
Գագիկ Ծառուկյանը հերթական խոշոր կազինոն է կառուցում
Գագիկ Ծառուկյանը մտադիր է կառուցել հերթական խոշոր կազինոն՝ «Օնիրա քլաբ» անվամբ: Այն գտնվելու է Երևան-Աբովյան խճուղի 5 հասցեում, Վերին Պտղնի գյուղի մոտ: «Շանգրի Լա» կազինոյից հետո սա Գ. Ծառուկյանի երկրորդ նմանատիպ խոշոր ծրագիրն է: Սպասվում է, որ խաղատան կառուցման վրա կծախսվի մոտ 61 մլրդ դրամ (մոտ 150 մլն դոլար): Սա ավելին է, քան ծախսվել էր «Շանգրի Լա»-ի կառուցման ժամանակ: Ի դեպ, Սևանի մայրուղու վրա գտնվող «Շանգրի Լա»-ն ներկայում ներառված է «Փարավոն» անունը կրող հանգստի և ժամացի գոտում: «Օնիրա քլաբը» նույնպես շրջապատված է լինելու ժամանցի ու հանգստի գոտիով:
Ըստ պետռեգիստրի տվյաների՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են Գագիկ Ծառուկյանը(48.6%), Ջավահիր Ծառուկյանը (48.6%) եւ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն (2.79%):
Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Գ. Ծառուկյանին անհրաժեշտ 2 խոշոր կազինո կառուցել մոտ հարևանությամբ: Պատասխանը թաքնված է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում: Ըստ այդ օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից բոլոր կազինոները, շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպողներն իրենց բիզնեսը պետք է հանեն Երևանից ու մյուս բնակավայրերից, բացառությամբ՝ Ծաղկաձորից, Սևանից, Ջերմուկից, Մեղրիից: Բացառություն է արված նաև «Զվարթնոց» օդանավակայանի համար: Բայց կա նաև երկրորդ բացառությունը՝ եթե ներդրումների արժեքը գերազանցում է 40 մլրդ դրամը, ապա ՀՀ կառավարությունը կարող է թույլ տալ կազինո կառուցել նաև այլ վայրերում, որոշակի չափորոշիչների բավարարելու պայմանով:
Քանի որ «Օնիրա քլաբի» ներդրումային արժեքը գերազանցում է 40 մլրդ դրամը, ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 26-ին հավանության արժանացրեց այդ ներդրումային ծրագիրը: Այսպիսով, հունվարի 1-ից բոլոր մյուս կազինոները դուրս պետք է բերվեն Երևանից ու դրա շրջակայքից, քանի որ դրանցից ոչ մեկը 40 մլրդ դրամի ներդրում չի կատարել ու չի դիմել կառավարություն թույլտվություն ստանալու համար: Իսկ այդ դեպքում ստացվում է, որ Երևանի մերձակայքում կլինեն միայն 2 խոշոր կազինոներ ու շահումով խաղեր՝ «Շանգրի Լա» և «Օնիրա քլաբ», երկուսն էլ պատկանում են միևնույն անձին:
Կա մեկ այլ պատճառ, որը, թերևս, ստիպել է Գ. Ծառուկյանին՝ ձեռնամուխ լինել նոր կազինոյի կառուցմանը: «Շանգրի Լա» խաղատան կազմակերպիչը «Կլեոպատրա» ընկերությունն է, որտեղ Գ. Ծառուկյանը 50 տոկոս բաժնետեր է: Մյուս բաժնետերը Մոսկվայում գրանցված «Շտորմբրեյն» ՍՊԸ-ն է:
«Շանգրի Լա»-ն ունի օպերատոր՝ անգլիական «Շտորմ ինթերնեշնլ» ընկերությունը, որին էլ, վերջին հաշվով, պատկանում է «Շանգրի Լա» բրենդը: Իսկ «Օնիրա քլաբը» ավելի «ծառուկյանական» ընկերություն է, առանց այլևայլ բաժնեմասերի ու օպերատորների:
Նշենք, որ 2013թ. նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում խաղատուն կազմակերպելու լիցենզիա ունեին 11 ընկերություններ, որոնցից միայն մեկն էր գործունեություն իրականացնում Ծաղկաձորում: 69 ընկերություն ունի շահումով խաղ կազմակերպելու լիցենզիա, իսկ 5-ը՝ վիճակախաղերի կազմակերպման:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել