
Հայտնաբերվել է 927.6 կգ հերոին. այն Իրանից տեղափոխվում էր Վրաստան
Այս տարվա հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերել են 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Այս մասին այսօր տեղեկացրել է ԱԱԾ մամուլի կենտրոնը: Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի վարորդ 1953թ-ին ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է: «Իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- նշված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:
ՊԵԿ տեղեկատվության բաժնից մանրամասնում են, որ հունվարի 16-ին Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի բեռնատարը դատարկ վիճակում մուտք է գործել Մեղրիի մաքսակետ` Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով: Նախաբացթողումային հսկողության վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները «Ռապիսկան» սարքավորման միջոցով ռենտգեն զննության են ենթարկել մեքենան և կցորդի հատակի մանրամասն ուսումնասիրությամբ հայտնաբերել «օտար մարմնի» առկայություն, ինչն էլ հիմք է հանդիսացել բեռնատարն ու նրա կցորդը մանրակրկիտ զննության ենթարկելու համար: Բեռնատարը մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստ, որտեղ մաքսանենգության կասկածանքով, զննության է ենթարկվել: Արդյունքում բեռնատարին ամրակցված կցորդի հատակում հայտնաբերված թաքստոցից դուրս է բերվել թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ:
Ըստ շրջանառվող լուրերի, 1 գրամ հերոինի արժեքը տատանվում է 100-200 ԱՄՆ դոլարի շրջանակներում: Այդ հաշվարկով հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է շուրջ 100-200մլն ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել