HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ենոքավան. կոլորիտային պապիկների գյուղ

Ենոքավանը կարելի է անվանել  կոլորիտային պապիկների գյուղ։ Նրանց հետ կարելի է անվերջ զրուցել։ Անվերջ կարելի է լսել նրանց կյանքի պարզ ու իմաստուն, միամիտ ու իդեալիստական շարադրանքը։

Կենսուրախ պապիկ

Օնիկ Օրդինյանին գյուղում հազվադեպ են անունով կոչում։ Բոլորը նրան դիմում են մականունով՝ Մուլտ։ Ոչ ոք արդեն չի հիշում, թե որտեղից է առաջացել այդ մականունը, սակայն այն շատ է սազում նրան։ Նա նման է «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները» մուլտֆիլմի թզուկին։

Մուլտը ողողված է երջանկությամբ։ Նա ուրախանում է ամեն ինչի համար՝ իր, կյանքի, անսպասելի հյուրերի։ 

Մենք նստած ենք սեղանի շուրջ ու ուտում ենք նրա կնոջ պատրաստած թթու վարունգները, ու ինձ թվում է, որ կյանքումս ավելի համեղ բան չեմ կերել։ 

«Այո, - ուրախանում է Մուլտը, - սա ուրիշ տեխնոլոգիա է, ոչ ոք էսպես չի կարողանում»։ 

Գյուղի տղաներից կազմված իմ շքախումբը Մուլտի գլխավորությամբ դատարկում է թթի օղու շշերը։ Արդեն երեկոյան ժամը 9-ն է, աշխատանքներն ավարտված են, ու մաքուր խղճով կարելի է հանգստանալ։ 

Մուլտը սարսափելի շատախոս է ու մերթ ընդ մերթ բղավում է կնոջ վրա, ով փորձում է փոքր-ինչ զսպել ամուսնու գերաշխուժությունը։ Բղավելուց մեկ վայրկյան անց լայն ժպիտը վերադառնում է նրա դեմքին, եւ Մուլտը շարունակում է պատմել դեսից- դենից՝ ամեն ինչի վերաբերյալ ունենալով իր ամուր կարծիքը։

Մուլտը հպարտությամբ պատմում է, որ իր նախապապը եղել է ազնվական եւ գյուղի հիմնադիրներից մեկը։ Նրա անունն Արզուման է եղել, եւ նա եկել է Նոյեմբերյանից։ Նա առաջարկել է բոլոր տավուշցիներին, ովքեր ունեն իրենց ազնվական ծագման ապացույցը, միանալ եւ կառուցել բնակատեղի իրենց՝ ազնվականների համար։ 

«Այդպես էլ ստեղծվել է Ենոքավանը, - ասում է Մուլտը, - միայն ազնվականների եւ ազնիվ մարդկանց համար։ Իսկ անազնիվների ու հանցագործների գլխին միանգամից տեսնում էին դատաստանը ու նետում նրանց քարե անդունդը»։

Պատմությունների ընդմիջմանը նա մեզ հյուրասիրում է խնձոր սեփական այգուց։

«Ինչպե՞ս եք հաջողացնում այստեղ միրգ աճեցնել, - զարմանում եմ ես։ - Այստեղ, ասում են, բացի կարտոֆիլից ու եգիպտացորենից, ոչինչ չի աճում»։

«Ինչպե՞ս թե չի աճում, - վրդովվում է նա։ - Անբան են, դրա համար էլ չեն կարողանում աճեցնել։ Միայն քննադատել են սիրում, ամեն պրոբլեմի համար կառավարությանն են մեղադրում, իսկ իրենք մատը մատին չեն ուզում տալ։ Գիտե՞ս՝ ինչու եմ հաջողացնում ամեն ինչ աճեցնել։ Որովհետեւ ընտանիքս համերաշխ է, ու բոլորս աշխատում ենք ընդհանուր գործի համար։ Նույն ձեւի պիտի երկրում լինի, պիտի ոչ թե քննադատես կառավարությանը, այլ օգնես նրան։ Հորս ժամանակները գյուղացին թոշակ չէր ստանում։ Կառավարությունը հաշվարկել էր, որ գյուղացու ունեցած հողը, անասունը, տնային թռչուններն ավելի շատ եկամուտ են նրան բերում, քան քաղաքի բնակիչն ունի։ Իսկ հիմա բոլորը հավասար թոշակ են ստանում ու էլի շարունակում են բողոքել։ Ես մտածում եմ, որ քաղաքի բնակչին պիտի 10000 դրամ ավել թոշակ տան, քան գյուղացուն»։ 

Ես նրան հարցնում եմ, թե ինչ է մտածում Ենոքավանում բավականին լուրջ խնդրի մասին. երիտասարդները նախընտրում են չամուսնանալ՝ պատճառաբանելով, որ գործ չկա, ու ընտանիք չեն կարող պահել։ Գյուղում ժամերով կարելի է զբոսնել ու ոչ մի աղջիկ չտեսնել։ «Դրսու՞մ ինչ կա, որ դուրս գան, - ասում են գյուղի տղաները, - թող տանը նստեն, իրենց գործերով զբաղվեն»։

Իսկ մինչ աղջիկները զբաղված են իրենց գործերով, պատմում է ինձ Ենոքավան ուղեկցող ընկերս, ով մի քանի տարի աշխատել է այնտեղ զբոսաշրջության ասպարեզում, գյուղի տղաները «շփվում են» արտասահմանցի եւ տեղացի իգական սեռի զբոսաշրջիկների հետ։ 

«Ամռանը դեռ ոչինչ, զբոսաշրջիկներ շատ են գալիս։ Իսկ ձմռանը, երբ հազվադեպ են գալիս, առանձնահատուկ վտանգավոր է աղջիկների համար», - ասում է նա, եւ իմ շքախումբը ծիծաղելով միանում է նրա զգուշացմանը։

Տղաների չամուսնանալու վերաբերյալ հարցիցս Մուլտը կրկին զայրանում է՝ ավելի նմանվելով մուլտֆիլմի թզուկին.

«Ախր, ասում եմ, անգյալ են ուղղակի։ Աշխատանք շատ կա, ուղղակի չեն ուզում չարչարվել, ուզում են ամեն ինչ պատրաստի ունենալ»։

«Լավ, էլի, - զրույցին խառնվում է «անգյալ երիտասարդության» մի ներկայացուցիչ,- ինչի՞ մեջքներս ծռենք հողի վրա, որից եկամուտ էլ չես ստանա։ Մի տարի կարկուտ է, մյուս տարի՝ երաշտ»։ 

«Ի՞նչ ես հասկանում դու հողից, - ավելի է բորբոքվում Մուլտը, - ամբողջ աշխարհը հողն է կերակրում։ Հողը մորից թանկ է։ Եթե մայրը կրծքով կերակրում է երկու-երեք տարի, հողն ամբողջ կյանքն է կերակրում»։ 

«Ահ, հիմիկվա ջահելությունը ոչ մի բանի պետք չի,- հուսահատ թափ է տալիս ձեռքը Մուլտը։ - Ես  72 տարեկան եմ, իմ եղբայրներն ավելի մեծ են, մեզանից ոչ մեկն ակնոց չի կրում։ Որովհետեւ ամբողջ կյանքներս շփվել ենք հողի հետ, երեխա ժամանակ ողջ օրն անտառում շրջում էինք, ամեն տեսակի օգտակար խոտաբույսեր էինք հավաքում, միայն անարատ մթերք էինք օգտագործում։ Էս մածունը գիտե՞ս ինչ հրաշքներ է գործում։ Իսկ հիմա առաջին դասարանցին ակնոց է դնում։ Բնությունից չի կարելի է հեռանալ, կհիվանդանաս»։ 

Այս վերջին մտքից մի նոր միտք է ծագում։

«Շան ձագը երբ ծնվում է, երեք շաբաթ աչքերը փակ է ապրում։ Մարդկանց մոտ էլ էդպես պիտի լինի։ Կրծքով կերակրելուց մայրը պիտի շոր գցի երեխայի դեմքին, որ լույս չտեսնի։ Էդպես հոյակապ տեսողություն կունենա մինչեւ 90 տարեկան»։ 

Մի երկու բաժակ էլ դատարկելուց հետո Մուլտը մեզ ներկայացնում է մի «տեսություն», թե ինչու մարդը պետք է սիրի կատվին եւ հեռու մնա շնից։ 

«Գոտկատեղից վերեւ մարդը «-» է, իսկ կատուն՝ «+» (նկատի ունի բացասական ու դրական լիցքերը)։ Շունն էլ է «-»։ Դրա համար մարդը պիտի կատվի հետ շփվի, որ դրական լիցքեր ստանա։ 

Բավականին ուշ էր, երբ հրաժեշտ տվեցինք Մուլտին ու գնացինք։ Քանի որ չհամտեսեցինք սեղանին դրված «անարատ մածունը», նա երեւի որոշեց, որ առողջ ապրելակերպի վերաբերյալ ամբողջ դասախոսությունն իզուր անցավ։ Բայց մարդկությանն օգնելու ցանկությունն այնքան մեծ էր, որ նա հաջորդ առավոտյան արդեն սպասում էր մեզ հին գերեզմանոցի մոտ, ուր գնացել էինք նկարելու տապանաքարերը։ Նրա ափերը լի էին ընկույզով, եւ նա սկսեց առատորեն հյուրասիրել ընկերոջս, որին առանց հարցնելու անգամ արդեն ընդունել էր որպես իմ ամուսին։ Ինձ տալով մի ընկույզի կեսը միայն՝ մնացածն արագ ջարդում էր եւ գրեթե մտցնում ընկերոջս բերանը՝ անընդհատ հիշեցնելով, թե որքան օգտակար է ընկույզը տղամարդուն։

Պապիկ-պոետ

Գուրգեն Փաշինյանը 82 տարեկան է։ Ինչ-որ բան պատմելիս նա նայում է ոչ թե ինձ, այլ իմ միջով դեպի հեռուն՝ կարծես բարձրաձայն ինքն իր համար ընթերցելով իր կյանքի օրագիրը։ Ձեռնափայտին հենված,  հայացքն ուղղած դեպի անվերջություն՝ նա արտասանում է.

Պառկել եմ կալյասկի վրա տկլոր - տկլոր,
Հիշում եմ իմ անցած տարիները բոլոր, 
Որ կյանքս երազի նման թռավ, գնաց, 
Սրտիս խորքերում խոր վերքեր մնաց։
Անցել են կյանքիս ջահել օրերը,
Տուն ու տեղ թողած՝ ընկել եմ չոլերը,
Որպեսզի աչքերս բուժեն,
Իմ հոգսը քաշեն, ծերության հասակին իմ կյանքը մաշեն։
Մոտեցել է աշխարհից հեռանալու իմ ժամը,
Այդպես է դրված աշխարհիս բանը։ 
Մեկը գնում է, մեկը՝ գալիս, 
Մեկն ուրախանում է, իսկ մյուսը՝ լալիս։
Մահին էլ կասենք՝ դու վատն ես,
Բայց մարդկության փրկության զարդն ես։
Ուզում եմ ինձ տանես երջանիկ մահով,
Որ չտառապեմ տանջալից ցավով։
Մահին էլ կասեմ՝ բարով ես եկել,
Երիտասարդներից դու հեռու անցիր,
Մեզ՝ մեծերիս, կարող ես տանել,
Երիտասարդներին երջանիկ պահել։

Ռիթմից փոքր-ինչ շեղված այս տողերը Գուրգեն պապը հորինել է հանպատրաստից, երեք տարի առաջ, հիվանդանոցի միջանցքում, երբ նրան սայլակով տանում էին դեպի վիրահատարան՝ աչքերի կատարախտը վիրահատելու։ 

«Հիմա տեսողությունս կրկին վատացել է,-ասում է Գուրգեն պապը։- Պատկերը տեսնում եմ, բայց դեմքերը չեմ կարողանում տարբերել»։ 

Գուրգեն պապը ծնվել է 1926 թվականին Իջեւանում։ Դպրոցն ավարտելուն պես կամավոր գնացել է Հայրենական պատերազմ։ Ծառայել է հրետանու ջոկատում եւ տուն է վերադարձել երկրորդ կարգի հաշմանդամ։ 

Պատերազմից հետո որոշել է ընդունվել Երեւանի Մանկավարժական համալսարան, փայլուն հանձնել է բոլոր քննությունները, բայց այդ ժամանակ Ենոքավանն ու Գետահովիտը միավորել են մեկ կոլտնտեսության մեջ ու իրեն հրավիրել որպես հաշվապահ։ Կոլտնտեսությունը լցրել է նրա ողջ կյանքը, ուսման համար այլեւս ժամանակ չի մնացել։
 
Գուրգեն պապը միշտ գրել է։ Երբեմն թղթակցել է «Պիոներ կանչ» եւ «Ավանգարդ» թերթերին։ 

«Ես միշտ գիտեցել եմ, որ տաղանդ ունեմ գրելու հանդեպ,- ասում է Գուրգեն պապը։ - Բայց կոլտնտեսությունն էնպիսի բան է, ոնց որ ճահիճ լինի, քեզ ամբողջովին քաշում է։ Հա ասում էի էսօր, էգուց, էդպես էլ առաքելությունս չկատարեցի էս կյանքում»։ 

Ճամփորդ ենք մենք, գնում ենք մեր ճանապարհով, 
Բայց չենք իմանում, թե քանի տարով։ 
Հողից ծնվել ենք, հող ենք դառնալու,
Հլա նոր ենք ապրում, շուտ ենք գնալու։ 

Գուրգեն պապը կրկին անգիր արտասանում է հերթական բանաստեղծությունը։ Այն բոլոր գրվածքները, որ հավաքել էր տարիների ընթացքում՝ ազատ ժամանակ գտնելով կոլտնտեսության աշխատանքից, ոչնչացվել են մի օրում, պատահմամբ։ Գուրգեն պապի թոռը որոշել էր վառարանը վառել, երբ պապը տանը չէր, ու վերցրել էր առաջին իսկ պատահած թղթերը։ Այդպես Գուրգեն պապի բանաստեղծություններն ու արձակը մի քանի վայրկյանում վերածվել էին մոխրի։ 

Ժամանակի ընթացում Գուրգեն պապը մոռացել է գրվածքների մեծ մասը։ Միայն երբեմն-երբեմն որոշ տողեր «դուրս են լողում» մտքից։ 

Գուրգեն պապի կինը՝ Փաշինյան Էլեչկան՝ նուրբ ու աշխույժ դիմագծերով մի կին, նստած է նրա դիմացի բազմոցին ու ժամանակ առ ժամանակ մեղմ ձայնով լրացնում է Գուրգեն պապի պատմածը։ 

«Երբ վերադարձա պատերազմից,- պատմում է Գուրգեն պապը,- քույրս գյուղի բոլոր աղջիկներին աչքիս առաջով էր անցկացնում, որ մեկին ընտրեմ։ Բայց ես մի աղջկա էի սիրում Սեւքարից, էնքան գեղեցիկ էր, որ արեւին ասում էր՝ դու դուրս մի գա, ես եմ դուրս գալիս։ Բայց տասնհինգ օր մի օդայում իրար հետ ապրեցինք սարերում, մի բառ չասեցի իմ զգացմունքների մասին։ Ես մի քիչ հեռատես մարդ եմ, էլի, մտածեցի՝ հանկարծ հետո չուզեմ սրան, ինչի՞ կեղծ հույսեր ներշնչեմ, համ էլ հետո հետեւից չխոսեն հանկարծ։ Հետո սրան տեսա (գլխով ցույց է տալիս կնոջը), մեր մեջ ասած՝ մի գեղեցկուհի էլ սա էր։ Դե, ամուսնացա հետը։ Հիսունութ տարի միասին ենք արդեն, տասնհինգ թոռ ու տասը ծոռ ունենք։ Էսքան տարվա մեջ մի անգամ մատով կպած կամ հայհոյհած չկամ»։ 

Գուրգեն պապը հիշում է, թե ինչպես մի անգամ կինն ասաց իրեն. «Բոլորի մասին գրում ես, իմ մասին մի տող երբեք չես գրել»։ 
«Ես էլ միանգամից հորինեցի»,- խորամանկ ժպտում է Գուրգեն պապն ու կնոջ թույլ բողոքների ներքո արտասանում. 

Մի կնիկ ունեմ տեղին-մեղին,
Ով էլ նայի, պատռի լեղին։
Թեւից բռնեմ, տամ գրողին,
Ես ել գնամ իմ սիրողին։

«Որ սա լսեց, նեղացավ,- ծիծաղում է Գուրգեն պապը,- էլ ոչ մի անգամ չուզեց, որ իր մասին գրեմ»։ 

Երիտասարդության մասին հուշերը կարոտ են արթնացնում Գուրգեն պապի աչքերում։

«Տես, թե ինչ կասեմ քեզ,- ասում է նա՝ առաջին անգամ վրաս նայելով ու թեման կտրուկ փոխելով։- Առաջ՝ խորհրդային ժամանակներում, մարդիկ լավ էին ապրում։ Էլ երբեք չի լինի Սովետի նման երկիր ու Կոմունիստական կուսակցության նման կուսակցություն։ Չեմ վիճում, էն ժամանակ էլ պրոբլեմներ կային, բայց օրենք կար, իսկ հիմա անարխիա է։ Ինչպես մի անգամ ասաց Ենոքի հայրը՝ կոմունիստների ժամանակ միսդ էին պոկում, իսկ հիմա՝ ոսկորն էլ հետը»։



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter