
«Կուտակայինի» դասընթաց` 12 հազար դրամով. ՊԵԿ-ի նոր բիզնեսը
ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնը կազմակերպում է դասընթաց` «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ» թեմայով: Դասընթացին մասնակցելու համար «ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին պետք է վճարել 12 հազար դրամ:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքն այժմ վիճարկվում է Սահմանդրական դատարանում: Վերջինս դեռ որոշում չի կայացրել, սակայն ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ը, ի դեմս կառավարության, արդեն որոշել է կենսաթոշակային նոր համակարգի իրազեկման վճարովի դասընթաց կազմակերպել:
ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի «բուն գործառույթը», ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Սահակյանը, հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստումն է. կենսաթոշակային համակարգի վերաբերյալ այս դասընթացը նրանց համար անվճար է: Իսկ 12 հազար դրամ վարձավճարը, տնօրենի խոսքով, այլ քաղաքացիների համար է, որովհետև ՊՈԱԿ-ն «այդքան բյուջե չունի»: Թե ինչպես է ՊՈԱԿ-ն իրականացնում առևտրային գործունեություն, Մհեր Սահակյանը նշեց, որ դրա համար կա ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի համպատասխան որոշումը: «Մենք այդ իրավունքը ունենք»,- ասաց նա` հղում տալով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին:
Համաձայն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի` «Պետական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով»: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ» թեմայով դասընթացը կազմակերպվել է` ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ նշված ձեռնարկատիրական գործունեության հետևալ տեսակների համաձայն`1)լրացուցիչ կրթության կազմակերպում, 2)ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում:
Սակայն ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական այս գործունեության անհրաժեշտությունը հիմնավորված չէ, որովհետև կառավարության հիմնած մեկ այլ կազմակերպություն`«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը քաղաքացիներին նոր համակարգի վերաբերյալ անվճար իրազեկման պարտավորություն ունի:
Հիմնադրամի կայքում կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ անվճար դասընթացի մասին վերջին անգամ հայտարարվել է դեկտեմբերի 16-ին: «Կենսաթոշակային բարեփոխումներով հետաքրքրված բոլոր անձանց հրավիրում ենք մասնակցել»,- գրված է հաղորդագրության մեջ:
Ստացվում է` կառավարության հիմնած կազմակերպություններից մեկը` հիմնադրամը, պարտավոր է անվճար իրազեկել, իսկ մյուսը` ՊՈԱԿ-ը, նույնն առաջարկում է 12 հազար դրամով:
ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Սահակյանի խոսքով` իրենց դասընթացը «ավելի նեղ, մասնագիտական է» և տարբերվում է հիմնադրամի առաջարկած սեմինարներից: «Սրա պահանջարկը կա: Մենք ունենք համապատասախան դասախոսներ, որոնց համար հենց մարդիկ մեզ գրում են, դիմում են հենց նրանց դասախոսությունները լսելու համար»- ասաց նա: Սակայն «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործառույթը, համաձայն դրա կանոնադրական նպատակների, քաղաքացիներին կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ ամեն տեսակի տեղեկատվություն տրամադրելն է, հետևաբար` նաև «նեղ մասանգիտական»:
Հիմնադրամի գործունեության առարկան և նպատակը, համաձայն դրա կանոնադրության, «կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանն աջակցելն է, մասնավորապես. (ներկայացնում ենք կենսաթոշակային նոր համակարգի մասին հանրային իրազեկմանն առնչվող կետերը).
1)կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական և մասնագիտական աջակցության տրամադրումը,
2)կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային ուսուցման ծրագրերի մշակումն ու իրականացումը,
3) ուսուցողական և տեղեկատվական սեմինարների կազմակերպումը հանրության տարբեր շերտերի ու առանձին խմբերի համար»:
Ավելացնենք նաև, որ 2013թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ի դեմս կառավարության, և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը ստորագրել են դրամաշնորհային երկու համաձայնագիր: Դրանիցից մեկով Հայաստանին տրամադրվել է 149 հազար դոլար` «երկրում ընթացող կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ հանրության իրազեկման բարձրացման համար»:
Այս համատեքստում է կառավարությանն առընթեր ՊԵԿ-ն անհրաժեշտություն տեսել վճարովի իրազեկման: Դասընթացի արժեքի մեջ տնօրենի խոսքով, մտնում են մասնակիցների սրճադադարի կազմակերպումը, դասընթացի նյութերի տրամադրումը և դասախոսների վարձատրությունը: Մհեր Սահակյանի խոսքով` դասընթացի համար գրանցված քաղաքացիներ կան. արդեն 8 հոգի դիմել է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել