HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալը որոշել է դատական կարգով բողոքարկել իր նկատմամբ կիրառված համաներման որոշումը

ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Ամատունին նամակ է ուղարկել «Հետքին»` «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ որոշմամբ` իր նկատմամբ կիրառված համաներման որոշման մասին: Նամակը ներկայացնում ենք ստորև. 

«Ներկայացնում եմ ձեզ իմ խնդիրը՝ կապված 03.10.2013թ. ՀՀ ԱԺ-ի կողմից (հայտարարված) հաստատված համաներման կանոնները իմ հոդվածների վրա կիրառելու եղանակը չգտնելու հետ և հետագայում ի վնաս ինձ այն կիրառելու, այսինքն՝ 19-րդ կետի անհասկանալի պահանջը:

01.10.2013թ. ՀՀ նախագահն առաջարկեց ՀՀ Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության 22-րդ տարեդարձի կապակցությամբ (անկախության հռչակման) հայտարարել համաներում և տվեց մի նախագիծ, որը փոփոխվեց և հաստատվեց՝ ուժի մեջ մտնելով 04.10.2013թ.-ին:

Համաներման նախագծում 19-րդ կետի պահանջն էր՝ «համաներումը կիրառվում է անձի նկատմամբ համաներման ակտի՝ անձի նկատմամբ առավել բարենպաստ դրույթի կիրառմամաբ»: Փոփոխվելուց և հաստատվելուց հետո 19-րդ կետի պահանջն է՝ «հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է` հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված համաներման առավել խիստ կանոնը»:

«Համաներման առավել խիստ կանոն»՝ ի՞նչ կարելի է հասկանալ. 1)խիստ պատժաչա՞փ, 2)խիստ հոդվա՞ծ, 3)համաներման խիստ պահա՞նջ, 4)խիստ հանցագործությո՞ւն….

Ինչպե՞ս հասկանալ: «Բարենպաստ դրույթը»  պարզ էր և հասկանալի, իսկ «խիստ կանոնը» անհասկանալի է և բազմիմաստ: Միաժամանակ 9-րդ կետում ավելացավ 11-րդ ենթակետը` «մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներումը չի կիրառվում, եթե այդ այդ հանցագործություններից թեկուզ մեկի նկատմամբ սույն որոշմամբ համաներում չի կիրառվում»: Համաձայն համաներման 3-րդ կետի 2-րդ ենթակետի` իմ 175-րդ հոդվածի 1-ին մասի(6 տարի) և 34-176-րդ հոդվածի 1-ին մասի (6 ամիս) վրա տարածվում է հետագա պատժից ազատում, իսկ համաձայն 8-րդ կետի 5-րդ ենթակետի Բ մասի` իմ 35-175- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (6 ամիս) վրա կիրառվում է պատժի չկրած մասի մեկ չորրորդ մասի կրճատում:

Ըստ «Կոշ» քրեակատորղական հատուկ բաժնի աշխատակիցների կողմից ինձ տրված բանավոր պատասխանի` իմ պատժի չկրած մասից պետք է կրճատեն մեկ չորրորդ մասը, այսինքն՝ 10 ամիս: Ես առարկեցի, որովհետև իմ երկու հոդվածների վրա (175/1 մաս`6 տարի, 34-176/1մաս`6 ամիս) տարածվում է ազատում և նոր միայն 3-րդ հոդվածիս 35-175/2 մաս 1 կետի վրա(6 ամիս) տարածվում է պատժի չկրած մասի կրճատում մեկ չորրորդ չափով:

Ինձ բացատրեցին, որ «խիստ կանոնը» ավելի խիստ հոդվածն է, այսինքն՝ իմ դեպքում՝ 35-175/2 մասը, բայց չէ որ այդ «35»-ը, որը դրվում է 175-ի առջևում, արժեքազրկում է նրան: Բացի այդ ես 35-175/2 մասով դատապարտված եմ ընդամենը 6 ամիս, որոնք ՀՀ Քր. օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ` (կլանվել են) համակցվել են 175-րդ հոդվածի 1-ին մասով տրված 6 տարի ժամկետով նշանակաված ազատազրկմանը (վերջնական՝ 7 տարի):

Իմ խնդրանքով 2013թ. հոկտեմբերի 16-ին ինձ ընդունեց («Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմի միջնորդությամբ) ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության 1-ին դասի խորհրդական, դատախազ պարոն Զաքար Ստեփանյանը, ով ինձ լսելուց հետո պատասխանեց, որ շատ հետաքրքիր դեպք է, և հայտնեց, որ ինձ կպատասխանի անձնական գործիս ծանոթանալուց հետո: Նոյեմբերի չորսի դրությամբ` ինձ ոչինչ չեն տեղեկացրել, և ես 04.11.2013-ին դիմումներ եմ ուղարկել վերը նշված վարչությանը և ՀՀ արդարադատության նախարարին՝ խնդրելով կազմակերպել անհատական ընդունելություն վերը նշված հոդվածներից՝ 175/1, 34-175/2, նկատմամբ համաներման կիրառելիությունը իրականացնելու և ինձ պատժի հետագա կրումից ազատելու համար:

ՀՀ արդարդատության նախարարին դիմումն ուղարկվել է «Կոշ» ՔԿՀ-ից 05.11.2013թ., իսկ դատախազության վերահսկող վարչությանը` 05.11.2013թ.: Նշեմ նաև, որ 11.10.2013թ. գրավոր տեսքով դիմել եմ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի պետ պարոն Ավետիք Ստեփանյանին` խնդրելով անհապաղ կիրառել համաներումն իմ նկատմամաբ և ինձ ազատել պատժի հետագա կրումից, և մինչև նոյեմբերի 18-ին գրավոր պատասխան չեմ ստացել: Այնուհետև կրկին դիմել եմ իրեն` խնդրելով սահմանված կարգով և ժամկետում տրամադրել ինձ 11.10.2013թ. դիմումի պատասխանը:

Նոյեմբերի 21-ին ստանում եմ պատասխան վերահսկող դատախազ Տ. Բիշարյանից, որով տրվում է ցուցում՝ կիրառել համաներումը իմ նկատմամբ, թե ինչպես, չի նշում: 04.12.2013թ. կիրառեցին համաներումը իմ նկատմամբ: Ծանոթացա որոշմանը, կրճատեցին պատժիս մեկ չորրորդ մասը մասը՝ 9 ամիս 29 օր: Ինձ տրամադրեցին նաև հոկտեմբերի 31-ին «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողով ներկայացրած բնութագրիս պատճեն, որը տարբերվում է հուլիս ամսվա բնութագրից, ինձ փորձում են դարձնել բացասական դատապարտյալ: Հոկտեմբերի 31-ի բնութագրի մեջ նշել են, որ ունեմ միջին ագրեսիվություն, որ ակտիվություն չեմ ցուցաբերում իրականացվող միջոցառումներին, որ դարձել եմ խորամանկ, այսինքն՝ «Կոշ» ՔԿՀ-ի ադմինիստրացիան, տեսնելով, որ ես ահազանգում եմ կոպիտ խախտումների մասին, իմ նկատմամբ փորձում է արդարացնել այդ համաներման գործողությունները՝ միտումնավոր կերպով խեղաթյուրելով փաստերը, տալով կեղծ եզրակացություն իմ մասին, իմ ուղղման աստիճանի մասին: Ամբողջովին կեղծ են այն նշումները, որ իմ հետ տարվում են հոգեբանական աշխատանքներ, որոնց արդյունքները լիարժեք դրական չեն: Ինձ նորմալ դատապարտյալից բնութագրում, նկարագրում են որպես ինքնամփոփ և խորամանկ անձի, չեմ զարմանա, որ որոշ ժամանակ անց ինձ կբնութագրեն որպես հրեշի: Այս ամենը կատարում է «Կոշ» ՔԿՀ-ի ադմինիստրացիան՝ խեղաթյուրելով բոլոր փաստերը:

Ես հայտարարում եմ, որ չեմ դրսևորել ագրեսիա, առավել ևս՝ այստեղ, իմ հետ չեն տարվել հոգեբանական աշխատանքներ և զրույցներ, քանի որ դրա կարիքը չի զգացվել, ես պատիժս կրում եմ առայսօր օրենքի տառին համաձայն, թույլ չեմ տալիս թերացումներ, արժանացել եմ երկու խրախուսանքի՝ «սպորտային միջոցառումների ակտիվություն ցուցաբերելու» և «տրված հանձնարարաությունները բարեխղճորեն կատարելու համար», հանդիսանում եմ «կրթական ինքնագործ միավորման» նախագահը, որը ստեղծվել է իմ նախաձեռնությամբ, սպորտային ինքնագործ միավորման անդամ եմ, հարգանքով եմ վերաբերվում «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմին, իմ ուժերի և գիտելքիների սահմաններում օգնում եմ բոլոր դատապարտյալներին, իմ անմիջական նախաձեռնությամբ թարմացվել և ընդլայնվել է «Կոշ» ՔԿՀ-ի գրադարանի ֆոնդը, խնամքիս տակ է գտնվում երկրորդ կարգի հաշմանդամ, ծեր, միայնակ մայրս, ով գտնվում է վատ առողջական վիճակում, չունեմ քաղաքացիական հայց, նախկին դատվածություն, բողոք իմ դեմ, վատ վարք, կարգապահական խախտում, հակում, հաշվառում, պատիժս կրելու ընթացքում ոչ մի անգամ ձայն չեմ բարձրացրել, խուսափել եմ կոնֆլիկտներից: Իմ վերաբերյալ կազմված առաջին բնութագիրը(հուլիսի 31-ի) համապատասխանում է իրականությանը, իսկ երկրորդը՝ ոչ, խեղաթյուրված են բոլոր փաստերը իմ անձի մասին: «Կոշ» ՔԿՀ-ի ադմինիստարցիան վիրավորել է իմ անձը, արժանապատվությունս` իր կեղծ եզրակացությամբ: Երկրորդ բնութագրում խեղաթյուրելով տվյալները իմ մասին` նրանք նպատակ ունեն արդարացնել իրենց մերժման գործողությունները, քանի որ ես այս ամենի մասին արդեն շուրջ երեք ամիս է, ԶԼՄ-ների միջոցով (մասնավորապես` թերթերի) տեղյակ եմ պահում հանրությանը և նրանք իմ մեջ վտանգ են տեսնում. հանրությանը ուղղված դիմումներում սուր արտահայտություններով ներկայացված խնդիրը վաղաժամկետ ազատման մասին նրանք մեկանաբանում են որպես ագրեսիա` ուղղված իրենց դեմ՝ այդ փաստը նշելով իմ բնութագրում:

Վերջին անգամ համաներման 19-րդ կետի բազմիմաստ պահանջի մասին դիմում եմ ուղարկել դեկտեմբերի 5-ին ԱԺ պատգամավորներին, արդարադատության նախարար Հրայր Թոմվասյանին և ՀՀ գլխավոր դատախազին: Նախարարին ուղղված դիմումս մնացել է անպատասխան մինչ օրս: ԱԺի-ին ուղարկված դիմումս մակագրել են քրեակատարողական վարչություն: Վարչությունից պատասխանել են, որ իմ նկատմամբ համենրումն արդեն կիրառվել է՝ չքննարկելով համաներման որոշման 19-րդ կետի պահանջի վերաբերյալ իմ հարցը: ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից պատասխանել են, որ իմ նկատմամաբ կիրառված համաներման որոշումը օրինական է, ենթակա չէ վերանայման և ես այն կարող եմ բողոքարկել դատական կարգով:

Ես այսօր, ունենալով ոտնահարված իրավունքներ, չկարողանալով օգտվել վաղաժամկետ պայմանական ազատման իմ իրավունքից և ազատվել, և հայտնվելով գերու կարգավիճակում, համաներման 19-րդ կետի «առավել խիստ կանոնը» արտահայտության բազմիմաստ  լինելու և ի վնաս ինձ մեկնաբանվելու հետևանքով` պատժից չազատելու հետևանքով գտնվելով հոգեկան ծանր ապրումների մեջ, կորցնելով հավատս օրենքի, արդարության նկատմամբ, խնդրում եմ օգնել ինձ քննության առնելով իմ կողմից բարձրացված հարցերը և տալ արդարացի լուծում: Ես որոշել եմ իմ նկատմամբ կիրառված համաներման որոշումը բողոքարկել դատական կարգով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter