HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռետրո ակումբ». աշխարհի երգերի լավագույն Cover տարբերակները

Նաիրա Հայրապետյան

Հանրամատչելի (պոպուլյար) երաժշտության մեջ երգի cover (քավըր-ծածկել) տարբերակ կամ, պարզապես,  cover կոչվում է արդեն ձայնագրված և հրապարակված երգի նոր կատարումը մեկ այլ արտիստի կողմից. այլ կերպ ասած` վերակատարումը: Հայտնի ամսագրեր, որոնք մասնագիտացված են երաժշտության բնագավառում աստեղնային ժամեր կերտելու կամ չեզոքացնելու գործում, բազմիցս  փաստում են այն մասին, որ որոշ կատարումներ զարմանալիորեն ավելի մեծ հաջողություն են արձանագրել երգի պատմության մեջ, քան օրիգինալը: Այդ կատարումների թվին են դասվում Բոբ Դիլանի(Bob Dylan)  “All Along the Watchtower” երգի Հենդրիքսյան մեկնաբանությունը, Փիթեր Գրինի “Black Magic Woman”-ի Սանտանայի կատարումը, Օտիս Ռեդինգի «Respect» երգի Արեթա Ֆրենքլինի կատարումը և այլն: Նոր մեկնաբանությունը շատ անգամ հիմնովին տարբեր է լինում օրիգինալից ոչ միայն երգչի մատուցման ձևով, այլև գործիքավորմամբ.  երբեմն այն «տեղավորվում է» մեկ այլ ժանրային կամ ոճային տարածքում` այսպիսով միաժամանակ նոր շունչ հաղորդելով երգին: «Քավըր» տարբերակների հանդեպ ժամանակակից մոտեցումը կարծես մի փոքր այլ է… եթե նախկինում երգիչն ընտրում էր իր նախասիրած երգն ու այլ կերպ ասած, ջանում ստորագրել նրա անվան ներքո, ապա այսօր, առավել հաճախ, երգն օգտագործվում է ստորագրություն վերցնելու նպատակով. սկսնակ երգիչները ճանաչում ձեռք բերելու կամ  ճանապարհ հարթելու գործում երբեմն դիմում են հայտնի և սիրված երգերի օգնությանը` ձայնագրելով նոր «քավըր» տարբերակներ:

1959թ. Ժակ Բրելը(Jacques Brel) գրեց «Ne me quitte pas» երգը, որը թարգմանաբար նշանակում է «Եթե դու գնաս»  կամ  «Մի լքիր ինձ». Այն պիտի դառնար աշխարհում ամենահայտնի ու սիրված ֆրանսերեն երգը, որը պիտի ունենար աշխարհի բազմաթիվ հին ու նոր լեզուներով կատարումներ:  Ժակ Բրելը երգը ձայնագրեց 1959թ սեպտեմբերին, այն թողարկվեց նոր ալբոմի կազմում, իսկ 1961թ-ին ձայնագրվեց  ֆլամանդերեն տարբերակը: 13 տարի  անց երաժշտասերների դատին հանձնվեց  ևս մեկ ձայնագրություն, որը ներգրավվեց երգի պատվին անվանակոչված  «Ne me quitte pas» ալբոմում:

Այս երգը, ինչպես նշեցինք, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով` անգլերեն, իսպաներեն, հունարեն, իտալերեն, ռուսերեն, պորտուգալերեն, լեհերեն, հայերեն, իդիշերեն, աֆրիկյան լեզուներով և այլն:  Անգլերեն տարբերակով այն հնչեց «If You Go Away» և շատ շուտով վերածվեց փոփ-ստանդարտի:
 Օրիգինալին զուգահեռ` երգը հնչում էր և դեռ շարունակում է հնչել տարբեր աստղերի կատարմամբ. Էդիթ Պիաֆ, Նինա Սիմոն, Ֆրենկ Սինատրա, Մառլեն Դիտրիխ, Նիլ Դայմոնդ, Բարբարա Սթրեյզնդ, Ռեյ Չարլզ, Դալիդա, Միրեյ Մատիե, Շարլ Ազնավուր, Հուլիո Իգլեսիաս, Օսկար Բենթոն, Ջոնի Հոլիդեյ, Սթինգ…

Հայերեն առաջին կատարումը` «Եթե հեռանաս»,  Օնիկ Դինքջյանի ձայնագրություն է 1976թ-ին, ավելի ուշ հնչեց նաև Արթուր Հակոբյանի  (MisterX) cover-ը` անգլերեն և հայերեն լեզուների համադրությամբ տեքստով: Այս բազմագույն ու բազմաոճ տարբերակների մեջ, սակայն, տարբեր ժամանակների միջով անցած ամենամեծ արձագանքները պատկանում են մեկ անվան` Նինա Սիմոնին(Nina Simone): Այս կատարումը նոր ու ավելի մեծ ճանաչում բերեց առանց այդ էլ արդեն սիրված երգին:

Ne Me Quitte Pas - Nina Simone

«Black Magic Woman». Այս երգի հեղինակը Փիթեր Գրինն է, 1968թ.  այն առաջին անգամ ներկայացվեց որպես անգլոամերիկյան «Ֆլիթվուդ Մեք»  (Fleetwood Mac )  ռոք խմբի  սինգլ  ամերիկյան` «English Rose»  և բրիտանական «The Pious Bird of Good Omen» ալբոմների համար: 

1970թ  «Black Magic Woman». ը դարձավ Կառլոս Սանտանայի(Carlos Santana) դասական հիթը, այս cover-ը  ամերիկյան և կանադական հիթ շքերթներում դարձավ 4-րդ հորիզոնականի հաստատուն բնակիչը` գրեթե ամբողջությամբ դուրս մղելով ասպարեզից Ֆլիթվուդ Մեքի կատարումը: Ինչպես աշխարհի  գրեթե բոլոր լավագույն երգերը, «Black Magic Woman»-ը ևս  կատարվել է տարբեր արտիստների կողմիc,  սակայն Սանտանայի  տարբերակն  անփոխարինելի է…

Carlos Santana - Black Magic Woman

Արեթա Լուիզա Ֆրենքլինը, երաժշտասերներն իհարկե գիտեն, ռիթմընդբլյուզ, սոուլ և գոսպել ոճերի երգչուհի է: Նա հաջողության հասավ 1960 –ականների 2-րդ կեսին. Հզոր վոկալի շնորհիվ այս երգչուհուն անվանել են սոուլի թագուհի կամ «Լեդի սոուլ»: Ա. Ֆրենքլինը առաջին կինն էր, ում անունն ընդգրկվեց Ռոքնռոլի Փառքի Սրահում`1987թ. , իսկ 2008թ. աշխարհահռչակ «Ռոլինգ Սթոուն» ամսագրի հարցումները նրան ճանաչեցին դարի մեծագույն վոկալիստներից մեկը:

1965թ. սոուլ երաժշտության դասական Օտիս Ռեյ Ռեդինգը(Otis Ray Redding) գրեց և ձայնագրեց մի բալլադ, որը ընդգրկվեց երաժշտի թվով 3րդ` նույն թվականին թողարկված «Otis Blue» ալբոմում:  Խոսքը «Respect» երգի մասին է: Երկու տարի անց այն ներկայացվեց նոր մեկնաբանությամբ և դարձավ ոչ միայն հիթ, այլև այցեքարտ-ստորագրություն, որով հանրաճանաչության դուռը բախեց Արեթա Ֆրենքլինը: Արեթայի կատարումը կարծես ուժեղ և ինքնավստահ կնոջ կողմից հղված դեկլարացիա է, հայտարարություն … մի կնոջ, ով հստակ գիտի, որ ինքն  ունի այն ամենը, ինչ որ ցանկանում է նրա մեջ տեսնել իր տղամարդը: Նա երբեք սխալ չի գործում տղամարդու հանդեպ , ուրեմն  վերջինիս կողմից հարգանք է պահանջում իր հանդեպ: Օտիս  Ռեդդինգի  գրած  «Respect» երգի Ֆրենքլինյան քավըր տարբերակը  դարձավ  ֆեմինիստական  շարժման  հիմնը: Այս կատարումը  լավագույնն է համարվում երաժշտության պատմության մեջ նաև որպես երգչուհուն R&B դարաշրջանին բնորոշ մեկնաբանություն. Այն երգչուհուն միանգամից երկու «Գրեմմի» մրցանակ նվիրեց` 1968թ –ի «Լավագույն Ռիթմ ընդ Բլյուզ ձայնագրություն»  և «Կանացի լավագույն ռիթմ ընդ բլուզ սոլո վոկալ կատարում» անվանակարգերում:

Aretha Franklin - Respect (1967)

Մեկնաբանություններ (2)

Գալուստ Ենոքյան
Կուզեի ավելացնել նաեվ Բիթլզների երգերի քովեր կատարումների ժողովրդականությունը...հատկապես «Yesterday» երգը Գիննէսի գրքում է հենց այդ առիթով, կատարվելէ 2500 ից ավել տարբեր կատարողների կողմից...
Naira Hayrapetyan
Հարգելի Գալուստ, շնորհակալ եմ մեկնաբանության համար: Նյութը շարունակելի է, այս շաբաթ կանդրադառնանք նոր երգերի, իսկ ինչ վերաբերում է Բիթլզի «Yesterday» երգին, այն մեր շարքում դեռևս չի ընդգրկվել, քանի որ անդրադառնում ենք ոչ թե ամենաշատ քավըր կատարումներ ունեցող երգերի, այլ, ինչպես վերնագրում է նշված, լավագույններին, որոնք, նույնիսկ բնօրինակից ավելի հաջողված են երբեմն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter