
Հայաստանն Իրանից գազար է ներկրել, իսկ Պակիստանից՝ մանդարին
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչությունը հրապարակել է դեկտեմբերին Հայաստան ներկրված պտուղ-բանջարեղենում նիտրատների քանակության մոնիտորինգի արդյունքները: Նիտրատների չափից ավելի մեծ քանակություն չի հայտնաբերվել, սակայն հետաքրքրական է, թե հայերի ամանորյա սեղաններին ո՞ր երկրներից են միրգ ու բանջարեղեն մատակարարվել:
Միանգամից նշենք, որ արտասահմանյան երկրներից հիմնական մատակարարը Իրանն է, որտեղից ներկրվել են լոլիկ, վարունգ, սոխ, ցիտրուսայիններ, անգամ՝ գազար (մոտ 3 տոննա): Անմիջապես աչքի է զարնում Իրանից ներմուծված սոխի մեծքանակությունը՝ մոտ 300 տոննա: Հայաստանը, լինելով սոխ արտադրող երկիր, դժվար թե ամսական կտրվածքով սոխի նման պահանջարկ ունենա: Ավելին՝ Հայաստանը սոխ արտահանող երկիր է՝ ըստ մաքսային վիճակագրության Հայաստանից 2013 թ. ինն ամսում մոտ 380 տոննա սոխ ու սխտոր է արտահանվել: Ամենայն հավանականությամբ՝ սոխի անվան տակ ներկրվում են լոլիկ և վարունգ, սակայն վերջիններս ավելի թանկ են, հետևաբար՝ մաքսավճարներն ավելի շատ կլինեն: Պատահական չէ, որ ներկրված լոլիկի ծավալներն այնքան էլ մեծ չեն՝ ընդամենը 18 տոննա Իրանից, ու մոտ կես տոննա՝ Թուրքիայից:
Իրանից հետո Հայաստանին մատակարարումների ծաավալով երկրորդ տեղում Վրաստանն է, հիմնականում` ի հաշիվ ցիտրուսայինների: Օրինակ՝ Վրաստանից ներկրվել է մոտ 143 տոննա մանդարին: Աջարիայում այս տարի աննախադեպ բարձր բերք էր, ինչը նպաստել է ցիտրուսայինների առևտրին: Սակայն որքան էլ տարօրինակ է՝ Հայաստանը նաև մոտ 100 տոննա մանդարին է ներկրել Պակիստանից, մի երկիր, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք: Հավանաբար՝ այդ մանդարինը գնվել է Արաբական Միացյալ Էմիրություններ շուկաներից:
Սրանով ներկրված պտուղ-բանջարեղենի աշխարհագրությունը չի սահմանափակվում: Պարզվում է՝ դեկտեմբերին Բրազիլիայից ներկրել ենք ձմերուկ ու սեխ, ԱՄՆ-ից՝ տանձ ու խնձոր, Նիդեռլանդներից՝ ելակ, Իսպանիայից` տաքդեղ և այլն:
Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է միայն կարտոֆիլ, խաղող և թարխուն: Նշենք, որ կարտոֆիլի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 10 անգամ, և տարվա կտրվածքով գերազանցում է 10 հազ. տոննան:
Լինելով գյուղատնտեսական երկիր՝ Հայաստանն ավելի շատ պտուղ-բանջարեղեն է ներկրում, քան արտահանում է: Մասամբ դա պայմանավորված է բնակլիմայական պայմաններով (հիմնականում ներկրում ենք ցիտրուսայիններ), սակայն ինչո՞վ բացատրել, որ անգամ խնձորի բերքի առատ տարիներին արտասահմանից մեծ քանակությամբ խնձոր ենք ներկրում: Կամ անհասկանալի է գազարի ներկրման փաստը: Ցանկացած այլ երկիր նման պայմաններում որոշակի սահմանափակումներ կկիրառեր, ինչպես վարվում են Հայաստանի բոլոր հարևան երկրները: Օրինակ՝ Թուրքիան բարձր մաքսատուրքեր է կիրառում ներկրվող գյուղմթերքի նկատմամբ, Իրանը գործնականում արգելել է գյուղմթերքի ներկրումը, իսկ Վրաստանը տարբեր սանիտարական պատրվակներով արգելում է խաղողի ներկրումը: Միայն Հայաստանն է, որի գյուղատնտեսությունը գործնականում պաշտպանված չէ, թեև այս տարի նվազել են լոլիկի ու վարունգի դեմպինգային ներկրումները Թուրքիայից:
Նշենք որ Հայաստանի գյուղատնտեսությունում զբաղված է մոտ 500 հազ. մարդ՝ ընդհանուր աշխատուժի մոտ 45%-ը: Ոլորտն ապահովում է ՀՆԱ-ի 20%-ից ավելին, ավելի շատ՝ քան արդյունաբերությունը, առևտուրը, կամ շինարարությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել