HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ամանորի գինը

Այնպես է ստացվել, որ Ամանորը դարձել է հայկական բիզնեսի լոկոմոտիվը: Մոտավոր գնահատականներով՝ այս տարի դեկտեմբերի առևտրի շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ դոլարը՝ 2-3 անգամ ավելի, քան մյուս ամիսներին: Համեմատության համար՝ նոյեմբերին առևտրի շրջանառությունը մոտ 520 մլն դոլար էր: Մարդկային սովորական թուլությունները՝ որկրամոլությունն ու ցուցամոլությունը, տնտեսության շարժիչ ուժն են: Սա վկայում է տնտեսության հետամնացության մասին, որտեղ սննդի արդյունաբերությունը հիմնական ճյուղ է:

Նախաամանորյա տնտեսական անցուդարձն այս անգամ էլ մեր քաղաքացիներին անակնկալներ մատուցեց: Դեկտեմբերի վերջին օրերին դեֆիցիտ գրանցվեց ձվի ու կանաչեղենի շուկայում, մի փոքր թանկացավ մրգեղենը՝ խնձորն ու ցիտրուսայինները, իսկ ընկուզեղենը մինչ այդ էլ թանկ էր: Արտասովոր թանկացան լոլիկն ու վարունգը՝ ըստ երևույթին Թուրքիայից ներկրումների խնդիր կա: Լոլիկի կգ-ը հասել էր նույնիսկ 3000 դրամի: Փոխարենը հանգիստ կարելի էր էժան խոզի բուդ ձեռք բերել, ԳՈւՄ-ի մսավաճառները նույնիսկ յուրօրինակ ակցիա էին առաջարկում՝ կգ-ը 1900 դրամ: Սա ռեկորդային ցածր գին է նախորդ տարիների համեմատ: Դեկտեմբերի 31-ի կեսօրին մսավաճառների տաղավարների մեծ մասն արդեն սրբված էր, այնպես որ տավարի միս ճարելն արդեն խնդիր էր; Այնուամենայնիվ, մսի թանկացում չկար (կգ-ը՝ 2400-3300 դրամ): Հնդկահավն այդպես էլ չարմատավորվեց հայերի տոնական սեղաններին՝ կգ-ը 3000-3500 դրամ արժեցող թռչնամիսը այդպես էլ չանհետացավ վաճառակետերից:

Կանաչեղենի դեֆիցիտը մեծապես պայմանավորված էր «Երևան Սիթիի» հաջող մարկետինգային քայլով: Այս ցանցը շուկայից ու ջերմոցներից հավաքեց ողջ կանաչին ու այն վաճառում էր աստղաբաշխական գնով՝ 500 դրամ մի փոքր կապուկը; Որևէ այլ վայրում կանաչի ճարելն ուղղակի հաջողություն էր: Հավանաբար այս հաջողության մեջ մեծ դեր խաղաց մենաշնորհներ հաստատելու ու դրանից օգտվելու արդեն բազմամյա փորձը:

Ինչ վերաբերում է ձվին, ապա դեկտեմբերին ձվի ներկրումները շարունակվել են, սակայն ավելի նվազ ծավալներով (շաբաթական մոտ 600 հազ. հատ): Ակնհայտ է, որ ձվի տեղական արտադրությունը չի հասցնում բավարարել պահանջարկը, որքան էլ որ գյուղնախարարության պաշտոնյաները հակառակը պնդեն:

Ամանորին նախապատրաստվելու համար քաղաքացիները լրացուցիչ մեր ֆինանսական շուկայում վաճառել են մոտ 350-400 մլն դոլար: Ըստ կենտրոնական բանկի տվյալների՝ միայն դեկտեմբերի 23-28-ին ներբանկային շուկայում բանկերը գնել են մոտ 182 մլն դոլար: Սա մոտ 50 %-ով գերազանցում է շաբաթական «նորման»: Եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերի 29-ից հետո ընկած ժամանակահատվածի վիճակագրությունը չի հրապարակվել, կարելի է համարձակորեն պնդել 400 մլն դոլար ցուցանիշի վրա:

Կանխիկ փողի ծավալը, ըստ ԿԲ տվյալների, դեկտեմբերին ավելացել է մոտ 40 մլրդ դրամով (100 մլն դոլար) և դեկտեմբերի վերջին կազմել 447 մլրդ դրամ (1,09 մլրդ դոլար): Նշենք, որ նախորդ տարիներին դեկտեմբերի վերջում կանխիկ դրամի հավելաճն ավելի զգալի էր, սակայն քարտային համակարգի զարգացումը նպաստում է դրամաշրջանառության որոշ կարգավորմանը: Պատահական չէ, որ այս տարի փողի բազայի կառուցվածքում հիմնական հավելաճը տեղի է ունեցել ոչ թե կանխիկ դրամի մասով, այլ արտարժութային հաշիվների: Արտարժույթով թղթակցային հաշիվների չափը դեկտեմբերի վերջերին գերազանցել է 500 մլն դոլարը՝ կրկնապատկվելով 1 ամսվա ընթացքում: Սրան հավանաբար նպաստել են արտերկրից փոխանցումները:

Այս Ամանորն, ընդհանուր առմամբ, արդարացրեց տնտեսվարողների սպասումները՝ պահանջարկի պակաս չկար, սակայն առաջիկա ամիսներին մեր տնտեսությունը, իր սովորության համաձայն, կհայտնվի խորը նիհիլիզմի ճիրաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter