«Ամենաահավոր» պատիժը, թերեւս, կլինի ԵՄ-ի ուշադրության պակասը Երեւանի հանդեպ»
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած հարցուպատասխանի ժամանակ Արեւելքի ու Արեւմուտքի շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները (Չեխիա) պատասխանել է նաեւ «Հետքի» հարցերին:
-Տիկին Լերներ, ինչպիսի՞ն են Եվրոպայի քաղաքական ակնկալիքները Կովկասից, մասնավորապես` Հայաստանից` հաշվի առնելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի հայտարարությունը:
Հայաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել` ելնելով շահերից, որոնք ինքը կարող էր ստանալ այս կամ այն դեպքում: Երեւում է, Ռուսաստանը կարողացավ Հայաստանին ավելին տալ, քան ԵՄ-ն: Մենք դա չենք կարող հաստատել, քանի որ չունենք ինֆորմացիա այն պատճառների մասին, որոնք ազդել են նախագահ Սարգսյանի որոշման վրա: Բավականին տարօրինակ է, որ նա չփորձեց բացատրել իր որոշումը ժողովրդին ուղղված ուղերձում: Կարծես, այդպիսի ուղերձ չի էլ եղել: Նաեւ նկատեցինք, որ նախագահ Սարգսյանը չի սիրում շփվել մամուլի հետ. նրա նախագահության օրոք ինֆորմացիա ունենք միայն 3-4 մամուլի ասուլիսների ու եւս մի քանի հայտարարությունների մասին, որոնք արվել են հյուրերի հետ հանդիպումների ժամանակ: Այսինքն` Հայաստանում ռադիոյով, հեռուստատեսությամբ ելույթ ունենալու կամ թերթերին հարցազրույց տալու ավանդույթ չկա: Եվրամիությունը Հայաստանից ոչինչ չի ակնկալում: Կային ակնկալիքներ, որոնք չարդարացան:
Այժմ, միգուցե, ԵՄ-ն պարզապես կցանկանա դիվանագիտորեն ցույց տալ Հայաստանի իշխանությանը, որ վերջինիս որոշումը սխալ էր: Հայաստանին ոչ ոք չի պատժի: ԵՄ-ն այժմ ամբողջությամբ ընկղմված է Մոլդովայի եւ Ուկրաինայի խնդիրների մեջ ու բավարարված է Վրաստանի հետ համագործակցությամբ: Այդ իսկ պատճառով «ամենաահավոր» պատիժը, թերեւս, կլինի ԵՄ-ի ուշադրության պակասը Երեւանի հանդեպ: Մեզ համար, հակառակը, ավելի կարեւոր է, թե ինչ է ցանկանում Երեւանը առաջարկել Բրյուսելին, ինչ պարգեւավճար կարող է նա խոստանալ եւ տալ այն բանի դիմաց, որ մուտք ստանա ժողովրդավարության եվրոպական ընտանիք:
-Ըստ Ձեզ` ի՞նչ դեր է խաղում Մաքսային միության ստեղծումը մեր տարածաշրջանում: Ո՞րն է դրա ստեղծման շարժիչ ուժը:
Ցանկացած մաքսային միություն կոչված է հեշտացնելու ընդհանուր արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) ներդրումը անդամների շրջանում: Մոտավորապես այնպես, ինչպես նախատեսված էր Արեւելյան գործընկերության դեպքում, սակայն չիրագործվեց ձեր տարածաշրջանի հայտնի պայմանների ու պատմության պատճառով: Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մաքսային միությունը նույնպես բացառություն չէ: Ազատ առեւտուրն ու շուկաների բաց լինելը երկրներին հնարավորություն է տալիս ավելի լավ զարգանալ: Դրան զուգահեռ` անդամ-երկրների ԱՏԳ մասնակիցները մանեւրի ավելի լայն դաշտ են ստանում եւ գործողությունների ավելի մեծ ազատություն` ընդհուպ ընտրելու այն երկիրը, որտեղ կարելի է մաքսազերծել ապրանքը, ներմուծման հայտարարագիր լրացնել, հարկեր մուծել եւ ընկերություն գրանցել:
Ինչպես գիտեք, նախագահ Սահակաշվիլու օրոք եղած Վրաստանի եւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ մաքսային միությունների նախագծերը չիրականացան: Այժմ` Վրաստանի` ԵՄ-ի տնտեսական վերահսկողության տակ մտնելուց հետո տարածաշրջանում ՄՄ-ին այլընտրանք կարող են լինել երկու նախագծեր. Թուրքիայի եւ Ադրբեջանի ու Հայաստանի եւ Իրանի մաքսային միությունները:
-Ձեր կարծիքով` ո՞վ է ուկրաինական սցենարի հեղինակը, եւ ի՞նչ զարգացումներ կարող են լինեն Մայդանում:
Ուկրաինայում տեղի ունեցողի միակ մեղավորն այդ երկրի նախագահն ու նրա շրջապատն են: Իմանալով տրամադրություններն իր երկրում, երբ այն պառակտման եզրին է, ինչին հանգեցրեց ինքն իր քաղաքականությամբ` բավական է մի կայծ, որպեսզի իրավիճակը պայթի: Շիկացնելով դրությունն այնքան, որ մենք արդեն խոսում ենք Մայդանում զոհերի մասին` այսօր (հարցազրույցն արել է հունվարի 25-ին- հեղ.) նախագահ Յանուկովիչը զիջումների է գնում. ընդդիմադիրներին առաջարկել է վարչապետի ու փոխվարչապետի պաշտոնները, համաձայնել է Մայդանում ձերբակալվածների ազատմանը: Դժվար է բացատրել, թե ինչով է առաջնորդվել Յանուկովիչը` դրությունը սահմանագծին հասցնելով:
Զարմանալի է, սակայն ցուցարարներին ցրելու համար, չգիտես ինչու, միանգամից չեն կիրառվել ջրցան մեքենաներ: Այդ մեթոդը բավականին արդյունավետ վերջերս կիրառվեց Թուրքիայում, իսկ Կիեւի ցուրտ ձմռան պայմաններում ավելի արագ կգործեր: Ի դեպ, կարծեմ Հայաստանում էլ 2008-ի փետրվարին (ի նկատի ունի մարտի 1-ը- հեղ.) միտինգը ցրելիս չեն կիրառել ջրցան մեքենաներ: Արդյունքում եղան զոհեր թե ընդդիմության, թե իրավապահների շրջանում: Ուկրաինայում իրավիճակը բարդ է: Լեհաստանի վարչապետն արդեն զգուշացրել է երկրի հնարավոր փլուզման մասին: Դա կհանգեցնի լուրջ հետեւանքների ամբողջ տարածաշրջանի համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել