«Ռոբերտ Քոչարյանը փորձում է Սերժ Սարգսյանից ստանալ ժառանգորդի տիտղոսը»
«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը
-Պարոն Սաֆարյան, այս օրերին քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանի բանավեճը: Ըստ Ձեզ` ի՞նչ հարց է լուծվում:
-Օրակարգում մեկ հարց կա՝ Ռոբերտ Քոչարյանը փորձում է վերադառնալ իշխանություն, և փորձում է Սերժ Սարգսյանից ստանալ ժառանգորդի տիտղոսը:
-Այսինքն՝ ոչ վարչապետի՞:
-Նախնական շրջանում եթե ոչ անձամբ, ապա գոնե իր անձի միջոցով վարչապետի, իսկ հետագայում նաև` նախագահի: Այսինքն՝ տեսանելի է, որ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին ասում է, որ քեզ եմ փոխանցել իշխանությունը և քեզանից էլ պետք է ստանամ: Այս բանավեճը գնում է 2008 թ.-ից, և չեմ զարմանում դրա վրա, որովհետև Սերժ Սարգսյանն էլ մշտապես պատասխանել է՝ ոչ հիմա, իսկ հիմա Սերժ Սարգսյանը, ըստ էության, ո՛չ մերժել է, ո՛չ էլ հաստատել է, որ նրան կվերադարձնի իշխանության: Հետևաբար, այս բանավեճը դրա մասին է, և թող որևէ մեկը չմտածի, թե երկիրը սխալ կառավարելու մասին է, երկիրը սխալ ուղու վրա դնելու, երկրի տնտեսությունն ավերելու մասին է: Լավագույն դեպքում յուրաքանչյուր կողմ փորձում է արդարացնել իր վարքագիծը:
-Եվ ի՞նչ կլինի: Սերժ Սարգսյանը կհանձնի՞ իշխանությունը Քոչարյանին:
-Ես այլ բան եմ տեսնում: Այնպիսի տպավորություն ունեմ, որ Սերժ Սարգսյանը երկրում կփորձի իրականացնել սահմանադրական փոփոխություններ խորհրդարանական կառավարման մասին, այսինքն՝ անցում կատարել խորհրդարանական կառավարմանը, ինչը նշանակում է, որ նա ցանկանում է անցում կատարել դեպի վարչապետի պաշտոն: Խիստ կասկածում եմ, որ նա կհամաձայնի այդ պաշտոնում նախագահ ունենալ Ռոբերտ Քոչարյանին: Թե ում ի նկատի կունենա, այսպես ասեմ, թագուհու կարգավիճակով, ձևական արարողություններ կատարող նախագահի պաշտոնում, սա արդեն այլ խնդիր է: Չեմ բացառում, որ այդ թիկնոցներից մեկը կլինի Տիգրան Սարգսյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, ցանկանում է, որ ոչ թե Սերժ Սարգսյանը փոխի կարգը և վերստին վերցնի իշխանությունը վարչապետի կարգավիճակով, այլ որ իրեն փոխանցվի իշխանությունը, այսինքն՝ այս կոնֆիլկտը սրա մասին է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել