HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի պատգամավոր. «Ռոբերտ Քոչարյանը միայն արյան միջոցով է իր հարցերը լուծել»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը

-Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը շատերը պայմանավորեցին Սերժ Սարգսյանի հետ հեռակա բանավեճով: Քոչարյանի՝  քաղաքականություն վերադառնալու մտադրություն տեսնո՞ւմ եք:

-Կարծում եմ, որ դա անձնավորված է, որովհետև Հայաստանի վիճակը, իրոք, վատ է: Այդ նույն Ռոբերտ Քոչարյանի նշած բացասական երևույթները մի քանի տարի է՝ շարունակվում են, բայց նա զարմալիորեն լռել է, և երբ իր անձին վիրավորել են, իր անձին կպել են, նա արձագանքել է: Կարծում եմ՝ նա ոչ թե ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, այլ նրա նյարդերը տեղի են տվել, և նա արտահայտվել է:

25-ամյա ավանդույթ կա. երբ 88-ին ժողովուրդը չընդունեց Կարեն Դեմիրճյանին, 10 տարի հետո սկսեց նորից պաշտել, կամ Լևոն Տեր-Պետրոսյանին չընդունեց, նա հրաժարական տվեց, հետո դրանից 10 տարի անց սկսեց պաշտել: Հիմա Ռոբերտ Քոչարյանի դեպքն է. 10 տարի հետո կարող է վերադառնալ, և նրան կարող են ընդունել: Չգիտես ինչու, մեր ժողովուրդը միշտ ուզում է ընտրություն կատարել հայտնի կամ անցած նախագահների միջև, այլ ոչ թե նոր, երիտասարդ ուժերի: Սա է հարցը: Մենք պրոբլեմ ունենք նաև մեր քաղաքացիական հասարակարգի հետ: Պրոբլեմը միայն լիդերների մեջ չէ:

-Պարոն Բադասյան, չէ՞որ Քոչարյանի դեպքում մարտի 1-ի էջ կա, որը մարդիկ չեն մոռացել:

-Միանշանակ մարտի 1-ի էջի պատասխանատուն Սերժ Սարգսյանը չէ, դրա պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է: Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ը սարքեց Սերժ Սարգսյանի գլխին:

-Ինչո՞ւ:

-Որովհետև դեռ ինքն էր պատասխանատուն, դեռ ինքն էր գործող նախագահը: Ինքը կարող էր դա չկազմակերպել: Պարզ երևում է՝ և՛ տեսագրությունները, և՛ փաստերը կան: Սերժ Սարգսյանն ավելի լեգիտիմ ձևով ընտրվեց, քան Ռոբերտ Քոչարյանը: Ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանը ոչ մի անգամ լեգիտիմ ձևով չի ընտրվել նախագահ՝ թե՛  Ղարաբաղում, թե՛ Հայաստանում: Ինքը միշտ սարքել է: Իրենք միշտ սարքել են նախագահ: Եվ 2008 թ. Սերժ Սարգսյանն ավելի լեգիտիմ ընտրվեց նախագահ, բայց ինքը պարզապես սարքեց: Օպերայի մոտ՝ Ազատության հարապարում, մարդիկ խաղաղ ցույց էին անում՝ ի նշան բողոքի: Եթե   Սերժ Սարգսյանը ժառանգել է Ռոբերտ Քոչարյանից վատ ամեն ինչը, տնտեսական, քաղաքական վատ երևույթները, ապա Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն լեգիտիմ չի ընտրվել նախագահ, այլև այդ 10 տարիներին կատարել է բազմաթիվ քաղաքական սպանություններ, Սերժ Սարգսյանն այս վերջին 10 տարիներին դեռ  չի կատարել նման բան, այսինքն՝ արյունահեղություն չի արել: Եթե հայացք գցենք դեպի անցյալ, ապա կտեսնենք, որ Ռոբերտ Քոչարյանը միայն արյան միջոցով է իր հարցերը լուծել: Այդպես էլ նա 10 տարիներին, երբ ղեկավարեց Հայաստանը, դա արեց միայն իր անձի համար, ու դա փաստում է իր ունեցվածքը, իր հարստությունը:

-Եթե Քոչարյանը հայտարարի քաղաքականություն վերադարձի կամ 2018 թ. նախագահի թեկնածություն առաջադրելու մասին, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի արձագանքը Հայաստանում և Արցախում:

-Արձագանքը չգիտեմ, բայց, կարծում եմ՝ ողբերգություն կլինի: Մենք կգլորվենք դեպի անդունդը: Մենք վերջին հաշվով պետք է  ձեռք քաշենք հայտնի քաղաքական գործիչներից, ովքեր մեկը մյուսին փոխանցել են, որովհետև, գիտեք, չեմ ուզում, որ այդ քրեաօլիգարխիկ խավը, որ կա, որ սկսել է Լևոն Տեր-Պետրոսյանից և գոյություն ունի մինչև հիմա, նորից ղեկավարի Հայաստանում: Չէ՞ որ վերջիվերջո նրանք են ղեկարավարում, հարց լուծում: Ամբողջ տնտեսությունը կենտրոնացած է նրանց ձեռքում: Այդ ամենը մի օր պետք է վերանա, որովհետև եթե աշխարհի բոլոր պետություններում ինչ-որ սկզբնական կապիտալ հանցավոր ճանապարհով ստեղծվում և անցնում է օրինական ճանապարհին, ինչպես օրինակ, հարևան Վրաստանում, այդպես չէ մեզ մոտ: Հայաստանում, կարծես, սկզբանական կապիտալն անընդհատ հանցավոր է, չկա ազատ մրցակցություն, ինչից տնտեսությունն, իհարկե, տուժում է, և ունենք այն, ինչ ունենք: Իսկ այսօրվա իրավիճակը գալիս է դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից մինչև Ռոբերտ Քոչարյանի ժամանակները, մինչև հիմա:

-Սերժ Սարգսյանն այլընտրանք ունի՞ իշխանությունը Քոչարյանին չփոխանցելու:

-Կարծում եմ՝ ցանկացած իշխանություն էլ ուզում է միշտ փոխանցել: Եթե քրեաօլիգարխիան որոշի, որ Քոչարյանին պետք է փոխանցել, իհարկե, չի ունենա այլընտրանք, եթե որոշի, որ մեկ ուրիշին պետք է փոխանցի, նրան պետք է փոխանցի: Այստեղ չեմ կարծում, թե կարևորն իրենց ցանկությունն է: Պրոբլեմը պետք է փնտրել քաղաքացիական հասարակության մեջ:  Հասարակությունը պետք է չընդունի դա: Մեր հասարակությունը մինչև 1988-91 թթ. այն հասարակությունն էր, որ արեց այն, ինչ ուզեց, և կարևոր չէր, թե Մոսկվան ինչ էր ուզում: Այսօր, ցավոք սրտի, հասարակությունը բաժանված է թե՛ բազմաթիվ կուսակցությունների, թե՛ հոսանքների, թե՛ ուղղությունների, թե՛ կրոնական աղանդների և այլն: Մի խոսքով՝ այսօր հիվանդացել է ոչ միայն իշխանությունը, այլև հասարակությունը:

-Իսկ Ղարաբաղի իշխանությունները երկու ղարաբաղցիներից ո՞ւմ կսատարեն՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն թե՞ Սերժ Սարգսյանին:

-Չեմ կարող ասել: Անձամբ ես՝ ոչ մեկին, որովհետև գտնում եմ, որ հարցն այստեղ ղարաբաղցի լինելու մեջ չէ: Հարցը գաղափարի մեջ է: Կարող է չորրորդ նախագան էլ լինի ղարաբաղցի, բայց լինի ազգային գաղափարով տոգորված: Ես մեծ սիրով կընդունեմ և կընդառաջեմ: Հայաստանի ժողովուրդը չպետք է մտածի, թե նախագահն անպայման  չպետք է լինի ղարաբաղցի, հակառակը՝ թող լինի ղարաբաղցի, թող լինի ջավախահայ, թող լինի Զանգեզուրից, թող որտեղից ուզում է լինի, միայն թե լինի ազգային մարդ, այլ ոչ քե քրեաօլիգարխիկ համակարգից: Իսկ դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետք է որոշի ոչ թե անձով, այլ համակարգով: Համակարգն ինքն արդեն կուղղորդի այն անձը, որը կընտրվի նախագահ: Դրա համար պետք է հայեցակարգ ընդունի, իսկ Հայաստանն ու Արցախը այդ հայեցակարգը չունեն, այսինքն՝ ազգային անվտանգության դոկտրինը չունեն, բայց պետք է ունենան:

Մեկնաբանություններ (2)

hay
R.Q.-i miayn anuny lseluc mardkanc mot zzvanq u crtxarnoc e arajanum. mi inch vor uj nran anpayman uxxordum e depi Chauseskui kam Kadafii hangrvanin ev na dran anpayman khasni.
Ռուզան
Ապրես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter