Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)
Հարություն Թումյան
13. Օսմանյան թուրքերի ուլտիմատումները և նախապատրաստությունը հարձակվելու Ղարաբաղի վրա
Ղարաբաղի հայության ճիգերը՝ փոխադրելու Գորիսի շրջանում գտնվող ռազմապաշարը, անտարակույս, տեղական մուսուլմաններից և թուրքական «կոմենդատներից» գաղտնի մնալ չէր կարող։
Զաբուղի առաջին օրվա կռիվներում, նկատելով թուրքերի դիմադրության վարանոտ բնույթը, կարելի էր ենթադրել, որ թշնամին վստահ չէր, թե կարող է հաղթահարել Ղարաբաղի և Զանգեզուրի զինված ուժերի համատեղ գրոհը Զաբուղի վրա՝ գրավելու այդ ձորով անցնող խճուղին։ Բայց Գորիսի շրջանի կռվողների ակներև անտարբերությունը փարատեց թուրքերի երկյուղը։ Եվ, ինչպես տեսանք, թուրք-ադրբեջանական ուժերին հաջողվեց, թեկուզ մեծ կորուստների գնով, գրավել Ղարաղշլաղը (Կարադարասին) ամրանալ Սաղսաղանում ու նրա հարակից լեռնային անմատչելի բնագծերում, որոնք հիանալի ռամզագիտական հարմարություններ էին ընձեռնում թուրքերին խափանելու Ղարաբաղի և Զանգեզուրի հայության բոլոր հետագա հնարավոր փորձերը՝ ռազմական փոխգործողությունների միջոցով գրավելու Զաբուղը և երկու անառիկ հայկական շրջանների միջև վերականգնելու փոխադարձ կապը։
Ղարաղշլաղյան պարտությունից հետո, երբ մանավանդ Բաքվի գրավումթ թուրքերի համար դարձավ օրերի հարց, Ղարաբաղի սահմանակից շրջաններում կարգված թուրքական «կոմենդանտները» սկսեցին լկտիանալ և համարձակ դիրք ընդունել Ղարաբաղի նկատմամբ։ Օսմանցիները տեղյակ էին Ղարաբաղի ծանր տնտեսական կացությանը, իսկ Զաբուղի և Ղարաղշլաղի կռիվները կարող էին նրանց մեջ լուրջ կասկածներ հարուցել, որ Ղարաբաղը չունի նաև բավականաչափ ռազմամթերք։ Եվ թուրքերը սկսեցին սպառնալ և խոսել Ղարաբաղի հետ ուլտիմատումների լեզվով։
1918 թ. սեպտեմբերի սկզբին Աղդամի թուրք «կոմենդանտը» մի գրությամբ պահանջեց Ղարաբաղի հայերից` «վերջ տալ անիշխանության, ետ կանչել Կարադարասի ուղարկված զորամասերը և ճանաչել Ադրբեջանի իշխանությունը»։
Օսմանցիների կողմից Ղարաբաղի հայության ուղղված առաջին հանդուգն պահանջներն էին դրանք։
Սկզբում վճռվեց թողնել անպատասխան «կոմենդանտի» այդ խրոխտ պահանջները և ընդհանրապես խուսափել որևէ հարաբերություն ունենալուց տաճիկների հետ, առավել ևս, որ գրությունը չէր հասցեագրված անմիջապես կառավարությանը։ Բայց հետո, նկատի ունենալով, որ շուտով Ղարաբաղին այսպես թե այնպես վիճակվելու է հարաբերությունների մեջ մտնել անմիջապես օսմանցիների հետ, անհրաժեշտ համարվեց «կոմենդանտի» ներկայացրած պահանջներին արժանի պատասխան տալ կառավարության անունից։
Պատասխանի մեջ հայտնվում էր «կոմենդանտին» ի գիտություն, որ Ղարաբաղն ունի ժողովրդից ընտրված օրինական կառավարություն, որին օտար ամեն մի իշխանություն կամ պաշտոնյա պարտավոր է հաշվի առնել և հարաբերություններ պահել միայն նրա հետ։ Ինչ վերաբերում է թուրք պաշտոնյայի երեք պահանջներին. պատասխանում ասվում էր, որ ինչպես անիշխանության վերացման խնդիրը, այնպես էլ հայկական զինված ուժերի տեղաշարժերը երկրի ներսում՝ դա Ղարաբաղի կառավարության և ժողովրդի ներքին գործն է, որին ոչ ոք, առավել ևս օսմանցիները, իրավունք չունեն խառնվելու։ Իսկ Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջին պատասխանվեց, որ Ղարաբաղն ունի իր սեփական իշխանությունը և, բացի Հայաստանի հանրապետությունից, օտար ամեն մի կառավարության ակցիա՝ ենթարկելու Ղարաբաղը իրեն, նրա բնակչության կողմից կդիտվի իբրև ագրեսիա` ուղղված իր ազգային շահերի և գոյության դեմ ու կհանդիպի ամենավճռական դիմադրության։
Այդ պատասխանի առթիվ Աղդամի թուրքական զինված ուժերի հրամանատարը Շուշու մուսուլմանական մասի «կոմենդանտի» միջոցով հայտնեց[1], որ թուրքական հրամանատարությունը Անդրկովկասում ճանաչում է իբրև սուվերեն պետություններ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունները։ Հետևապես նա չի կարող ընդունել Ղարաբաղն իբրև առանձին հայկական իշխանություն և ճանաչել նրա կառավարությունը։ Կոմենդանտի այդ բացատրությունը Հասան Բասրի-բեյի հանձնարարությամբ Լյուֆտալի-բեկ Բեհբուդովը հաղորդեց կառավարությանը։ Նա ավելացրեց, որ Աղդամի կոմենդանտը առաջարկել է Հասան Բասրի-բեյին այդ պարզաբանումը հայտնել հայ ղեկավարներին միանգամայն «զգույշ» և «կոռեկտ» ձևով։ Թուրք զինվորականի այդ անսպասելի փափկանկատությունը տարակուսանք առաջ բերեց շատերի մեջ:
Սեպետեմբերի 13-ին զինվորական գործերի կառավարիչը Միքայել Արզումանյանից ստացավ 1918 թ. սեպտեմբերի 11-ի թվակիր մի նամակ` ուղարկված Գանձակից։ Արզումանյանը հայտնում էր, որ Բաքվի անկումը օրերի հարց է։ Նա կասկածից դուրս է համարում, որ Բաքուն ընկնելուց հետո, տաճիկները զենքը անմիջապես պիտի ուղղեն Ղարաբաղի դեմ, ուստի խորհուրդ էր տալիս զգուշանալ։ Արզումանյանը չէր մոռացել հաղորդել նաև համաշխարհային պատերազմի ընթացքի մասին համառոտ, բայց խիստ հետաքրքրական և խրախուսիչ տեղեկություններ։
Նա հայտնում էր, որ ֆրանսիական ճակատը պատռելու Գերմանիայի անհաջող փորձերը և Վերդենի տակ տված մեծամեծ զոհերը, իսկ 1918 թ. օգոստոսի սկզբներում Ֆրանսիայի Ամյեն քաղաքի մոտ անգլո-ֆրանսիական զորքերից կրած խիստ ծանր պարտությունը, այդ ամենը հյուծել և ուժասպառ են արել Գրեմանիային։
«Անտանտի» զորքերը,- գրում էր Արզումանյանը,- մեծ հաջողություններ ունեն նաև թուրքական ճակատում՝ Միջագետքում, Սիրիայի և Պաղեստինի մատույցներում, Արաբիայում և Դարդանելի մոտ: Այժմ,- գրում էր նա,- ամենքի համար դարձել է անտարակուսելի, որ ուժերի հարաբերակցության մեջ գերակռշությունը շրջվել է վերջնականապես Անտանտի օգտին, և գերմանական բլոկի մոտալուտ պարտությունը համարվում է անխուսափելի։ Շատ բնորոշ է,- հայտնում էր Արզումանյանը, - որ Գանձակում, թուրքական բարձրաստիճան զինվորականների նախկին հոխորտալի, գռեհիկ ու արհամարհական արտահայտություններին փոխարինել են այժմ ընկճվածությունը և զուսպ ու նրբանկատ վերաբերմունքը դեպի հայերը...»։
Արզումանյանի հաղորդած տեղեկությունները խիստ հուսադրիչ էին։ Կենտրոնական պետությունների բլոկի պարտությունից հետո, պարզ էր, որ թուրքերը Անդրկովկասում ամրանալ կամ երկար մնալ չէին կարող։ Ուստի այդ անցողիկ ժամանակաշրջանում անհրաժեշտ էր գործել մեծ հեռատեսությամբ, չսրել իրադրությունը, խուսափել տաճկական ուժերի հետ ընհարվելուց, ձգտելով ամեն կերպ բոլոր հարցերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Բայց միաժամանակ լինելով միշտ պատրաստ հարվածին հարվածով պատասխանելու համար։
Պատմության ընթացքում առաջին անգամ չէր, իհարկե, որ Ղարաբաղի հայությունը ստիպված պիտի լիներ գործ ունենալ ճակատ առ ճակատ տաճկական կանոնավոր բանակների հետ։
Տակավին 18-րդ դարի 20-ական թվականներին Ղարաբաղի հինգ սղնախներում կուտակված հայկական զինված ուժերը երբեմն բացարձակ ճակատամարտերում կամ դավադրական միջոցներով կարողանում էին ջախջախել թուրք նվաճողների գերազանց ուժերը և փառավոր հաղթանակներ տանել նրանց դեմ։ Բայց այդ ժամանակվա պատմական կոնկրետ պայմանները այլ էին։ Էականն այն էր, որ այն ժամանակներում այլ էր տեղական մուսուլմանության իշխող դասի՝ խաների և բեկերի վերաբերմունքը դեպի օսմանցիները։ Գտնվելով պարսկական պետականության ոլորտում, նրանք այնպես գրկաբաց չէին ընդունում թուրքերին, ինչպես մենք այդ տեսանք 1918 թվին, երբ պանթուրքական և պանիսլամական պրոպագանդը «ռուսոֆիլ» հայության դեմ ոտքի էր հանել Անդրկովկասի գրեթե ողջ մահմեդականությունը։ Սղնախների զինվորական և քաղաքական ղեկավարներին ոգեշնչում ու համախմբում էր օսմանցիների դեմ ցարական գործակալների կողմից ազատագրական խաբուսիկ խոստումներով մղվող ժամանակի պրոպագանդը։
Իսկ 1918 թվին, Բաքվի անկումից և Զաբուղում ու Ղարաղշլաղում կրած անհաջողությունից հետո, Ղարաբաղի հայ ղեկավարները կորցրին այլևս որևէ տեղից օգնություն ստանալու կամ սեփական ուժերով թուրքական վտանգը ընդմիշտ չեզոքացնելու հույսերը։
14. Ղարաբաղի ժողովդրական երկրորդ համագումարը (պատգամավորական ժողովը)
Ղարաղշլաղցի տղամարդիկ, դրդված գլխավորապես հացի կարիքից, շարունակում էին վրդովել տեղական հայ բնակչության հանգիստը, իսկ երբեմն էլ իրենց արշավներով սահմանմերձ թուրքական գյուղերի վրա՝ վտանգ ստեղծում ազգամիջյան բախումների։
Ընհանրապես, թե քաղաքում և թե շրջաններում, օրը օրին բարդանում էր տնտեսական առանց այն էլ ծանր կացությունը, պարարտ հող ստեղծելով արկածախնդրական տարրերի շահատակությունների համար։ Իսկ մյուս կողմից Ղարաբաղի հորիզոնում սկսում էր ավելի ու ավելի իրական կերպարանք ընդունել թուրքական վտանգը։
Ստեղծվել էր լուրջ վտանգներով հղի ծանր իրադրություն։ Կառավարությունը անհետաձգելի համարեց շտապ հրավիրել ժողովրդական համագումար՝ միջոցներ խորհելու ժողովրդի անդորրությանը և անվտանգությանն սպառնացող աղետները կանխելու համար։
Համագումարը բացվեց Շուշում 1918 թ. սեպտեմբերի 15-ին։ Որոշվեց հարց հարուցել Ազգամիջյան կոմիտեում՝ օգնելու ղարաղշլաղցիներին վերադառնալու իրենց բնակավայրը։ Դրան ազգամիջյան կոմիտեի մուսուլմանական ֆրակցիան խուսափոխական պատասխան տվեց, հայտնելով, որ այդ հարցը կարող է լուծել միայն Աղդամի Փաշան («կոմենդանտը»)։
Համագումարը ղարաղշլաղցիների վերադարձի հարցը խաղաղ միջոցներով լուծելու համար, որոշեց այդ նպատակով Աղդամ ուղարկել մի պատվիրակություն, բաղկացած հետևյալ հինգ անձերից՝ Հայրապետ Մուսայելյան, Դանիել Առաքելյան (համագումարի նախագահ), Աշոտ Մելիք Հովսեփյան, Արշավիր Քամալյան և Գերասիմ Մելիք-Շահնազարյան (Շուշու նախկին քաղաքագլուխ)։
Որոշվեց հինգ շրջաններում ստեղծել շտապ հացահատիկի ֆոնդեր` գաղթականներին ու չքավոր գյուղացիության օգնելու և երկրի պաշտպանության կարիքների համար։
Կառավարության կազմում կատարվեցին փոփոխություններ. նշանակվեցին առանձին կառավարիչներ` ներքին և արտաքին գործերի (Լևոն Վարդապետյան և Աշոտ Մելիք-Հովսեփյան): Մարկոս Տեր-Աստվածատրյանի փոխարեն ֆինանսների կառավարիչ նշանակվեց դարձյալ Արամ Միքայելյանը։
Համագումարը երեք նիստերից հետո փակվեց։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան պատգամավորների մեծ մասկ մեկնեց տեղերը, թողնելով Շուշում համագումարի նախագահ Առաքելյանին և մի խումբ պատգամավորների` օգնելու կառավարության։
***
Սեպեմբերի 15-ին թուրքերը արդեն գրավել էին Բաքուն։ Այդ լուրը առաջին անգամ կառավարության հաղորդեց Բեհբուդովը։ Շատերը անհավաստի համարեցին այդ տեղեկությունը, որովհետև Բեհբուդովին հայտնողը եղել էր նրա ազգականներից մեկը, իսկ վերջինս էլ լսել էր Շուշու թուրք «կոմենդանտի» քարտուղարից։ Բայց երբ Լյուֆտալի-բեկը կամեցել էր ճշտել, հարցնելով անմիջապես Հասան Բասրի-բեյից, վերջինս ինչ-որ նկատառումներով ժխտել էր, հայտնելով, որ դեռևս հաստատուն լուրեր չկան։
Բաքուն հիրավի ընկել էր և ընկել էր իսկապես սեպտեմբերի 15-ին։ Տաճկական զորքերի հիմնական ուժերը քաղաք էին մտել միայն հաջորդ օրվա երեկոյան, իսկ Ադրբեջանի կառավարությունը քաղաք էր մտել միայն սեպտեմբերի 18-ին։ Դա կատարվել էր այդ դիտավորությամբ, որ ժամանակ և հնարավորություն տրվի մուսուլման ջարդարարներին հայ խաղաղ բնակչության նկատմամբ իրագործելու օսմանյան հրամանատարության և անվանի հայակերներ Խան-Խոյսկու և Ջիվանշիր-խանի ծրագրած կոտորածն ու թալանը։ Երեք օր շարունակ, սեպտեմբերի 15-ից մինչև 17-ը, Բաքու քաղաքի և նրա շրջանի հայերի կյանքը և ստացվածքը մատնված են եղել դրսից խուժած մուսուլման հրոսակների և քաղաքի զինված տականքների քմահաճույքին։ Սպանվել էին 30 հազարից ավելի հայեր, առևանգվել հազարավոր աղջիկներ և կանայք, կողոպտվել տասնյակ միլիարդների հասնող հարստություն։
Բաքվի անկման լուրը Ղարաբաղում տարածվելուց հետո ոչ ոք դեռ հաստատ չգիտեր այնտեղ տեղի ունեցած ահռելի կոտորածի մասին։ Լուրերի տարածման սկզբնաղբյուրը տեղացի մուսուլմաններն էին, որոնք սակայն Ղարաբաղցի հայերից խնամքով թաքցնում էին Բաքվում կատարած խժդժությունները։ Կոտորածների մասին հատուկտոր տեղեկություններ սկսել էին տարածվել Շուշում թուրքերը քաղաք մտնելուց հետո միայն[2]։
Ոմանք կարծում էին, որ Բաքվի հետ թուրքերի ձեռքն էր անցնում Անդրկովկասի պաշտպանության վերջին պատնեշը, որ իբր` Անդրկովկասի բոլոր մասերը, մինչև Բաքվի ընկնելը, նվաճված էին արդեն թուրք-գերմանական բլոկի կողմից։ Դա ճիշտ չէր։ Հյուսիս-արևելյան Հայաստանի մի կարևոր մասը՝ Սյունիքը և Լեռնային Ղարաբաղը նվաճել և Ադրբեջանին ենթարկել թուրքերը չկարողացան ընդհուպ մինչև իրենց զորքերի էվակուացիան Անդրկովկասից, Մուդրոսի զինադադարի համարձայն։
Բաքուն գրավելուց հետո, գրեթե անմիջապես, թուրքերը սկսեցին կենտրոնացնել իրենց զորամասերը Ղարաբաղի սահմանների վրա։ Իսկ որոշ զորամասեր դրանից առաջ արդեն Աղդամ էին բերված։
***
Սեպտեմբերի 18-ին համագումարից նշանակված պատվիրակությունը մեկնեց Աղդամ։ Նրան միացավ Լյուֆտալի Բեհբուդովը։ Վերջինիս նպատակն էր աջակցել պատվիրակությանը՝ տեղ հասնելու անվտանգ և ապա Աղդամում ամեն կերպ օգնել, որպեսզի ղարաղշլաղցիների վերադարձի խնդիրը լուծվի դրականապես։
Պատվիրակությունը, երբ Ասկերան անցնելով հասավ նրանից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մուսուլմանական գերեզմանատան տեղի թուրքական սահմանապահները կամեցան կալանավորել պատվիրակության անդամներին։ Բեհբուդովին դժվարությամբ հաջողվեց հասկացնել թուրք սպային, թե ովքեր են իրենք և ինչ միսիայով են գնում Աղդամ։
Պատվիրակությունը Աղդամում վերջնականապես համոզվեց, որ Բաքուն հիրավի ընկել է, և թուրքերը Ղարաբաղի վրա արշավելու եռանդուն պատրաստություններ են տեսնում։ Աղդամը վերածված էր զինվորական ճամբարի։ Արդեն այնտեղ էին գտնվում «Կովկասյան առաջին մուսուլմանական դիվիզիայի» զորամասերը, ինչ-որ Ջամիլ-Ջայիդ-բեյի հրամանատարության տակ։
Այդ Ջամիլ-Ջայիդ-բեյը, տեղեկանալով Ղարաբաղից եկած հայ պատվիրակության մասին, կարգադրեց բերել պատվիրակության անդամներին իր մոտ։ Ապա հաղթական աքլորի կեցվածք ընդունելով, իր թարգմանչին հրամայեց հայտնել, որ բեյը պատվիրակության անդամներին պահելու է Աղդամում իբրև պատանդներ և պահանջում է նրանից նամակով հայտնել ժողովրդին, որ թուրքական հրամանատարությունը առաջարկում է զենքը հանձնել և հպատակություն հայտնել Ադրբեջանին։
Պատվիրակության ղեկավար Հայրապետ Մուսայելյանը, տեղեկանալով, որ Ջամիլ-Ջայիդ-բեյը բավականաչափ գիտե գերմաներեն, անմիջապես դիմում է նրան և, բողոքելով իրենց իբրև պատանդներ Աղդամում պահելու որոշման դեմ, ասում է. «Պարոն հրամանատար, պատվիրակությունը Ղարաբաղից այստեղ է եկել խաղաղության միսիայով, որպեսզի փոխադարձ համաձայնությամբ, առանց ուժի դիմելու, հնարավորություն տրվի Ղարաղշլաղի հայ գյուղացիներին վերադառնալու իրենց գյուղը և վերստին զբաղվելու խաղաղ գյուղատնտեսական աշխատանքով։ Դա կօգնի մեզ պահպանելու կայուն խաղաղություն հայ և մուսուլման ժողովուրդների միջև, թե քաղաքու և թե շրջաններում։ Արդ, թույլ տվեք նախազգուշացնել ձեզ, պարոն հրամանատար, որ ուլտիմատումների լեզվով խոսելը, զինաթափության և հպատակության պահանջները չեն կարող ծառայել խաղաղության գործին, այլ կարող են միայն զայրույթ և կատաղի գրգռում առաջ բերել Ղարաբաղի ժողովրդի մեջ, իսկ դրա հետևանքները դժվար չէ նախագուշակել... Դուք, անշուշտ, տեղյակ եք մոտ ժամանակներս Կոստանդնուպոլսում կայանալիք կոնֆերանսին, որտեղ պիտի լուծվի նաև Անդրկովկասի երեք հանրապետությունների սահմանների հարցը։ Ինչո՞ւ չսպասել այդ կոնֆերանսի վճռին... Իմ խորհուրդն է, պարոն հրամանատար, խոսել Ղարաբաղի հայության հետ խաղաղության և բարեկամության լեզվով, իսկ մեզ, հետագա բարդություններից խուսափելու համար, ազատ թողեք վերադառնալու Ղարաբաղ»։ Բեյը, Մուսայելյանի խոսքերից գրգռված, պատասխանում է.«Մենք վաղուց պատրաստ ենք ձեզ հետ խոսելու զենքի լեզվով։ Ինչ վերաբերում է Կարադարասին (Ղարաղշլաղ), այն ավերվել է մեր կարգադրությամբ և երբեք չի կարող վերականգնվել»։ -«Պարոն հրամանատար, Ղարաբաղը սովոր չէ վախենալու կամ հնազանդվելու, երբ հակառակորդը սկսում է զենք ճոճել նրա դեմ,- ասում է Մուսայելյանը։ - Դա կարող է պատճառ դառնալ մեծ արյունահեղության , որի հետևանքները կարող են հավասարապես ծանր լինել երկու կողմերի համար։ Մի մոռացել պատմության դասերը, Ղարաբաղի հայությունը առաջին անգամ չէ, որ պատմության ընթացքում հանդիպում է օսմանցիներին իր սահմանների վրա։ Եթե չենք մոռացել, Ղարաբաղը երբեք պարտություն չի կրել ձեր զորքերի հետ ունեցած այդ «հանդիպումների» ժամանակ...»։ -«Անցյալը թողնենք պատմության,- պատասխանում է Ջամիլ-Ջայիդ-բեյը` այս անգամ մեղմորեն։- Մեր ուժերն այժմ անպարտելի են։ Բաքվի կռիվներում մենք հաղթանակով դուրս եկանք։ Այստեղ էլ մեր դեմ կռվողները մեծ մասամբ ձեր ղարաբաղցի հայերն էին և չարաչար պարտվեցին...»։ Այստեղ Լյուֆտալի-բեյը միջամտելով, խնդրեց բեյին թույլ տալ հայ պատվիրակներին վերադառնալ Ղարաբաղ` զեկուցելու ստեղծված իրադրության մասին։ Բեյը մի քանի վայրկյան տատանվելուց հետո համաձայնվեց թույլ տալ վերադառնալու միայն երկու հոգու և առաջարկեց պատվիրակության անդամներին ընտրություն կատարել։ Հենց այդ ժամանակ բեյի հերթապահ սպան ներս մտավ և հայտնեց, որ Լյուֆտալի-բեյ անունով մեկին պահանջում են դրսից։
Պահանջողները Լյուֆտալիի դահիճներն էին, հայ և մուսուլման ժողովուրդների բարեկամության ոխերիմ թշնամիները։ Լյուֆտալին դուրս եկավ...
Հայ պատվիրակները նրան, հայ և թյուրք ժողովուրդների համերաշխության անկեղծ պաշտպանին, այլևս չտեսան[3]։
Պատվիրակության երեք անդամները՝ Քամալյան, Մելիք-Հովսեփյան և Մելիք- Շահնազարյան Շուշի վերադառնալու համար նպատակահարմար գտան առաջարկել թուրք հրամանատարին Մուսայելյանի և Առաքելյանի թեկնածությունները, որոնք պատկանում էին ամենաազդեցիկ կուսակցության, որը վերջին հաշվով պիտի լիներ վճռողը՝ պատերազմել կամ խաղաղությամբ վերջացնել օսմանցիների հետ։
Ջամիլ-Ջայիդ-բեյը համաձայնվեց։ Նա առաջարկեց Մուսայելյանին և Առաքելյանին տանել և ներկայացնել Ղարաբաղի ղեկավարներին իր գրավոր պահանջները։ Իսկ Աղդամում իբրև պատանդներ կալանքի տակ առնված պատվիրակության երեք անդամներին արգելափակեցին բեյի հրամանով Աղդամի հարավ-արևելյան ծայրամասում գտնված մի երկհարկանի շենքում։ Նրանց վրա հսկելու համար կարգվեց հատուկ պահակախումբ, բաղկացած բացառապես աջարացի զինվորներից, լավ մարզված և կարգապահ։ Պահակախմբի պետին կարգադրվեց ուշադիր հսկել «երեք հայերի» ապահովությանը, հետևելով, որ ոչ ոք առանց թույլտվության մուտք չգործի նրանց մոտ։ Պատվիրակության անդամների նկատմամբ աջարացի զինվորները պահում էին իրենց զուսպ և նույնիսկ քաղաքավարի, իսկ երբեմն նաև սիրալիր և ընդառաջող։ Գրեթե յուրաքանչյուր օր ադրբեջանի զորքերի հրամանատարությունը, ի ցույց հայ պատվիրակների, զորաշարժեր կամ զինավարժություններ էր կատարում արգելատան կից տարածություններում, իսկ աջարացի ասկերները ծիծաղում էին ադրբեջանցի զինվորների անշնորհքության վրա և հայ պատանդներին հանգստացնելու համար ասում. «Այդ «ղարափախավորներից» մի վախեցեք, մենք թույլ չենք տա, որ նրանք ձեզ վնասեն»[4]։
***
Բաքվից, Գանձակից անընդհատ զորամասեր էին փոխադրվում Աղդամ։ Թուրքերը ամեն կերպ աշխատում էին, որ իրենց զինված ուժերը աննկատելի չմնան պատվիրակության անդամներից։ Զորքեր էին կենտրոնանում օսմանցի սպաների ղեկավարությամբ նաև մուսուլմանաբնակ Թարթար ավանում, Կարիագինոյում, Զաբուղում և Ղարաղշլաղում։ Թուրքերի նպատակն էր Ղարաբաղն առնել պաշարման օղակի մեջ, բռնելով ռազմագիտական բոլոր կարևոր կետերը։
***
Հայաստանի հանրապետական կառավարությունը տագնապով հետևում էր Ղարաբաղի շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։ Նա հնարավորություն չուներ կամ վախենում էր օսմանյան հրամանատարությունից `անմիջական կապ ստեղծելու Ղարաբաղի հետ և այնտեղից ստանալու անհրաժեշտ ինֆորմացիա, ուստի ստիպված էր բավականանալ իր դիվանագիտական ներկայացուցիչներից կամ կողմնակի աղբյուրներից ստացած հատուկտոր և հաճախ հակասական տեղեկություններով։ Այսպես, Հայաստանի հանրապետության Վրաստանի դիվանագիտական միսիայի ղեկավարը 1918 թ. սեպտեմբերին հայտնում էր Հայաստանի արտաքին գործերի մինիստրին, որ «Ըստ լուրերի՝ Ադրբեջանը և Թուրքական հրամանատարությունը իրենց հերթական խնդիրն են դարձրել ընկճելու Ղարաբաղը», և որ Միքայել Արզումանյանը և Մարտիրոս Հարությունյանը, որոնք Թիֆլիս են գնացել Գանձակից, հաստատել են այդ լուրերը։ «Ըստ վերջին տեղեկությունների,- հաղորդում էր միսիայի ղեկավարը,- թուրք-ադրբեջանական էշելոնները շարժվում են դեպի Ասկերան, որ գտնվում է հայերի ձեռքին»[5]։
Դիվանագիտական միսիայի այդ կցկտուր ինֆորմացիայից կարելի է եզրակացնել, որ, հիրավի, այդ ծանր պատմական մոմենտին Հայաստանի հանրապետության կառավարությունը որևէ ճշգրիտ, հավաստի տեղեկություններ չէր կարողանում ստանալ Ղարաբաղում տիրող իրադրության մասին, և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այդ երկրամասը շարունակում էր կտրված, մեկուսացած մնալ արտաքին աշխարհից, հայկական կենտրոններից և շրջաններից ու թողնված իր ճակատագրի կամքին։
***
Թուրքերի և Ադրբեջանի եռանդուն նախապատրաստություններին Ղարաբաղը անտեղյակ չէր։ 1918 թ. սեպտեմբերի 22-ին կառավարության ընդլայնած նիստում, մասնակցությամբ համագումարի անդամների մի մասի և մտավորականության ներկայացուցիչների, Մուսայելյանը զեկուցեց Աղդամում թուրք հրամանատարի հետ ունեցած հանդիպման մասին և ծանոթացրեց նրա գրավոր պահանջներին։
Հուզումը և գրգռումը ժողովականների շրջանում հասավ ծայրահեղ աստիճանի, երբ Մուսայելյանը հաղորդեց, որ պատվիրակության մյուս երեք անդամներին թուրքերը առել են կալանքի տակ և պահում են Աղդամում իբրև պատանդներ։ Ժողովը որոշեց պահանջել թուրքական հրամանատարությունից անհապաղ ազատել պատվիրակության երեք անդամներին։ Միայն այդ պայմանով խոստացվում էր բանակցություններ վարել թուրքերի հետ նրանց ներկայացրած պահանջների շուրջը։
Ժողովի որոշումը նույն օրը Ազգամիջյան կոմիտեի միջոցով հայտնվեց Հասան Բասրի-բեյին, որին խնդրվեց հաղորդել անմիջապես Աղդամ։
Թուրքական ուժերի արագ կենտրոնացումները Ղարաբաղի սահմանների վրա ստիպեցին կառավարության հայտարարել երկիրը վտանգի մեջ և ձեռք առնել մի շարք անհետաձգելի պաշտպանական միջոցներ։ Սեպտեմբերի 22-ի գիշերը կարգադրվեց շրջանների հարմանատարների անհապաղ ամրացնել սահմանները և 24 ժամյա անընդհատ հսկողություն հաստատել ամբողջ սահմանագծի վրա՝ Գյուլիստանից մինչև Դիզակ, չմոռանալով ամրացնել հսկողությունը նաև Ղարաբաղի լեռնաշղթայի անցուղիների վրա։ Առաջարկվեց ուժեղացնել միաժամանակ հետախուզական աշխատանքը՝ հետևելու թուրքերի շարժումներին։ Կատարվեց շուտափույթ ձիաների հավաքագրում։ Հրամանատարներն իրենց տրամադրության տակ միշտ պատրաստ ունեին անակնկալ հարձակումներից շատպանվելու համար փորձված մարտիկներից բաղկացած բավականաչափ հեծյալ ուժեր։ Կարգադրվեց Խաչենի և Վարանդայի հրամանատարներին հոգ տանել թիկունքի պաշտպանության համար՝ օսմանյան ուժերի, քրդերի և Ագարա գետի հովտի թյուրքերի անսպասելի հարձակումներից։ Խաչենի հրամանատարը պիտի անհրաժեշտ քանակությամբ մարտիկներ պահեր քաղաքի մոտակա Ղայբալիքենդ գյուղում, իբրև օժանդակ զորամաս, անհրաժեշտության դեպքում Շուշու հայկական մասին օգնության գնալու և «Քուրդիստանի» լեռնային անցուղիների վրա հսկելու համար։
Հրամանատարներին առաջարկվեց հետևել, որ կռիվների ժամանակ հարևան խաղաղ մուսուլմանական գյուղերի բնակչության վրա հարձակումներ չկատարվեն։
Սահմանապաշտպան զինված ուժերի ղեկավարությունը պիտի կազմակերպեր ըստ հնարավորության լայն ագիտացիա մուսուլման աշխատավորության շրջանում, ձգտելով ամեն կերպ գիտակցել տալու նրան, որ օսմանյան թուրքերը ոչ միայն հայերի, այլև Ադրբեջանի մուսուլման աշխատավորության թշնամիներն են, որ նրանք Անդրկովկաս են մտել մուսուլման բեկերի, խաների և աղալարների պաշտպանությամբ, հովանավորելու և ամրացնելու Ադրբեջանի մուսուլման աշխատավորության ճնշողների իշխանությունը, որ հայերի պայքարը ուղղված է ոչ թե թյուրք ժողովրդի, այլ օսմանյան բռնակալների և նրանց հովանավորությունը վայելող ադրբեջանական ամեն կարգի ճնշողների դեմ։
Սեպտեմբերի 23-ի երեկոյան Շուշում ստացվեցին շրջաններից առաջին տեղեկությունները, որ պաշտպանական միջոցառումները սկսված են հաջող, որ մարտիկները և ժողովուրդը պատրաստ են և լի վճռականությամբ թուրք-ադրբեջանական հորդաների հարվածին պատասխանելու խորտակիչ հակահարվածով։
Նույն օրվա գիշերը դեպի Ասկերան ուղևորվեց զինվորական գործերի կառավարիչը կառավարության երկու այլ անդամների և զինվորական կենտրոնական շտաբի պետի հետ, ստուգելու տեղում Ասկերանի պաշտպանության ձեռնարկումների ընթացքը և անելու մի քանի անհրաժեշտ կարգադրություններ։
Սեպտեմբերի 24-ի ամբողջ օրը դիրքերը ստուգելուց հետո, երբ նրանք հանգստանում էին բժիշկ Բահաթրյանի կալվածքում, գիշերը հայ սահմանապահները բերին և հանձնեցին Նուրի փաշայի ուլտիմատումը, ուղղված ղարաբաղցիներին։
Կամենալով տարածել ուլտիմատումը ամենից առաջ Ասկերանի մոտակա հայկական գյուղերում, թուրքերը իրենց զինվորական պոստերի միջոցով նրանից մի քանի օրինակ հանձնել էին Ասկերանի հայ սահմանապեհներին։
Ուլտիմատումը տպագրված էր կարմրագույն մեծադիր թղթի վրա և, որքան հիշում եմ, երեք լեզուներով՝ թուրքերեն, հայերեն և ռուսերեն։Այն սկսվում էր «Ղարաբաղցինե´ր» կոչականով և ուներ մոտավորապես հետևյալ բովանդակությունը։ Նախ գոռոզամիտ և հոխորտալի բառերով հայտարարվում էր ղարաբաղցիներին, որ տաճկական հրամանատարությունը Բաքուն գրավելուց հետո իր «հաղթական զորամասերն» է ուղարկել Ղարաբաղի դեմ և պահանջում է ղարաբաղցիներից զինաթափվել, ճանապարհ տալ թուրքական և ադրբեջանական զորքերին անցնելու Շուշի և ճանաչել Ադրբեջանի իշխանությունը։
Վերջնագրին պատասխանելու համար ժամանակ էր տրվում 24 ժամ, որ պիտի վերջանար սեպտեմբերի 26-ի երեկոյան ժամի 7-ին։ Եթե այդ ժամանակամիջոցում վերջնագրին դրական պատասխան չտրվեր, ապա Նուրի փաշան սպառնում էր պատերազմական գործողություններ սկսել Ղարաբաղի դեմ։ Նա հայտնում էր, որ թուրքերին չեն վախեցնում Ղարաբաղի անառիկ լեռները և հիշեցնում էր ղարաբաղցիներին Զեյթունը, Սասունը, որոնք «չդիմացան թուրքական բանակի հարվածներին»։ Փաշան վերջացնում էր իր ուլտիմատումը մոտավորապես հետևյալ խոսքերով. «Ղարաբաղցինե´ր, եթե դուք այնուամենայնիվ վճռել եք պատերազմել մեր դեմ, այդ դեպքում տեղափոխեցեք ձեր կանանց, երեխաներին և ծերունիներին լեռները, որովհետև մենք գործ ունենք միայն կռվողների հետ...»։
Թուրքական հրամանատարության այդ ուլտիմատումը ևս Ղարաբաղի ժողովրդին և նրա ղեկավարությանը ահաբեկել չկարողացավ։ Մի ժողովուրդ, որի մեջ չէր մեռել իր նախնիների վառ հայրենասիրությունը, ազատասիրությունն ու նրանց մարտական ոգու ամբողջ աշխուժությունը, որի մեջ չէր մարել ազգային ինքնասիրության և արժանապատվության վեհ զգացումը, մի ժողովուրդ, որ իր անառիկ լեռներին ապավինած՝ վիզ չէր ճկել և ոչ մի ահեղ բռնակալի առաջ, այդպիսի մի ժողովրդի, հարկավ, հեշտ չէր վախեցնել նման ուլտիմատումներով։
Թուրքերը, անշուշտ, հասկանում էին։ Եթե նրանք ղարաբաղցիների վրա ներգործելու համար հիշեցնում էին նրանց ավերած Զեյթունը, Սասունը, ապա օսմանցիները իրենք էլ հավանորեն չէին մոռացել այն ուժգին հարվածները, որ կրել էին հայ-ազատագրական երկարատև հերոսամարտերի ընթացքում ոչ միայն զեյթունցիներից ու սասունցիներից, այլև ղարաբաղցիներից՝ դեպի արևելյան Անդրկովկաս ձեռնարկած իրենց երբեմնի արշավանքների ժամանակ։ Դրա ուշագրավ վկայությունը ուլտիմատումի սպառնալից և հոխորտական տոնի մեջ որոշակիորեն գզացվող երկյուղի և զգուշության նոտաներն էին։
Թուրք հրամանատարությունը Ղարաբաղի նկատմամբ իր նվաճողական նենգ մտադրությունները հավանորեն կամենում էր իրագործել անաղմուկ, խաղաղ միջոցներով և կարճ ժամանակամիջոցում։ Մինչդեռ պատերազմը Ղարաբաղի հետ կարող էր ձգձգել նրանց մտադրությունների իրագործումը և մինչև իսկ աղետալի հետևանքներ ունենալ թուրքերի համար։
Թուրքերի ռազմագիտական պլանների մեջ էր մտնում ամենից առաջ մտնել Շուշի և այն դարձնելով պլացդարմ՝ ենթարկել ամբողջ լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին։ Այնուհետև թուրք-ադրբեջանական ուժերը մտածում էին զինաթափ անել Գանձակի լեռնային մասի հայկական գյուղերը և ապա հավաքագրելով Մուղանի, Ագարա գետի հովտի, Նախիջևանի և այլ մուսուլմանաբնակ վայրերի բազմահազար զինված հրոսակներին՝ գրոհել Զանգեզուրի և Դարալագյազի վրա։ Հաջողության դեպքում այդ երկու շրջաններն ևս պիտի միացնեին Ադրբեջանին: Դա թուրքերի և մուսավաթական ղեկավարների պանթուրքական ծրագրի մի կարևոր մասն էր, որ նրանք աշխատեցին իրագործել ամեն կերպ, նույնիսկ 1919 թվին, երբ Անդրկովկասում նստած էին հաղթական Անտանտի ներկայացուցիչները անգլիական օկուպանտների գլխավորությամբ։ Ահա թե ինչպիսի դավեր էին մտմտում օսմանցիները և նրանց ադրբեջանական սատելիտները, նպատակ ունենալով զավթելու հյուսիս-արևելյան Հայաստանի գոյության համար վճռական նշանակություն ունեցող հայկական անառիկ լեռնաշխարհը։ Բայց, բարեբախտաբար, հայության ոխերիմ թշնամիները բավականաչափ ժամանակ և միջոցներ չունեցան իրագործելու իրենց դիվային ծրագիրը։
***
Նուրի փաշան իր հետ Աղդամ էր բերել Գալիպոլիի թերակղզուց Բաքվի ճակատը փոխադրված դիվիզիայի երկու լավագույն մասեր։ Բացի դրանից, ինչպես ասացինք, արդեն բավականաչափ զորքեր էին կենտրոնացված Աղդամում և ամբողջ հայ-մուսուլմանական սահմանի երկարությամբ այլևայլ կարևոր կետերում, իրենց ամեն տեսակի պատրաստությամբ։ Նուրի փաշայի պահանջով և նրա ուղեկցությամբ այս անգամ Աղդամ էին եկել Ղարաբաղ մեկնելու համար Գանձակի հայ ղեկավար շրջաններից ուղարկված Սերգեյ Տեր- Իսրայելյանը և ոմն Լևոն Վարդապետը, որոնց միսիան կայանում էր նրանում, որ պիտի աշխատեին համոզել Ղարաբաղի կառավարության և ժողովրդին՝ զենք չբարձրացնել թուրքերի և ադրբեջանցիների դեմ, այլ բոլոր հարցերը լուծել փոխադարձ համաձայնությամբ, որպեսզի «Գանձակի և նրա լեռնային շրջանի հայության կյանքն ու ստացվածքը նույնպես վտանգի չենթարկվեին...»։ Նուրի փաշայի հետ Աղդամ էր եկել նաև մի տաճիկ դիպլոմատ, քաղաքացիական հագուստով։ Նա տեսակցեց Աղդամում իբրև պատանդ պահվող հայ պատվիրակների հետ և շատ քաղաքավարի, մեղմ և ռուսերեն անուշախոս աշխատեց համոզել պատվիրակության անդամներին, որ թուրքերը թշնամի չեն հայերին, որ նրանք որևէ ագրեսիվ նպատակներ չունեն Ղարաբաղի նկատմամբ, որ կռիվը թուրքերի դեմ կարող է պատճառ դառնալ ավելորդ արյունահեղությունների և այլն։ Թուրք դիպլոմատը հորդորում էր պատվիրակության անդամներին Ղարաբաղ վերդառնալուց ամեն կերպ համոզել ժողովրդին և ղեկավարներին զենքի չդիմել և խաղաղությամբ լունծել բոլոր հարցերը թուրքական հրամանատարության հետ։
Սեպտեմբերի 25-ին Նուրի փաշայի կարգադրությամբ ազատ արձակվեցին կալանքից պատվիրակության երեք անդամները և Գանձակից եկած երկու հայերը հետ ուղարկվեցին Շուշի։ Սակայն հայկական ուղեմասում նրանք հանդիպեցին անակնկալ դժվարության։ Ասկերան-Շուշի խճուղու անվտանգության վրա հսկող հայկական հեծյալ ջոկատը ձերբակալեց նրանց և նույնիսկ կամեցավ ինքնադատել իբրև «դավաճանների», սակայն ջոկատի պետը կարգադրեց տանել նրանց Ղայբալիքենդ գյուղը, Խաչենի հրամանատարի մոտ։ Վերջինս ազատեց իսկույն բոլորին և հատուկ պահակախմբի ուղեկցությամբ ուղարկեց քաղաք։ Շուշի վերադարձող պատվիրակները տանում էին իրենց հետ Նուրի փաշայի ուլտիմատումը Ղարաբաղի կառավարությանը հանձնելու։ Սակայն նրանից առաջ Ասկերանի շրջանից վերադարձած կառավարության անդամների զեկուցումից և բերած ուլտիմատումի օրինակից կառավարությունն արդեն իրազեկ էր ստեղծված իրադրությանը։ Նաև հայտնված էր Աղդամի թուրք հրամանատարությանը, որ ուլտիմատումին իրավազոր է պատասխանելու միայն ժողովրդից ընտրված պատգամավորների ժողովը և պահանջվել էր ժամանակ տալ հրավիրելու այն։ Միաժամանակ, առանց տաճիկ հրամանատարության պատասխանին սպասելու, կառավարությունն արդեն ձեռնարկել էր անհապաղ գումարելու Շուշում ժողովրդական արտակարգ համագումար, բաղկացած յուրաքանչյուր գյուղից ընտրված 2-ական պատգամավորներից։
Սեպտեմբերի 26-ի առավոտյան թուրք հրամանատարությունը հայտնեց իր համաձայնությունը՝ սպասելու պատգամավորական ժողովի որոշման։ Իսկ հաջորդ օրվա կեսօրին արդեն ժողովվել էին Շուշում 600-ից ավելի պատգամավորներ, և դեռ շարունակում էին գալ, բոլորը, առանց բացառության, զինված ոտից գլուխ։
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
[1] Սեպտեմբերի սկզբներին էր, Ղարաղշլաղի պարտությունից հետո, երբ տաճկական հրամանատարությունը կապ հաստատեց Շուշու մուսուլմանական մասի կոմենդանտ Հասան Բասրի-բեյի հետ Աղդամից տրվող ազդանշաններով։ Գրեթե ամեն օր պարզ գիշերներին, քաղաքի բարձրանիստ տեղերից կարելի էր սովորական աչքով տեսնել, թե ինչպես որոշ ժամերի Աղդամից ազդանշաններ էր հաղորդվում կարմիր լապտերի միջոցով Շուշու մուսուլմանական մասին։ Քաղաքից հաղորդվող ազդանշանները նկատելի էին միայն Ասկերանից և նրա մոտակա հայկական գյուղերից։
[2] Թուրք-ադրբեջանական իշխանությունները Բաքվի 1918թ. սեպտեմբերյան հրեշային եղեռնը համարում էին ցինիկորեն վրեժխնդրություն մարտյան դեպքերի համար։ Մինչդեռ Բաքվի քաղաքացիական կռիվների ժամանակ (1918 թ. մարտի 30-ից մինչև ապրիլի սկզբները) քաղաքաբնակ հայերը ցույց էին տվել մուսուլման բնակչության նկատմամբ ջերմ մարդասիրական վերաբերմունք։ Ճակատամարտի ամենաթեժ պահին հայերից շատերը, հաճախ ռիսկի ենթարկելով իրենց կյանքը, ազատել, թաքցրել և գրկաբաց պատսպարել էին քաղաքի հայկական մասում 20.000-ից ոչ պակաս մուսուլմանների, որոնցից 13 հազարը զանազան հասարակական շենքերում և 7.000-ի չափ մասնավոր բնակարաններում։ Քաղաքում լիակատար հանգստություն տիրելուց հետո հայերը այդ բոլոր մուսուլմաններին հանձնել էին պարսկական կոնսուլին, որը հրապարակորեն և պաշտոնապես արտահայտել էր հայերին իր շնորհակալությունը մուսուլմաններին ազատելու համար։
Բաքվի մուսուլմանների խոշորագույն ղեկավար Հաջի-Զեյնաբ-Աբդին Թաղիևը, որին ազատել և պահպանել էին դարձյալ հայերը, շրջաբերական հեռագրով, ուղղված անդրկովկասյան մուսուլմաններին, հայտնել էր, որ մարտ-ապրիլյան դեպքերը ամենևին չեն կրել հայ-թուրքական ընդհարման բնույթ։
Բաքվի դեպքերի մեջ հիմնական ղեկավար դեր խաղացող մարմինը՝ բոլշևիկակակն Կովկասյան Երկրային Խորհուրդը բաղկացած էր 17 հոգուց, որի մեջ կային երկու թյուրք և միայն երկու հայեր։
Հայերի 1918 թ. սեպտեմբերյան կոտորածը, նրանց ստացվածքի կողոպուտը, աղջիկների և կանանց առևանգումները շարունակվել էին մասնակի կերպով մի քանի ամիսներ և դադարել միայն Թուրքիայի պարտությունից հետո։ Իսկ շրջաններում հայերի կոտորածները շարունակվել էին նաև 1919 և 1920 թվերի ընթացքում, դաշնակիցների Բաքվում եղած ժամանակ։ Տե´ս ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 849բ, թերթ 35-36։
[3] Ինչպես հետագայում պարզվեց, Աղդամի մուսավաթական բեկերը Լյուֆտալիին խաբեությամբ տարել սպանել էին։ Այդ նողկալի ոճիրը քողարկելու համար նրա դահիճները սուտ լուրեր էին տարածել, որ իբրև թե Լյուֆտալին սպանվել է հայերի արձակած գնդակից այն ժամանակ, երբ նա սպիտակ դրոշակը ձեռքին իբր կամեցել է մոտենալ հայկական Քյաթուկ գյուղի դիրքերին։ Լյուֆտալիի թշնամիները նրա դիակը մերժել էին հանձնել նրա հարազատներին։
[4] Թուրքերը «ղարափախավոր» էին կոչում արհամարհանքով ոչ միայն Ադրբեջանի բանակի սպաներին և զինվորներին, այլև յուրաքանչյուր արդրբեջանցու անխտիր։ Նրանք կողոպտում էին Ադրբեջանը։ Թյուրքական գյուղերում էսմանցիք թույլ էին տալիս ամեն տեսակի բռնություններ, մթերքների ռեկվիզիցիաներ։ Եվ մուսավաթական ղեկավարները այդ ամենը համբերատարությամբ կուլ էին տալիս հանուն պանթուրքական, պանիսլամական իրենց ցնդաբանությունների, հանուն «մեծ Ադրբեջանի», որ նրանք ձգտում էին ստեղծել ի հաշիվ Հայաստանի և Վրաստանի տերիտորիաների, օգտագործելով թուրքերի «եղբայրական ուժերը»։
[5] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 70, թ...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել