
Ահազանգ «Դատապարտյալների հիվանդանոցից»
«Հետքն» այսօր ահազանգ ստացավ «Դատապարտյալների հիվանդանոցում» շուրջ մեկ տարի գտնվող Համլետ Ղազարյանի հարազատներից, ովքեր նշեցին, որ Համլետն ինքնասպանության փորձ է կատարել երկու օր առաջ, գտնվում է նյարդային, հուզական վատ վիճակում, պահանջում է բժշկական հանձնաժողով, քանի որ չի վստահում հիվանդանոցի աշխատակազմին: «Համլետը դատապարտվել է գողության համար, եղել է տարբեր բանտերում, հիվանդ է թոքախտով, նա չի բուժվել, ուզում է անկախ բժիշկներ գան ու իրեն ստուգեն, հիվանդանոցից Ձեզ կասեն, թե Համլետը հրաժարվում է անալիզներ տալ, բայց դա սուտ է: Տարբեր բողոքների պատասխանները չստանալու համար ասեղներ է մտցրել մարմնի մեջ, մի քանիսը բժիշկները հանել են, մի քանիսը դեռ կան»,- պատմեց Համլետի՝ «Հետք» զանգահարած բարեկամը: Դատապարտյալը դիմումներ է ուղարկել տարբեր պետական ատյաններ, այդ թվում՝ ՄԻՊ գրասենյակ: Համլետի հարազատը նշեց, որ Օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խմբից այցելել են Համլետ Ղազարյանին ու լսել նրա դժգոհությունները:
ՄԻ Պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման վարչության պետ Արմեն Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց այցելության փաստը. «Այո՛, մեր աշխատակիցներից Մարտիկ Մարտիրոսյանն է դեկտեմբերի 16-ին տեսակցել դատապարտյալ Համլետ Ղազարյանին, իսկ ես անձամբ նրա բողոքները լսել եմ դեկտեմբերի վերջին «Դատապարտյալների հիվանդանոց» կատարած իմ այցի ժամանակ: Նա ասել է, թե ինքնասպան կլինի: Համլետը ինչպես նախկինում, այնպես էլ երեկ դժգոհել է նրանից, որ իրեն տեղափոխելու են այլ ՔԿՀ, քանի որ նրա բուժումն արդեն ավարտված են համարում: Բանն այն է, որ ՔԿՀ-ի ղեկավարության ու բժշկական անձնակազմի տվյալների համաձայն՝ դատապարտյալը բուժվել է և կարող է տեղափոխվել այլ ՔԿՀ պատժի մնացած մասը կրելու համար: Կարծում եմ՝ պետք է նաև հոգեբանի աջակցություն: Այս մասով ևս դիմել ենք հիվանդանոցի ադմինիստրացիային, պատասխանել են, որ իր հետ զրույցներ է ունենում սոցիալ-հոգեբանը»:
Դատապարտյալ Համլետ Ղազարյանի ու նրա բողոքների մասին պաշտոնական տեղակատվություն ստանալու նպատակով «Հետքը» դիմեց ԱՆ Քրեակատարողական վարչություն, որտեղից լրատվական բաժնի ղեկավար Գոռ Ղլեչյանը պատասխանեց, որ դատապարտյալ Համլետ Ղազարյանը «Հրազդան» ՔԿՀ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել 2012թ. դեկտեմբերի 21-ին տուբերկուլյոզի կասկածով: Հիվանդանոցում հետազոտվել ու բուժում է ստացել շուրջ 10 ամիս՝ «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Իսկ 2013թ. դեկտեմբերի 4-ին լրացել է հիվանդանոցում մնալու նրա ժամկետը, քանի որ բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ նա արդեն առողջ է: «Եւս 2 ամիս պահպանողական փուլի համար նա պահվել է հիվանդանոցում: Սակայն Համլետ Ղազարյանի դժգոհությունն այն է, որ նա չի ցանկանում տեղափոխվել հիվանդանոցից: «Հրազդան», «Վանաձոր», «Սևան» ՔԿՀ-ներ տեղափոխվել համաձայն չէ, պնդում է, որ այդ վայրերում կոնֆլիկտներ ունի նախկին դատվածություններից: Համաձայն է միայն «Արթիկ» ՔԿՀ-ում կրել պատժի մնացած մասը, որտեղ և պատրաստվում են նրան տեղափոխել»,- տեղեկացրեց Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ նույն դատապարտյալը միայն անցյալ տարվա ընթացքում 56 դիմում-բողոք է ուղղել տարբեր ատյաններ նույն խնդրի հետ կապված:
Իսկ մարմնում առկա ասեղների վերաբերյալ ՔԿՀ պաշտոնյան նշեց, որ դատապարտյալի մարմնից բժիշկները կարողացել են հանել մի քանի ասեղ, բայց մնացել են 2-ը: Մեկը ցանկալի չէ հանել, իրեն էլ չի վնասում, իսկ մյուսը դատապարտյալն ինքը թույլ չի տալիս հանել:
Մեկնաբանել