայի) հասկացությունը՝ ձգտելով հաղթահարել գաղափարաբանության մարքսյան գաղափարի ակնհայտ թերությունները («կեղծ գիտակցության» մասին դրույթը, համոզմունքը, թե անհատի գաղափարաբանական կեցվածքը հիմնականում բխում է նրա տնտեսական պայմաններից)։ Գերիշխանությունը նշանակում է, որ իշխող եւ իշխվող խավերի միջեւ ձեռք է բերվում փոխզիջում, այլ ոչ թե առաջինը երկրորդին պարտադրվում է գաղափարաբանական որոշակի համակարգ։ Պարտադրանքի ապարատների հետ միասին (օրենք, ոստիկանություն, բանակ) կան նաեւ հաստատություններ, որոնք «համոզում են»։ Սրա մեջ, տեղեկատվամիջոցների հետ միասին, մտնում են այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են կրթության համակարգը, եկեղեցին, ընտանիքը։ Ըստ Գրամշիի՝ գաղափարաբանության մեջ ներգրավվում են իշխվող խավի առօրյա ողջախոհության տարրեր, որով գաղափարաբանությունը դառնում է պարզապես ողջախոհության ավելի համակարգված տեսակ, որտեղ պարզ քաղաքացին տեսնում է թե առկա իրավիճակի անխուսափելիությունը, թե որեւէ այլընտրանքի բացակայությունը։ Ընդ որում՝ գաղափարաբանությունը մեկնընդմիշտ հաստատված բան չէ, այլ շարունակական պայքարի, բանակցությունների դաշտ, որտեղ իշխող խավը անընդհատ ջանում է իմաստի ստեղծման մշակութային պրակտիկաները, որոնք վերասահմանում են սոցիալական իրականության այս կամ այն կողմը, պահել իր համար ընդունելի շրջանակների մեջ։

Բերեմ այս տեսական դրույթների կիրառության օրինակներ։ Երբ խոսում են այս կամ այն հեռուստատեսային հաղորդման բարձր ռեյտինգի մասին, երբ պնդում են, թե լսարանը սիրում է այս կամ այն հաղորդաշարը կամ «պռոյեկտը» (իսկ այս մասին սիրում են խոսել հատկապես Հ1-ի ղեկավարները) կամ սերիալը, ապա չեն նկատում կամ մոռանում են, որ այդ լսարանը հենց նմանատիպ հաղորդումներով ստեղծված լսարան է, որ, ինչպես պնդում են Ադոռնոն եւ Հորքհայմերը, հեռարձակվող բովանդակությունն արդեն ստեղծել է իր լսարանը։

Տիրապետող գաղափարաբանության եւ առօրյա ողջախոհության կապը լավ երեւվում է, երբ խորհրդային արմատներ ունեցող քաղաքային բանահյուսությունը՝ իր հերոսներով, հոգեբանական ստերեոտիպերով, ժարգոնային լեզվով մտնում է հեռուստատեսություն եւ վերածվում իշխանության գաղափարաբանության կարեւոր տարրի։ Օրինակ՝ «Մեր բակի» թողարկումներում եւ նմանատիպ այլ հաղորդումներում հենց կուլտիվացնում են այդպիսի հերոսները, բակային համերաշխության ոգին, թաղային հեղինակությունները։ Այս դեպքում, իհարկե, սոցիալական իրականությունը փոխելու խնդիր չի առաջանում, այլ՝ միայն վարպետորեն հարմարվելու, հնարամտությամբ եւ խորամանկությամբ «յոլա գնալու»։

Քաղաքային տարածության վերակառուցումը

Մի անգամ էլ հպանցիկ հետեւենք ետխորհրդային Երեւանի ուրբան լանդշաֆթի փոփոխությունների դրամատիկ ընթացքին՝ այն զուգորդելով հասարակության մեջ կատարվող արմատական տեղաշարժերին. շինարարական վերակառուցման բուռն ընթացք, նոր խավերի եւ քաղաքային տարածությունների, գործունեության ձեւերի եւ պրակտիկաների, ինքնությունների ու արժեքների առաջացում։

Երեւանի կենտրոնի յուրացման պատմությունը, որ սկսվել էր քաղաքային տարածության սեփականաշնորհմամբ, կարելի է շարունակել՝ անդրադառնալով «Լինսի» հիմնադրամի միջոցներով սկսված բարեկարգման ծրագրին, որին հաջորդեց ժամանցի արդյունաբերության բուռն ծաղկումը։ Կենտրոնում անշարժ գույքի գների սրընթաց աճը հաջորդ քայլն էր, որի պայմաններում «Էլիտային շենքերի» եւ զանգվածային վերակառուցման ծրագրերի իրականացումը (Բուզանդի փողոց, Հյուսիսային պողոտա) թվում է ինքնին հասկանալի մի բան։ Վերակառուցված հատվածներից տեղահանված բնակչության փոխարեն այդ տարածքներում սպասվում է նորահայտ էլիտան։

Արժե նկատել, որ քաղաքի կենտրոնի՝ բոլոր քաղաքաշինական նորմերը խախտող ինտենսիվ կառուցապատումը ուղեկցվում է քաղաքի կենտրոնի բեռնաթափման նպատակով իրականացվող աշխատանքներով. նոր մայրուղիներ, էստակադաներ, կենտրոնը շրջանցող փողոցներ եւ այն։ Իհարկե, այս նախաձեռնությունը թույլ տվեց ընտրություններից առաջ եւ դրանց ընթացքում թե տնօրինել լրացուցիչ մեծ ֆինանսական միջոցներ, թե աշխատանքով ապահովել տասնյակ հազարավոր մարդկանց՝ դրանով իսկ մեղմելով սոցիալական դժգոհությունը։ Բայց փաստ է՝ կենտրոնն իրենցն է, այն պետք է եւ շահագործել, եւ բեռնաթափել։

Իշխանության հարաբերություններն անպայման ունեն տարածական արտահայտություն։ Անկախ նրանից, թե իրապես ովքեր կապրեն այնտեղ, Երեւանի կենտրոնի վերակառուցումը մարմնացնում է սոցիալական հարաբերություններում կատարված արմատական փոխակերպումը, խորհրդանշում նոր վերնախավի հաղթական հաստատումը սոցիալական հիերարխիայի վերին աստիճանին։

Կտեսնենք, որ սոցիալական պայքարի մերօրյա ձեւերի արենան ոչ միայն տեղեկատվամիջոցներն են, երբ անձնական տեխնոլոգիաները (բջջայիններ, թվանշային տեսախցիկներ, ինտերնետային ծառայություններ) տրամադրում են տեղեկատվության եւ հաղորդակցության այլընտրական տարածություններ, այլեւ որոշակի քաղաքային վայրեր (Ազատության հրապարակ, Հյուսիսային պողոտա) եւ հուշում են քաղաքը նորահայտ վերնախավից ետ գրավելու ցանկության մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter