HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստյոպա Սաֆարյան. «Ես չեմ ասում, թե «Ժառանգության» ներսում բան չի կատարվում»

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի հետ

-Վերջերս  մամուլն ակտիվորեն անդրադարձավ «Ժառանգության» ներսում տեղի ունեցող պառակտումներին: Հակիրճ կներկայացնե՞ք՝ ի՞նչ է կատարվում կուսակցության ներսում:

-Այս պահի դրությամբ «Ժառանգության» ներսում հաստատ չի կատարվում այն, ինչի մասին գրում է մամուլը:

-Իսկ ի՞նչ է կատարվում:

-Այս օրերին «Ժառանգության» հետ կապված քննարկման առարկա դարձան մի քանի հանգամանքներ. Թևան Պողոսյանի՝ մանդատից հրաժարվելու մասին դիմումն էր, Զարուհի Փոստանջյանի՝ դասընթացների մեկնելը և Րաֆֆի Հովհաննիսյանի  բացակայությունը երկրից: Այս 3 փաստերի հետ կապված ամենատարբեր վերլուծականները կարդացինք, որ է՛լ Զարուհի Փոստանջյանը լքում է երկիրը, որ է՛լ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդմիշտ հեռանում է Հայաստանից, որ է՛լ «Ժառանգություն» կուսակցությունը քանդվում է և այլն: Այս մի գնահատականից բխում են պատճառները, թե ինչու է Զարուհին մեկնում, ինչու է Րաֆֆին հեռանում, և ինչու է քանդվում «Ժառանգությունը»: Բնականաբար, սրանք էլ իրենց հերթին բերեցին ամենատարբեր վարկածների:

Թևան Պողոսյանի ինքնաբացարկի դիմումը, ինչպես ինքն է նշել, կախված է եղել ներքին խոհանոցային հարցերի հետ: Եվ ուզում եմ ստույգ ճշգրտենք դա, որ խոսքը վերաբերում է «Ժառանգություն» խմբակցությանը, այլ ոչ թե «Ժառանգություն» կուսակցությանը, որովհետև «Ժառանգություն» կուսակցության ներսում Թևան Պողոսյանը որևէ խնդիր չի ունեցել:

-Այսինքն՝ խմբակցությունում կայի՞ն խնդիրներ:

-Այո, խմբակցությունում կային խնդիրներ, և դրանք սկսել են, երբ կապերը խզվեցին «Ազատ դեմոկրատների հետ» և այդպես շարունակ: Այսինքն՝ քանի որ խմբակցության հետ կապված ընդունել ենք ոչ լավ որոշում խորհրդարանական ընտրություններին՝ դրա կազմի մասին և այլն, բնականաբար, այդ սխալն իրեն անընդհատ զգալ է տալու տարիների ընթացքում: Ինձ և մեզնից շատերի համար մի տեսակ սովորական է դարձել, որ «Ժառանգության» ներսում ինչ-որ մի բան տեղի է ունենալու, որովհետև հիմքում ինչ-որ մի բան ճիշտ չէր: Հետևաբար, մենք ապրելու ենք այդ սխալի հետ, և ամենևին կարիքը չկա, որ ժամանակ առ ժամանակ այնտեղ տեղի ուենցողը ներկայացվի որպես «Ժառանգություն» կուսակցության ավարտ և վախճան, որովհետև, նորից եմ կրկնում, դա խմբակցության ներսում է կատարվում: Մենք ցավ ենք ապրում, որ դա տեղի է ունենում, բայց այնտեղ սկսած միջանձնային և քաղաքական տարաձայնություններն սպասելի էին և սպասելի պիտի լինեն: Հետևաբար, խմբակցության ներսում տեղի ունեցածով դատողություն անել կուսակցության հեռանկարի մասին, իմ կարծիքով, ճիշտ չէ: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նա վերադարձավ, մենք քննարկեցինք բազմաթիվ հարցեր, իհարկե, դեռևս այլ քննարկումներ կլինեն, ինչպես պայմանավորվել ենք, բայց հավատացնում եմ ձեզ, որ դրանք ավելի շատ վերաբերում են կուսակցության նոր ռազմավարությանը, նոր ծրագրերին, միգուցե նաև նոր կառուցվածքին, այսինքն՝ կուսակցության գործունեությունը վերաթարմացնելուն: Այդ հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը բացարձակապես չի արել հայտարարություն, որ ինքը լքում է Հայաստանը:

-Հիմա որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հանդիպո՞ւմ է կուսակցության անդամների հետ: Մի ժամանակ նրա՝ մամուլի հետ շփումը շատ էր, իսկ հիմա, կարծես, մեկուսացում է նկատվում:

-Հաշվի առնելով, որ դեռևս ամանորյա վիճակներ են և քաղաքական կյանքը դեռևս չի վերադարձրել ամանորյա այդ վիճակից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ հանրությանն իր ասելիքով կներկայանա փետրվարի սկզբին: Այսինքն՝ փետրվարին այս հունվարյան քննարկումներից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը և, անշուշտ, «Ժառանգությունը» իրենց նոր ասելիքը կասեն, իսկ այդ ընթացքում, քանի որ խնդիր է եղել Զարուհու մեկնելու հետ կապված, քննարկվել է դա՝ հատկապես, որ այն համընկել է Թևան Պողոսյանի ինքնաբացարկի հայտարարության հետ: Ընդամենը դիմել են Թևան Պողոսյանին, որպեսզի նա վերանայի իր որոշումը: Երբ մինչև փետրվար Թևան Պողոսյանը կայացնի իր վերջնական որոշումը, դրանից հետո «Ժառանգությունն» արդեն կքննարկի այն, ինչն այս օրերին քննարկում է մամուլը:

-Բայց նշում են, որ Թևան Պողոսյանին պաշտոն են առաջարկել, և դա է հիմնական պատճառը, որ նա մանդատից հրաժարվելու հայտարարություն է արել:

-Թևան Պողոսյանը հերքել է դա:

-Այո, իսկ Ձեզ հայտնի՞ էր դա:

-Ինձ հայտնի չէր նման առաջարկ: Մենք չենք լսել դրա մասին, և ընդամենը հիմք ենք ընդունում Թևան Պողոսյանի հերքումը:

-Պարոն Սաֆարյան, «Ժառանգությունն» ի՞նչ է սպասում Րաֆֆի Հովհաննիսյանից: Նշեցիք, որ նա փետրվարին հանդես է գալու ասելիքով:

-Ես ընդամենը հղում եմ կատարում իր հայտարարությանը: Մենք ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանից ենք սպասում, այլ սպասում ենք, որ բոլորս միասին կկարողանանք կուսակցության համար գծել մի ուղի, որը թույլ կտա նրան ակտիվ գործունեություն ծավալել առաջիկա ամիսներին, տարիներին, որովհետև, ըստ էության, նախագահական ընտրություններն անցյալում են, հետընտրական զարգացումները նույնպես, և ինչպես մյուս քաղաքական ուժերն ունեն այդ անհրաժեշտությունն այսօր, այդպես էլ «Ժառանգությունն» ունի իր ռազմավարությունը վերաթարմացնելու կարիք:

-Իշխանության կողմից «Ժառանգությունը» կազմաքանդելու գործընթացի մասին է խոսվում: Տեսնո՞ւմ եք դա:

-Ես տեսնում եմ, որ իշխանության կամ իշխանության տարբեր թևերի հանդեպ լոյալ լրատվամիջոցներով և՛ ապատեղեկատվություն է տարածվում, և՛ խեղաթյուրվում է «Ժառանգության» ներսում տեղի ունեցած կամ ցանկացած բան, ուռճացվում, գունավորվում, տարբեր մեկնաբանություններ տրվում: Ես չեմ ասում, թե «Ժառանգության» ներսում  բան չի կատարվում: Ես ինքս խոսեցի, թե ինչ է կատարվում, կամ որոնք են եղել այդ հիմնախնդիրներն այս ընթացքում, բայց անցած աշնան իրադարձությունները կամ խոսակցությունը ներկայացնել հունվար ամսին՝ որպես Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժեշտի խոսք, իհարկե, չի կարող լինել պատահականությունների շարքից: Կա՛մ պետք է համարենք, որ «Ժառանգությունն» իսկապես առաձգական քաղաքական ուժ է, որի գործունեությանը հետևում են բոլորը, և դրա համար սպասումները շատ մեծ են, կա՛մ պետք է ընդունենք, որ դա մասամբ պայմանավորված է ինչ-որ ձևով կազմակերպված լինելու հետ: Կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա, բայց մի բան կարող եմ ասել՝ ինչը քանդվելու հիմքեր չունի, չի քանդվելու, ինչը քանդվելու է, քանդվելու է:

-Եվ վախեր, անահանգստություններ չունե՞ք:

-Ես մտահոգություններ ունեմ, բայց դրանք, այնուամենայնիվ, չէի ասի, թե վախեր են:

-Ի՞նչ մտահոգություններ:

-Ուզում եմ հնարավորինս շուտ կարողանանք վերասահմանել մեր գործունեությունը, ռազմավարությունը, որով պիտի տանք հանրությանը հուզող հարցերի պատասխանները: Իմ կարծիքով՝ հանրությանը քիչ է հուզում, թե ինչ է տեղի ունեցել «Ժառանգությունում»  2012 թ.: Այն ժամանակ հանրությունն իր գնահատականը տվեց. մեկը՝ հավատալով, մեկը՝ չհավատալով, մեկը՝ քննադատելով, մեկը՝ չքննադատելով: Մեր խնդիրը ոչ թե 2012-ի գնահատականները տալն է, այլ վաղվա գնահատականները, պատասխանները տալն է հանրությանը, ես ուզում եմ, որ դա հնարավոինս շուտ անենք: Ինչքան ուշացնենք դա անելը, այնքան հրապարակում օրակարգի վրա մնալու են «Ժառանգության» հետ կապված բամբասանքները, դրանց մեկնաբանությունները և այլն, և այլն, իսկ եթե մենք բոլորով վերախմբագրենք մեր անելիքները և հասկանանք՝ ո՞ւր ենք շարժվում, ի՞նչ ենք անելու, և հասարակությանն էլ դա բացատրենք, կարծում եմ՝ տրված կլինեն բոլոր պատասխանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter