Ջիվան Գասպարյանը «լակոտ չի», նախագահն էլ «խաղալիք չի», որ գա շենքի հարցերը լուծի
Հուլիսի 22-ին Ալեք Մանուկյան 15-րդ շենքի և Այգեստան 7-րդ փողոցի բնակիչները նամակ էին հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում նշվում էր, որ դուդուկահարն ուզում է իր առանձնատան համար սարքել նոր ճանապարհ, որը պետք է անցնի Ալեք Մանուկյան փողոցով և իրենց շենքերի բակերով: Այնինչ, ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհը կա և անցնում է շենքի հետնամասով:
Պարզաբանելով տվյալ հարցը` այսօր Ջիվան Գասպարյանը լրագրողներին ասաց, որ ինքը նման նպատակներ չի հետապնդում:
«Սաղ սարքովի բաներ են, մի թայֆա, մի քանի ընտանիք: Ես այս գործի մեջ անմեղ եմ: Շատ ամոթ է այդ ասողներին: Ես ասել եմ՝ ճանապարհը բարելավեք: Ինձ համար միևնույնն է` կբացեն, չեն բացի այդ ճանապարհը, տարվա մեջ ես երկու ամիս էլ չեմ լինում այստեղ: Քիչ ա մնում թողեմ ու գնամ...»,- ասաց զայրացած Ջ. Գասպարյանը:
Ալեք Մանուկյան 15-րդ շենքի որոշ բնակիչներ պնդում են, որ իրենց շենքի մոտ գտնվող կրպակը և ծառերը հատելով` Ջ. Գասպարյանն ուզում է իր համար ճանապարհ բացել, որի հետևանքով իրենց երեխաները զրկվում են բակում խաղալու հնարավորությունից: Շենքի բնակիչ Նունե Աբրահամյանի խոսքերով`նոր ճանապարհի համար նախատեսված տարածքում խաղում են շրջակա շենքերի բոլոր երեխաները, այդ թվում և՝ իր երեք անչափահաս երեխաները: Բացի այդ` ճանապարհի կառուցման դեպքում մուտքից դուրս գալիս բնակիչներն անմիջապես հայտնվում են մեքենաներիի համար նախատեսված ճանապարհին, և բնակիչներն անհանգստանում են իրենց երեխաների առողջության և կյանքի համար:
«Մենք նրա անձի դեմ ոչ մի խնդիր չունենք, պարզապես ուզում ենք, որ այդ ճանապարհը չկառուցվի»,- ասում էին շենքի բնակիչները:
Վերջիններս նշում են, որ շենքի բակի մոտ գործող կրպակով ապրում է մի քանի ընտանիք, և կրպակը վերացնելով` նրանք զրկվում են նաև իրենց ֆինանսական աղբյուրից: Կրպակը պատկանում է շենքի բնակիչ Կարինե Ալեքսանյանի ընտանիքին, իսկ աշխատեցնում է Նունե Աբրահամյանի ընտանիքը: Ջ. Գասպարյանն էլ նշում է, որ երբ թաղապետարանը հրաժարվել է երկարացնել կրպակի օգտագործման ժամկետը, բնակիչները որոշել են այդ ամենը բարդել իր վրա:
«Երևի շատերը մոռացել են, թե ես ինչ գործ եմ անում, ես ձեզ մի անգամ էլ ներկայանամ, կներեք, սա անհամեստության բան չի, ուղղակի ուզում եմ հիշացնեմ ձեզ, ով որ չգիտի, թող լսի. ես՝ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը...»: Այստեղ դուդուկահարը սկսեց ներկայացնել իր գործունեությունն ու հաջողությունները: Ինքը 65 տարի ներկայացրել է իր ազգն ու երկիրը, և պետք չէ իրեն հավասարեցնել «ծամոն կամ ձմերուկ ծախողի հետ»:
«Ինչպե՞ս կարելի է Ջիվան Գասպարյանին դնել ինտերնետ և սուտ բաներ հորինել նրա մասին: Ո՞նց կարելի է շառ անել մարդու վրա»,- վրդովված ասաց դուդուկահարը:
Նրա խոսքերով` ինքն այդ ամենի հետ կապ չունի, ճանապարհ կառուցել-չկառուցելն իր խնդիրը չէ. թող դրանով զբաղվեն քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը: Ինքն ընդամենը ցանականում է բարելավել բակի և ճանապարհների տարածքը, որի համար իրեն են դիմել շենքի այլ բնակիչներ:
«Ես քաղաքապե՞տ եմ, թաղապե՞տ եմ, ես ի՞նչ իրավունք ունեմ ճանապարհ փակեմ, քանդեմ, ո՞վ է ինձ այդքան իրավունք տվել: Ես պաշտոնյա չեմ, քաղաքական գործիչ չեմ, ես երաժիշտ եմ: Ի՞նչ գործ ունեմ այդ թույլտվության հետ: Կարող է ցանկություն ունեմ, դա նշանակում է, որ ես քանդո՞ւմ եմ»,- ասաց Ջիվան Գասպարյանը:
Նրա խոսքերով` ինքն այդքան անխիղճ չէ, որ զրկի երեխաներին իրենց բակից:
«Ինքը կարա ապահովի մեր երեխաների պաշտպանությունը»,- ասաց բնակչուհի Նունե Աբրահամյանը:
Բնակիչներն ասում են, որ թաղապետարանի ներկայացուցիչներն իրենց ասել են, որ ճանապարհը կառուցվում է Ջիվան Գասպարյանի ցանկությամբ. գաղափարը ոչ թե թաղապետարանինն է, այլ` Ջիվան Գասպարյանինը:
«Այդ ամեն ինչը Ջիվան Գասպարյանի ծրագիրն է: Թաղապետարանն էլ ուրիշ բանուգործ չունի, գալու է այս կրպակը հանի՞, մի քանի մետր տարածքը ճանապարհ դարձնի՞: Եթե անողը լինեին, շուտ կանեին: Ջիվան Գասպարյանն ասել է, նրանք էլ անում են: Դե, եթե թաղապետարանն այդքան մտածում է, թող գա այստեղ կանաչապատում անի, բարեկարգի»,- զայրացած ասում էին բնակիչները:
Նախկինում բակի շրջակայքում եղել է կանաչապատ տարածք, որտեղ հետագայում կառուցվել է Ջ. Գասպարյանի առանձնատունը: Իսկ վերջինիս խոսքերով` իր տունը կառուցվել է օրինական ճանապարհով:
Վերջինս բողոքեց, որ իրենց բակը խայտառակ վիճակում է. աղբ, շենքերից կախված լարեր, դրան էլ ավելանում են ուսանողների մեքենաներն ու նրանց աղմուկը. շենքի կողքին գտնվում է մանկավարժական համալսարանի մասնաշենքերից մեկը:
«Ինքը 3 մեքենաները բերի այստեղ կանգնեցնի, ուսանողներն իրավունք չունե՞ն իրենց մեքենաներով գան, թե՞ մենակ ինքը կարա մեքենանա ունենա,- ասաց շենքի բնակիչ Կարինե Ալեքսանյանը:- Ինքն ինձ համար հեղինակություն չի: Իսկ ճանապարհի կառուցումը ձեռնտու է մենակ իրան, մենակ ինքը դրանից օգուտ ունի»:
Իսկ Նունե Աբրահամյանը նշեց, որ այդ հարցով ցանկացել է խոսել Ջ. Գասպարյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է նրան որևէ մեկնաբանության տալ` ասելով` «դուք ոչինչ չեք հասկանում»: Նրա խոսքերով` Ջ. Գասպարյանն այսօր իր կապերի և հնարավորությունների շնորհիվ իրեն շատ բան կարող է թույլ տալ և իր հեղինակության միջոցով հասնել իր նպատակին, բայց իրենք էլ մարդիկ են և իրենց իրավունքներն ունեն: Իսկ նամակում նշված էր, որ Ջ. Գասպարյանը ասել է, որ ինքն այդ հարցը համաձայնեցրել է ՀՀ նախագահի հետ:
«Ես երդվում եմ իմ պատվով, որ նախագահի մասին խոսք չի եղել: Ինձ շանտաժ են անում»,- շեշտեց Ջ. Գասպարյանը:
Ինքը «լակոտ չի», նախագահն էլ «խաղալիք չի», որ գա շենքի հարցերը լուծի:
Սակայն Կ. Ալեքսանյանի խոսքերով` իրենք տեղեկություն ունեն, որ իրականում Ջ. Գասպարյանն իր ավտոտնակներում ցանկանում է պահեստներ բացել, այդ պատճառով էլ ուզում է կարճ ճանապարհ կառուցել. նա հիմա չի ասում իր նպատակները և ամեն ինչ գաղտնի է անում:
Նրանց խոսքերով` ճանապարհի կառուցմանը դեմ են արտահայտվել շենքի գրեթե բոլոր բնակիչները, ովքեր չեն կարող արդեն լռել:
Շենքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ինքը չի միանում բողոքողների այդ խմբին, ովքեր միմյանց հետ կապված են, բարեկամներ են և իրենց ինչ-որ նպատակի, մասնավորապես` կրպակի համար, այժմ միավորվել են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել