
«Ճանապարհային քարտեզ»-ը չեն հրապարակում. Մոսկվայի մեկնաբանությունը
Բազմիցս անդրադարձել ենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տրամադրել Մաքսային միությանը անդամակցելու «ճանապարհային քարտեզը»:
Օրեր առաջ նաև պարզել էինք, որ ԱԳՆ-ն բանակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մաքսային միության ճանապարհային քարտեզը հրապարակային դարձնելու հարցով: Եվ քանի որ, ի հեճուկս մեր օրենսդրության, հրապարակել - չհրապարակելը դարձավ Մոսկվայի որոշելիք հարցը, մենք «ճանապարհային քարտեզը» տրամադրելու խնդրանքով հարցում ուղարկեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ԵՏՀ):
Մոսկվայի կարծիքը
Ի պատասխան մեր հարցման՝ ԵՏՀ մամլո ծառայությունը մեզ ուղարկեց «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ մեկնաբանություն: Դրանում, ի հավելումն ճանապարհային քարտեզի մասին այլ (մեզ արդեն հայտնի) տեղեկությունների, ասված է, որ այն պատրաստված է ԵՏՀ աշխատանքային` ռուսերեն լեզվով:
«Հայաստանի Հանրապետությունում բոլոր հետաքրքրված անձինք կկարողանան ծանոթանալ «ճանապարհային քարտեզի» բովանդակության հիմնական մասին այն ժամանակ, երբ հայ մասնագետները կավարտեն «ճանապարհային քարտեզի» իրագործման գործողությունների ծրագրի նախապատրաստման աշխատանքները: Այդ ծրագիրն ի սկզբանե կլինի հայերեն»,– ասված է ԵՏՀ մամլո ծառայության մեկնաբանության եզրափակիչ մասում:
Այստեղից կարելի է անել մի քանի եզրակացություն.
1. Մեկնաբանության մեջ որևէ խոսք չկա գաղտնիության մասին: Ուստի, «ճանապարհային քարտեզ»-ը գաղտնի չէ:
2. «Ճանապարհային քարտեզը» թե՛ Մոսկվայի, թե՛ Երևանի կողմից չի հրապարակվում անհասկանալի պատճառներով, քանի որ դրա ռուսերեն լինելը չէր կարող խոչընդոտել դրա հրապարակմանը:
3. Մոսկվան Երևանի հետ չի վարում «ճանապարհային քարտեզը» հրապարակային դարձնելու բանակցություններ:
4. Պատասխանում ասված է՝ «հետաքրքրված անձինք կկարողանան ծանոթանալ «ճանապարհային քարտեզի» բովանդակության հիմնական մասին»: Ուստի, դրա որոշ մասը, միևնույնն է, գաղտնի կմնա:
Մի կողմ թողնելով այս բավականին հետաքրքիր պնդումներն ու դրանցից բխող նշված եզրակացությունները` նախ արծարծենք մի քանի զավեշտալի փաստ:
Կառավարությունն ու կոծկման շարունակությունը
Հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում օրակարգի 36-րդ կետով քննարկեց «Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզ») իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը հաստատելու մասին» հարցը (զեկուցող` Վահրամ Ավանեսյան, Էկոնոմիկայի նախարար):
Ու թեև նման հարցեր քննարկելիս կառավարությունը կամ գրում է, որ այն գաղտնի է, կամ համապատասխան որոշման նախագիծն է տեղադրում կայքում, այս անգամ ո՛չ նախագիծ կար, ո՛չ էլ՝ գաղտնիության մասին նշում:
Այսինքն՝ կառավարությունն ընդունում է ոչ գաղտնի որոշում, որը հանրությունից գաղտնի է պահվում:
Քանի դեռ հունվարի 24-ին ԵՏՀ մամլո ծառայությունը պնդում է, որ մանրամասները կհրապարակվեն գործողությունների ծրագրի պատրաստ լինելուն պես, դրա նախորդ օրը` հունվարի 23-ին, ՀՀ կառավարությունը արդեն հաստատել էր գործողությունների ծրագիրը: Իսկ «ճանապարհային քարտեզը»` գործողությունների ծրագրի հետ միասին, դեռ գաղտնի է:
Այստեղ նաև ակներև են Մոսկվայի և Երևանի տեսակետների հակասությունները: Տեսակետները, իսկ ավելի ճիշտ` մեկնաբանությունները զավեշտի աստիճան իրարամերժ են, սակայն կարևորը դա չէ:
Կարևորն այն է, որ Հայաստանի հանրությունը չի կարողանում ծանոթանալ մի փաստաթղթի, որը ստորագրվել է իր անունից ու չի պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք:
Տպավորությունն այնպիսին է, որ կամ իրականում «ճանապարհային քարտեզ» գոյություն չունի, կամ Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումն այն աստիճանի ոչ շահավետ է ընթանում, որ դրա մասին խոսելը կարող է տապալել մեր իշխանություններին այդ ինտեգրման հետ միասին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել