HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրս երջանիկ մարդ էր. հուշեր նկարիչ Սարգիս Մուրադյանի մասին

Զարուհի Մուրադյան

Ռուսերենից թարգմանեց ցմահ դատապարտյալ, 18-րդ տարին բանտում գտնվող Մհեր Ենոքյանը

Անցյալը չի կարելի մոռանալ, սա կասկածից վեր է։

1988 թվականի գարնանը սկսվեց 20-րդ դարի մեր պատմության վերելքը։ Պետք է որոշակի ժամանակ անցնի, որպեսզի մանրուքները չխանգարեն պատմական կարևոր իրադարձությունների ուրվագծերը տեսնենք։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի շարքային մասնակիցների միամտությունը և իդեալիզմը, իշխանություն ստացած առաջնորդների անպատասխանատվությունն ու չարաշահումները, անկախության դժվարությունները վարկաբեկեն ազգի միասնության և համախմբման վեհ գաղափարը, ընտրությունը, որը կատարվեց այն տարիներին։ Այդ ընտրությունը ամենևին էլ պատահական չէր։ Այն պայմանավորված էր մեր ազգի անցյալի պատմությամբ և հատկապես 60-80-ականներով, երբ մեր ազգի լավագույն ներկայացուցիչները, օգտագործելով խորհրդային վարչակարգի փոքր-ինչ թուլացումները, անում էին հնարավորը, որպեսզի ժողովրդի մեջ վերածնվի ազգային ինքնագիտակցությունը։ Այդպիսի մարդիկ շատ չէին, նրանցից շատերը հերոսներ չէին, սակայն համառորեն հասարակության մեջ առաջ էին տանում ազգային գաղափարները։ Եվ այդ ամենը տվեց իր պտուղները։

Ոչ այնքան վաղ անցյալի, բայց, ցավոք, արդեն ոչ պարզ երևացող ժամանակների մասին երիտասարդ սերունդները պետք է ավելի շատ բան իմանան։ Հակառակ դեպքում ընդհանուր պատկերի որոշ լղոզված կետերում նպատակադրված սուտն ու կեղծիքն է ներդրվում։ Հատկապես կարևոր են ականատեսները, իրադարձությունների մասնակիցները։ Ոչ ոք չի կարող հավակնել այն բանին, թե գիտի ողջ ճշմարտությունը, սակայն ժամանակի ոգու մասին պատկերացում կարելի է կազմել նրանց միջոցով։

Իր հոր և այն ժամանակների մասին է Զարուհի Մուրադյանի՝ նկարիչ Սարգիս Մուրադյանի դստեր հոդվածը։

                                                                                                «ԱՆԻՎ» հանդես, Մինսկ, թիվ 4 (43)

1965 թվականին ես դեռ շատ փոքր էի։ Հիշում եմ՝ գիշերները մեզ մոտ հաճախ աղմկոտ էին լինում... Մենք քնած էինք, և հանկարծ մարդիկ էին գալիս՝ Պարույր Սևակը, Ռաֆայել Ղազարյանը, Վարագ Առաքելյանը։ Մայրիկս ննջասենյակի դուռն ամուր փակում էր, քանի որ մինչև առավոտ կարող էին շարունակվել վիճաբանությունները, աղմկոտ բացականչությունները, երգերը, բանաստեղծությունների արտասանությունը...

70-ականների երկրորդ կեսին, երբ ես արդեն 17-18 տարեկան էի, երիտասարդ գիտնականների նախաձեռնող խումբը, ովքեր 65-ին Երևանի պետական համալսարանի ուսանողներ էին, մի քանի տարի շարունակ աշնանը մտավորականներին հավաքում էին Ծաղկաձորի Մերգելյանի ինստիտուտի պանսիոնատում։ Այնտեղ էին Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Դավիթ Վարդանյանը, Հայկ Ղազարյանը, Եսայի Ստեփանյանը, Լյուդվիգ Խաչատրյանը և ուրիշներ (Բոլոր այս մարդիկ հետո՝ 1988-ի փետրվարին նորից հայտնվեցին մեր տանը...)։

Չգիտեմ ինչպես էր պաշտոնապես կոչվում, բայց, դատելով ինձ մոտ պահպանված լուսանկարներից, այնտեղ ներկա էին լինում Սերգեյ Մերգելյանը, Երվանդ Քոչարը, Սիլվա Կապուտիկյանը, այլ մտավորականներ արվեստի և գիտության բնագավառից։ Եթե Հայաստան էին գալիս ճանաչված մարդիկ Սփյուռքից, նրանք նույնպես հրավիրվում էին։ Առաջին անգամ հայրս այնտեղ գնաց մայրիկի հետ, հետագայում ինձ և քրոջս էլ էին իրենց հետ տանում։

Հրավիրվածները մնում էին պանսիոնատում։ Ցերեկը բոլորը գնում էին էքսկուրսիաների, եկեղեցի, անտառ կամ պարզապես շփվում էին։ Հիշում եմ՝ ինչպես էր եկեղեցում երգում Լուսինե Զաքարյանը, անհնար է մոռանալ... Երեկոյան հարյուր և ավելի մարդ հավաքվում էր ճաշարանում, մեծ սեղան էր դրվում. բանաստեղծություններ էին արտասանում, կենացներ խմում, հայկական պարեր պարում։ Հոյակապ էր ասմունքում Վերա Հակոբյանը, ինչպես և հետագայում՝ 1988-ի փետրվարին։

Ընդհանուր սեղանի շուրջ հակախորհրդային մտքեր չէին արտահայտում։ Բոլորը հասկանում էին, որ ինչ-որ մեկը ոչ միտումնավոր կարող է բերանը բացել, և հետո, ճիշտն ասած, չկային վառ արտահայտված հակախորհրդային տրամադրություններ։ Կենացներ էին հնչում հայ ժողովրդի, Հայաստանի բարգավաճման համար, բաժակ էին բարձրացնում և առողջություն մաղթում Սերգեյ Մերգելյանին, Սիլվա Կապուտիկյանին և մյուսներին։ Հայրիկիս կենացներն իսկական ճառեր էին դառնում, նա շատ գեղեցիկ էր խոսում իր թավ ձայնով։ Գիշերվա ժամը 2-ի կողմերը գնում էին սենյակները և շարունակում կենացներն ու զրույցները։ Արդեն ավելի նեղ շրջապատում, իհարկե, պատմում էին քաղաքական անեկդոտներ։ Ճիշտն ասած, 16-17 տարեկանում ես դեռ շատ երիտասարդ էի և հավանաբար բաց էի թողնում որոշ խոսակցություններ, թեմաներ, ինձ ավելի շատ հետաքրքրում էր պարելը, երգելը, երիտասարդ տղաները...

Տանն անընդհատ մարդիկ էին հավաքվում։ Եթե ինձ ու քույրիկիս չէին ուղարկում քնելու, մենք լուռ նստում էինք, լսում խոսակցությունները։ Մի անգամ եկան քսան ամերիկահայ նկարիչներ։ Հայրիկն ուներ ֆիզիկոս ընկերներ, մասնավորապես Ռաֆայել Ղազարյանը (ռադիոֆիզիկոս, հետագայում դարձավ ակադեմիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ), Ծովակ Ավագյանը և ուրիշներ։ Հաճախ լինում էին էդգար Հովհաննիսյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Ֆրունզե Դովլաթյանը։ Լինում էին բժիշկներ՝ Զավեն Դոլաբջյանը, Հայաստանի գլխավոր վիրաբույժ Գեորգի Միրզա-Ավագյանը։ Մի քանի անգամ հյուրընկալել ենք ֆրանսահայ ճանաչված նկարիչ Գառզուին (Գառնիկ Զուլումյան)։ Հայրիկիս ընկերները սովորաբար իրենից երիտասարդ էին։ Իր էությամբ նա ողջ կյանքում մնաց երիտասարդ և եռանդուն, անհավանական ակտիվ։

Երբ մարդ էր գալիս Սփյուռքից, հայրենասիրական խոսակցություններ էին լինում Հայաստանի, ցեղասպանության մասին։ Քննադատում էին խորհրդային իշխանությանը, որ չեն թույլատրում լուծենք մեր ազգային խնդիրները։ 90-ականներին, երբ Հայաստանը դարձավ անկախ, իր ծննդյան օրը հայրս, սեղանի շուրջ ասաց. «Եկեք ազնվորեն խոստովանենք, որ մեր ազգը մազապուրծ եղավ կործանվելուց, և խորհրդային շրջանում այստեղ եկան այնպիսի մտավորական մարդիկ, ինչպիսիք էին Մարտիրոս Սարյանը, Ռուբեն Դրամփյանը, Ալեքսանդր Թամանյանը. սկսվեց արվեստի և գիտության զարթոնքը։ Չնայած շատ դժվարություններին և ճնշումներին՝ վերջապես մեր մի կտոր հողն ունեցանք... »

Իհարկե, հայրիկիս համար` որպես նկարչի, ամենակարևոր իրադարձությունը 1956 թվականին ստեղծած, Կոմիտասին վերաբերող նկարն էր՝ «Վերջին գիշերը»: Այն կարևոր իրադարձություն էր նաև Հայաստանի գեղարվեստական և քաղաքական կյանքում։ Քառասուն տարի անց` հայրիկիս 80-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը նվիրված իր խոսքում, Վազգեն Մանուկյանն ասաց, որ իրենց սերունդը դաստիարակվել է այս ստեղծագործությամբ։ Հայրս ընտրեց Կոմիտասին որպես ամբողջ հայ մտավորականության հավաքական կերպար։ Եթե հետևենք նրա ստեղծագործական ուղուն, ապա կտեսնենք, որ անընդհատ՝ 5-6 տարին մեկ, նա վերադառնում է Կոմիտասի թեմային։ Հետո եղավ «Կոմիտաս. ապրիլ, 1915» (1965), ապա, 1969-ին՝ «Կոմիտաս, Անտունի» նկարը, որտեղ նա կանգնած է անապատում, քարուքանդ Հայաստանում, արդեն, միգուցե, խելագարված։ Այդ ամենը, իհարկե, խորհրդանշական էր։ «Վերջին գիշերը» ստեղծագործությունը, որը դարձավ դասական, այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մոսկվայում 1956-ին հայ արվեստին նվիրված տասնօրյակում այն արժանացավ առաջին մրցանակի, ԽՍՀՄ նկարչական ֆոնդը գնեց այն։ Հետագայում, ի ուրախություն բոլորիս, նկարը վերադարձրին Հայաստան։ Հայրիկի մի քանի այլ աշխատանքներ ևս վերադարձրին, օրինակ՝ «Խաղաղ երկնքի տակ»-ը։ Սակայն այժմ էլ հայրիկից մոտ 15 կոմպոզիցիոն աշխատանք կա Մոսկվայում։

Կյանքը շարունակվում էր։ Հայրիկն աշխատում էր որպես նկարիչ, դասավանդում Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Մի քանի անգամ դարձավ Երևանի քաղխորհրդի պատգամավոր։ Տարին մեկ-երկու անգամ անց էին կացվում համախորհրդային հոբելյանական ցուցահանդեսներ, որից կես տարի առաջ ստորագրվում էր պայմանագիր, և փոստով պատվեր էր գալիս։ Տեղեկանում էին, թե ինչ հոբելյանի է նվիրված ցուցահանդեսը, օրինակ՝ հոկտեմբերյան հեղափոխության հոբելյանին։ Պատվիրում էին աշխատանք, նշում թեման, նույնիսկ այն, թե ինչ չափի պետք է լինի նկարը։ Սակայն հայրս նկարում էր՝ ինչ ցանկանում էր։ Նույնիսկ 1970-ին Լենինի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսում նա ներկայացրեց իր դուստրերին պատկերող նկարը։ Ամբողջ դահլիճը պատված էր լենիններով, և նրանց մեջ էր «Իմ դուստրերը» նկարը, որտեղ ես և քույրս ենք պատկերված կարմիր զգեստներով։

Նա անում էր այն, ինչ ուրիշների մտքով անգամ չէր անցնում։ Օրինակ՝ հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսում ներկայացրեց «Սարդարապատի ճակատամարտը» աշխատանքը։ Ամբողջ կյանքում միայն իր դիպլոմային աշխատանքն է նկարել հակառակ իր ցանկության։ Նա պատրաստել էր Ավարայրի ճակատամարտի մի փոքր էսքիզ, որն այժմ պահվում է մեր տանը, սակայն նրան չեն թույլատրել կատարել այդ աշխատանքը՝ թեման ազգայնական համարելով։ Իմիջիայլոց, Արա Սարգսյանը՝ գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեկտորը, որը չէր թույլատրել հայրիկին ներկայացնել այդ գործը որպես դիպլոմային աշխատանք, ժամանակին մասնակից է եղել «Նեմեսիս» գործողությանը՝ երիտթուրքերի ղեկավարության գլխավոր մասնակիցներին, նաև դավաճան հայերին վերացնելու գործին։ Նա հայրենադարձ էր և խոստովանում էր հորս, որ նույն կարծիքին է, հասկանում է ամեն ինչ, սակայն ստիպված է հաշվի նստել խորհրդային իրականության հետ։

1970-ականների վերջին, 1980-ականների սկզբին հայրիկս շատ էր աշխատում, ունենում էր տարբեր գործուղումներ, հաճախ լինում էր արտասահմանում՝ որպես կազմակերպիչ տանելով համամիութեանական ցուցահանդեսներ։ Նա եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, տարին մի քանի անգամ մեկնում էր Մոսկվա՝ պլենումների, համաժողովների և այլ միջոցառումների։ Որքան էլ տարօրինակ է, բայց նա արժանացավ նախ ԽՍՀՄ պետական մրցանակի՝ 1976-ին, հետո միայն Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման։ Որպես նկարիչների միության վարչության անդամ՝ նա նաև հանրապետության գերագույն խորհրդի պատգամավոր էր։ Հայրս երբեք կուսակցական չի եղել։ 1980-ականներին զբաղեցնելով նկարիչների միության նախագահի պաշտոնը՝ չէր համաձայնվում մտնել կուսակցության շարքերը, չնայած այս հարցով նրան մի քանի անգամ կանչել են Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի մոտ։

Ասում են, որ պատերազմի ժամանակ խիզախ լինելն ավելի հեշտ է, քան խաղաղ ժամանակ։ Հայրս խիզախ էր հենց խաղաղ ժամանակ, նաև շատ հմայիչ տղամարդ էր և տաղանդավոր նկարիչ՝ ճանաչված ԽՍՀՄ-ից դուրս։ Այս ամենը նախանձի մթնոլորտ էր ստեղծում նրա շուրջ, իսկ նախանձը, ցավոք, մեր հասարակության մեջ շատ զարգացած զգացում է, և այն հասավ գագաթնակետին, երբ հայրս արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակին։ Մի քանի տարի շարունակ նրան ներկայացնում էին այդ մրցանակին, սակայն ինչ-ինչ պատճառներով մրցանակը չէր տրվում։ Հայաստանից միանգամից սկսեցին ուղարկել անստորագիր նամակներ։ Հետագայում Մոսկվայում նրան ցույց տվեցին պարկերով նամակներ, որտեղ գրում էին, որ հայրս ազգայնական է, նրա արվեստն իրատեսական չէ, պատկերները վերացական են... Այդ «գլուխգործոց» նամակներից մեկն ընկել էր հորս ձեռքը, և ինքս էլ կարդացի։

Երբ վերջապես նա ստացավ պետական մրցանակը՝ նրան պատվում էին նկարիչների միության երեկույթի ժամանակ, նվերներ և պատվոգրեր տալիս։ Հետո մենք դուրս եկանք փողոց և տեսանք, որ հայրիկի մեքենայի բոլոր չորս անիվները դանակով ծակած են։ Հայրս մթնեց։ Ճիշտ այդպես փոխվեց նրա դեմքը 1996 թվականին, նախագահական ընտրություններին հաջորդող գիշերը։ Կեսգիշերից հետո տեղեկություններ էին ստացվում, որ տեղամասերում հավանական ու անհավանական կեղծիքների միջոցով փորձում են անցկացնել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հայրս շատ հուզված էր և ասաց. «Ամեն ինչ փչացրին»։

Հայրիկս ունի 1961-ին ստեղծված մի հայտնի աշխատանք՝ «Հարսանիք Հրազդանում», ավանդական հայկական հարսանիք՝ բնորոշ գուղական պատկերներով։ Այնտեղ ես հայտնվել եմ առաջին անգամ՝ որպես նորածին մոր գրկում։ Այնուհետև հայտնվել եմ  «Իմ դուստրերը» կտավում (1969)։ Իմ և քույրիկիս դիմանկարն է, ես 10 տարեկան եմ, քույրս՝ 12։ Նման ոչ ստանդարտ դիմանկար ստեղծելու գաղափարը նրա մոտ առաջացավ անսպասելի, միանգամից։ Ինձ և քույրիկիս նվիրել էին կարմիր զգեստներ, իսկ մայրիկս գնել էր կարմիր զուգագուլպաներ։ Երբ հագանք մեր զգեստներն ու զուգագուլպաները, հայրս ասաց մայրիկին. «Արի նկարեմ նրանց»։ Կարգադրեց մեզ համար գտնել կարմիր կոշիկներ, և մեզ տարան արվեստանոց։

Տասնհինգ տարի անց Հայաստան էր եկել գերմանացի գործարար և հավաքորդ Պետեր Լյուդվիգը՝ Գերմանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, ով շոկոլադ էր արտադրում։ Այժմ Քյոլնում է Լյուդվիգի հանրահայտ թանգարանը և նրա մասնաճյուղերը Գերմանիայի տարբեր քաղաքներում։ Նա այն ժամանակ եկել էր ԽՍՀՄ՝ մեծ քանակությամբ խորհրդային արվեստի ստեղծագործություններ գնելու նպատակով։ Հանկարծ նա հայտնվել էր Հայաստանում և գնել հայրիկի աշխատանքներից երկուսը՝ «Անտունի» նկարի էսքիզը և «Իմ դուստրերը»։ Հայրս չէր ցանկանում դրանցից բաժանվել։ Նա մտատանջվում էր, բայց հետո ասաց. «Միշտ չէ, որ հնարավորություն է լինում ցուցադրվել Եվրոպայի կենտրոնում»:

Երբ նա շատ էր հավանում իր աշխատանքներից որևէ մեկը, անպայման ստեղծում էր մի քանի տարբերակ։ Լյուդվիգին խնդրեց մի կես տարի սպասել, որից հետո արդեն պատրաստ էր վաճառել «Իմ դուստրերը»։ Այդ ընթացքում իր համար նկարեց մի տարբերակ՝ ուրիշ ֆոնով (հետին պլանը փոքր-ինչ փոփոխված էր, չգիտես ինչու այնտեղ Հանրապետության հրապարակն էր)։ Այդ աշխատանքն այժմ մեր ընտանեկան սեփականությունն է. ժամանակավոր տվել ենք Հայաստանի ազգային պատկերասրահին։

Հայրս հաճախ նկարում էր բնօրինակից։ Քույրս՝ Գոհարը, սովորում էր Լենինգրադում, և հայրիկի համար մշտական բնօրինակը ես էի։ «Խաղաղ երկնքի տակ» նկարում ես 13 տարեկան եմ՝ մի նիհար աղջնակ, որը քայլում է փողրակի եզրով։ Ահավոր դժվար էր այդ դիրքում երկար կեցվածք ընդունել։ «Իմ քաղաքը» նկարի գրեթե բոլոր կանանց բնորդները ես եմ։ Գործը հասավ նրան, որ հայրս նույնիսկ տատիկներին էր ինձնից նկարում։ Երեկոյան ինձ ասում էր. «Վաղը դպրոց չես գնա, արվեստանոց ենք գնալու»։ Մայրս մեզ համար ճաշ էր պատրաստում, և առավոտվանից մենք գնում էինք արվեստանոց։ Երաժշտություն էինք միացնում, ու հայրս սկսում էր աշխատել։ Երբ ինչ-որ բան արդեն ստացվում էր, նա սկսում էր սուլել երաժշտության տակ։ Լսում էինք թե՛ ժամանակակից, թե՛ դասական երաժշտություն։ Նրան շատ էր դուր գալիս «Բի Ջիզ» խումբը, ասում էր. «Ինչ լավ են երգում այս աղջիկները»։ «Աղջիկներ չեն, տղաներ են»,– ծիծաղում էի ես։ Մենք գրեթե չէինք խոսում, բայց մեր մեջ կար անտեսանելի և ցնցող մի կապ։ Ես կարող էի երկար կանգնել մեկ ոտքի վրա, բայց հետո խնդրում էի. «Թող հանգստանամ»։ «Սարդարապատի ճակատամարտի» համար պատկերել եմ կոտորածի զոհ դարձած մի աղջկա, որի համար հայրս դուռը հանել էր ծխնիներից և դրել վրաս, ճիշտ այնպես, ինչպես նկարում սպանված աղջիկն է պատկերված դռան տակ։ Կես ժամ անց ես զգուշացրի նրան. «Եթե չես ուզում, որ ես էլ մեռնեմ, վրաս ստվարաթղթի կտոր դիր, էլ ուժ չունեմ»։

1987-ին, «Հարսանիք Հրազդանում» նկարից 26 տարի անց, նա վերադարձավ հարսանիքի թեմային՝ պատկերելով գրոտեսկային դեմքերով մարդկանց սանձարձակ ուրախությունը։ Հայրս կանխազգում էր գալիք հոգևոր անկումը։ Պարող կնոջ գլխավոր կերպարի համար նա ինձ վրա փաթաթեց մի կարմիր կտոր, և ես նորից ստիպված եղա կանգնել մեկ ոտքի վրա...

Պարույր Սևակի հետ հայրս ծանոթացել էր 1956-ին, Մոսկվայում անցկացվող հայ արվեստի տասնօրյակի առիթով։ Հայրս մտել է դահլիճ և տեսել, որ փոքր-ինչ աֆրիկացու հիշեցնող մեկը բավական երկար կանգնած նայելիս է եղել իր աշխատանքին։ Հայրս հեռվից հետևել է։ Հանկարծ այդ մարդը շրջվել է և բարձրաձայն հարցրել. «Սա ո՞ւմ աշխատանքն է»։ Հայրս մոտեցել է և ներկայացել։ Այդպես ծանոթացել են երկու երիտասարդները. Սևակը 32 տարեկան է եղել, հայրս՝ 30։ Սևակն ասել է, որ պոեմ է գրում Կոմիտասի մասին և հայրիկին հրավիրել է իր մոտ։ Նրանք գնացել են հանրակացարան, որտեղ Սևակն էր ապրում, և նա ամբողջ գիշեր կարդացել է հատվածներ նոր, դեռևս անվերնագիր պոեմից։ Հետագայում հեղինակն այն անվանել է «Անլռելի զանգակատուն»: Ավելի ուշ, 1967-ին, ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի բացման օրը Երևանում նա հայրիկիս նվիրեց գիրքը, հրատարակված 1966-ին, շատ տպավորիչ մակագրությամբ. «Իմ ստեղծագործական կյանքի եղբայր Սարգիս Մուրադյանին, ում հետ չունենք տարաձայնություններ»։ Այդ գիրքը հոգատարությամբ պահվում է մեր տանը։ Այդպես սկսվեց նրանց ընկերությունը, որը տևեց մինչև Պարույր Սևակի կյանքի վերջին օրը։ Գրողների տունը, որտեղ ապրում էր Սևակը, գտնվում էր մեր շենքից հարյուր մետրի վրա։ Նրա կինը՝ Նելլին, վրացուհի էր, կատարում էր թարգմանություններ վրացերենից ռուսերեն և հաճախ էր մեզ հետ ռուսաց լեզու պարապում։ Հիշում եմ, երբ ստացանք Սևակի մահվան լուրը. բոլորը բարձրաձայն լաց էին լինում: Հայրս շատ ծանր տարավ նրա ողբերգական վախճանը։ Միշտ ասում էր, որ դա պատահաբար է եղել։ Պարույրը մեքենան գնել էր դեպքից մի քանի ամիս առաջ և ընդհանարպես չէր կարողանում վարել, հայրս էր սովորեցնում։ Քաղաքից դուրս էին գնում, և Սևակը նստում էր ղեկին։ Այդ ողբերգական օրը նա իր տանն էր՝ Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գուղում։ Զանգահարել էին և խնդրել՝ շտապ քաղաք վերադառնալ։ Նա կնոջ և երկու տղաների հետ նստել էր մեքենա և դուրս եկել։ Ասում են, որ դանդաղ է վարել։ Այժմ էլ այդ ճանապարհին հազվադեպ է մեքենա երևում, իսկ այն ժամանակ կես ժամը մեկ հազիվ մեքենա անցներ։ Վթարը տեղի է ունեցել ուղիղ վայրում, լեռնանցքից հետո, Երասխավան տանող ճանապարհին, որտեղ այժմ նրա արձանն է տեղադրված։ Սևակը հավանաբար վախեցել է դիմացից եկող մեքենայից և շփոթվել։ Ավտոմեքենան ճանապարհից դուրս է ընկել, երեխաները մնացել են մեքենայում, կինը դուրս է ընկել, և մեքենան անցել է նրա վրայով։ Պարույրը քունքին հարված է ստացել։ Հայրս գնացել է դիահերձարան և տեսել, որ մարմնի վրա վնասվածքներ չկան, միայն մի կապտուկ՝ քունքի մոտ։ Չեմ կարծում, որ եթե ցանկանային սպանել Պարույրին, ապա դա կանեին այն ժամանակ, երբ մեքենայում կինն ու երեխաներն էլ էին հետը։

Տարիներ շարունակ հայրս վերադառնում էր Սևակ բանաստեղծի կերպարին։ Նա անընդհատ ստեղծում էր նրա դիմանկարները, ապա՝ «Ազի, ես գնացի», «Անհանգիստ գիշերը» կոմպոզիցիաները։ Երբ որոշվեց Զանգակատուն գյուղում բացել Սևակի թանգարանը, հայրս նախաձեռնեց որմնանկարների աշխատանքը շենքի ամբողջական պատով մեկ։ Այնտեղ պատկերված է Սևակի ողջ կյանքը։ Որմնանկարի աշխատանքները տևեցին 3-4 տարի, նա մայրիկի հետ ապրում էր հենց թանգարանի շենքում։ Այնտեղ մի փոքր հատված էր առանձնացված, որտեղ մայրս էր քնում, կար նաև էլեկտրական սալօջախ, բակում՝ ջուր։ Էսքիզները հայրս կատարում էր Երևանում, հետո ամբողջ ամառ նրանք անցկացնում էին այնտեղ, հայրս օրվա մեջ աշխատում էր 15-16 ժամ։ Նա պատկերել է Պարույրի բոլոր ընկերներին՝ Սիլվա Կապուտիկյանին, Հովհաննես Շիրազին, Հրանտ Մաթևոսյանին, Ռազմիկ Դավոյանին, Ջիմ Թորոսյանին, Համո Սահյանին, Սերո Խանզադյանին և Սևակի այլ ժամանակակիցների՝ գրականության և արվեստի մարդկանց, ներառյալ՝ իրեն։ Որմնանկարում պատկերված են նաև Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Կոմիտասը, Ավետիք Իսահակյանը, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը...

Կար ևս մի թեմա, որին նա ողջ կյանքում վերադառնում էր՝ երիտասարդության զարթոնքի թեման: «Զարթոնք» նկարի 3-4 տարբերակ ունի: Հայրիկիս միշտ հուզում էր երիտասարդ կնոջ մարմնի և առնականության թեման: Նա սովորություն չուներ նկարները կախել պատից, բոլորը դնում էր հատակին՝ դեմքով դեպի պատը: Շատ էր սիրում իտալական Վերածննդի արվեստը: Հայրիկիս մահից հետո կարդում էի նրա օրագրերը։ Տեսնում էի նրա հրճվանքը վաղ Վերածնդի արվեստի նկատմամբ, երբ այցելել էր Իտալիան: Սիրում էր նաև ժամանակակից արվեստը: Հաճախ մեր մոդեռնիստների վերաբերյալ ասում էր. «Աստված իմ, այստեղ ոչ մի նոր բան չկա։ Այս ամենը Եվրոպայում 30-40 տարի առաջ արդեն արել են»: Սակայն երբ նա նկարիչների միության նախագահ էր, նրանց տվեց շենքի 3-րդ հարկը և ասաց. «Ինչ ուզում եք՝ արեք»:

1987-ի սեպտեմբերին, Ղարաբաղյան շարժումից կես տարի առաջ, մի խումբ նկարիչներ, որոնք ձգտում էին «իշխանության», որոշել էին ամեն ինչ անել, որպեսզի հայրս այլևս նկարիչների միության նախագահ չլինի: Հինգ տարվա իր նախագահության ընթացքում, հարգված լինելով հանրապետության իշխանությունների կողմից, սկսեց Հայաստանի նկարիչների միության նոր շենքի և դրան կից ցուցասրահների (ավելի ուշ այդ շենքը խայտառակ կերպով վաճառվեց ինչ-որ կոմերցիոն կառույցի, որից հետո հիմնովին քանդվեց) շինարարությունը։ Հայրս կարողացավ հիմնականում երիտասարդ նկարիչներին հատկացնել արվեստանոցներ, իսկ կարիքավորներին՝ նաև բնակարաններ: Բացի այն մեղադրանքներից, որ նա իբր քանդեց նկարիչների միությունը, կար ևս մի մեղադրանք՝ ասում էին, որ «Հարսանիք» նկարի մեջ մարմնավաճառին հագցրել է կարմիր զգեստ, որպեսզի դրանով սիմվոլիկ կերպով պատկերի խորհրդային իշխանությունը: Այդ մեղադրանքը հանկարծակի էր ու զզվելի… Պետք էր մարդուն խորտակել, և ամեն եղանակով դա անում էին: Հայրս նստած էր բեմին, իսկ երիտասարդ նկարիչները, որոնց նա ընդունել էր Միության քարուղարություն, դուրս էին գալիս բեմ ու, նրան մեջքով կանգնած, փորձում էին վարկաբեկել: Միության նախագահի պաշտոնից հեռանալը չվշտացրեց նրան: Ավելի ծանր էր երիտասարդ ընկերների դավաճանությունը, որոնց նա շատ էր օգնել: Ես նստած էի դահլիճում և տեսնում ու զգում էի, թե ինչքան ծանր էր նա տանում հենց դավաճանությունը: Այդ օրերին քույրս տղա ունեցավ, և նրա անունը դրեցին Սարգիս: Ես հանգստացնում էի հայրիկիս.

–Ուրախացի՛ր, մենք հիմա ևս մի Սարգիս ունենք:

(շարունակություն)

Մեկնաբանություններ (4)

YULYA XACHATRYAN
SHNORHAKALUTYUN,SIRELI ZARUHI EV MHER!
ՄԱՐՏԻ 1
ես չեմ հասկանում, Մհեր Ենոքյանն էսքան բան է գրում ու թարգմանում բանտում նստած, միթե՞ նա չապացուցեց, որ ինքն արժանի է ազատության։ Լիսկան ընտանիքով գնաց Հայաստանից անպատիժ, իր հետևից առնվազը երկու դիակ ու լիքը դժբախտացրած մարդիկ թողնելով, իսկ բանտերում դեռ մնում են գրող ու թարգմանող անմեղ մարդիկ
Զառա
Հարգելիներս, կարդում էի ու փշաքաղվում, հիմա հասկանում եմ, թե Զարուհի Մուրադյանը ումից է ժառանգել ընկածին բարձրացնելու, անարդարությունների դեմ կռիվ տալու բացառիկ մնացած ունակությունները: Մենք՝ Զարուհու հետ աշխատել ենք ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի երկու գրքերի խմբագրման, կազմման վրա, բարձրացրել բանտում հայտնված մարդկանց խնդիրները...........
Վեհարի
Որպես կանոն բանտ չեն ընկնում անարդարները, և եթե անգամ ընդունենք, թե Պարույրի քունքին իջած հարվածը պատահական է, ապա միևնույնն է, Պարույրին ցմահ կդատապարտեին կամ այլ կերպ կչեզոքացնեին ճիշտ այնպես, ինչպես համատարած լռության պայմաններում ասպարեզից վերացրել են մեր ազգի լավագույններին: Այսօր էլ շարունակում են ղողանջել հազարավոր զանգակներ և մեզ զգուշացնել շարունակվող ցեղասպանության մասին, և ինչն է զարմանալի.` Մենք չենք կարողանում համախմբվել դեպի հարատևում տանող մեկ ընդհանուր գաղափարի շուրջը և իշխանությունը գողացած մի բուռ կիսագրագետ դավաճաններից փոխանցել նրանց, ում բառապաշարում և գործողություններում կա հայրենիք, արդարություն հասկացողությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter