HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհի երգերի լավագույն Cover տարբերակները - 2

Նաիրա Հայրապետյան

1967թ. թողարկվեց Բոբ Դիլանի «John Wesley Harding» ալբոմը, որտեղ ներկայացված էր նաև «All along the watchtower» երգը: Այն դարձավ արտիստի այցեքարտային ստեղծագործություններից մեկը, ընդգրկվեց նրա գրեթե բոլոր համերգային նախագծերում և վերջին 35-40 տարիների ընթացքում Դիլանի կողմից ամենաշատ  կատարված երգն է համարվում: «All along the watchtower»-ը մշտապես ներկա էր Դիլանյան երգերից կազմված լավագույն հավաքածուներում և որպես հայտնի ու սիրված գործ` մեկնաբանվել, հնչել է տարբեր երգիչների և երաժիշտների կողմից` (Նիլ Յանգ, Բրայըն Ֆերի, Էրիկ Քլեփթոն, Վան Մորիսոն, «U2»,  Ջեֆ Հիլի և ուրիշներ), սակայն կա մի անուն, որի կատարումն այնքան տպավորիչ էր ու ազդեցիկ, որ  իր էներգետիկ ներգործությամբ ստիպեց  գրեթե ենթարկվել այս նոր կատարման ոճին  ու գնալ նրա հետքերով անգամ  հեղինակին` Բոբ Դիլանին:

Դա լեգենդար Ջիմի Հենդրիքսի քավըրն էր, որը հայտնվեց բնօրինակի թողարկումից  մոտ վեց ամիս անց` 1968թ. հունվարի 21-ին, «Jimi Hendrix Experience »-ի «Electric Ladyland» ալբոմի համար: Այս տարբերակը համարվում է  այն քիչ քավըրներից, որն ավելի հաջողված է (և կատարման և կենսագրության առումով), քան հեղինակինը:  Այն «Ռոլլինգ Սթոուն» ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը»   ցանկում 47-րդ տեղում է, օգտագործվել է բազմաթիվ ֆիլմերում, իսկ 2000թ. բրիտանական «Total Guitar» ամսագրի կողմից ճանաչվել է  առաջինը` որպես  բոլոր ժամանակների լավագույն քավըր կատարում:

Ինքը`Դիլանը, այնքան ազդված էր այս կատարումից, որ իր համերգների ժամանակ երգը որոշեց Հենդրիքսի ոճով կատարել:Լրագրող Ջոն Դոլենի հետ հարցազրույցում, Դիլանն այսպես է նկարագրել իր զգացողությունը «All along the watchtower»-ի  Հենդրիքսի կատարումը առաջին անգամ ունկնդրելուց հետո. «Ես խորապես ցնցված էի, անկեղծ եմ ասում: Նա կարողացել էր սուզվել երգի խորքերն ու վերհանել, մեծ եռանդով զարգացնել այնպիսի բաներ, որոնց գոյության մասին ուրիշ ոչ մի կատարող նույնիսկ չէր էլ մտածել»։

Մեկ այլ առիթով՝ նշել է. «Ինձ դուր է եկել Հենդրիքսի տարբերակը և նրա մահվանից ի վեր ես այդ երգը կատարում եմ նրա ոճով. տարօրինակն այն է, որ երբ երգում եմ, միշտ այն զգացողությունն ունեմ, որ դա  ինչ-որ առումով հարգանքի տուրք է նրա հիշատակին»:

Երաժշտությունից կամ ֆիլմերից քիչ թե շատ հետաքրքրվող ցանկացած մարդու եթե հարցնենք` ի՞ նչ կարող է ասել «I Will Always Love You» երգի մասին, անկասկած, կփորձի հիշել կամ Ուիթնի Հյուսթոնի անունը կամ էլ`ռեժիսոր Միկ Ջեքսոնի «Թիկնապահը» ֆիլմից մեկ-երկու դրվագ կպատմի: Ու ոչ ոք այդպես էլ չի հնչեցնի  Դոլի Փարթոնի անունը: Մինչդեռ այս հանրահայտ երգը ամերիկացի քանթրի ոճի երգչուհի Դոլի Փարթոնի 1974 թ. թողարկված սինգլն է և հենց ինքն էլ երգի հեղինակն է: Նա երգը մի քանի անգամ վերաձայնագրել է` տարբեր նպատակներով: Նախ նշենք, որ  1974թ. ձայնագրությունը հնչել է Մարտին Սկորսեզեի նույն թվականին նկարահանած «Ալիսան այլևս այստեղ չի ապրում» ֆիլմում, ապա` 1982թ-ի ձայնագրությունը` հատուկ Քոլին Հիգիսի «Տեխասի լավագույն հասարակաց տունը»  կատակերգության սաունդթրեկի համար մշակվեց, իսկ 1995թ. հնչեց նույն երգի դուետային կատարումը Վինս (Վինսենտ) Գիլի հետ: Երգը թողարկման պահից սկսած` մի քանի անգամ գլխավորել է քանթրի երգերի առաջատար  հորիզոնականները:  Այն կատարելու ցանկություն է հայտնել նույնիսկ ռոքնռոլի արքան` Էլվիս Փրեսլին, սակայն  չի հաջողվել միայն երգչի պրոդյուսերի և Դոլիի` հեղինակային իրավունքի և գործնական դաշտում  անհամաձայնություններ ունենալու պատճառով:  

Եվ անգամ այս հաջողություններից հետո, պետք է խոստովանել, որ միևնույն է, երգն իր պայթյուն-ազդեցությունը թողեց 1992թ. հետո` Ուիթնի Հյուսթոնի անկրկնելի կատարմամբ: Այն, բառի ամենալայն իմաստով, շրջեց աշխարհով մեկ` լայն ճանաչում տալով թե երգին, թե երգչուհուն։ Բազմաթիվ մրցանակներից, գրեմմիներից դուրս` ծայրահեղ կերպով սիրվեց ու ընդունվեց տարբեր լսարաններում: Նույնիսկ ամենախիստ քննադատներն էին տպավորված այս կատարման հզորությամբ և բնորոշումների մեջ (Հյուսթոնի ստորագրություն-երգ, կուլտային կատարում, չափազանց էմոցիոնալ, ոչ թե դեկորատիվ կատարում) կարևորում էին հատկապես այն, որ Հյուսթոնյան զորեղ վոկալի և ազդեցիկ գոսպելի շնորհիվ երգը տխուր, սիրտ կեղեքող սիրային պատմությունից վերածվել է լքված կնոջ դրամայի, որն իր մեջ իրականում ապրելու  մեծ  պայքար է կրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter