
Վեց տարի վագոն-տնակում. բազմազավակ ընտանիքի երկու երեխաները ծնողների հետ չեն
Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի վերջնամասում է գտնվում Զաքարյանների վագոն-տնակը: Մեր այցելության պահին ընտանիքի մայրը՝ Էլմիրան, դրսից վառելափայտ էր տանում, հյուրերին տեսնելով շփոթվեց ու արագ քայլերով ներս մտավ, իսկ մեզ դիմավորեց սագը: Նա վագոն տնակի դիմաց անձրեւից պաշտպանվելու համար մտել էր ծածկի տակ եւ, անծանոթներին տեսնելով, կտուցը առաջ պարզած առաջ եկավ: Էլմիրան սագի հարձակումից պաշտպանելու համար դուրս եկավ տնակից: Նրա ոտքերը կիսով չափ թաց էին. ինչպես տնակ տանող ճանապարհը, այնպես էլ տնակի դիմաց ամբողջությամբ ցեխ էր ու ջրափոսեր:
Էլմիրան վերջապես ներս հրավիրեց: Դռնից ներս մտնելիս արդեն զգացվում էր խոնավության հոտը: Անձրեւաջրերը տեղ-տեղ կաթում էին վագոն տնակի առաստաղից, դրան գումարվում էր նաեւ վառարանի կողքին շարված թաց փայտի հոտը: Դրսում ցերեկ էր, իսկ ներսում՝ գրեթե «գիշեր»: «Լամպչկեն վառվել է, կներեք սենյակում մութ է, զապաս լամպչկա չկա, որ փոխենք»,- նեղսրտեց Էլմիրան եւ պատմեց, որ քիչ առաջ էլեկտրիկն էր եկել, 8.500 դրամ էլեկտրաէներգիայի պարտք ունեն եւ զգուշացրել է, որ չվճարելու դեպքում կհոսանքազրկի վագոն-տնակը:
«Ասում էր՝ եթե չվճարենք հնարավոր է լույսը անջատի: Չգիտեմ՝ կանջատի, թե չէ, նաղդի ասաց: Այս ամիս էլ նպաստը ուշացրել են, որ տային՝ կվճարեինք, գոնե երեխեքը մութ տեղ չմնան»,-ավելացրեց Էլմիրան եւ արցունքները թաքցրեց երեխաներից:
Կիսամութ վագոն-տնակում միակ ուրախությունը երեխաների ձայնն էր, նրանք փոքր տարածքում վազվզում էին հեռուստացույցի լույսի տակ: Միայն աղջկներից մեկը՝ Անահիտն էր նստած վառարանի կողքին ու թախծոտ աչքերով ուսումնասիրում հյուրերին:
Արդեն երկու շաբաթ է նրա ոտքը վնասվել է: Մայրը պատմեց, որ աղջիկն ընկել է, «ոտքը դուրս է ընկել»: Սկզբում նույնիսկ չի կարողացել քայլել, հետո տարել են «սնխչու» մոտ, մերսումներ է արել ու հիմա աղջիկը կարողանում է ինքնուրույն շարժվել: Հիվանդանոց չեն տարել, բժիշկը Անահիտին չի զննել, պատճառը մեկն է՝ գումար չունեն:
Անահիտը սովորում է 2-րդ դասարանում եւ ոտքի վնասվածքի պատճառով մի քանի օր է՝ դպրոց չի հաճախում եւ իր օրն անցկացնում է կիսամութ վագոն-տնակում՝ վառարանի կողքին նստած:
Հանգիստ զրուցելու համար Էլմիրան անջատեց հեռուստացույցը, այդ պահին մարեց նաեւ փոքրիկների ակտիվությունը եւ հերթով տեղավորվեցին մոր կողքին:
Տնակում մայրն էր եւ 4 երեխաները: Աղջիկներից երկուսը՝ Վերան եւ Գայանեն ապրում են ծնողներից առանձին, նույն գյուղում, բայց Էլմիրայի հայրական տանը: Այնտեղից ավելի հեշտ է դպրոց գնալը, բացի այդ, թեթեւանում է ընտանիքի հոգսը, մասամբ լուծվում է երեխաների քնելու հարցը: Այժմ ամուսինները եւ 4 երեխաները քնում են նույն սենյակում, քանի որ տնակի երկրորդ սենյակում հնարավոր չէ քնել, անձրեւաջրերը ներս են լցվում:
Էլմիրան պատմեց, որ արդեն 6 տարի է՝ ապրում են վագոն-տնակում: Նրանց միակ եկամուտը նպաստն է՝ 61.000 դրամը: Ամուսինը՝ Արմենը, ամառվա ամիսներին առեւտուր է անում շուկայում, սակայն նա էլ առողջական խնդիրներ ունի եւ օրերով անկողնային հիվանդ է դառնում:
Էլմիրայի ասելով, Արմենի ողնաշարը խախտվել է, թեթեւ ծանրությունից բռնվում է: Ուսից դուրս է գալիս նաեւ ձեռքը: «Նույնիսկ քնած ժամանակ, եթե կտրուկ շարժում անի, կարող է ձեռքը դուրս գա ուսից: Արդեն սովորել ենք, մասաժներով գցում ենք տեղը»,-նշում է Էլմիրան: Ըստ տիկնոջ՝ 6 տարի առաջ Արմենը երկրոդ կարգի հաշմանդամություն է ունեցել եւ թոշակ է ստացել, սակայն «մաղարիչի» գումար չունենալու պատճառով չի անցել հերթական բուժզննումը եւ զրկվել է հաշմանդամության կարգից: Մեր այցի ժամանակ Արմենը ընտանիքի հետ չէր, այցելել էր աներոջ տանը ապրող դստրերին:
Հարցին, թե առաջնային ինչի կարիք ունեն, Էլմիրան նշեց քարերով տան, թեկուզ երկու փոքր սենյակ, բայց որ այդ կառույցը տուն կոչվի: «Հագուստ լավ, թե վատ ունեն երեխեքը: Հարեւանները, համագյուղացիները օգնում են: Գյուղապետն էլ գումարով է օգնում, չեմ դժգոհում»,-ասաց Էլմիրան՝ հավելելով, որ երեխաները պահանջկոտ չեն, բայց քաղցրի կարիք շատ ունեն, ինչը չեն կարողանում բավարարել:
Տիկնոջ խոսքերով՝ խանութներում պարտքեր էլ չունեն. «Վերցնենք, բա հետո ո՞նց տանք: Իհարկե, լինում է, որ պարտքով ուտելիք ենք վերցնում, բայց նպաստը ստանում, պարտքը փակում ենք: Մեզ նեղություն ենք տալիս, բայց պարտքերի տակ չենք ընկնում»,-ավելացրեց Էլմիրան:
Նա նշեց, որ իրենց ունեցածը մեկ սագն է եւ մեկ գլուխ խոզը, որը հեռուստահաղորդումներից մեկում հյուր լինելուց հետո բարեգործն է նվիրել: Էլմիրան մեզ հրաժեշտ տվեց հետեւյալ խոսքերով. «Մնալու եմ Ձեր բարի խաբարին սպասող, երեւի օգնող կլինի»:
Ակնաշենի համայնքապետ Միսակ Միսակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է Զաքարյանների ընտանիքը, սակայն միշտ չէ, որ կարողանում են օգնել: «Մի քանի օր առաջ օգնության խնդրանքով դարձյալ դիմում են գրել, տեսնենք ինչ ենք անելու, մի բանով պիտի օգնենք»,-նշեց համայնքապետը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել