HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջիվան Գասպարյանի դուդուկ պատրաստողը»

Հովսեփ Գրիգորյանն իր կյանքի առավել քան հիսուն տարին ապրել է դուդուկ պատրաստելով։ Վարպետը ծնվել է 1928 թվականին Ղուկասյանի շրջանի Սեպասար գյուղում եւ ընտանիքի ինը երեխաներից եղել է ավագը։

Հովսեփի պապը գյուղում ընկերական հավաքույթներին թառ էր նվագում եւ ավագ թոռին սովորեցնում նվագել մի հին դոդուկ՝ իրեն նվագակցելու համար։ Կարճ ժամանակում տղայի մոտ մեծ հետաքրքրություն է առաջանում դեպի գործիքը, եւ նրա հայրը որոշում է որդու համար դուդուկ եւ զուռնա գնել։ 

Գործիքները պատրաստում էին հենց գյուղում, եւ դրանք բավականին թանկ արժեին։ Հովսեփի հայրը ստիպված է լինում վաճառել երկու կովերից մեկը՝ մեկ դուդուկ եւ մեկ զուռնա գնելու համար։ Տասնչորս տարեկան հասակում Հովսեփին ուղարկում են Գյումրի՝ վարպետների մոտ դուդուկի դասեր վերցնելու։ 

Աստիճանաբար պատանին իր եղբայրներին էլ է սովորեցնում զուռնա, շվի, դհոլ նվագել, եւ նրանք ստեղծում են մի խումբ, որը սկսում է նվագել գյուղում հարսանիքների եւ այլ հավաքների ժամանակ։ Շուտով պատանիների խումբը «շրջագայում է» նաեւ հարեւան գյուղերով։ Հովսեփը չի դադարում նվագել նույնիսկ բանակում. ճիշտ է, այստեղ դուդուկին փոխարինում է կլարնետը։

Իսկ գործիք պատրաստելը, կարելի է  ասել, սկսել է պատահմամբ։ Մի անգամ ընկերների հետ թոնրի մոտ նստած՝ Հովսեփը ձեռքում պտտում է բեչան (զուռնայի երկու բաղկացուցիչ մասերից մեկը), այն հանկարծ վայր է ընկնում նրա ձեռքից ուղիղ կրակի մեջ ու այրվում է։ Առանց այդ մասի զուռնա նվագելն անհնարին է, եւ պատանին գտնում է ելքը. պատրաստում է նոր բեչա ցախավելի հաստ պոչից։ 

Գործընթացն այնքան է դուր գալիս Հովսեփին, որ նա որոշում է դուդուկ, զուռնա ու շվի պատրաստել սովորել։ 

Գործիքների պատրաստման հետ մեկտեղ նա չի դադարում նաեւ  եղբայրների հետ ստեղծած խմբով նվագել գյուղերում։ Լրջորեն զբաղվում է ձայնագրությամբ։ Գյումրիում Կիրովի փողոցի վրա կար «Ճռճռան խանութ»։ Խանութի փայտե հատակն այնքան հին էր, որ քայլելիս ճռճռում էր։ Հենց այդ խանութի կողքին Հովսեփի ձայնագրման արվեստանոցն էր, որը պահպանվել է առայսօր։ Նվագելով եւ ձայնագրելով` վաստակած գումարով նա նույնիկ մեքենա է գնում իր համար՝ առաջին մեքենան գյուղում։

Հովսեփ Գրիգորյանը մահացել է 2004 թվականին ասթմայից։ Կյանքի վերջին երկու-երեք տարիներին նա արդեն չէր նվագում ու չէր պատրաստում գործիքներ, շնչառական խնդիրները թույլ չէին տալիս փայտի փոշին շնչել։ 

Իր կյանքի մոտ քառասուն տարին Հովսեփն անցկացրել է Երեւանում։ Այստեղ էլ էր գործիքներ պատրաստում։ Երեւանում նա ծանոթացել էր Ջիվան Գասպարյանի հետ ու հետագայում դարձել «Ջիվան Գասպարյանի դուդուկ պատրաստողը»: 

Այժմ եւ դուդուկ պատրաստելու յուրահատուկ շնորհը, եւ այդ կոչումը փոխանցվել են նրա որդուն՝ Արթուր Գրիգորյանին։ 

«Երբ Հովսեփը դուդուկ էր պատրաստում Երեւանում, Ջիվան Գասպարյանն էլ այնքան ճանաչված չէր, որքան այսօր,- պատմում է Արթուրը,- եղել են ժամանակներ, որ դուդուկն ընդհանրապես պահանջարկ չի ունեցել, եւ դուդուկ պատրաստողները տեսել են շատ վատ օրեր»։ 

Սակայն հիմա դուդուկը, մեծ մասամբ շնորհիվ Ջիվան Գասպարյանի, մեծ ճանաչում ունի աշխարհում, եւ դուդուկ պատրաստելը, ըստ Արթուրի, դարձել է քիչ թե շատ եկամտաբեր ու պահանջված։ 

Արթուրին էլեկտրոնային նամակներով դիմում են երաժիշտներ ու պարզապես սիրահարներ ողջ աշխարհից (նրա վեբ կայքի հասցեն է` www.armenianduduk.am)։ Ոմանք ցանկանում են գալ Հայաստան եւ այստեղ սովորել դուդուկ նվագել, ոմանք պատրաստ են հայ երաժիշտներին իրենց երկիր հրավիրել՝ այնտեղ սովորեցնելու համար, ոմանք էլ դուդուկ են պատվիրում։ 

Արթուրն ասում է, որ դուդուկահարի հաջողությունը հիսուն տոկոսով կախված է լավ դուդուկից, այսինքն՝ դուդուկ պատրաստողից։

«Մնացած հիսուն տոկոսն էլ է շատ կարեւոր։ Եթե հոգի չես ներդնում նվագիդ մեջ, որքան էլ լավը լինի գործիքը, միեւնույն է, այն չի լսվի, բայց գործիքի հնարավորություններն էլ պիտի ներեն, որ արտահայտես այն, ինչ ուզում ես»,- ասում է Արթուրը։ 

Արթուրը կարծում է, որ դուդուկ պատրաստելն ու պրոֆեսիոնալ նվագելն անհամատեղելի են. «Լավ նվագողը պիտի նուրբ, զգայուն մատներ ունենա, իսկ հաստոցի վրա մատները կոշտանում են։ Այնպես որ, պիտի ընտրես. եթե դու լավ սարքող ես, ուրեմն լավ նվագող չես կարող լինել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter