«Հայի վերելքն ու անկումը տեղի են ունենում միաժամանակ»
Հարցազրույց վավերագրող Հովհաննես Թեքգյոզյանի հետ
-Ձեր «Մաշկացավը» գրքում հերոսներից մեկը մեղադրվում էր Երևանի մահվան մեջ: Նրան հարցաքննության էին կանչել այդ գործով: Երևանը ե՞րբ մահացավ:
-Իմ ստեղծագործություններում Երևանը միշտ գլխավոր գործող անձերից մեկն է եղել: Երևանի մահվան մասին լուրերը սկսեցին պտտվել հատկապես Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ: Պատճառներից մեկը, ըստ իս, այն էր, որ իվանահեղական տողատակով, ժանգային ռիթմով ու գորշ հզորությամբ Հյուսիսային պողոտան ավելի շատ եգիպտական փարավոնի դամբարանի «քսերակոպիա» է հիշեցնում: Բնականաբար, իր սրտում նման մահարձան ունեցող քաղաք, թեկուզ կարճ ժամանակով ապրելու համար, ուզած-չուզած պետք է անընդհատ հոգեդարձ լինի:
Վերջերս մի մտքի եմ եկել, չգիտեմ որքանով կհամաձայնեք ինձ հետ, երևի առաջին անգամ եմ հրապարակավ ասում այս մասին: Ուսումնասիրելով մեր մշակույթն ու արվեստը և ընդհանրապես մեր պատմությունը, որը, հաճախ ինձ միֆոլոգիայի կամ հրաշապատում հեքիաթի ժանր է հիշեցնում ՝ եկա մի հետաքրքիր եզրահանգման: Այդ մասին Նարեկացին ինձ հուշեց. փաստորեն, հայի վերելքն ու անկումը տեղի են ունենում միաժամանակ: Եվ այդ գործընթացը այնքան արագ է կատարվում, որ հայը իր անցած ճանապարհը վերաիմաստավորելու ժամանակ անգամ չի ունենում: Կամ իմաստավորում է միայն լաց ու ողբի դիտանկյունից՝ ստեղծելով պատմական աբսուրդի այնպիսի zoom արած պատկեր, որի հատկանիշները և որակները zoom-ից անդառնալիորեն աղավաղվել են:
Այս պահին հանկարծ հիշեցի լոնդոնյան մետրոյի հետ կապված մի պատմություն: Մեգապոլիսի արվարձաններից մեկի բնակիչների շրջանում չպատճառաբանված դեպրեսիա է սկսվում: Երկար փնտրտուքներից և ուսումնասիրություններից հետո պարզ է դառնում, որ դեպրեսիայի պատճառը դեպի արվարձան ձգվող մետրոյի կայարանի միջանցքներում (իսկ այդ կայարանը, ըստ երևույթին վերջինն էր) ամրացված «Ելք չկա» ցուցանակն էր: Մեր անցյալի zoom-ը հաճախ «ելք չկան» է, որն էլ դեպրեսիայի պատճառ է հանդիսանում:
-Ե՞րբ սկսեց այդ դեպրեսիան:
-Ստույգ չեմ կարող ասել, բայց հիշում եմ, որ օրինակ, 80-ական թթ. երևանյան ուրախությունը բավականին սարքովի էր, մայիսմեկյան՝ շինծու զգացողության նման մի բան էր: Իմիջիայլոց, մի տասնհինգ տարի առաջ փորձեցին էդ՝ ավտորիտար հասարակարգին բնորոշ զվարթությունը ռեաբիլիտացիա անել, բայց ավելի ծաղրանկարային, ըստ «Մաշկացավ» վեպի՝ շոու-դիզելային և հաստաոռ-դինոզավրային, բրածո պատկեր ստացվեց:
-«Մաշկացավում» այսպիսի մի միտք եք ասել, թույլ տվեք մեջբերել. «Ցավը չտեղավորվելով՝ դարձավ իմ մաշկը, որ էս մորգ-քաղաքում ապրեմ»: Կարողանո՞ւմ եք ապրել այդ քաղաքում:
-Քանի որ ներքուստ հանդարտ մարդ չեմ, մշտապես կռիվների մեջ եմ ինքս իմ անձի, միջավայրի, մարդկանց հետ, ապա ասեմ, որ Երևանը պարարտ հող է, իմ կռվազանությունը (էստեղ սմայլիկ եմ դնում) բավարարելու համար: Եթե հակառակ տեսանկյունից նայելու լինենք, ապա Երևանը ընդամենը՝ քարերի և ոսկորների մի կույտ, որն ավելի շատ ինքնակամ բանտի է նմանվում: Այսինքն՝ սա նման է մի սենյակի, որն այնքան հարազատ է քեզ, որ չես ուզում վերանորոգել:
-Ասում են՝ քաղաքը մարդիկ են: Իսկ ո՞վ է այսօրվա մարդը:
-«Մարդու», «մարդկայինի», իսկ եթե ավելի պաթետիկ լինեմ՝ «մարդկության» դրսևորումները գոնե ինձ համար «Գրադով» պաշտպանվող սահմաններ, կոչումն ու տիտղոսը «բուլավկայով» սրտին, դեմքին, ճակատին ամրացվող ստատուսներ, դասակարգային շեղումներ (օրինակ՝ ես հարուստ եմ, նա քաչալ) ու այլասերումներ չունեն: Ես փորձում եմ ստեղծել մի իրականության, որտեղ կոնկրետ ասելիք ունեցող դրոշակը կարող է ավելի մարդը լինել...
-Բայց դա մարդու երևակայության արդյունքն է: Մարդը փորձում է երկխոսության մեջ մտնել:
-Մի օրինակ բերեմ պատմությունից. ինկվիզիցիայի գործառույթը ո՞րն էր. ցանկացած գնով խոստովանություն կորզելը, չէ՞: Որ մարդը խոստովանի, որ հոգին ծախել է սատանային, ամուսնացել է վհուկի հետ կամ թքել է սրբապատկերի վրա: Սա մարդկության ամենադաժան էջերից մեկն է, որովհետև երկխոսություն չի ենթադրում:
Զարգացման միակ հեռանկարը երկխոսությունն է, որից մեր («մեր» բառը էս պարագայում ինձնից նեղացավ) իշխող կուսակցությունը ուղղակի սարսափում է: Այսինքն՝ ստեղծվել է մի համակարգ, որը կամ, կներեք բառիս համար, «իգնոր» է անում ցանկացած կառուցողական միտք, կամ մարած օբլիգացիաների միջոցով այս կամ այն, ոչ կարևոր հարցի «խարույկը բորբոքելով» մարդկանց ուշադրությունը փորձում է ՇԵՂԵԼ հիմնական խնդիրներից: Փաստորեն մեր իրականության մեջ ինկվիզիտորների դերը իր բնույթով մի քիչ փոփոխվել է, սակայն վերը նշված «շեղման» միսիան հիանալիորեն կատարում են հեռուստաեթերը ողողած մարած «օբլիգացիաները»:
-Քաղաքացիական շարժումների և իշխանությունների միջև երկխոսության հնարավորություն տեսնո՞ւմ եք:
-Կարծում եմ արդեն՝ ոչ:
-Իսկ դեպրեսիայից կարո՞ղ են հանել այդ շարժումները:
-Փառք Աստծո, բոլոր դիմակներն արդեն պատռվել են: Հիմա բոլորս հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, երբ կարող ենք քայլել միայն անկեղծության շնորհիվ:
-Բայց անկեղծությունը երբեմն վախեցնող չէ՞:
-Վախը բռնող է...
-Եվ ինչպե՞ս կբնորոշեք ստեղծված իրավիճակը:
-Չգիտես ինչի, ներքին լավատեսություն ունեմ, որովհետև այն պայծառ դեմքերը, որոնք տեսնում եմ հենց թեկուզ հանրահավաքների ժամանակ, ինձ հույս են տալիս մտածելու, որ լավագույնն առջևում է:
-Օրինա՞կ:
-Օրինակ՝ ժողովրդավարության:
-Ժողովրդավարությունը միֆ չէ՞:
-Ժողովրդավարությունն այն գիտակցությունն է, երբ քաղաքացին ընտրելու իրավունքից զատ (ի դեպ, ընտրելու իրավունքն էլ, շատ դեպքերում, բռնապետների դեմոկրատ երևալու դիմակն է) ունի այն գիտակցությունը, որ կառավարությունը ընդամենը իր վարձկանն է:
-Եվ ո՞ւր ենք գնում հիմա:
-Կարծես կամաց-կամաց գալիս ենք այն մտքին, որ ՊԵՏՔ է վարձենք...
-Կհաջողվի՞:
-Ինձ թվում է՝ հա: Համենայն դեպս, լավատես եմ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել