HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Օհանյան. «Մենք ենք պակասում մեր երկրում»

Հարցազրույց արձակագիր Արմեն Օհանյանի հետ

Մենք ուժեղ ու մրցունակ արվեստ ունենք, նաև գրականություն, մեր թուլությունը երկիրն է

-Այսօր գրողն ի՞նչ հարաբերությունների մեջ է իրականության հետ:

-Լրագրողն ի՞նչ հարաբերությունների մեջ է:

-Լրագրողի պարագան մի քիչ ուրիշ չէ՞:

-Չէ, եթե գործդ գրելն է, ուրեմն խոսքուզրույցի հարացույցում ես, ըստ էության, շատ-շատ մոտ իրավիճակում են լրագրողն ու գրողը, ու մեզ սնում է նույն իրականությունը, թեկուզ տարբեր է սննդակարգն ու նյութափոխանակության արդյունքը: Էսօր իրականությունը ոչ գրողի, ոչ լրագրողի հետ հաշվի չի նստում, մեզ պարտադրում է իր դաժանությունը ու չի հանդուրժում անաչառություն, մենք էլ չենք լռում, էրեսին ասում ենք ողջն իր մասին:

-Եվ ի՞նչ սցենարի մեջ կտեղավորեք այսօրվա իրականությունը:

-Վայ, էնքան բարդ հարց է: Թեքգյոզյան Հովոն ասում է, որ ինքը վավերագրող է, ու քանի որ մեր իրականությունը բառացի պատմելու բան չի, ծնվում է աբսուրդի վավերագրությունը: Մարտի 1-ից հետո ինչ-որ դրսեցիների պատմում էի մեր գլխով անցածը: Նրանք լսում էին, կարծես, պատմածս տխուր կինո էր, տեղ-տեղ նույնիսկ չէի հասկանում, ստիպված պարզաբանում էի, որովհետև աշխարհի էն մեծ կտորի համար, որտեղից իրենք էին եկել, մեր ապրածը վաղուց արդեն անիրական է, այնքան վաղուց, որ անգամ մոռացել էին, թե նման բան կարող է պատահել: Հետո, այլ առիթով նույն բաները պատմում էի ուրիշ դրսեցիների, որ աշխարհի մյուս՝ մեզանից էլ ավելի հետամնաց կտորից էին, ու ինձ շատ լավ էին հասկանում: Պետք է էնպես ապրենք, որ իրենք այլևս մեզ չհասկանան: Երբ մենք ի զօրու լինենք Թեքգյոզյան Հովոյի սցենարով մարտի 1-ի մասին գեղարվեստական լիամետրաժ նկարել ու էդ կինոնկարն ազգային մրցանակաբաշխութամբ ճանաչվի տարվա լավագույնը, մեր իրականությունը կդադարի տխուր կինո լինել, բայց դա արդեն վաղվա սցենարն է:

-Ի՞նչն է Ձեզ թուլացնում, հիասթափեցնում ներկա ժամանակներում:

-Ներկան մեզնից չի պահանջում անընդհատ ուժեղ լինել, բոլորս էլ մարդ ենք՝ մեր թուլություններով: Ներկան մի պահանջ է դրել մեր առաջ՝ հաղթահարել իրեն: Գուցե ծեծված հնչի, բայց հենց արվեստն էն թուլությունն է, որը եթե քեզ չի սպանում, ուժեղացնում է: Իհարկե, ուժեղն ու թույլը պայմանական են, ուրիշ բան՝ հիացողն ու հիասթափվողը, ազատագրողն ու բռնացողը, ոգեշնչողն ու հուսահատեցնողը: Հիասթափությունից էլ կարող է շատ ուժեղ գրականություն ծնվել, ինչպես հիացմունքից՝ թույլ, ամենադաժան բռնության նկարագրությունը երբեմն ավելի ազատագրող է, քան ազատագրական պայքարի կարգախոսները, հուսահատ ճիչն ավելի ոգեշնչող կարող է լինել, քան, ասենք, վերամբարձ տողը, որ կարող է հուսահատության գիրկը նետել, ուրեմն կարևորը ներկան հաղթահարելն է, որովհետև արվեստի միջոցով թույլն ուժ է ստանում, ուժեղը՝ թուլանալու հնարավորություն: Մեզ շրջապատող բռնությունը, անազատությունը, հուսալքվածությունը, աղքատությունն անգամ կարող են հաղթահարվել արվեստով: Արվեստն ամենակարող է, երբ հասարակությունը հավատում է իր ուժին և անկարող է, երբ մատնված է անտարբերության: Մենք ուժեղ ու մրցունակ արվեստ ունենք, նաև գրականություն, մեր թուլությունը երկիրն է:

Ներքուստ վստահ եմ, որ մեր սերունդն իր կենդանության օրոք տեսնելու է իր ուզած Հայաստանը

-Ի՞նչն է պակասում մեր երկրում, մեզ:

-Մենք ենք պակասում մեր երկրում: Մենք մեզ կորցնում ենք, բայց որ ամենատխուրն է՝ մեր կենսատարածքում անձնական երջանկության հնարավորությունն ենք կորցնում: Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացումն այլընրտանք չունի, վաղը երկիրը կկայանա, բայց արդեն ոչ մեզնով, որովհետև էսօր է մեր հերթն իրեն կայացնելու:

Քաղաքականությունն աղմուկը կառավարելու արվեստ է, իսկ արվեստը՝ լռությունը լսելի դարձնելու քաղաքականություն: Ուրեմն, տեսեք, մի դաժան բան պիտի ասեմ. այսօր աշխարհին հայտնի հայ գրողն ո՞վ է: Վիլյամ Սարոյանն է: Եթե կոտորածը չլիներ, մենք ընդհանրապես չէինք ունենա աշխարահռչակ ոչ մի գրող: Սա նույն թուլության թեման է, որի հաղթահարումից վերածնվում է գաղթական հայը, բայց նաև քաղաքական ուժի հարց է, որովհետև Ամերիկան է նրան ձայնի իրավունք տվել ու ներգաղթյալ հայի խոսքն իր մշակույթի համար դասական դարձրել: Իսկ մենք արտագաղթում ենք, տեղաբնիկը չի վերածնվում իր հողի վրա, ուրեմն նա արժանի չէ ճանաչման, քանի դեռ իր մեջ ուժ չի գտել երկիրը չլքելու, բայց նաև քաղաքական թուլության հարց է, որովհետև մենք ձայնազուրկ ենք, որովհետև մեր ձայները գողացել են ինքնակոչ իշխանությունները, ու արդյունքում իրենք էլ են ձայնազուրկ, որովհետև իրենք մեզ բանի տեղ չեն դնում, իրենց էլ աշխարհը բանի տեղ չի դնում: Վերապրածը յուրացրել է նոր հայրենիքն ու արդար է, որ այսօր նրանցով են մեզ ճանաչում, բայց ոչ մեկ չգիտի Հայաստանի տեղը, որովհետև իր քաղաքացին դեռ չի յուրացրել պետությունը: Ստացվում է, որ մենք ուզում ենք ոչ մի տեղի լռությունն աշխարհին լսելի դարձնել, իսկ դա կարող է անել միայն քաղաքական արվեստը:

-Քաղաքացիական հասարակությունը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել:

-Քաղաքացիական հասարակությունն իր իսկ բնօրրանում 3-4 դարի ընթացքում է ձևավորվել: Մենք մի դար է, ինչ հանրապետություն ենք, եթե հաշվի առնենք, որ ժողովրդավարական առումով նախորդ երկուսում իշխանությունը քաղաքացունը չի եղել, ապա ստացվում է, որ մենք դեռ 20 տարի է, ինչ լիարժեք քաղաքացի ենք: Ուրեմն, քանի հազար տարեկան ուզում է լինի հայ ժողովուրդը, միևնույն է՝ մենք՝ որպես քաղաքացի, դեռ նորածին ենք: 400 տարում աշխարհի անցածը թող մենք անցնենք տաս անգամ արագ՝ 40 տարում: Ստացվում է, որ լավագույն դեպքում մեր քաղաքացիական կայացման ճանապարհի կեսին ենք հասել, բայց ներքուստ վստահ եմ, որ մեր սերունդն իր կենդանության օրոք տեսնելու է իր ուզած Հայաստանը:

-Լավատե՞ս եք:

-Բա ինչի՞ եմ էստեղ ապրում:

-Ինչի՞:

-Դե որ երջանիկ լինենք, որ երազանքներն իրականան:

-Իսկ ի՞նչ եք անում դրա համար:

-Մասնակցում եմ, միանում եմ անողներին: Դու մենակ ես, երբ ոչնչի չես մասնակցում, իսկ երբ մասնակցում ես, այլևս մենակ չես, բայց դա չի նշանակում, որ երջանիկ ես: Խոսքը անանձնական երջանկության մասին չի: Ինձ վրա եմ օրինակը բերում, որ ոչ մեկի չվիրավորեմ, ես ինքս երջանիկ չեմ՝ ամենապարզ, մարդկային անձնական երջանկության առումով: Ձեր կարծիքով՝ աղանդավորը կարո՞ղ է լիարժեք երջանիկ լինել մի երկրում, ուր ամեն մի սյան վրա գրված է, որ իրեն պետք է վերացնել:

Արվեստագետը նա է, ում խփում են

-Աղանդավորներին պաշտպանո՞ւմ եք:

-Ես, իհարկե, աղանդավոր եմ: Արվեստագետը նա է, ում խփում են:

-Ո՞վ է խփում:

-Խփողները:

-Աղանդավոր գրողների՞ն են խփում:

-Չաղանդավոր գրող էլ չի մնացել: Մեր օրերում գրականությունը չընդունված հավատ է, ու իր կրոնավորներն էլ ակամայից աղանդավոր են, որ ընթերցողի հոգևորսությամբ են զբաղված, բայց էս դեպքում աղանդավորն՝ իբրև թիրախ, իմ ձևակերպումը չի: Ամեն քայլափոխի, ամեն սյան վրա փակցված է: Այսօրվա մեր ազգայնականները ներքին թշնամի են հռչակել աղանդավորներին, միասեռականներին և լևոնականներին, որոնց պետք է բնաջնջել, իսկ արտաքին բացահայտ թշնամին թուրքն է, մի քիչ ծպտյալ՝ ջհուդամասոնները: Այսինքն՝ եթե մի հրաշքով թուրքերը վերանան աշխարհի վրայից, մասոնները օթյակազրկվեն, հետո մի ուրիշ հրաշքով էլ ներքին թշնամիներն անհետանան, ենթադրվում է, որ կլինի համազգային ցնծություն, ժողովուրդն ինքն իրեն կվերագտնի, աշխարհասփյուռ հայությունը կգա մայր հայրենիքում ապրելու և տրանսպորտն այլևս երբեք-երբեք չի թանկանա: Ուրեմն, այդ սուտը պետք է բացահայտել:

-Ո՞ր կետից է սկսվում սուտը:

-Մեծ սուտն անուն ունի՝ գողապետություն, սկսվում է, երբ գողանում են քաղաքացու ձայնը, հետո արդեն ձայնազուրկին կարելի է հանգիստ կողոպտել, փայ մտնել, գռփել, որովհետև համրերի բողոքը նման է գառնուկների լռությանը: Հիմա իմ ձայնն ինձնից գողացել են, ես հետ եմ ուզում, որովհետև առանց դրա չեմ կարող լինել ամբողջական: Առանց ձայնի մարդն էլ ալիք չի:

Պայքարող քաղաքացին անվտանգության ավելի մեծ երաշխիք է, քան բանակը

-Եվ ի՞նչ եք անում, որ Ձեր ձայնը հետ ստանաք:

-Բարձրաձայնում եմ, գոռում եմ, երգում եմ, գրում եմ, հարցազրույց եմ տալիս, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի, թե անհնար է վերադարձնել գողոնը: Ինչ-որ թանկ բան մեզանից գողանում են ամեն օր, ամեն ժամ մեզանից հեռանում են հարազատ մարդիկ, քանդվում են մեր սիրած շենքերը, ավերվում է հոգեհարազատ միջավայրը, մեր քրտինքը հոսում է իրենց գրպանները, առողջությունը քայքայվում դրանց երեսից, ի վերջո, մեր երջանկության հնարավորությունը վայրկյան առ վարկյան փոքրանում է, կյանքը կարճանում, բայց արդյունքում ավելի ու ավելի արժեքավոր է դառնում նաև պայքարի կենսափորձը:

-Արմեն, այսօր խոսում են երկիրը կորցնելու մասին: Տեսնո՞ւմ եք այդ վտանգը:

-Եթե դուք չկորցնեք ձեզ, երբեք երկիր չեք կորցնի: Չկա մի երկիր, որտեղ ոչ ոք չի ուզում ապրել, ինչ-որ մարդիկ Հայաստանում էլ են իրենց շատ լավ զգում, բայց նրանց կյանքն էլ է նույնքան վտանգված, որքան երկրինը, իմը, ձերը: Պայքարող քաղաքացին անվտանգության ավելի մեծ երաշխիք է, քան բանակը: Ինչպես դուք եք տխրել ու պայքարել, որ չքանդվեն Կենտրոնի հին տները, որ չկառուցվի այս Հյուսիսային պողոտան, որ մեր աչքի փուշն է, էդպես էլ վաղն ինչ-որ մեկը կպայքարի, որովհետև էս այլանդակությունն իր համար արդեն շատ թանկ ու հարազատ կլինի, իր մանկությունը կլինի, իր տատիկի տունը կլինի, իսկ երբ գան քանդելու, ինքը դուրս կգա ու ճիշտ ձեզ նման կպայքարի, կասի, որ արժեք է, որ չքանդեն, և ճիշտ էլ կանի: Եթե ամենքս մեզ՝ որպես քաղաքացի, գրող, լրագրող, մարդ, ընկեր, անցորդ, չկորցնենք, պահպանենք ինքներս մեզ ու հոգատար լինենք իրար նկատմամբ, քաղաքացուն նայենք որպես պետության կողմից պահպանվող ամենամեծ արժեքը ՀՀ սահմաններում ու սահմանադրական կարգի շրջանակներում, ուրեմն ոչինչ էլ չենք կորցնի ու միայն կշահենք: Կարևորը դուք չկորցնեք երկիրը, երկիրն էլ չկորցնի ձեզ, մի խոսքով՝ իրար գլխից անպակաս:

Լուս.՝ granish.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter