
«Արի տուն», բայց առանց մեքենայի
Սեփական ավտոմեքենայով Հայաստան այցելողներին մաքսային սահմանի մոտ բազում անակնկալներ են սպասում: Եթե ավտոմեքենան հաշվառված է այլ երկրում, ապա քաղաքացուն զգուշացնում են՝ ավտոմեքենան Հայաստանից հանել 15 օրվա ընթացքում:
ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի մեր բազմաթիվ հայրենակիցներ փորձում են Հայաստան այցելել իրենց մեքենայով, դրանում ոչ մի վատ բան չկա: Ընդհակառակը՝ դա պետք է խրախուսել: Նկատի չունենք «Արի տուն» կամ նմանատիպ ծրագրերը, որոնց արդյունավետությունը դեռ պետք է գնահատել: Նկատի ունենք պարզապես անհիմն խոչընդոտների վերացումը: Աբսուրդ է, իհարկե, սակայն իր ավտոմեքենայով Հայաստան այցելող մեր հայրենակիցները կամ շատ արագ պետք է լքեն Հայաստանը, կամ ենթարկվեն հսկայական տույժերի՝ մեքենան ժամկետից ավելի հայրենիքում պահելու համար: ԱՊՀ երկրներում արդեն առասպելներ են պատմում մեքենայով Հայաստան այցելելու հետևանքների մասին, բայց չէ՞ որ շատերը տեղյակ չեն մեր խիստ օրենքներից, ու Հայաստանում գոնե հարգալից ընդունելություն են սպասում:
Այս խնդիրը հիմա սրվել է այն պատճառով, որ Սոչիի օլիմպիադայի նախապատրաստման շրջանում այդ տարածաշրջանում կիրառվում են աննախադեպ անվտանգության միջոցառումներ: Մեր հայրենակիցներից շատերը դեմ չեն մի քանի ամսով պատսպարվել Հայաստանում, սակայն ավտոմեքենան այս պարագայում անհաղթահարելի խոչընդոտ է հանդիսանում;
Խնդիրը սկսում է նրանից, որ Հայաստան այցելելիս մաքսային մարմինները ավտոմեքենայի վրա կիրառում են «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը: Իսկ ըստ Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի՝ ժամանակավոր ներմուծմած ապրանքը պետք է 15 օրից վերարտահավի; Ընդ որում՝ տարվա ընթացքում կարելի է ընդամենը 2 անգամ այդպիսի տասնհինգօրյա այցելություն կատարել: Օրենքը հաշվի չի առնում, որ մարդը մեքենան վերավաճառելու նպատակ չի հետապնդում, այլ ընդամենը ժամանակավոր հայրենիք է այցելել:
Սրանով ավտոմեքնեայի տիրոջ դժբախտությունները չեն վերջանում: Հարկավոր է նաև մի շարք մուծումներ կատարել՝ մաքսավճար, բնապահպանական վճար, ճանապարհային վճար: Ընդհանուր առմամբ սրանք կարող են կազմել մոտ 25 հազ. դրամ: Դրանց գումարվում է ժամանակավոր ԱՊՊԱ-ն, որ չգիտես ինչու, գանձվում է 1 ամսվա կտրվածքով, թեև մեքենան 15 օրից պետք է դուրս հանել հանրապետությունից:
Մեր բազում հայրենակիցներ սեփական ավտոմեքենայով Հայաստան այցելելուց հետո բավական երկար ժամանակով մտքներից հանում են կրկին այցելելու գաղափարը: Ու ոչ մի «Արի տուն» ծրագիր նրանց չի մտափոխի:
Ավտոմեքենայով երկիր մուտք գործելու սահմանափակումներ գործում են նաև այլ երկրներում: Սակայն Հայաստանի պայմանները, թերևս, ամենախիստն են: Օրինակ՝ Վրաստանում թույլատրում են 3 ամիս, Ռուսատանում՝ 1 տարի: Կարծում ենք՝ Սփյուռքի նախարարությունը պետք է լրջորեն զբաղվի արհեստական խոչընդոտների վերացման հարցերով, այլապես բոլոր տեսակի «Արի տուն» ծրագրերը անխուսափելիորեն կարժեզրկվեն:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել