HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ճիշտ մեղեդին հոգեւոր թռիչք է տալիս»

Սովորական մոխրագույն դուռը տանում է դեպի փոքրիկ՝ 12 քառ. մ-ից ոչ ավելի մի սենյակ։ Չտաքացնող էլեկտրական սալիկի մոտ, աչքերը կիսափակ, կուչ է եկել կատուն, իսկ սենյակի մյուս բնակիչը՝ Տիբեթից բերված դժվար արտասանվող ցեղատեսակին պատկանող շունը, վրաս թռչկոտելով, իր ուրախությունն է արտահայտում այցելության կապակցությամբ։

Սենյակի յուրաքանչյուր սանտիմետրը զբաղեցված է երաժշտական գործիքներով. կարծես մի հսկայական նվագախումբ լուռ նվագում է ցուրտ սենյակում։

Սա Մանուկ Հարությունյանի արվեստանոցն է։ Այն ասես կենդանացած լինի հեքիաթից, իսկ ինքը՝ ազգային նվագարանների վարպետն ու երաժիշտը, կախարդ է այդ հեքիաթից, որ մատների հպումով գործիքներից կախարդական հնչյուններ է հանում: 

Սեղաններին դրված եւ պատերից կախված են եւ’ հայկական, եւ’ աշխարհի տարբեր ժողովրդական գործիքներ։ Իսկ Մանուկի ստեղծագործությունն ու պարծանքը՝ ջութը, տուփի մեջ է, որպեսզի «ձայնալարերը» չվնասվեն ցրտից։

Մանուկ Հարությունյանն այսօր հիմնականում վերանորոգում է գործիքները, ինչպես ինքն է ասում. «...այսօր ավելի շատ ձգտում եմ պահպանել եղածը, քան նորը ստեղծել»։

Մանուկի ճանապարհը դեպի  հայկական ազգային նվագարան ջութը սկսվել է թավջութակից։ Դեռ փոքր հասակում նրա ակորդեոնի ուսուցիչը, նկատելով   երաժշտական ունակությունները, ծնողներին խորհուրդ է տվել երեխային անպայման տանել երաժշտական դպրոց։ Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում Մանուկը միանգամից ընտրել է թավջութակը։ 

«Նախ արտաքին տեսքը գրավեց։ Հետո ընկերս ասաց, որ ինքը կգնա ջութակի, ես էլ՝ թավջութակի դասերին, ու իրար հետ ընկերություն կանենք։ Ու թավջութակը սկսեց նույնացվել ինձ մոտ ընկերության հետ, ինչը շատ թանկ բառ է ինձ համար։ Դա դարձավ որոշիչ»,- ասում է Մանուկը։

Հետո Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսանելու տարիներին մի քանի հոգով ստեղծեցին հնագույն երաժշտության «Գանձեր» համույթը, որի ղեկավարն էր տեր Գրիգոր Դանիելյանը, այժմ` Դանիել երաժիշտը։ 

«Նրա հետ շփումն ինձ շատ բան տվեց,- ասում է Մանուկը,- թե’ հին հայկական, թե’ եվրոպական հնագույն երաժշտության առումով։ Այդ տարիներին խորացել էի դասական երաժշտության մեջ, եւ դա կարծես առաջին քայլն էր դեպի ազգային երաժշտություն։ Հետո 1983-ին ինձ հրավիրեցին հայկական ժողովրդական գործիքների պետական նվագախումբ, այդպես ընկղմվեցի ազգային երաժշտության մեջ»։

Նվագախմբում Մանուկը նվագում էր հնագույն հայկական քեմանի (բամբիռ) նվագարանի բոլոր տեսակները՝ թավ քեմանի, փոքր քեմանի, մեծ քեմանի։ Նա նվագախմբի կազմում շրջագայել է ողջ Եվրոպայով եւ այս գործիքների առաջին ներկայացնողն է եղել արեւմուտքում։

Նվագախմբի կազմում շրջագայել է նաեւ Հայաստանի բոլոր շրջաններով, ուսումնասիրել տարբեր շրջանների բնակիչների խառնվածքը, ապրելակերպը, արվեստը, շփվել ազգային նվագարանների եւ դրանք պատրաստող վարպետների հետ։ Այս ամենը հանդիսացել է ջութի ստեղծման նախապատմությունը։

«Որքան էլ հմուտ ձեռքեր ունենաս, չես կարող հենց այնպես վերցնել ու հին հայկական ժողովրդական գործիք ստեղծել,- ասում է Մանուկը։- Պետք է իմանաս եւ’ քո, եւ’ աշխարհի ժողովուրդների նվագարանների պատմությունը, նրանց ակունքները։ Ջութը ծնվել է երկար ուսումնասիրությունների արդյունքում»։

V-VII դարին պատկանող ջութը, ինչպես մնացած հայկական ազգային գործիքները, օգտագործվել է ժողովրդական երգերում։ Ինչպես քյամանչան, թառը, սազը, ջութն էլ են նվագել աշուղները ուրախ եւ տխուր առիթների, հանդեսների, տարբեր միջոցառումների ժամանակ։

Ջութը ստեղծելիս Մանուկը հիմնվել է Յոհան Սեբաստիան Բախի՝ իր կանտանտներում եւ պատարագներում օգտագործած գործիքի՝ թավջութակի վրա։ Նրա գեղեցիկ, տեմբրային հարստությունը կապված էր գործիքի չափերի հետ, եւ ջութը ստեղծելիս Մանուկը հաշվի է առել այդ չափերը։ Ջութը չափսերով մի քիչ փոքր է թավջութակից, իսկ թավջութակին հատուկ սուր անկյունները վարպետը կլորացրել է՝ նմանեցնելով կանացի սլացիկ մարմնին։ 

Մանուկը հրաժարվում է նվագելիս ջութը ցցի վրա հագցնել։ «Ջութը նման է հիասքանչ, քնքուշ ու կրքոտ կնոջ,- ասում է նա։- Կնոջը պետք է ոչ թե ցցին հագցնել, այլ քնքուշ գրկել, պահել սրտին մոտ»։

Հինգ լարանի ջութն ունի անկրկնելի հնչողություն. նրա մեջ կան եւ’ քամանչայի, եւ’ թավջութակի, եւ’ ջութակի սուր, կրքոտ, հոգուն դիպչող հնչյուններ։ 

Ջութի մարմինը տանձենու փայտից է։ «Նույնիսկ Ստրադիվարիուսն էր ջութակ պատրաստելիս օգտագործում տանձենու փայտը,- ասում է Մանուկը։- Այն շատ ամուր է եւ լավ հնչողություն է ապահովում»։ Վերեւի մասը պատրաստված է երկու հարյուր տարեկան եղեւնու փայտից, իսկ գրիֆը, որը լավ ջութակների դեպքում լինում է էբենոսից, Վանից բերված ընկուզենու փայտից է։ 

Մանուկ Հարությունյանը նպատակ ունի ստեղծել ազգային երաժշտական համույթ, որն իր վերածնած ազգային գործիքներով կհնչեցնի «մեր հայկական բնության մաքուր հնչյունները»։ Նաեւ երազում է հնագույն ազգային գործիքների թանգարան ստեղծել։

Բայց այս ամենը կապված է ֆինանսական խնդիրների հետ։ 

«Վերջին տասնհինգ տարիների ընթացքում ես գոյությունս պահպանում եմ «Վերնիսաժի» շնորհիվ,- ասում է Մանուկը։- Եթե մի փոքր պետական աջակցություն լիներ, նորմալ արվեստանոց ունենայի, շատ ավելի հեշտ կլիներ։ Դժվար է այս պայմաններում եւ’ ընտանիք պահել, եւ’ ինչ-որ արժեքներ պահպանել։ Հատկապես որ սա, իրոք, կարեւոր գործ է։ Չէ՞ որ ճիշտ մեղեդին առողջացնում է մարդուն, դրական էներգիա է հաղորդում, հոգեւոր թռիչքներ տալիս»։

Մանուկ Հարությունյանը, ինչպես ինքն է ասում, մի մարդ է, ով ապրում է նվագարանների իր փոքրիկ աշխարհում` հույսով, որ մի օր այն կմեծանա ու կդառնա համամարդկային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter