
Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը շարունակվում է. արդյոք բոլո՞ր տուժածներն են ներգրավված քրգործում (վիդեո)
Այսօր Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Դատական նիստի ընթացքում քր.գործում առկա 10 տուժողից դատարանը հարցաքննեց 2-րդ տուժողին, ով դատարան էր ներկայացել զինվորական ոստիկանների ուղեկցությամբ:
Մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերի վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը լրագրողներին ասաց. «Ըստ էության, ես կարող եմ ասել, որ տուժողը տալիս է նույնաբովանդակ ցուցմունքներ, ընդ որում հարցադրումներից հետո ավելի մանրամասն ցուցմունքներ է՝ տալիս հօգուտ մեղադրանքի կողմի: Այսինքն՝ նա ամբաստանյալին որոշ մերկացնող ցուցմունքներ է տալիս: Ես դատական նիստի մանրամասնություններ չեմ կարող հրապարակել, ուղղակի ասեմ՝ նա պնդում է իր բոլոր ցուցմունքները»:
Մեղադրողը խուսափեց դատարանում մեղադրական եզրակացության ապացուցման հեռանկարին գնահատականներ տալուց. «Ես ուղղակի ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ մեղադրական եզրակացությունը երբ ստորագրվում է, նյութերի շրջանակում արդեն իսկ համարվում է, որ մեղադրանքը ապացույցներով հիմնավորված է, և դրա համար ուղարկվում է դատարան: Այսօրվա դրությամբ մեղադրանքի մեջ ոչինչ չի փոխվել երկու տուժողներին հարցաքննելուց հետո»:
Անչափահաս տուժածներին հոգեբանի և մանկավարժի ներկայությամբ հարցաքննելու վերաբերյալ Ա. Ամիրզադյանն ասաց, որ դատաքննության պրոցեսում, երբ կլինեն անչափահաս տուժածներ, այդ ժամանակ մեղադրող կողմը կոնկրետ կխոսի: Մինչև օրս դատարանի կողմից հարցաքննության ենթարկված երկու տուժողները եղել են 19 տարեկան:
Արամ Ամիրզադյանը մեկնաբանեց այն, որ առաջին դատական նիստում, ամբաստանյալ Սերոբ Տեր-Պողոսյանի պահանջով, դատավոր Մուշեղ Հարությունյանը լրագրողներին հեռացրեց դատական նիստերի դահլիճից, իսկ տուժողները դատարանի սպասասրահում անպաշտպան մնացին ոտնձգությունների և լրագրողների նկարահանումների առաջ: «Եթե նիստը դռնբաց էլ լիներ, սակայն Սերոբ Տեր-Պողոսյանը չցանկանար նկարահանվել, պետք է պաշտպանվեին նրա իրավունքները: Տուժողները իրենք են որոշում՝ նկարվե՞ն, թե՞ չնկարվեն»,- ասաց մեղադրողը:
Նա նաև նշեց, որ մանկապղծության այս գործը Հայաստանում իր նախադեպը չունի: «Ես կարծում եմ, որ տուժողների անչափահաս լինելու հանգամանքը արդեն որոշակի դեր է խաղում այս գործի առանձնահատկության մեջ: Բացի դրանից՝ պաշտպանության միջոցի հիմք պետք է հանդիսանա տուժողի դիմումը: Բայց տուժողներից ոչ մեկը նման դիմում չի ներկայացրել»,- ասաց Արամ Ամիրզադյանը:
«Հետքը» փորձեց նրանից պարզել, թե ինչու քրեական գործում ներգրավված չեն անչափահասների ծնողները, իրավապահ մարմինների ղեկավարներն ու այլ պաշտոնատար անձինք, որոնք տեղյակ էին անչափահաս երեխաների նկատմամբ տարիներ շարունակ Սերոբ Տեր-Պողոսյանի իրականացրած սեքսուալ բնույթի գործողություններից: Մեղադրողը պատասխանեց. «Մենք քր.քործում գործ ունենք տուժողի հետ: Հարազատին պատժելը բարոյական խնդիր է այսօրվա դրությամբ: Այսօր այս հանցագործությունից բարոյական լուրջ տուժանքի է ենթարկվել տուժողը, մարդը զրկվել է որոշակի բաներից»:
Ախթալայում այսօր լուրեր էին շրջանառվում են, որ քր. գործում ընդգրկված են Սերոբ Տեր-Պողոսյանի սեռական գործողություններից տուժած ոչ բոլոր անչափահասները, և իրականում տուժածների թիվն ավելի մեծ է: Մինչդեռ մեղադրական նյութերում իրավապահներն ընդգրկել են միայն այն տուժածներին, որոնց նկատմամբ Սերոբ Տեր-Պողոսյանի սեռական գործողությունների տեսագրությունները հայտնաբերել է նախաքննության մարմինը:
Այդ կապակցությամբ Արամ Ամիրզադյանն ասաց. «Այո, գործի քննությունը կատարվում է այն շրջանակներում, որ շրջանակներում հնարավորություն ենք ունեցել պարզել: Եթե կան որոշակի հիմնավոր բաներ, որ մարդիկ կգան, հայտարարություններ կտան, ուրեմն տևական մենք կզբաղվենք այդ գործով: Բայց մենք այդպիսի բան այսօր չունենք»:
Քր.գործում առկա մանկապղծության փաստը հաստատող նկարահանումների վերաբերյալ մեղադրողը հայտնեց, որ նկարահանումները կատարվել են այն տեսախցիկով, որը Սերոբ Տեր-Պողոսյանն է տեղադրել հարմարեցված տեղերում: Կա տեսագրություն, որն արել է հենց սեռական գործողության մասնակիցներից մեկը. նրանք ընդգրկված են տվյալ քր.գործում' տարբեր կարգավիճակներով:
Ըստ մեղադրողի՝ նախաքննության ընթացքում տուժողներին բացատրել են իրենց հասցված բարոյական վնասի համար դատարանում փոխհատուցում պահանջելու իրավունքը:
Արամ Ամիզադյանը նաև ասաց, որ Սերոբ Տեր-Պողոսյանը գիտակցել է, թե ում հետ և ինչ գործողությունների է դիմում:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 26-ին՝ ժամը 12-ին:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել