Հնագետ Դիանա Զարդարյանի կարծիքով՝ շատերի մոտ հնագիտությունն ասոցացվում է ոսկի գտնելու հետ
Ամենահին կաշվե կոշիկը հայտնաբերած հնագետ Դիանա Զարդարյանը ֆանտաստիկ երազանք ունի՝ ունենալ ժամանակի մեքենա և հայտնվել պղնձեքարի դարաշրջանում: Նա երազում է լինել Արենի քարանձավում՝ «տեսնելու, թե մարդիկ ինչպես և ինչ կենցաղով են ապրում այդ ժամանակաշրջանում»:
«Կաշվե կոշիկը հնագիտության նվերն էր ինձ»
Դիանան խոստովանում է, որ դեռևս փոքր տարիքից է երազել դառնալ հնագետ, սակայն մինչ այդ ստիպված էր երկար ճանապարհ անցնել: Նախ սովորել է ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետում, ապա շարունակել ուսումը ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ հնագիտության և ազգագրության ամբիոնում: Որպես հնագետ սկսել է աշխատել 2007-ից, իսկ արդեն 2008թ. Արենիի քարանձավում նա հայտնաբերում է 5500 տարվա պատմություն ունեցող կաշվե կոշիկը:
Դիանայի բնորոշմամբ՝ դա պատահականություն էր, և նույն հաջողությամբ այն կարող էր հայտնաբերել բանվորներից մեկը:
«Երկար եմ եկել հնագիտության ոլորտ, և ես շատ նվիրված եմ հնագիտությանը, - ասում է Դիանան:- Ինչպես ես եմ հնագիտությունը սիրում, հավանաբար ինքն էլ ինձ է սիրում: Եվ դա ոնց որ հնագիտության նվերն էր ինձ»:
Այնուհետև հնագետը խոստովանում է, որ կնախընտրեր, որ կաշվե կոշիկի հայտնաբերման ընթացքն ավելի անաղմուկ անցներ, որովհետև իրականում այդ հայտնագործությունն իրեն ավելի շատ թշնամիներ, քան բարեկամներ տվեց: Կարծում է, որ դրա մեջ երևելի ոչինչ չկա, և կցանականար, որ նման կերպ բախտը ժպտա ցանկացած հնագետի: Ասում է՝ մի կողմից իրեն հաճախ են ճանաչում իր հայտնագործության շնորհիվ, մյուս կողմից էլ, ի զարմանս իրեն, դա շարժում է որոշ մարդկանց նախանձը: Մարդիկ էլ կան, որ չեն հավատում կոշիկի՝ այդքան հին լինելուն:

«Դրանից ոչ հարստանում ես, ոչ էլ մեծ բարձունքների հասնում,- ասում է Դիանան:- Ես ինձ գիտնական եմ համարում, ոչ թե աստղ: Եթե ուզենայի աստղ դառնալ, կգնայի թատերական»:
Դիանայի համար հնագիտությունը վաղուց արդեն ոչ թե մասնագիտություն, այլ ապրելակերպ է: Նոր գտածո հայտնաբերելու, պեղելու գործընթացը եթե տեղի չի ունենում դաշտային աշխատանքում, ապա միշտ «իրականություն» է դառնում իր մտքերում: Ընկերներն արդեն սովոր են, որ անգամ քայլելու ընթացքում Դիանան պետք է անընդհատ շուրջը նայի՝ ինչ-որ բան գտնելու ակնկալիքով: Իր մասնագիտության մեջ Դիանային ամենաշատը դուր է գալիս անսպասելիության պահը. երբ չգիտես՝ որտեղ և ինչ կհայտնաբերես կամ չես հայտնաբերի:
«Սիրում եմ, երբ դուրս ես գալիս դաշտ ու կիլոմետրերով պետք է քայլես, նյութ հավաքես, ֆիքսես ամեն մի գտածո, նոր հուշարձան գտնես: Հնագիտական աշխատանքների իմ ամենասիրած մասն է»,- խոստովանում է երիտասարդ հնագետը:
Կարծես հնագետն էլ հնագիտությանը հարմարեցված է ծնվել. երբեք չի նեղվում արևից ու շոգից, երկար ճանապարհից, չի վախենում օձերից ու կարիճներից, որոնք պարբերաբար հանդիպում են դաշտային աշխատանքների ժամանակ:
«Սև հնագետները» ֆիլմեր դիտելուց հետո ոսկի գտնելու մոլուցքով են բռնվում
Հնագիտության ոլորտում Դիանային ամենից շատ անհանգստացնում է «սև հնագետների» առկայությունը, որոնց թիվն ամեն տարի ավելանում է: Դիանայի խոսքով՝ շատերը ֆիլմեր դիտելուց հետո ոսկի և գանձեր գտնելու մոլուցքով են բռնվում: Բայց արդյունքում միայն վնասում են հուշարձանները: Հնագետի համար անհասկանալի է, թե ինչպես մարդիկ կարող են Հայաստանում հայտնաբերած գտածոն ավելի թանկ վաճառել արտասահմանցիներին, ինչպես կարելի է գումարի համար հայրենիքի արժեքները դուրս հանել երկրից: Դիանան պատմում է, որ հաճախ իրենց պեղումներից հետո երբ վերադառնում են Երևան, իմանում են, որ այլ մարդիկ են մտել պեղումների տարածք, վնասել իրենց կատարած աշխատանքը, անգամ փորձել ավերել հուշարձանի պատերը: Շատերը կարծում են, թե հնագիտությունը ոսկի գտնելն ու հարստանալն է:
Դիանայի կարծիքով՝ խնդիրը դժվար կարգավորվող է, և բոլորին բռնել հնարավոր չէ: Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է հասկանա, որ դրանով վնասում է այն գործին, որի արդյունքը կարող է մեծ անուն բերել Հայաստանին: Հնագետը պատմում է, որ պեղումների ժամանակ գյուղացիները գալիս ու հարցնում են, թե քանի կիլոգրամ ոսկի են հայտնաբերել: Անգամ իրենց հետ տարիներով աշխատող բանվորներն ամեն տարի հույս են ունենում ոսկի գտնելու: Այնինչ, Դիանայի խոսքով, պեղումների ժամանակ երբեք ոսկի չեն հայտնաբերել:
Հայաստանում շատ հուշարձաններ կան, որոնց ուսումնասիրության արդյունքները կարող են սենսացիոն դառնալ
Քանի որ Դիանան այժմ ուսումնասիրում է պղնձեքարի դարաշրջանը, հիմնականում պեղումներ է իրականացրել Արենիի քարանձավում: Դիանան պատմում է, որ այժմ հնագետների համար հասանելի է քարանձավի երեք սրահներից միայն մեկը: Տարիներ առաջ այդ սրահներից մեկը դարձրել են ռեստորան, որն այժմ չի գործում և ծառայում է որպես պահեստ: Ռեստորանի կառուցման նպատակով պայթյուն է եղել, որի հետևանքով փակվել է երկրորդ սրահի մուտքը:

Նրա խոսքով՝ արտերկրից եկած մասնագետներից շատերը ոչ միայն հիանում են այդ քարայրով, այլև Հայաստանում առկա հնագիտության բարձր մակարդակով: Հնագետի խոսքով՝ Հայաստանում շատ հուշարձաններ կան, որոնց ուսումնասիրության արդյունքները կարող են սենսացիոն դառնալ, բայց մշտապես կադրերի և ֆինանսի պակաս կա: Երիտասարդներից շատերին է հետաքրքրում հնագետի մասնագիտությունը, բայց շատերը նախընտրում են այլ մասնագիտություն, որպեսզի նորմալ գումար վաստակեն: Արդյունքում այս ոլորտը ամեն տարի համալրվում է ընդամենը մի քանի հոգով: Այդ պատճառով էլ հայ հնագետները հաճախ ստիպված են լինում դիմել արտերկրի իրենց գործընկերներին, քանի որ այստեղ ոլորտի նեղ մասնագիտացում ունեցող կադրերի պակաս կա:
«Պետք է այնքան սիրես քո աշխատանքը, որ ուշադրություն չդարձնես, թե որքան եկամուտ ունես կամ չունես,- ասում է երիտասարդ հնագետը:- Հիմա ես ընտրել եմ հնագիտությունը և գիտեմ, որ դժվար աշխատանք է: Սիրում ես, պետք է համակերպվես»:
Այժմ Դիանան Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող է, ուսումնասիրում է Հայաստանի պղնձեքարի դարի խեցեղենը, որը քիչ է ուսումնասիրված: Երազում է իր նախաձեռնությամբ, սեփական պեղումները կատարել, մասնավորապես՝ Կաքավաձորի հուշարձանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել