HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Երբ այցելեցի Բերձորում ապրող 11 երեխա ունեցող ընտանիքին

Բերձոր այցելության ժամանակ ասում էին, որ այստեղ բազմազավակ ընտանիքները շատ են: Նախ՝ նրանց համար առանձին տուն է կառուցվում, հետո էլ պետությունը գումար է հատկացնում: Թվարկված մի քանի բազմազավակ ընտանիքներից առաջինը Մարգարյաններն էին: Տեղացիները նրանց մասին խոսելիս ժպիտով ասում էին, որ ընտանիքի հայրը` Մուրադը, երեխաների համար հատկացված փողով անգամ մեքենա է գնել: Մուրադյանների ընտանիքը Բերձորում հայտնի է նաև նրանով, որ ամենաշատ երեխաներն ունեն` 6 տղա և 5 աղջիկ:

Երբ այցելեցինք Մուրադյաններին, տանը մայրն էր` Փառանձեմը, 5 աղջիկներն ու տղաներից մեկը: Միջանցքում դրված վառարանի մոտ երեխաները եւ՛ տաքանում էին եւ՛ իրար հետ զրուցում: Վառարանը փոքր չէր, բայց գրեթե չէր ջերմացնում: Երկու փոքր աղջիկները` Լիլիթն ու Մարիամը, բոբիկ վազվզում էին սառը հատակի վրա, ապա արագ վազելով հասնում էին հյուրասենյակ` ուսումնասիրելու հյուրերին, ժպտում ու իրար ականջի փսփսում: Փառանձեմն ասում է, որ լրագրողներ իրենց պարբերաբար այցելում են, որպես բազմազավակ ընտանիք՝ հետաքրքրվում իրենցով:

Փառանձեմը ցույց է տալիս տունը. սառը հյուրասենյակից անցնում ենք ավելի սառը ննջասենյակներ: Մեկը ամուսինների սենյակն է, մյուս երկու սենյակները նախատեսված են տղաների և աղջիկների համար: Անկողինները երեխաների թվից քիչ են, բայց մայրն ասում է, որ երեխաները տեղավորվում են: Այնուհետև ցույց է տալիս գաջած պատերից կախված նկարները` «երեխաների վերանորոգումը»:

«Իսկ փոքրերը որտե՞ղ են քնում», - հարցնում եմ:

«Դե, իրենք էլ` որտեղ պատահի», - պատասխանում է մայրը:

Այն հարցին, թե արդյոք քնելու համար չեն օգտագործում հյուրասենյակը, Փառանձեմը պատասխանում է. «Դե, չէ, սա հյուրասենյակ ա, քնելու համար չենք օգտագործում»:

Բոլոր աղջիկները ժպտալով հետևում են մոր զրույցին, ամաչելով պատասխանում հարցերին կամ միայն ժպտում` կարծես չհամարձակվելով միջամտել «մեծերի» խոսակցությանը: Ամենալուռը մեծ աղջիկն է` Լուսինեն, ով ամբողջ ընթացքում լուրջ դեմքով նստած է: Խոսակցության ընթացքում միայն մի պահ է ժպտում ու աչքերը փայլում են, երբ խոստովանում է, որ ցանկանում է երգչուհի դառնալ: Մյուս քույրերն էլ ժպտալով հաստատում են, որ ավագ քույրը լավ երգում է: Այդ ընթացքում երեխաները հերթով գնում-գալիս են հյուրասենյակ` հագնելով իրենց լավագույն շորերը. երևի մայրն էր ասել, քանի որ խնդրել էի լուսանկարել բազմանդամ ընտանիքը:

Այնուհետև տուն եկան մյուս երկու տղաները` Անդրանիկն ու Վահագնը, ովքեր գնացել էին տան մոտակայքից փայտ բերելու: Վահագնը այս տարի գնացել է առաջին դասարան, մայրն էլ հպարտությամբ ասում է, որ մաթեմատիկայից ուժեղ է: Հետո ավելացնում, որ ինքը միայն առաջին դասարանցիներին է օգնում դասերի հարցում, մյուսները միմյանց օգնում են, անգլերենի հարցով էլ բոլորը դիմում են Լուսինեին: Իսկ փոքրերին մանկապարտեզ չի ուղարկում. քանի որ չի աշխատում, ինքն է նրանց խնամում: 

Այն հարցին, թե ինչպես է կարողանում պահել բազմանդամ ընտանիքը, Փառանձեմն ասում է, որ նպաստ է ստանում, նաև երկրորդ տղան է օգնում, ով երկու տեղում է աշխատում` դպրոցում և կոմունալ ծառայությունում: Ընտանիքի հայրը` Մուրադը, մոտ 3 ամիս առաջ մյուս տղայի հետ գնացել է Աբխազիա՝ արտագնա աշխատանքի: Այնտեղ մանդարին են հավաքում, բայց գործերից շատ գոհ չեն: Փառանձեմն ասում է, որ ամուսնու 45 հազար դրամ աշխատավարձը չէր բավականացնում: Այն հարցին, թե արդյոք ընտանիքը օգնություն չի ստանում, Փառանձեմը պատասխանում է, որ ստանում են, իրենց միշտ օգնում են, բայց հետո հավելում է, որ վերջերս «Էդքան էլ շատ չեն օգնում»:  

Քաշաթաղի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Մարգարյանների ընտանիքը պարբերաբար օգնություն է ստանում` հագուստ, սննդամթերք, օգնում է նաև «Ագապե» բարեգործական կազմակերպությունն ու «Գուրգեն Մելիքյան» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը:  5 տարի առաջ էլ ընտանիքի համար հիմնադրամը կով է գնել, այնուհետև նրանց նաև պետական անասնավարկ է տրամադրվել:  

Փառանձեմը քթի տակ անհասկանալի ձևով պատմում է, թե ինչու են կորցրել իրենց հատկացված կովը ու ասում, որ հիմա 3 ոչխար ունեն, պատրաստվում է կրկին անասնավարկ վերցնել, որպեսզի կով առնի` կաթնամթերք ունենան: Այդ ժամանակ պատուհանից բակում երևում են ոչխարները, որոնց շուրջը կային մի քանի հավեր:

«Այս հավերը ձերն են, թե հարևանինը», - հարցնում եմ:

«Հավերը մերն են, 5 հավ ունեմ», - ասում է Փառանձեմը:   

Մարգարյանների այս տունը երկրորդն է, որ կառուցվել է նրանց համար 2009 թ.-ին` 10-րդ երեխայի ծնվելուց հետո: Իրենց տան հարևան սեփական տունը ևս իրենց համար է կառուցվել ավելի վաղ: Երկրորդ տունը ստանալուց հետո այս տունը փակել են, եթե ցանկացողներ են լինում, տալիս են վարձով: Առաջին տուն գրեթե չեն գնում, երկու տանն ապրելը ծախսատար է, հաստատվել են երկրորդ տանը: Փառանձեմը ցույց է տալիս տան հարակից հողատարածքը, որտեղ բանջարեղեն են մշակումն: Այն հարցին, թե արդյոք ինքն է մշակում, ասում է, որ ինքն էլ, բայց հիմնականում երեխաներն են օգնում. միայնակ չէր կարողանա:  Միայն թե լավ կլիներ, որ առաջիկայում լուծվեր նաև ոռոգման ջրի խնդիրը:

Բերձորում ասում են, որ Մուրադի երեխաները խելոք, աշխատող երեխաներ են, ամբողջ ամառ աշխատում են, հատապտուղներ են հավաքում, որ վաճառեն, այդպիսով փորձում են ծնողներին օգնել:

Փառանձեմն ու Մուրադը Բերձորում են հաստատվել 1999 թ.-ից, երբ դեռ միայն 4 տղա ունեին: Այժմ նրանց մեծ տղան ամուսնացել և տեղափոխվել է Վայք:

Բազմազավակ ծնողները շուտով թոռնիկ կունենան, իսկ իրենց երեխաներից ամենափոքրը` Լիլիթը, երեք տարեկան է: Փառանձեմն ուրախ է, որ շատ երեխաներ ունի, ասում է` նրանք Աստծուց տված պարգևներ են:

«Աստված եթե տալիս է, չպիտի մեղք գործես, - ասում է Փառանձեմը: - Էրեխա ա, էլի: Աստված եթե տալիս ա, Աստված էլ պահում ա»:

Զրույցի ընթացքում փոքր աղջիկները` Մարիամն ու Լիլիթը իրար գրկում էին, միմյանց ականջի փսփսում ու ծիծաղում, իրենցից ավագները` Վարդուհին ու Արմանուշը, իրար կողքի նստած հետևում էին փոքրերի խաղերին, ժպտում:

Հետաքրքիր էր իմանալ` արդյոք լավ է, որ ընտանիքում այդքան շատ են: Ավագ աղջիկները չեն դժգոհում իրենց թվաքանակից, ասում` եսիմ, հետո ավելացնում, որ միշտ չէ, որ դա լավ է: Այնուհետև ժպտալով նշում են, թե իրենցից ով քանի երեխա կցանկանար ունենալ. 2, 3, առավելագույնը` 4:

Մեկնաբանություններ (2)

Ռոբերտ Մաթևոսյան
Հարգելի Արմեն, հիշյալ ընտանիքը բնակվում է քաղաք Բերձորում, կարող եք զանգահարել ինձ 047-752-292/աշխ./ համարով, կամ գրել [email protected] էլ.հասցեով` կտամ ավելի սպառիչ տեղեկություն:
Armen Davtyan
xndrum em tal te vor hasceum e bnakvum ays entaniqe!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter