HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իրականում պետք է կտրվեն եռագլուխ հրեշի գլուխները»

Հարցազրույց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Բադալյանի հետ

-Լուսինե, ի՞նչ մտահոգություններ ունեք այսօրվա իրականությունից:

-Այսօրվա իրականությունն այնքան մտահոգիչ է, որ ուղղակի չգիտեմ, թե որտեղից սկսեմ և որտեղ ավարտեմ: Շատ իրարամերժ իրականություն է. մի կողմից՝ երիտասարդ ես, ուժ, կրթություն, գիտելիք ունես, և կարծես, ոչ ոք չի ճնշում քեզ  ինչ-որ բանի  հասնել, բայց մյուս կողմից` հնարավորություն չկա ինքնադրսևորման համար:

Այսօր շատ մտահոգիչ է սոցիալական վիճակը: Այսպիսի ծանր սոցիալական պայմաններում ապրող մարդը ի վիճակի չէ մտածել խորը, լուրջ, հեռուն գնացող բաների մասին, այլ սահմանափակվում է իր օրվա հոգսը հոգալով` առանց մտածելու վաղվա օրվա  մասին, կատարելագործվելու մասին: Իսկ դա շատ վտանգավոր է երկրի համար: Եթե այսօր երիտասարդը մտահոգված է օրվա հացի փող վաստակելու մասին, նա հազիվ թե ի վիճակի լինի վաղն ինչ-որ հայտնագործություններ կամ մեծ գործեր անել, որոշակի ասպարեզ գուցե մի քայլ առաջ մղի:

Այնպիսի տպավորություն է, որ դիտմամբ են ստեղծում այդ սոցիալական պայմանները, որպեսզի  չմտածես քո կատարելագործման կամ լուրջ քայլեր անելու մասին, այլ մտածես, թե ինչպես կերակրես քո ընտանիքը: Սա ամենամտահոգիչն է, որտեղից էլ գալիս են բոլոր խնդիրները, որովհետև տեսնում ենք, որ այսօրվա երիտասարդությունը տարբեր է: Երիտասարդները երկու խմբի են բաժանվել` փոքրիկ մի խումբ, որը շատ լուրջ պոտենցիալ ունի, անալիտիկ հետաքրքիր միտք, և մեծ խումբ, որին նայելիս հասկանում ես, որ երկրին լավ բան չի սպասում: Խելացի ուսանողներին ոգևորելով, հնարավորություններ տալով` գուցե նրանք օրինակ ծառայեն մնացածի կենսամակարդակի բարձրացնելու համար: Իսկ կենսամակարդակը ինքնաբերաբար չի բարձրանում: Դրա համար բոլոր ոլորտներին էլ անհրաժեշտ են մասնագետներ:

Մեր երկրի հիմնական պրոբլեմը, որը վերջին 20 տարիներին նկատվում է, այն է, որ ոչ ոք իր տեղում չէ. ուսուցիչը աշխատում է գազի տեսուչ, արհեստ տիրապետողը բախտի բերմամբ դարձել է ուսուցիչ, երգիչը հաղորդավար է, հաղորդավարը դերասան է, դերասանը` հավաքարար:

-Ե՞րբ ստեղծվեց այդ խառնաշփոթը:

-Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խառնաշփոթը ստեղծվեց այն ժամանակ, երբ բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ հնարավորություններ ունեին և անկախ նրանից, թե իրենց երեխաները, ծնողները, հարազատներն ու հարևաններն ինչ մասնագիտության էին տիրապետում, տեղավորեցին իրենց երազած աշխատանքին, իսկ այն մարդիկ, ովքեր այդ աշխատանքով պիտի զբաղվեին, օրվա հացի համար գնացին այլ գործեր անելու: Այսպես փոխվեցին բոլորի տեղերը, և դա դեռ շարունակվում է: Ու այսօր եթե փորձում են ինչ-որ կերպ փոխել դա, դժվարությամբ է ստացվում, քանի որ կա համընդհանուր հիասթափություն:

Իսկ խառնաշփոթը սկսել է շատ շուտ, և դա կապել վերջին երկու նախագահների հետ` իմաստ չունի, քանի որ դրա հիմքերը դրվել են առաջին իսկ օրվանից:

Այս վիճակը հիշեցնում է առաջին հանրապետության խառնաշփոթը

-Ո՞ր պատմական ժամականակաշրջանում ենք այսօր կամ ո՞ր պատմական ժամանակաշրջանի հետ կնմանեցնեք այսօրվա իրավիճակը:

-Չգիտեմ, թե որքանով եմ իրավասու այդպիսի բան ասել,  բայց, կարծում եմ, որ այս վիճակը հիշեցնում է առաջին հանրապետության խառնաշփոթը` էլի նույն անջատվածությունը, կուսակցական պայքարները, հարևան պետությունների միջամտությունները, միասնական չլինելը, աշխարհաքաղաքական իրավիճակը, որոնք բերեցին առաջին հանրապետության կործանման: Հիմա մենք կանգնած ենք նույն վտանգի առաջ:

-Այսինքն` անկախությունը կորցնելո՞ւ:

-Անկախությունը կորցնելու վտանգը մի քիչ ահասարսուռ է հնչում, բայց, այո´, ինչու ոչ, այսօր բոլորն էլ տեսնում են դա: Եթե մենք դիվանագիտական ճիշտ քայլեր չանենք, ցավոք, չի բացառվում… Չեմ ուզում խոսել Մաքսային միությանը միանալու մասին, որովհետև դա իմ խելքի բանը չէ, որ հասկանամ, որքանով է մեզ ձեռնտու կամ ոչ, բայց, այնուամենայնիվ, դու երբեք չես իմանա հզոր պետության պլանները: Այսօր Ռուսաստանը, կարծես, փորձում է ստեղծել նույն Սովետական Միությունը` ուժով և կոմպրոմատներով ներգրավելով մի շարք պետությունների: Իսկ ի՞նչ իմանաս. հնարավոր է, որ ազգապահպանման նպատակով մի օր կորցնես անկախությունը: Պատմությունը կրկնվում է: Պատմության փիլիսոփայությունն ունի այսպիսի արտահայտություն: Պատմությունը կրկնվում է 2 անգամ` առաջին անգամ` որպես ողբերգություն, իսկ երկրորդ անգամ` որպես ֆարս: Ինձ թվում է` մենք արդեն կանգնել ենք ֆարսի առաջ:

-«Դեմ եմ»-ի անդամ եք: Ի՞նչ կլինի Ձեր պատկերացմամբ:

-Անհեթեթություն էր այս ամենը: Շատ անժամանակ  որոշեցին այսպիսի բարեփոխում անել, երբ մենք շատ առաջնային հարցեր ունենինք լուծելու: Այսօր շատերի համար նույնիսկ ծիծաղելի է քննարկել այդ թեման, երբ գազի վարձը գերազանցում է քո ամսական աշխատավարձը: Ավելի առաջնային խնդիր էր լուծել կոմունալ հարցերը, մի քիչ թեթևացնել մարդկանց հոգսը: Ըստ իս` քանի որ դա արվում է ի շահ իրենց, այլ ոչ թե ի շահ երկրի կամ ժողովրդի, ինչպես նախագահն է ասում, վստահ եմ, որ իրենք մինչև վերջ կգնան:

Հայաստանը ոչ մեկին պետք չէ, նույնիսկ Ռուսաստանն առանձնապես հետաքրքրված չէ Հայաստանով

-Քաղաքացիական նախաձեռնությունները կարո՞ղ են որևէ բան փոխել մեր իրականության մեջ:

-Քաղաքականությունն աշխատում է ի շահ հզորների, հետևաբար, այն որևէ օգուտ չի տալու ժողովրդին, դա կուսակցությունների շահերի, գաղափարախոսությունների պայքարն է: Քաղաքացիական պայքարը եթե հզորանա, հնարավոր է որոշակի փոփոխություններ մտցնի, պարզապես մեր ժողովուրդը շատ դիմացկուն է և շատ հուսահատված, այսինքն` ինքն արդեն հրաշքների, պայքարի չի հավատում, և դա է պատճառը, որ քաղաքացիական պայքարը մեծ թափ չի ստանում: Երևի դա արհեստական պետք է արվի, ինչպես արվեց մյուս  պետություններում, ինչպես օրինակ, Վրաստանում, ինչպես արվում է Ուկրաինայում, այսինքն` դրսից փողեր դրվեն, որպեսզի հզոր պայքար սկսվի: Իսկ քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ, նույնիսկ Ռուսաստանն առանձնապես հետաքրքրված չէ Հայաստանով, թերևս այս տարածքն ամենաշատը հարկավոր լինի ռազմաբազա ստեղծելու համար, ռեսուրսներն այնքան չեն, որպեսզի շահագրգռված լինեն, հետևաբար, ինձ թվում է՝ հզոր տերությունները չեն ուզում մեծ ջանք ներդնեն այստեղ ինչ-որ բան փոխելու համար, նրանք  ուղղակի սպասում են:

Իրենք իրենց շահը կստանան, բայց շահագրգռությունը մեծ չէ, այստեղ զուտ ժողովրդի ինքնապահպանման, ինքնագոյության հարցն է, քանի որ դա էլ է վտանգված` հաշվի առնելով այս չափերի արտագաղթը, երբ հանրապետությունից դուրս են գալիս պոտենցիալ ունեցող մարդիկ, ովքեր դրսևորվելու հնարավորություն չեն ունենում այստեղ: Հետևաբար, կա´մ իշխանությունները պետք է կարողանան ճիշտ կողմնորոշվեն` հասկանան, որ բավական է ինչքան իրենց համար աշխատեցին, կա´մ հրաշք պետք է տեղի ունենա, և նրանք կշտանան ու ճիշտ քայլեր անեն, կա´մ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի:

Մայդանի սցենարը Հայաստանոմ հնարավոր եմ համարում, բայց չէի ցանկանա

-Հնարավո՞ր եք համարում` Մայդանի սցենարը Հայաստանոմ:

-Հնարավոր եմ համարում, բայց չէի ցանկանա: Դա կարող էր ոգևորել, և այստեղ էլ միանգամից ոտքի կանգնեին, բայց մի քանի տարի առաջ մենք մարտի 1 ենք տեսել, և քանի որ մենք քիչ ենք մնացել, ամեն մեկի կորուստը բոլորիս կորուստն է, ամեն մի երիտասարդի մահը բոլորիս ցավն է: Իսկ դա մենք տեսանք մարտի 1-ին, երբ զուտ իշխանության գալու համար… Թող ոչ ոք չասի, որ ինչ-որ մեկը մտածում էր ժողովրդի մասին: Այս իշխանությունը մտածում է իշխանությունը չկորցնելու մասին: Դա զուտ իշխանության պայքար էր, որին զոհ գնացին երիտասարդներ: Դա բոլորիս ցավն է, և ժողովուրդը չի ուզում, որ երկրորդ անգամ նման բան կրկնվի, դրա համար մտածում է, որ այդ զրկանքները կրի, ինչ-որ կերպ գոյությունը պաշտպանի, բայց էլ երիտասարդներ չզոհվեն: Զուտ դրա համար «Մայդան» հասկացությունը ուշանում է մեզանում, բայց միևնույն է` մի կետ կա, որին հասնելու դեպքում իրականություն է դառնալու, բայց, տա Աստված, որ չհասնենք այդ կետին:

Պետք է հերոս, որը գա և կարողանա կտրել այդ հրեշի երեք գլուխներն էլ

-Հոգեբանական ի՞նչ վիճակ է:

-Հոգեբանական կոտրված վիճակ է: Մենք չունենք առաջնորդ: Երբ 1-2 տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց ոտքի հանել ժողովրդին, ժողովուրդը պատրաստ էր, բայց առաջնորդը թույլ էր, և ինչպես ենթադրվում էր, նա չդիմացավ, իսկ իր ետևից գնացած ժողովուրդն էլ հիասթափվեց: Այդ հարցում ես շատ նախանձում եմ առաջին նախագահին, որը շատ ուժեղ առաջնորդ է, խարիզմատիկ է, կարողանում է իր ուզած միտքն այնպես համոզել, որ այդ մարդիկ ապրեն այդ գաղափարախոսությամբ, բայց, փառք Աստծո, այդ մարդիկ շատ չեն: Ժողովրդի մեծ հատվածը հիանալի հիշում է և իր աչքով ականտես է եղել բոլոր այն խմորումներին, որոնք կատարվել էին: Այսօրվա երիտասարդությունն է, որը չի հիշում, որին համոզել են, որ ինչ-որ բան սխալ է գրված: Իսկ ինձ դժվար է համոզելը, որովհետև ես ինքս իմ աչքով եմ տեսել, իմ մաշկի վրա եմ զգացել: Մեզ պետք է իրեն չսպառած առաջնորդ:

-Ունե՞նք:

-Չունենք… Ունենք` այդ մեկն է, որին ես անձամբ կատեգորիկ չեմ վստահում: Ինչ ուզում են, թող մտածեն իմ մասին, որովհետև գիտեմ, որ շատ ստվար զանգված սկսելու է հայհոյել, ատել ինձ: Ես կատեգորիկ չեմ վստահում, որովհետև ապրել եմ նրա կառավարման տարիներին, և ոչ ոք թող չասի, թե պատերազմ էր, դրա համար այդ վիճակն էր: Այո, պատերազմ էր, և դրա համար մենք սիրով նվիրել ենք այն ամենը, ինչ ունեինք, որպեսզի ունենայինք անկախություն: Ապրել ենք ծանր պայմաններում, ունեցել ենք շատ ծանր պատանեկություն, բայց միևնույն ժամանակ մեր կողքին կանգնած ընկերները, ովքեր մոտ էին կանգնած առաջին նախագահին, մեծ թափով հարստացան:

Մեր հասարակության բևեռացումը սկսել է հենց այդ ժամանակվանից: Շատ եմ ուզում, որ մարդիկ հիշեն դա, իրենք չեն հիշում, խոսում են այն մասին, որ այ, անկախացան, բայց հասարակության բևեռացման մասին չեն հիշում, չեն հիշում, թե ովքեր բարձրացան: Մեզ մոտ ընդունված է, որ նախագահի երեխաները պետք է լավ ապրեն, լավ կրթություն ստանան, նրա շրջապատը, բարեկամները, բայց հիմքը հենց այդ ժամանակ դրվեց: Եթե մենք ուզում են ժողովրդավար երկիր ստեղծել, այդ դեպքում այդ ամենն իրամերժ է: Շատերն են մտածում այդ մասին, բայց ոչ ոք չի խիզախում խոսել այդ մասին, որովհետև գիտեն, թե դրանից հետո ինչ քարկոծումներ են լինելու: Ես պատրաստ եմ դրան: Ցավալի է ինձ համար, որ այսօրվա երիտասարդությանը, որն այն ժամանակ չի եղել, այնուամենայնիվ, կարողացել են հիմար մտքեր լցնել նրանց գլուխը: Իրականում պետք է կտրվեն եռագլուխ հրեշի գլուխները: Բայց դրա համար պետք է հերոս, որը գա և կարողանա կտրել այդ հրեշի երեք գլուխներն էլ:

-Լավ, ի՞նչ անել:

-Ոչինչ պետք չէ անել, որովհետև կյանքն ունի իր բնականոն ընթացքը: Պատմությունը դա բազմիցս ապացուցել է: Պատմության փիլիսոփայության մեջ գոյություն ունի բանականության փիլիսոփայություն. անկախ ժողովրդի կամքից, ցանկությունից, խելքից, երբ գալիս է անհրաժեշտությունը, ծնվում են հերոսներ, երբ գալիս է անհրաժեշտություն, հերոսները ժամանակից շուտ կյանքից գնում են, որպեսզի իրենք իրենց չսպառեն: Կգա ժամանակը, և կծնվեն հերոսները, և նրանք այս իրավիճակի հախից հաստատ կգան: Առաջին անգամը չէ:

Լուս.՝ Լ. Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Aram
Aghavnik, tghaneri mej el qich chen nman kerp mtatsoghnern u bardzradzayn artahytvoghner@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter