HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գայլի երախը» եւ «նապաստակի շրթունքը» բուժելի են

Քիմքի կամ վերին շրթունքի  բնածին ճեղքվածքները կամ, ժողովրդական լեզվով ասած, «գայլի երախն» ու «նապաստակի շրթունքը» դեռ միջնադարում հայտնի պաթոլոգիաներ էին։

Նման արատ ունեցող մարդկանցից փախչում էին, ինչպես բորոտներից, նրանց նույնիսկ համարում էին կենդանիներ։ Քիմքի ճեղքվածքի վերացման առաջին վիրահատությունն արվել է երկու դար առաջ ֆրանսիացի ատամնաբույժի կողմից։ Ժամանակակից բժշկության տրամադրության տակ կան դիմածնոտային այս արատն ուղղելու մի քանի միջոցներ։

Հայաստանում նման վիրահատությունները հաջողությամբ արվում են  Երրորդ կլինիկական հիվանդանոցում Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմածնոտային ամբիոնի վարիչ եւԵրրորդ կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Քոչարյանի կողմից։ Թեպետ նման վիրահատություններ անում են Երեւանի մի քանի այլ հիվանդանոցներում եւս, բայց Երրորդ կլինիկականը միակն է, որտեղ խորությամբ զբաղվում են հենց այս խնդրով։

Ըստ վիճակագրության՝ աշխարհում յուրաքանչյուր հազար երեխայից մեկը ծնվում է այս արատով։ «Հայաստանում,- ասում է բժիշկ Քոչարյանը,- վիճակագրությունը տարեկան 40-50 երեխա է»։ 

«Գայլի երախ» առաջանում է բերանի խոռոչի ոսկրային քիմքը ձեւավորող ոսկորների եւ գանգոսկրի՝ այսպես կոչված խոփոսկրի սերտաճման պրոցեսը կանգ առնելու դեպքում։  Արդյունքում քիմքի վրա առաջանում է ճեղքվածք։ Փափուկ հյուսվածքները նույնպես հեռանում են՝ երբեմն դիպչելով նաեւ շրթունքին։ Ճեղքված շրթունքն անվանում են նապաստակի, որովհետեւ ճագարների եւ նապաստակների վերին շրթունքը ճեղքված է երկու մասի։ Քիմքի եւ վերին շրթունքի արատը հանդես է գալիս ինչպես առանձին, այնպես էլ ծնոտի այլ պաթոլոգիաների հետ համակցված։

Այս  անոմալիան դեռեւս մինչեւ վերջ ուսումնասիրված չէ։ Հետաքրքիր է, որ այն հանդիպում է ոչ միայն մարդու, այլեւ շների մոտ։ Նման արատով ծնված քոթոթները շնչահեղձ են լինում կաթ ուտելիս, կաթը մասամբ դուրս է ծորում քթանցքներից, եւ նրանք, սովորաբար, սատկում են մինչեւ հինգ օրական։ 

«Հիվանդության պատճառը մեծամասամբ գենետիկական է»,- ասում է պարոն Քոչարյանը։ Սակայն կան նաեւ ձեռքբերովի գործոններ, ինչպիսիք են մոր՝ ծանր գրիպով հիվանդանալը հղիության առաջին երկու-երեք ամիսների ընթացքում, երբ ձեւավորվում է դիմածնոտային հատվածը, տրավման, քիմիական արդյունաբերությունում աշխատանքը, հիվանդությանը նաեւ ինչ-որ չափով նպաստում է մոր կողմից ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքի օգտագործումը հղիության ընթացքում։

Բժիշկ Քոչարյանը հավաստիացնում է, որ մտավոր տեսանկյունից հիվանդությունը չի ազդում երեխայի զարգացման վրա։  Իսկ ֆիզիկապես երեխան կարող է հետ մնալ իր հասակակիցներից զարգացման տեմպերով։ Ծննդաբերության ժամանակ նման երեխայի մոտ կարող են բարդություններ առաջանալ պտղամերձ հեղուկի՝ նրա շնչուղիներ թափանցելու պատճառով։ Նորածինը դժվար է շնչում, նա չի կարողանում ծծել, եւ այդ պատճառով  հետ է մնում քաշի մեջ։ Նման արատով երեխաները մնացած երեխաներից ավելի հակված են հիվանդանալու։ Նրանք ունենում են դիմածնոտային կմախքի, ատամնաշարի, լսողության հետ կապված խնդիրներ։ 

Դիմածնոտային այս թերությունը լիովին վերացվում է վիրահատության միջոցով։ Որոշ դեպքերում պահանջվում է կրկնակի կամ նույնիսկ մի քանի վիրահատություններ։ Երբեմն մնում է փոքր սպի, որը հետագայում շտկվում է պլաստիկ վիրահատությամբ։ 

Վերին շրթունքի վիրահատությունը կոչվում է հեյլոպլաստիկա եւ արվում է, երբ երեխան կշռում է վեց կգ, այսինքն` երեք-չորս ամսական հասակում։ Քիմքի շտկումը կոչվում է ուրանոպլաստիկա եւ արվում է երկու տարեկանից սկսած։ Իհարկե, երկու վիրահատություններն էլ որքան շուտ արվեն, այնքան հեշտ կլինի թե’ բժշկի, թե’ հիվանդի համար։

 «Այս վիրահատությունները դասվում են բարդ վիրահատությունների շարքին,- ասում է բժիշկ Քոչարյանը։- Սակայն, շնորհիվ նրա, որ արդեն տասնհինգ տարի նպատակաուղղված զբաղվում ենք հենց այս խնդրով՝ հիմնվելով խորհրդային դպրոցի վրա ու ուսումնասիրելով եվրոպական եւ ամերիկյան դպրոցները, մեզ մոտ պրակտիկորեն բարդություններ չեն առաջանում՝ տարեկան ունենալով 40-50 վիրահատություն։ 

97 թվականից մենք աշխատում ենք եվրոպական կատարելագործված մեթոդիկայով։ Եթե առաջ` Խորհրդային Միության ժամանակներում, վիրահատությունը տեւում էր չորս ժամ, իսկ վերականգնողական փուլը` մոտ երկու շաբաթ, ապա այժմ մենք այն անում ենք մոտ երկու ժամում, իսկ վերականգնողական փուլը տեւում է վեց օր։ Մենք համագործակցում ենք ամերիկյան եւ եվրոպական հիվանդանոցների հետ, եւ առանց կեղծ համեստության կնկատեմ, որ իրենք շատ բան ունեն մեզանից սովորելու»։

«Ե’վ նախքան վիրահատությունը, ե’վ վիրահատությունից հետո երեխան գտնվում է դիսպանսերային հսկողության տակ,- պատմում է պարոն Քոչարյանը։- Բուժման գործընթացը չի ավարտվում միայն վիրահատությամբ։ Մեզ հետ աշխատում են մանկաբույժեր, հոգեբաններ, օրթոդոնտներ, լոգոպեդներ եւ այլ մասնագետներ։ Այսինքն՝ դա մի համալիր է, որը երեխան անպայման պետք է լիովին ստանա»։

«Եվրոպայում նման վիրահատությունն արժե միջինում տասնհինգ հազար եվրո»,- ասում է բժիշկը։ Հայաստանում, ինչպես մնացած բժշկական միջամտությունները, այս վիրահատությունը նույնպես երեխաների համար կատարվում է պետական պատվերի շրջանակներում։ Անհրաժեշտ սարքավորմամբ հիվանդանոցն ապահովված է։ Ամենամեծ խնդիրը կարանյութն է։ Մեկ վիրահատության համար անհրաժեշտ մեկ տուփ կարանյութն արժե 136 եվրո։ 

Ըստ բժշկի՝ պետությունն ի վիճակի չէ ողջ կարանյութն ապահովելու։ Բացի այդ, նման արատով երեխաների մեջ շատ են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ։ 
Վիրահատությունը, ճիշտ է, կատարվում է անվճար, բայց վիրահատությունից հետո այդ երեխաներին պետք է լիարժեք սնունդ, հատուկ խնամք։ Այդ դեպքերում օգնում են հայ եւ արտերկրյա բարերարները եւ հովանավորները, ովքեր հոգում են նման ծախսերը։  Դրանք են՝ «Հայ օգնության ֆոնդը» եւ «Վորլդ Վիժըն» կազմակերպությունը, բարերարներ Ջեկ Մազմանյանը, Լեւոն Թորոսը եւ ուրիշներ:

Չնայած այս ամենին՝ ցավոք սրտի, շատ են դեպքեր, երբ ծնողները հրաժարվում են նման արատով երեխաներից՝ նրանց հանձնելով թերզարգացած երեխաների համար մանկատներ։ Ծնողները համոզված են, որ եւ’ իրենք, եւ’ իրենց երեխան հետագայում կբախվեն սոցիալ-կենցաղային եւ հոգեբանական բազում խնդիրների։ Նման արատով ծնված երեխաները համարվում են հաշմանդամ եւ պետք է հաշվառված լինեն սոցիալական ապահովման մարմիններում, ստանան հաշմանդամության թոշակ։ 

Բժիշկ Քոչարյանն ասում է, որ նման ծնողների հետ ունենում է երկար զրույցներ, բացատրում է, որ արատը կարելի է վերացնել վիրահատության շնորհիվ, որ նման երեխան մտավոր թերզարգացած չէ, եւ հաշմանդամության հաշվառումից էլ նրան կհանեն վերականգնողական գործընթացն անցնելուց հետո։ 

Մի քանի անգամ իրեն հաջողվել է համոզել ծնողներին։ Հիվանդանոցը համագործակցում է մանկատների հետ, եւ արդեն մանկատուն հանձնած երեխային եւս վիրահատում են։ Եղել են դեպքեր, երբ վիրահատությունից հետո ծնողները երեխային հետ են վերցրել մանկատնից։ Սակայն ավելի հաճախ են դեպքերը, երբ այդ երեխաներին որդեգրում են հիմնականում արտերկրյա քաղաքացիներ եւ տանում Հայաստանից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter