Լոնդոնից Հայաստան տեղափոխված Անահիտը համոզված է, որ այստեղ կարող է ավելի օգտակար լինել
25-ամյա Անահիտ Գալստյանը Լոնդոնից Հայաստան է տեղափոխվել 2012 թ.-ի աշնանը: Սկզբում որոշել էր Հայաստանում մնալ միայն 2 տարի, սակայն, ապրելով այստեղ, դեռևս չի մտածում Լոնդոն վերադառնալու մասին:
Անահիտը ծնվել է Երևանում, սակայն 6 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն: Չնայած ծնողները չէին ցանկանում տեղափոխվել, սակայն 1990-ականներին իրավիճակը ծանր էր: Անահիտի մայրը երևանցի է, իսկ հայրը` Հնդկաստանի հայ, ում մայրն ունի իռլանդական ծագում: Նրա հոր ազգանունը Galstaun է, բայց Անահիտին ու եղբորը, որոնք ծնվել են Հայաստանում, ծնողները գրանցում են որպես Գալստյան:
Անահիտի խոսքով` փոքր էր, բայց շատ լավ հիշողություններ ուներ Հայաստանից: Այստեղ մի տարի դասի է գնացել, սովորել գրել և կարդալ, ինչն իր խոսքով` հետագայում շատ օգնեց իրեն:
Անահիտը խոստովանում է, որ մինչև դպրոցն ավարտելը հայերի հետ գրեթե չէր շփվում: Չնայած կիրակնօրյա դպրոց էր գնում, բայց այնտեղ շատ էին տարբեր տեղերից հայերը` սիրիահայ, լիբանանահայ, պարսկահայ և այլն: Իսկ իրենք այդ ժամանակ Հայաստանից եկած առաջին ընտանիքներից էին և «կարծես թե փոքր-ինչ օտար էին»: Անահիտը առաջին հայ ընկերուհուն ձեռք է բերում միայն 16 տարեկանում, իսկ հայերի հետ ակտիվ շփումը սկսում է 21 տարեկանից:
«Դեռ չէի պատկերացնում, որ Հայաստան պետք է գամ, բայց 11-12 տարեկանից մտքիս եղել է, որ մի օր կգնամ Հայաստան,- ասում է Անահիտը:- Մտածեցի` եթե այդ օրը գա, գոնե տեղի համայնքի հետ ծանոթ լինեմ: Մեծ տարիքում ավելի հեշտ է շփվել: Հիմա այնտեղի ընկերներիս մեծ մասը հայերն են»:
Էկվադորում աչքի առջև մարդ են սպանել
Լոնդոնի Քենթի համալսարանում Անահիտը սովորել է քաղաքականություն և միջազգային հարաբերություններ: Այդ ընթացքում նա թե աշխատել է, թե պրակտիկա անցել տարբեր կազմակերպություններում: Այնուհետև մեկնում է Էկվադոր` դասավանդելու անգլերեն: Անահիտի խոսքով` ցանկանում էր ճանապարհորդել Հարավային Ամերիկայում, սակայն դա թանկ հաճույք է: Այդ պատճառով էլ դիմում է մի քանի երկրների, որտեղ կկարողանար որոշ ժամանակ ապրելով նաև աշխատել: Առաջին արձագանքը ստանում է Էկվադորից, որի մասին շատ քիչ բան գիտեր:
Անահիտը պատմում է, որ Էկվադորի այն քաղաքը, որտեղ ապրում էր, շատ վտանգավոր էր. այդ քաղաք այլևս չի ցանկանա վերադառնալ: Անահիտի խոսքով` տեղացիները շատ լավ մարդիկ են, բայց քանի որ բնակչությունը շատ աղքատ է, շատերը մտածում են օտարազգիներին թալանելու մասին: Անահիտին այնտեղ հաճախ էկվադորցու տեղ էին դնում, սակայն իրեն վտանգի մեջ էր զգում, երբ քայլում էր եվրոպացիների կամ ամերիկացիների հետ: Անահիտը հիշում է, թե ինչպես մի անգամ իր աչքի առջև մի մարդու վրա կրակել և սպանել են, այնուհետև իրեն երկու անգամ թալանել են: Այդ պատճառով էլ աշխատում էր անգամ հասարակ զարդեր չկրել, որպեսզի ոչնչով աչք չծակի և պոտենցիալ թալանի օբյեկտ չդիտարկվի:
Սակայն Անահիտին այնտեղ ամենաշատը հուզել էին մարդու իրավունքների խախտման դեպքերը: Շատ էր ցանկանում օգնել հատկապես տեղի կանանց, որոնց իրավունքները պարբերաբար ոտնահարվում են: Սակայն Անահիտի խոսքով` պետք էր ուսումը շարունակել, որպեսզի կարողանար դրա միջոցով օգտակար լինել: Այդ ընթացքում էլ նրա պապիկը Հայաստանից հորդորում էր անպայման մագիստրատուրա սովորել, ինչին Անահիտը պատասխանում է` «լավ, քեզ համար կդիմեմ»:
Դեռևս Էկվադորից Անահիտը դիմում է Լոնդոնի երկու բուհեր, երկուսն էլ ընդունվում է, սակայն ընտրում է UCL-ը` Լոնդոնի համալսարանական քոլեջի մարդու իրավունքների բաժինը: Անահիտը պատմում է, որ այստեղ հանդիպում և ծանոթանում է Մարթայի հետ: Հենց վերջինիս միջոցով է նա իմանում «Լույս» հիմնադրամի կրթարթոշակի մասին: Չնայած կրթաթոշակ ստանալու ժամկետն արդեն անցել էր, սակայն Մարթան հորդորում է նրան դիմել: Որոշ ժամանակ անց Անահիտը իմանում է, որ իրեն կրթաթոշակ է հատակացվելու: Անահիտի խոսքով` դրա կարիքը շատ ուներ, որովհետև ուսմանը զուգահեռ ստիպված էր թե աշխատել, քանի որ «Լոնդոնը թանկ քաղաք է», թե պրակտիկա անցնել:
«Զգացի, որ Հայաստանում ավելի շատ բան կարող եմ անել»
Ամռանը Անահիտը գալիս է Հայաստան, բայց նախատեսել էր վերադառնալ Հարավային Ամերիկա և այնտեղ զբաղվել կանանց իրավունքների խնդիրներով: Միաժամանակ գիտեր, որ Հայաստանում ևս մարդու իրավունքների խախտման հետ կապված լուրջ խնդիրներ կան:
«Ու զգացի, որ Հայաստանում ավելի շատ բան կարող եմ անել, քան Հարավային Ամերիկայում, Լոնդոնում կամ որևէ այլ երկրում»,- ասում է նա:
Այդ ընթացքում էլ Անահիտի տատիկը խնդրում էր նրան տեղափոխվել Հայաստան, քանի որ ուսումն արդեն ավարտել էր: Անահիտը կեսկատակ ասում է` «պապիկի համար մագիստրատուրա սովորեցի, տատիկի համար` վերադարձա Հայաստան»:
Լոնդոնից Անահիտը սկսում է Հայաստանում գործ փնտրել, բայց նրա խոսքով` գործատուները իր ասածը լուրջ չէին ընդունում` մտածելով, թե ով է Լոնդոնից Հայաստան գալու աշխատելու համար: Գալով Հայաստան՝ Անահիտը սկզբում անգլերենի դասեր է տալիս, այնուհետր «Լույսի» միջոցով իմանում է, որ նորաստեղծ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին աշխատող է պետք: Այստեղ էլ Անահիտն աշխատում է մինչ օրս:
Անահիտի խոսքով` չի անհանգստանում, որ իր մասնագիտությամբ չի աշխատում: Նա կարծում է, որ եթե կարողանան բարենպաստ միջավայր ստեղծել, որպեսզի Հայաստան վերադառնան սփյուռքում ապրող հայ լավ մասնագետներ, երկիրը արագ կզարգանա, իսկ դա էլ իր հերթին կնպաստի մարդու իրավունքների բարելավմանը:
«Այն, ինչ որ սովորել եմ, դա չի փախչելու, կա, կորուստ չի»,- ասում է Անահիտը:
Ասում էին սփյուռքահայ, որի մեջ բացասական երանգ կար
Այժմ Անահիտը երազում է ունենալ իր սեփական ՀԿ-ն, որը կզբաղվի դեռահասների խնդիրներով: Բայց նաև շատ հետաքրքրված է կանանց իրավունքներով և մարդկային թրաֆիքինգով: Անահիտի խոսքով` Հայաստանում կա թրաֆիքինգ, բայց շատերը դա ժխտում են:
«Այստեղ, որ հարցնես, կասեն, որ այդ կանայք գիտեին` ուր են գնում և ինչի համար,- ասում է Անահիտը:- Թեկուզ եթե գիտեր՝ ինչի համար էր գնում, բայց արդյունքում մարդուն ստրկացնում են: Ոչ մեկ էլ չի ցանկանա նման վիճակում հայտնվել»: Անահիտի կարծիքով` քանի որ Հայաստանում արտագաղթի լուրջ խնդիր կա, մի խումբ մարդիկ օգտվում են այս հանգամանքից, և թրաֆիքինգի ռիսկերը մեծանում են:
Բայց և Անահիտի համար շատ կարևոր է, որ Հայաստանում իրեն ապահով է զգում, մարդիկ ջերմ են, կապեր հաստատելը` ավելի դյուրին:
«Ես զգում եմ, որ էներգիա ունեմ համ աշխատանքի համար, համ կողքի նախագծերի ու կամավորական աշխատանքի համար, համ անձնական կյանքի համար: Ուրախ եմ այստեղ այդ ամեն ինչով»,- ասում է Անահիտը:
Ասում է, որ դեռ փորձում է ուսումնասիրել հայկական մշակույթը, տեղի մտածելակերպը, որպեսզի կարողանա ճիշտ ծրագիր կազմել և իր գործունեությունը ծավալել:
Նա կարծում է, որ մտածելակերպի փոփոխության կարիք կա: Օրինակ, երբ նոր էր եկել, զայրանում էր, որ տղամարդիկ բարևելիս միայն տղամարդկանց ձեռքն են սեղմում, իսկ կանանց` միայն գլխով նշան անում:
«Մտածում էի` ես մարդ չեմ, որ դու չես ուզում իմ ձեռքը սեղմել: Սկսեցի ես ձեռքս մեկնել, ինչից մարդիկ զարմանում էին»,- ասում է Անահիտը` նշելով, որ տարբեր ոլորտներում տեսնում է, որ կանայք կարծես ավելի ցածր լինեն տղամարդկանցից:
Մյուս հանգամանքը, որ անհանգստացնում է Անահիտին, Հայաստան-սփյուռք հարաբերություններն են: Նա հիշում է, որ երբ նոր էր եկել Հայաստան, իրեն անընդհատ ասում էին սփյուռքահայ, և այդ տոնայնության մեջ միշտ բացասական երանգ էր զգացվում: Նրա խոսքով` տարբերություններ կան Հայաստանի և սփյուռքի հայերի միջև, բայց ոչ մի կողմը մյուսից առավել չէ: Նույն ազգն է, բայց արհեստական բաժանում է ստեղծվում: Նրա կարծիքով` պարզապես պետք է ճիշտ երկխոսություն լինի երկու կողմերի միջև, այդ դեպքում միասնական լինելը ավելի հեշտ կլինի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել