Հայրս երջանիկ մարդ էր. հուշեր նկարիչ Սարգիս Մուրադյանի մասին
Զարուհի Մուրադյան
Ռուսերենից թարգմանեց ցմահ դատապարտյալ, 18-րդ տարին բանտում գտնվող Մհեր Ենոքյանը:
89-ին երկրաշարժից հետո, երբ ձերբակալեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, իսկ իշխանությունը գրեթե անդամալույծ էր, հայրս, Սոս Սարգսյանը, Ռազմիկ Դավոյանը և Հայկ Ղազարյանը ստեղծեցին «Վերածնունդ» կազմակերպությունը: Մարդիկ, ովքեր գալիս էին Սփյուռքից՝ օգնելու ցանկությամբ, ասում էին, որ չեն վստահում իշխանություններին, որ պետք է ստեղծել ինչ-որ անկախ կազմակերպություն, որը կզբաղվի օգնության բաշխման հարցերով: Պոլիտեխնիկի սպորտային դահլիճն լցված էր արկղերով. hագուստ, դեղամիջոց: Մի քանի տարի «Վերածնունդն» օգնում էր աղետի գոտու տուժածներին և փախստականներին:
Ամուսինս՝ Հակոբ Ճաղարյանը, «Յակ-40»-ի հրամանատար էր: Մենք ծանոթացանք այն ժամանակ, երբ երկուսս էլ զենք էինք տանում Ղարաբաղ: Առաջին անգամ դա տեղի ունեցավ 89-ի վերջին, երբ օգնություն էինք ուղարկում Ղարաբաղ Խաչիկ Ստամբոլցյանի «Գթություն» կազմակերպության պահեստից, որտեղ օգնություն էին բերում երկրաշարժից տուժածներին: Մեկն ինձ առաջարկեց Նոր Տարվա կապակցությամբ նվերներ տանել Ղարաբաղ: Մերգելյանի ինստիտուտի աղջիկների հետ գնացինք պահեստ, արկղեր պատրաստեցինք տաք մանկական հագուստով, շոկոլադով, չոր կաթով. մի ամբողջ բեռնատար լցրեցինք: Ես վաղուց էի ցանկանում լինել Ղարաբաղում: Վերջապես եկանք օդանավակայան, եղանակը թռիչքային չէր, և մենք՝ 2-3 երիտասարդ կանայք, սպասում էինք մինչև ահռելի մեծ «Մի-8» ուղղաթիռը բեռնեն: Առաջին օրն այդպես էլ թռիչք չեղավ: Երկրորդ օրն ինձ ասացին.
-Այստեղ բեռնատար կա զենքով, ու այդ զենքը պետք է տեղափոխել ուղղաթիռ:
Ես պատասխանեցի.
-Տղե՛րք, երեխաներին նվերներ ենք տանում: Սա խորհրդային ուղղաթիռ է: Դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ եք անում:
-Չէ՛, մենք անպայման պետք է դա անենք:
-Լա՛վ, ես ոչինչ չգիտեմ: Արեք՝ ինչ ուզում եք: Ինքներդ կբեռնեք, ինքներդ էլ կբեռնաթափեք:
Պահն օգտագործելով՝ նրանք մեր նվերներով արկղերի տակ տեղադրեցին զենքերը:
Հետո զինվորններն ինձ ասում են.
-Թռե՛ք «Յակ-40» ինքնաթիռով, դուք երիտասարդ կանայք եք, ինչների՞դ է պետք ուղղաթիռով թռչել:
Ինչ-որ մեկը մնաց ուղղաթիռում, իսկ ես թռիչքուղով վազեցի դեպի ինքնաթիռը: Այդ ինքնաթիռները թռչում էին լեփ-լեցուն ուղևորներով, ավտոբուսների նման: Ես մտա սրահ և տեսա հատակին դրված են երկար արկղեր, մեջը՝ նռնակներ կամ ուրիշ զենքեր: Հանեցին մի 2-3 նստարան և տեղը դրեցին այդ արկղերը: Ազատ տեղեր չկային, ես նստեցի դրանց վրա: Այդ օրը ամուսինս չէր թռչում, մենք ավելի ուշ ծանոթացանք: Սակայն նա ինձ տեսավ օդակայանում, երբ ես երկար սպասում էի այդ թռիչքին: Նա առաջինն էր, ով սկսեց կազմակերպել օդով զենքի պարբերաբար փոխանցումը Ղարաբաղ. լինում էր՝ օրը 3 ամգամ էր թռչում: Նույնիսկ իր օդաչուի բաճկոնի տակ պահած էր զենքն անցկացնում: Պատահում էր՝ իմ մեքենայով հասցնում էի օդակայան և հետո ինքը կազմակերպում էր տեղափոխումը: Շատ օդաչուներ մինչև այսօր չունեն ոչ մի պարգևատրում, ոչ մի փաստաթուղթ, որ հաստատի իրենց ներդրումը պատերազմում: Իսկ նրանք, ովքեր նույնիսկ չէին երևացել Ղարաբաղում, նստած էին օդանավակայանի դիսպետչերականում կամ կողքի այգում՝ դարձան ազատամարտիկներ, ստացան պարգևատրումներ և թոշակներ:
Ուղղաթիռն ավելի շուտ տեղ հաավ: Երբ մենք էլ եկանք Ղարաբաղ, տեսա, որ ղարաբաղցի տղաներն արդեն զենքերը հանում էին. հավանաբար նախնական պայմանավորվածություն կար: Մեզ՝ աղջիկներիս, հենց թռիչքային դաշտում դիմավորում էին ծաղիկներով, ինչպես պատվավոր հյուրերի: Զենքի փոխադրումն օդով շարունակվում էր ընդհուպ մինչև 1990-ի հունվարի13-ը, երբ զենքը բեռնաթափեցին Ստեփանակերտի օդակայանում, իսկ նրանք ովքեր պետք է ընդունեին, այդ պահին գնացել էին նախաճաշելու: Ինչ-որ զինվոր ոտքով խփեց արկղին և ձայնից կասկածեց… Հետո «Ժամանակ» ծրագրով ցույց տվեցին, թե ինչպես են հայ «ծայրահեղականները» զենք տեղափոխում Ղարաբաղ: Իհարկե, զենքի մատակարարումը շարունակվում էր, սակայն արդեն ավելի բարդ էր և վտանգավոր, մանավանդ երբ օդակայանի հսկողությունը սկսեցին իրականացնել նաև ադրբեջանական օմոնականները:
...Հայրիկիս ընկերներից շատերն ափսոսում էին, որ նա այդքան տարիներ քաղաքականության մեջ էր և չէր կարողանում զբաղվել արվեստով: Այնուամենայնիվ, ես տեսնում եմ, որ նա շատ մեծ ժառանգություն է թողել: Սարսափելի ծանր էր տանում այն ամենը, ինչ կատարվեց Շարժման հաղթանակից հետո: Նրա ստեղծագործություններում հայտնվեցին ռոմանտիկ և ֆանտաստիկ նրբերանգներ: Նա, ասես, սպասում էր ինչ-որ հրաշքի: 97-ին նա նկարեց «Տեսիլք»-ը, որտեղ պատկերված է, թե ինչպես Արա գյուղում, իր կառուցած տան մոտ, շղարշի մեջ հայտնվում է մի գեղեցիկ եղջերու` մարդկային աչքերով: Մեծ դառնությամբ, ցավով նա հեռացավ կյանքից. չէ՞ որ անկախ Հայաստանն այնպիսին չէր, ինչպես ինքն էր երազում: Վերջին տարիներին հաճախ էր ասում. «Հավանաբար, մենք միշտ էլ այդպիսին ենք եղել, դրա համար էլ կորցրել ենք Հայրենիքի մեծ մասը (նրա ծնողները Արևմտյան Հայաստանից էին): Վախենում եմ, որ մենք սա էլ կկորցնենք»։
Ինչո՞ւ ամեն ինչ այդպես ստացվեց: Դարեր շարունակ մենք միշտ եղել ենք մե՛կ պարսիկների, մե՛կ արաբների, մե՛կ թուրքերի լծի տակ: Դրա համար էլ դժվար է արմատախիլ անել ստրկամտությունը և հարմարվողականությունը: 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերն անընդհատ գլխատվել է ազգի սերուցքը, ստեղծագործող և մտածող մասը, ինչպես Օսմանական կայսրությունում, այնպես էլ ԽՍՀՄ-ում: Պատահական չէ, որ ցեղասպանության հիշողության օրը դարձավ հենց ապրիլի 24-ը: Հայրս մի նկար ունի, նվիրված այս թեմային՝ «Հայ մտավորականների Գողգոթա», որը նա սկսեց նկարել 1975-ին և ավարտեց 1988-ին՝ սումգայիթյան ջարդերից հետո:
Երբ Լևոնը փակեց Դաշնակցությունը, երբ քանդում էին նրանց գրասենյակը և մարդկանց էին ձերբակալում, դրանք նույնպես մտավորականների հանդեպ բռնաճնշումներ էին, մի փոքր այլ կերպ: Այս քաղաքականությունը շարունակվում էր 20 տարի. ով մեզ հետ չէ, մեր թշնամին է: Ինչքան երիտասարդ մարդկանց ձեռբակալեցին 1996-ի ցույցերին մասնակցելու համար: Նորից հետապնդվում էր այլախոհությունը: Այսօր նույնպես շարունակվում են բռնաճնշումները նրանց նկատմամբ, ովքեր դուրս են ղեկավարող գորշ զանգվածի արժեհամակարգից և ցանկանում են արտահայտել սեփական կարծիքը:
Արդեն ասել եմ, որ հայրս սկզբունքային անկուսակցական էր: Նույնիսկ երբ Կարեն Դեմիճյանը համոզում էր նրան կոմկուսի շարքերը մտնել, նա կես-կատակ, կես-լուրջ պատասխանում էր. «Ի՞նչ տարբերություն, եթե ես լավ եմ աշխատում: Իսկ մեզ մոտ պարտիականների և ոչ պարտիականների բլոկներ են»։
1994-ին, երբ Լևոնը արգելեց Դաշնակցության գործունեությունը, բոլորը դեռ շատ քաղաքականացված էին, մարդկանց բնակարաններում ռադիոներ կային: Մենք մեր ռադիոընդունիչը խոհանոցից ճաշասենյակ էինք տանում, հետո նորից՝ խոհանոց, քանի որ ամբողջ օրը, ԳԽ-ի նիստերն էինք լսում: 1990-ականներից սկսած ուղիղ եթերով հաղորդում էին խորհրդարանի նիստերը: Դաշնակցության կուսակցության ջախջախումից հետո ԳԽ-ի հենց առաջին նիստի ժամանակ, ռադիոյով լսեցի, թե ինչպես է հայրս խոսք վերցնում և ասում. «Ես երդվյալ անկուսակցական եմ, հասել եմ այս տարիքիս և արդեն երկրորդ անգամ է՝ խորհրդարանի պատգամավոր եմ: Այն բանից հետո, ինչ կատարվեց մեր երկրում՝ ես այսօրվանից դաշնակցական եմ»: Նրա այդ դեմարշը Լևոնը և իր խումբը չներեցին երբեք: Հետո հայրս պատմեց, որ ընդմիջման ժամանակ դաշնակցականները մոտեցել են և շնորհակալություն հայտնել, հրավիրել իրենց աշխատասենյակ, հենց տեղում, սեյֆից հանել ատրճանակը, որպեսզի, ավանդույթի համաձայն, զենքի վրա նա երդում տա՝ դաշնակցության անդամ դառնալու համար...
Հայրս անկախ Հայաստանի Գերագույն Խորհրդի Նախագահության անդամ էր, քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Մշակույթի կոմիտե չկար, սակայն նա շատ էր ցանկանում, որ լիներ: Երբ նոր իշխանությունները հասկացան, որ հայրս բացարձակ չի ենթարկվում իրենց հրահանգներին, 95-ի խորհրդարանական ընտրություններին իր տեղամասում ՀՀՇ-ն առաջ քաշեց Խոսրով Հարությունյանի թեկնածությունը՝ նախկին կոմունիստ, ով հիմա էլ ջրի երեսին է: Մենք բոլորս էլ հայրիկիս վստահված անձինք էինք, և առաջին անգամ էինք տեսնում բաց քվեարկությունը տեղամասերից մեկում՝ Երևանի զորամասում: Զինվորները հրամանատարի խիստ հսկողության տակ, իրենց ձայները տալիս էին Խոսրովին, ձայն էին տալիս նոր սահմանադրությանը, որը Լևոն Տեր-Պետրոսյանին տալիս էր անսահմանափակ իշխանություն, և «Շամիրամ» կանանց դաշինքին, որը ստեղծել էր Վանո Սիրադեղյանն ընտրություններից առաջ: Դա համատարած կեղծիքների սկիզբն էր: Այն ժամանակ էլ պայքարի մեջ մտան թաղային «հեղինակությունները»: Հաջողությամբ օգտագործվեցին հանրահայտ «կարուսելը» և ոչ ցանկալի թեկնածուներին վախեցնելը: Դրա համար էլ այսօր սահմանադրական կարգ հաստատելու և արդար ընտրություններ անցկացնելու կոչերն այն ժամանակվա իշխանությունների կողմից շատ ցինիկ են հնչում և դառը ժպիտ առաջացնում: Հայրս շատ ծանր էր տանում իր պարտությունը. նրան թվում էր, որ ժողովուրդը դավաճանել է իրեն: Շարժումը կլանել էր իր ողջ կյանքը։ Նա գրեթե չէր զբաղվում գեղանկարչությամբ: Երազող միամիտների գլուխների վրայով՝ իշխանության եկան բոլորովին այլ մարդիկ:

Հայրս տանել չէր կարող հարմարվողականությունը: Նա մի ռոմանտիկ գաղափար ուներ՝ Կենտկոմի շենքը վերածել մի մեծ թանգարանի: Առաջարկեց այդ միտքը ԳԽ-ի նիստին, բայց նրան հեգնեցին: Նոր իշխանություններին պետք էին մեծ, լավ ջեռուցվող աշխատասենյակներ: Նրանց չէր հետաքրքրում, որ մենք (ժողովուրդը) սառում էինք մթության մեջ, երեխաներ էինք լույս աշխարհ բերում առանց ջեռուցման և հոսանքի ծննդատներում: Հետո հայրս նորից միացավ պայքարին հերթական նախագահական ընտրությունների ժամանակ: Նրան թվում էր, որ վերջապես ժողովրդը ոտքի կանգնեց: Պատերազմում ժողովրդի տարած հաղթանակից, զարհուրելի զրկանքներից հետո՝ բոլորը փոփոխություններ էին ուզում: Ընդդիմությունը 1996-ին միասնական թեկնածու ներկայացրեց՝ Վազգեն Մանուկյանին: Սեպտեմբերի 25-ին, երբ պարզ դարձավ, որ ընտրության արդյունքները կեղծվել են (Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը նույնիսկ չէին թաքցնում դա), ցուցարարները գնացին ԳԽ՝ նախկին ԿԿ-ի շենք՝ Բաղրամյանի վրա: ԿԸԿ-ը գտնվում էր այնտեղ…չեմ մոռանա լուսարձակող կրակոցները և մեզ վրա եկող զինվորներին`ջրցան մեքենաների ուղեկցությամբ. առաջին անգամ էի տեսնում ջրցան մեքենա: Հայրիկիս վաղուց կորցրել էի տեսադաշտից: Ամուսինս ինձ հրեց ԿԿ-ի դիմաց գտնվող տան դիմացի այգին, իսկ ինքը միացավ մի փոքրիկ խմբի, որ ջրցանների դեմ կռվում էին քարերով և փայտերով: Մարդիկ տարբեր ուղղություններով սկսեցին վազել: Խոստովանում եմ՝ վախենալու էր: Խլացնող պայթյունները ցնցում էին փողոցը: Հետո մենք իմացանք, որ մարդկանց վախեցնելու համար օգտագործում էին պայթուցիկ աղմուկ հանող պարկեր: Սկզբից, ամբոխի հետ միասին, ես էլ նահանջեցի դեպի հետևի բակերը: Հետո սթափվեցի՝ հայրս և ամուսինս մնացել էին այնտեղ, ես ո՞ւր եմ գնում: Հետ վազեցի Բաղրամյան պողոտայով և բարձր կանչում էի նրանց: Ամուսնուս գտա գրողների տան մոտ: Ոտքից գլուխ թրջված էր, կտրված ձայնով: Շուտով հայրիկիս էլ հանդիպեցինք…Երևանի փողոցներում նորից երևացին տանկեր և զրահամեքենաներ, բայց այս անգամ ինքնաձիգներով մարդիկ հայեր էին: Բողոքի ակցիայի շատ մասնակիցների ձերբակալեցին, ծեծեցին, դատեցին:
97-ի ամռանը մեր տանը նորից սկսեցին հավաքվել ծանոթ դեմքեր՝ Վազգեն Մանուկյանը, Ռաֆայել Ղազարյանը, Ռազմիկ Դավոյանը, Արշակ Սադոյանը, ով դեռ թաքնվում էր (նա եկել էր լատինամերիկյան բեղիկներով), Սոս Սարգսյանը և ուրիշներ: Եկել էին մոտ 40 հին ընկերներ, ովքեր ժամանակին սկսել էին Շարժումը: Չկային միայն նրանք, ովքեր իշխանության մեջ էին: Խոսում էին, վիճում, ինչպես առաջ: Հետո, տարիներ անց, 97-ին մեր տանը հավաքվածներից ոմանք, նույնպես դարձան թշնամիներ, դադարեցին միմյանց բարևել:
92-ին, երբ ազատագրվեց Շուշին, իսկ հետո նաև Ղարաբաղը և անվտանգության գոտին, հայրս ասում էր. «Սրա նախադեպը չկա մեր պատմության մեջ, որ մենք կարողացանք ազատագրել կորցրած հողերի գոնե մի մասը, հիմա այս հաղթանակը պետք է պահպանել ամեն գնով»: Հայրս դարձավ «Ազատագրված տարածքների պաշտպանության կազմակերպության» անդամ, որ ստեղծեցին Ժիրայր Սեֆիլյանը և իր ընկերները: Երբ 2000-ականներին խոսակցություններ սկսվեցին հնարավոր զիջումների մասին, հայրս և Ռաֆայել Ղազարյանը այդ կազմակերպությունում համադրող խմբի անդամներն էին: Տարիքի պատճառով արդեն չէին կարող այնպիսի ակտիվ աշխատանք տանել, ինչպես առաջ, սակայն ամեն կերպ փորձում էին ի նպաստ գործի օգտագործել իրենց տարիների փորձը և հեղինակությունը ժողովրդի մեջ:
Ես ու ամուսինս հայրիկի մահից հետո որոշեցինք նրա հիշատակին վերակառուցել որևիցե մշակութային-ուսումնական կենտրոն ազատագրված տարածքներում: Այժմ ամենակարևորն ազատագրված տարածքներն են, մեր բոլորիս անվտանգության երաշխիքը, իսկ այնտեղ գլխավորը դպրոցներն են: 2010-ի դեկտեմբերին մենք եղանք Քաշաթաղում: Բերձորում (Լաչին) մեզ դիմավորեց Տիգրան Կյուրեղյանը՝ հորս երիտասարդ ընկերը, նա Շարժման և Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, ով ընտանիքով մնաց ապրելու Բերձորում և այժմ զբաղվում է ազատագրված գյուղերի բնակեցմամբ: Մեզ ցույց տվեց տեղի արվեստի դպրոցը և Քաշաթաղի պատկերասրահը: Որոշեցինք վերանորոգել այդ դպրոցը, լրացնել պատկերասրահի նկարների հավաքածուն և հնարավորության սահմաններում այն էլ վերանորոգել: Այժմ դպրոցը վերանորոգված է, աշակերտները շատացել են, պարբերաբար մասնակցում են ցուցահանդեսների և մրցույթների: Պատկերասրահի հավաքածուն համալրվել է 20 աշխատանքով, որոնք մեծ ոգևորությամբ նվիրեցին հայ նկարիչներ կամ նրանց ընտանիքները: Մեր ընտանիքը նվիրեց 5 նկար (հայրիկիս և իմ): Բերձորի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպվեց նոր ցուցահանդես: Պատկերասրահը մասնակի վերանորոգված է: Մտածում եմ, որ հայրս այնտեղ՝ երկնքում, հպարտ է մեզանով:
Դպրոցական դասագրքերում ժամանակակից Հայաստանի մասին այնպիսի բաներ են գրում, որ ես ստիպված եմ երեխաներին պատմել, թե ինչ է իրականում կատարվել: Շարժման մասին այնտեղ չկա և ոչ մի ճշմարիտ խոսք, ընդհանրապես 9-րդ դասարանի դասագրքում Ղարաբաղյան Շարժմանը հատկացվել է միայն մեկ էջ, այն դեպքում, երբ այդ հերոսական շրջանին պետք է տրամադրել ուսումնական տարվա կեսը: Այն ինչ կատարվեց` անբացատրելի ֆենոմեն էր: Առաջին շաբաթը Սումգայիթից առաջ՝ հայ ազգի միասնության գագաթնակետն էր՝ զգացմունքների պոռթկման, եղբայրության, համախմբման` ընդհանուր գաղափարի շուրջ: Հայրս ասում էր, որ նման մի բան տեղի ունեցավ միայն 1965-ին: Իհարկե, հետո Սումգայիթը շատ ուժեղ հարված հասցրեց այդ տրամադրությունններին: Շատերը հասկացան, որ արյան հոտ է գալիս, հաղթանակը հեշտ չի լինի և դեռ երկար կտևի այս ամենը: Այդպես էլ եղավ:
Հայաստանի անկախության տարիներին պաշտոնապես չնշվեց հայրիկիս ոչ մի հոբելյան: 2007-ին, նրա մահից մոտ կես տարի առաջ, մեր ընտանիքը, սեփական նախաձեռնությամբ որոշեց կազմակերպել ցուցահանդես՝ նվիրված նրա 80-ամյակին: Ես գնացի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի մոտ և խնդրեցի նրա աջակցությունը՝ մեծ ցուցահանդես կազմակերպելու հարցում: Երկուսուկես ամսվա մեջ ես և քույրս պատկերասրահի աշխատակիցների հետ մեծ աշխատանք կատարեցինք: Հայրս ցուցահանդեսի մասին իմացավ բացումից մեկ շաբաթ առաջ, երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր, հրավիրատոմսերը՝ նույնպես: Նա շատ էր հուզվում, կարծում էր՝ բոլորն իրեն մոռացել են: Մինչդեռ պատկերասրահի բոլոր չորս դահլիճներում ասեղ գցելու տեղ չկար: Լայն աստիճանների վրա մեծ հերթ էր գոյացել: Բայց պաշտոնատար անձանցից այդպես էլ ոչ ոք չեկավ:

Երկուսուկես ամից անց հայրս մահացավ: 2012-ի մայիսի 30-ին Հայաստանի նկարիչների միությունում հայրիկիս 85-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը ես մի երկու րոպեով խոսք խնդրեցի: Ասացի, որ հասկանում եմ, որ նա ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴ ԷՐ: Երջանիկ որպես նկարիչ, որովհետև միշտ նկարում էր այն, ինչ ցանկանում էր (բացի իր դիպլոմային աշխատանքից՝ դեպք, որը նա հիշեց ամբողջ կյանքի ընթացքում): Ընդհանուր առմամբ նա իր բոլոր գաղափարները մարմնավորեց արվեստի մեջ: Նրա բնանկարչությունը ներծծված է հայրենիքի, ազգի, բնության և կնոջ գեղեցկության հանդեպ սիրով: Նա երջանիկ էր, որպես քաղաքացի (իհարկե հաշվի չառնենք վերջին տարիների հիասթափությունը)։ Նա տեսավ անկախ Հայաստանը, ազատագրված հայրենիքի մի մասի վերադարձը: Նա երջանիկ էր որպես ամուսին և հայր: Մի տասը տարի առաջ ինձ ասաց. «Միայն իմ երեխաներն են իմ կողքին. բոլոր ընկերներիս երեխաները գնացել են տարբեր երկրներ: Ինձ հետ են իմ երեխաները, թոռները և ծոռները»։ Նա մահացավ ութսուն տարեկանում՝ ընտանեկան մեծ սիրով շրջապատված:
Հ.Գ. Ոմանց կարող է թվալ, թե ես իդեալականացնում եմ հորս… մասամբ ճիշտ է: Ես գիտեմ, որ նա զերծ չէր մարդկային թուլություններից, սակայն մարդու մասին պետք է դատել նրա գործերով և թողած ժառանգությամբ: Ամենակարևոր չափանիշը, իմ կարծիքով, այն է, թե ինչ է արել մարդը իր ժողովրդի համար:
Հեղինակը՝ Զարուհի Մուրադյանը, նկարչուհի է և հասարակական գործիչ:
Թարգմանիչը՝ Մհեր Ենոքյանը, 18 տարի որպես ցմահ բանտարկյալ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հեռակա ուսանում է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Երկու գրքի հեղինակ է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել