HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարկվող Սեմյոնովկա

Արփինե Մինասյան

Սեմյոնովկայի թաղիքե կտուրներով փայտյա տներն այժմ քիչ բան են հիշեցնում նախկինում այստեղ ապրած մաքրակենցաղ մոլոկանների մասին: Գյուղի բնակիչներից Խաժակ Քոչարյանի պապն առաջին հայերից է եղել, որ մոլոկանների ժամանակ ոտք է դրել Սեմյոնովկա: Նա աշխատել է Սեմյոնովկայի հացի փռում, որը 55-ամյա Խաժակի պատմելով հաց է մատկարարել նույնիսկ հարեւան Ծովագյուղին ու Սեւանին: 80-ամյա Սերյոժա Ավետիսյանը ասում է, որ 1920-ական թթ.-ին Հայաստանում կաթի մշակման 3 գործարան է եղել, որոնցից մեկն էլ Սեմյոնովկայում: Սերյոժա պապը ցավով նշում է, որ եթե սովխոզն ու կոլխոզը չքանդվեին, ոչ ոք գյուղից չէր հեռանա:

Ժամանակի ընթացքում փակվեցին կաթի մթերման գործարանը, հացի փուռը, գյուղն ամայացավ: Սեմյոնովկան այսօր մեկ փողոց է` 300 բնակչով ու տարատեսակ խնդիրներով: Գյուղը գազիֆիկացված չէ, բնակիչներն իրենց տները փայտով ու աթարով են ջեռուցում: 35 աշակերտ ունեցող Սեմյոնովկայի 9-ամյա դպրոցն էլ դիզվառելիքով է ջեռուցվում: Գյուղի կլիման ձմռանը խստաշունչ է ու բքառատ:

Քոչարյանների 9 հոգանոց բազմանդամ ընտանիքը ձմեռվա պաշարի համար 20 խմ փայտ է պահեստավորում: Խաժակ Քոչարյանի խոսքերով` տունը ջեռուցում են սեպտեմբերի վերջից մինչեւ մայիսի կեսեր, բայց բավարար չափով չի տաքանում:  Փայտի 1 խմ-ը գյուղում վաճառել են 15.000 դրամով: Սեմյոնովկա համայնքի ղեկավար Դավիթ Մնացականյանը նշում է, որ գյուղը 1990-ականներին գազիֆիկացված է եղել: Ժամանակի ընթացքում խողովակները մաշվել են, դարձել անօգտագործելի:

«4 տարի զբաղվում ենք էս խնդրով: 2012թ.-ին պետբյուջից հատկացված 19 մլն 100 դրամով գազի խողովակներ անցկացվեցին: Ծովագյուղից Սեմյոնովկա գազատարի երկարությունը 4300 մետր է, համայնքի ներսում`2760»,- տեղեկացրեց Մնացականյանը: Վերջինիս խոսքով` 2013թ.-ի համար նախատեսված 30 մլն դրամի շրջանակներում նոյեմբեր ամսից սկսվել են գազատարի կառուցման աշխատանքները, ողջ գյուղը գազիֆիկացվելու է: Գազիֆիկացվելու դեպքում անգամ բնակիչների մեծ մասը գազն օգտագործելու է խոհանոցում: Սեմյոնովկայում ասում են` դրանով տուն չի տաքանա, բացի այդ, թանկ է:

Համայնքի գազիֆիկացումն ու ջրամատակարարումը Սեմյոնովկա համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2013-16թթ. քառամյա ծրագրի առաջնահերթություններից են: Սեմյոնովկան գտնվում է Արեգունի եւ Գեղամա լեռների արանքում` լճի մակարդակից 2114 մ բարձրության վրա: Չնայած նրան, որ գյուղում սառնորակ աղբյուրներ կան, այնուամենայնիվ, համայնքի ընդամենը 30-40%-ն է ապահովված խմելու ջրով: 1970-ականների սկզբին կառուցված ջրամատակարարման համակարգն անմխիթար վիճակում է, խողովակները մաշված են, փտած: «Շատ դժվար է, ջուր ենք կրում մեր կենցաղում օգտագործելու համար: Ձմռանը օրեր են լինում, որ աղբյուրը սառում է: Ճանապարհի վերեւի տներում, որոնք բարձր են, ջրի ճնշումը չի հերքում, ջուրը չի բարձրանում»,- նշում են բնակիչները:

«Հայջրմուղկոյուղու» տնօրեն Պատրիկ Լորենին մի քանի անգամ հրավիրել եմ գյուղ, եկել վիճակը տեսել է, բանավոր խոստացել է 2014թ.-ին լուծել գյուղի ջրամատակարարման խնդիրը»,- ասաց Սեմյոնովկայի ղեկավարը: 2013թ.-ի նոյեմբերին Սեւանի քաղաքապետարանում անցկացված հանրային քննարկման ընթացքում «Ջինջ» ՍՊԸ-ի ինժեներա-խորհրդատվական կազմակերպության պատասխանատուները ներկայացրին Սեւանի ջրամատակարարման որակի բարելավման վերաբերյալ ծրագիր, որը նախատեսում է Սեւան-Դիլիջան թունելից 5 կմ վերեւ` Ձկնգետին զուգահեռ կառուցել 1,7 կմ երկարությամբ ջրատար: Քննարկմանը ներկա Սեմյոնովկա համայնքի ղեկավար Դավիթ Մնացականյանն ընդիմացավ:

«Թույլ չենք տա մեր համայնքի սեփականություն հանդիսացող հողերում ջրատար կառուցել, քանի դեռ լուծված չէ Սեմյոնովկայի ջրամատակարարման խնդիրը»,-Սեւանի փոխքաղաքապետի, «Ջինջ»-ի պատասխանատուների, հ/կ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ հայտարարեց Դավիթ Մնացականյանը: ՀՀ Գեղարքունիքի մարզի 2012-15թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մարզային ու համայնքային ենթակառուցվածքներ բաժնում նշված է, որ ջրամատակարարումն ու ջրահեռացումը մարզում իրականացվում է «Հայջրմուկոյուղի» ընկերության եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտի առաջնահերթություններից են 5 քաղաքային եւ 17 գյուղական համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի տեղադրումը, խմելու ջրի եւ ջրահեռացման համակարգերի, մաքրման կայանների հիմնումը եւ այլն:

Ջրամատակարարման եւ գազամատակարարման խնդիրներից բացի Սեմյոնովկա համայնքի քառամյա զարգացման ծրագրի առաջնահերթություններից են նաեւ Սեւան-Դիլիջան թունելի մուտքին հասնող 1 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգումը, մշակույթի տան հիմնանորոգումը, համայնքի ներհամայնքային ճանապարհի բարեկարգումն ու լուսավորությունը, գյուղատնտեսության ու անասնապահության զարգացումը եւ այլն:

Գյուղում այժմ գարու, ցորենի արտադրությամբ չեն զբաղվում, եղանակային պայմանները նպաստավոր չեն: Եկամտի աղբյուրը հիմնականում անասնապահությունն է եւ արտագնա աշխատանքը: Բնակիչները կաթի 1 լիտրը տեղում հանձնում են 130 դրամով: «Ցածր գին է, բայց ի՞նչ արած, եթե տանենք Սեւանում վաճառենք, ճանապարհածախսն էլ հաշված չարչարանքն է մնում»:

Համայնքում քիչ թվով երեխաներ են ծնվում: Սեմյոնովկայի ԲՄԿ-ի բուժքրոջ տրամադրած տվյալներով պատկերը հետեւյալն է:

2009թ. ծնվել է 4 երեխա (3-ը տեղափոխվել է)

2010թ.-ին` 5 երեխա (տեղափոխվել է 2-ը)

2011թ.-ին` 1 երեխա, տեղափովել է

2012թ.-ին` 3 երեխա

2013թ.-ին` 3 երեխա:

Սեմյոնովկայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Պետրոսյանն ասում է, որ գյուղում աշխատատեղ չկա, Սեւան-Դիլիջան թունելի բացումը գյուղում շատ բան փոխեց: Շատ ընտանիքներ հեռացան գյուղից, գյուղի աճի տեմպը նվազեց: «2013թ. գյուղում 2 տղա է ամուսնացել, 2 մահ է գրանցվել: Աղջիկներն էլ ամուսանում, գյուղից գնում են»,- ասում է Կարինե Պետրոսյանը:

Սակավաթիվ բնակչություն ունեցող համայնքում ձմռանը ճանապարհը հաճախ է փակվում: Ճանապարհը փակվելու հետեւանքով ոչ ուսուցիչներն են Սեմյոնովկայի դպրոց հասնում, ոչ էլ գյուղի ուսանողները` Սեւան կամ Ծովագյուղ: 

 

 

 

 

Մեկնաբանություններ (1)

teda
The heavy toil of educating these forgotten places should start with the establishment of farms as planned works will attract workers. The constuction of a road which links the village to the nearest town is the main source of future prosperity of this village. It should be encouraged the crafts: bricklayers, carpenters, tannners, bakers. People must become active. The needs give rise to workshops, workshop to commerce, commerce to gain and gain to welfare.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter