HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես այնտեղ էի, որտեղ իմ կարիքն ունեին...»

Բժիշկ Տարոն Տոնոյանի բջջային հեռախոսը գրեթե անդադար զանգում է։ Հիվանդներն են։ «Հա, Հայկ ջան, բեր մամային վաղը»,- ասում է նա լսափողի մեջ, ու այդ զանգը կանխորոշում է մեր զրույցի սկիզբը «Երեւան բժշկական կենտրոն»-ի նրա աշխատասենյակում։

«Հայկը մեր ազատամարտիկ ընկերներից է։ Մորը պիտի վաղը բերի վիրահատելու։ Իր եղբայրը՝ Բաղդասարյան Վահեն, բժիշկ էր, միասին նույն ջոկատում ենք ծառայել, նա կռվել է Շահեն Մեղրյանի ջոկատում ու զոհվել է Շահումյանում։ Հիմա իր մորը պետք է վիրահատեմ»։

Տարոն Տոնոյանը Երեւանի պետական բժշկական համալսարանի վերջին կուրսի ուսանող էր, երբ սկսեց Ղարաբաղյան պատերազմը։

«Կան մարդիկ, որ իրենց տեսակով ձեռներեց են, գործարար, պատերազմը լիներ, թե չլիներ, իրենք լավ կապրեին։ Բայց մեծամասամբ ի՞նչ տեսակի մարդիկ են  կամավոր գնացել ճակատ։ Խենթ, ռոմանտիկ, իդեալիստ, հայրենասեր, իսկ բիզնեսը պահանջում է պրագմատիկ մարդու, ու էդ մարդիկ ոչ քաղաքականության մեջ, ոչ բիզնեսում դերակատարություն հաստատ չէին կարող ունենալ։ «Վիետնամական սինդրոմը» գրեթե չեմ տեսել մեր ընկերների մեջ։ Բայց դրա փոխարեն շատ գիտեմ մարդիկ, որ առողջական խնդիրներ են ունեցել, ու երբ վերադարձել են, այդ խնդիրները խանգարել են իրենց առաջընթացին։ Այ այստեղ մեր պետության եւ հասարակության մեղավորությունը կա նրանց ոտքի հանելու, ձեռք մեկնելու թերացման մեջ»։

Սասունցիների ընտանիքում մեծացած Տարոնը  կամավոր զինվորագրվելու այլընտրանք նույնիսկ չէր պատկերացնում։ Սումգայիթի ջարդերից հետո մի քանի ընկերներով սկսեցին զենքի փնտրտուքը։ Տարոնը հիշեց, որ երբ Սպիտակում երկրաշարժից հետո օգնություն էին ցույց տալիս, ընկերոջ մորեղբոր տանը տեսել էր որսորդական հրացան, որն այժմ կարելի էր օգտագործել։ Մյուսներն էլ հայթայթեցին զենք տարբեր տեղերից եւ չորս ընկերով միացան Սասունցիների ջոկատին ու մեկնեցին Մեղրի։ Այնուհետեւ Տարոնը զինվորագրվեց Դաշնակցությանը ու գնաց Ղարաբաղ։

Ղարաբաղում պարզվեց, որ բժիշկների լուրջ պակաս կա։ Նորավարտ բժշկին հմուտ վիրաբույժ Վալերի Մարությանը նշանակեց ռազմադաշտային հոսպիտալի պետ։ Հոսպիտալը Հադրութում էր, գործկոմի շենքի նկուղում, եւ Տարոնը կնոջ, ով ողջ կռվի ընթացքում իր հետ մնաց Ղարաբաղում, եւ վեց ամսական դստեր հետ ապրում էր այդ նկուղում։ 
Երբ գրավվեց Ֆիզուլին, ռազմադաշտային հոսպիտալը տեղափոխվեց այնտեղ։ Այն տեղակայված էր հենց ռազմական գծի մոտ։

«Եթե էն ժամանակ մենք խորհրդային նորմատիվներով առաջնորդվեինք,- պատմում է Տարոնը,- ռազմական հոսպիտալը պետք է տեղադրեինք շատ հեռու։ Բայց մենք,  առանց ռազմական ինչ-որ գիտելիքներ ունենալու, այն տարանք ռազմական գծին շատ մոտ։ Խորհրդային Միության ժամանակ ռազմական դոկտրինայով մշակված էր, թե ինչպես էր պետք առաջին օգնությունը ցույց տալ. սկզբում փոխօգնություն, հետո` ֆելդշերի օգնություն եւ այլն, այսինքն՝ վիրավորը երեք-չորս օղակ անցնում էր մինչեւ մասնագիտական օգնություն ստանալը։ Իսկ մեզ մոտ վիրավոր զինվորը տասնհինգ րոպե հետո ավելի քիչ արյունահոսությամբ, տրավմատիկ շոկը դեռ չխորացած` վիրահատական սեղանի վրա էր։ Միայն այդ մի քայլով, որ արել ենք ապրիորի, բազում կյանքեր հաջողվեց փրկել։ Հետո ռուսները  չեչենական պատերազմում եւ ամերիկացիներն Իրաքում արդեն գիտականորեն սկսեցին այդպես անել»։

Բժշկի համար ամենահիշարժան օրերը 1994 թվականի հունվարի երեք օրերն են` հինգից-յոթը։ 

«Երբ գնում ես պատերազմ,- պատմում է նա,- անցնում ես մի քանի փուլերով։ Սկզբում ոգեւորություն կա, այնքան մեծ, որ նույնիսկ ծածկում է վախը: Ընկերներդ կողքիդ գնում ես հայրենիքդ փրկելու։ Հետո, երբ մտնում ես պատերազմի մեջ, երբ առաջին ընկերներդ զոհվում են, սկսում ես գիտակցել, որ մահը քայլում է կողքովդ ու քեզ էլ կարող է դիպչել։ Մի մասին դա ավելի է ոգեւորում, վճռական է դարձնում, մարդիկ էլ կան, որ ընկրկում են»։ 

«Վերջերս ընկերներիցս մեկին տեսա, իր մահճակալը ռազմի դաշտում իմի հարեւանությամբ էր, գիշերները շատ անհանգիստ էր քնում, վեր էր թռնում, անցավ երկու օր, արդեն երեք զոհ տվել էինք, անցավ եւս երկու օր, գնաց հրամանատարի մոտ, ասաց. «Ես հոգով, սրտով ձեր հետ եմ, բայց չեմ կարողանում մնալ, ինձ հետ ուղարկեք Հայաստան»։ Ու ինքը հետ եկավ Հայաստան։ Դա վախկոտություն չէ։ Դա էդ մարդու վիճակն է, էդքան է տրված իրեն, բոլորը չեն կարող հերոս դառնալ»։

Դրանից հետո, ըստ բժշկի, գալիս է հաջորդ փուլը։ Երբ սկսում ես թրծվել, ավելի հանգիստ ես դառնում։ Սկսում ես զենքին տիրապետել, սովորում ես հակառակորդի տանկից պաշտպանվելու ձեւերը, արկի շվոցից գիտես՝ մինչեւ քեզ հասնե՞լն է պայթելու, թե՞ անցնելու է, նոր։ Այսինքն՝ սկսում ես փորձ ձեռք բերել եւ, հետեւաբար, ավելի վստահ ես դառնում։

Չորրորդ փուլն ավարտն է, որը գալիս է կռվի բուն պահին։ 

«Երբ Ստեփանակերտի կողքի գյուղերը սկսեցին մաքրվել թուրքերից, գրավվեց Աղդամը, Ֆիզուլին, դրանք ցնցող հաջողություններ էին, ու ուգեւորությունը շատ բարձր էր։ Հետո, երբ հերթը հասավ Ջեբրաիլին, Զանգելանին, մնացածին, դրանք ազատագրելու ժամանակ ոգեւորությանը չափ ու սահման չկար։ Դրանք պատմական պահերն են։ Երբ թշնամին հեռացավ բուն Ղարաբաղի սահմանից, եկավ հանգստի վիճակ, մարդիկ սկսեցին մի տեսակ գլուխ պահելով կռվել։ Այդ ժամանակ պիտի կարողանայինք բանակի ոգին պահել, մարդիկ թալանով չզբաղվեին։ Պատկերացրեք, մի զինվոր, որ կյանքում, ասենք, մի էշ է ունեցել ընդամենը, հանկարծ ձեռք է բերում սեւ «Վոլգա»։ Ուշքն ու միտքն այն է, թե երբ է քշելու էդ «Վոլգան», արդեն չի ուզում կռվել։

Հետո երբ սկսեցինք իրենց հողը խորանալ, ադրբեջանցիները սկսեցին ուժեղանալ, ու մենք պիտի պատրաստ լինեինք դրան։ Բայց մենք, փաստորեն, պատրաստ չէինք։ Հունվարի 5-ին ադրբեջանցիները երկու օրվա մեջ Արաքսի ուղղությամբ քսաներեք կմ առաջ եկան։ Այդ ժամանակ շատ մեծ կորուստներ ունեցանք»։ 

Երբ ադրբեջանցիները ընդամենը տասը կմ հեռավորության վրա էին Ֆիզուլիից, հրամանատարը Տումի գյուղի գյուղապետի միջոցով հրամայեց հոսպիտալը հավաքել եւ տեղափոխել Հադրութ։ 

«Բոլոր պահեստային ծառայություններն արդեն տեղափոխվել էին Հադրութ։ Պատկերացնու՞մ եք, առաջին գծում կռվող զինվորն իմանա, որ հոսպիտալն էլ է տեղափոխվել։ Դա մեծ խուճապ կառաջացներ։ Մենք որոշեցինք մնալ։ Երկու օր սաստիկ ծանր մարտեր էին, մինչեւ հաջողվեց ետ քշել թշնամուն»։

Բժիշկը հիշում է, թե որքան հերոսաբար էին իրենց պահում կանայք, որոնց «սխալմամբ կոչում են թույլ սեռ»։

«Շատ ծանր օրեր էին, անընդհատ վիրավորներ էին բերում։ Հոսպիտալում տեսակավորման կետ էինք սարքել, նախապատրաստում էինք հիվանդներին. որին անմիջապես վիրահատել, որին` Ստեփանակերտ, որին ուղղաթիռով Երեւան ուղարկել։ Ու վիրավորների էդ հոսքի մեջ մի պահ եղավ, որ ինքս հոգեբանորեն ընկճվեցի ու քիչ էր մնում նստեի էնտեղ ու լաց լինեի, անելանելի վիճակ էր։ Դա շատ կարճ տեւեց ինձ մոտ: Շրջվեցի, կողքերս նայեցի ու տեսա, որ մեր բուժքույրերը նույն եռանդով շարունակում են աշխատել։ 

Վիրավորներին բերում էին ցեխերի մեջ քաշ տալով, հանում էին շորերը, վիրահատում էինք, պառկեցնում էինք իրենց, իսկ հիվանդանոցի հենց կողքին սպիտակ սավաններով դիակներ են դրված։ Մենք մեզ էինք հաշիվ տալիս միայն մեր գործողությունների մեջ, հրաման տվող չկար, դիահերձելու ստրուկտուրա չկար, որոշ դիակներ, որոնք պետք է մի քանի օրում հասնեին Երեւան ու ճանապարհին նեխեին, ինքներս դիահերձում էինք։ Ու այս մթնոլորտում այդ կանայք նույն եռանդով, նույն ուժով աշխատում էին հերոսների նման»։ 

«Բայց դրա հետ մեկտեղ էլ,- ինչ-որ բան հիշելով՝ ժպտում է բժիշկը,- ամեն օր էսպես չէր անցնում, այլապես որեւէ մեկը չէր դիմանա»։

«Օրեր են եղել,- պատմում է նա,- երբ ծննդյան եւ այլ տոներ ենք նշել, հարսանիքների ենք մասնակցել մոտակա գյուղերում»։ Տարոնը հիշում է, որ այն ժամանակվա ուրախություններն ավելի սուր էին, առհասարակ բոլոր զգացողություններն էին ավելի ընդգծված։

«Գուցե տարօրինակ թվա,- ասում է նա,- բայց այդ ժամանակները նաեւ իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակներն էին։ Ես այնտեղ էի, որտեղ իրոք իմ կարիքն ունեին, ու անում էի այն գործը, որը պիտի անեի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter